Վիսլավա Շիմբորսկա | Գովք երազների

Սիրահարներ

Այնքան լուռ ենք, որ լսում ենք
երգը, որ երգել ենք երեկ․
«Դու կգնաս սարերով, իսկ ես` հովիտներով…»,-
Լսում ենք, բայց չենք հավատում։

Մեր ժպիտը դիմակ չէ տխրության,
բարությունն էլ զոհաբերություն չէ բնավ։
Եվ նույնիսկ ավելին քան արժանի են
խղճում ենք նրանց, որ չեն սիրում։

Այնքան զարմացած ենք իրարով,
որ որևէ այլ բան չի զարմացնում մեզ․
ոչ ծիածանը գիշերով,
ոչ էլ թիթեռը ձյան վրա։

Իսկ երբ քնում ենք,
երազում տեսնում ենք բաժանումը մեր,
բայց դա լավ երազ է,
լավ երազ է դա անշուշտ,
չէ՞ որ արթնացումն է հաջորդում։
Երեք ամենատարօրինակ բառերը

Երբ ասում եմ «Ապագա» բառը,
նրա առաջին վանկն արդեն անցյալում է:

Երբ ասում եմ «Լռություն»,
ոչնչացնում եմ վերջինիս։
Երբ ասում եմ «Ոչինչ»
ստեղծում եմ այն, ինչ չի տեղավորվում որևէ անէության մեջ։

 

Գովք երազների

Երազում
նկարում եմ Յան Վերմեերի պես։

Սահուն խոսում եմ հունարեն
ու ոչ միայն ողջերի հետ։

Մեքենա եմ վարում,
որը ենթարկվում է ինձ։

Ընդունակ եմ,
գրում եմ մեծ պոեմներ։

Լսում եմ ձայներ
կարգին սրբերի նման։

Դուք կհիանայիք
դաշնամուր նվագելու իմ կատարելությամբ։

Սավառնում եմ ինչպես որ պետք է,
լրիվ ինձ ու ինձ։

Տանիքից ընկնելիս
գիտեմ իջնել փափուկ կանաչի վրա։

Ինձ դժվար չէ
շնչել ջրի տակ։

Չեմ բողոքում․
Ինձ հաջողվել է բացահայտել Ատլանտիդան։

Ուրախ եմ, որ մահվանից առաջ
միշտ հասցնում եմ արթնանալ։

Պատերազմի բռնկման ժամանակ անմիջապես
շրջվում եմ մյուս կողմի վրա։

Դարի զավակն եմ թեկուզ,
բայց կարիքն իսկ չունեմ դրա։

Մի քանի տարի առաջ
տեսել եմ երկու արև։

Իսկ երեկ չէ առաջին օրը՝ պինգվինի,
լիովին հստակ։

 

Անսպասելի հանդիպում

Շատ բարի ենք իրար հանդեպ,
պնդում ենք որ հաճելի է հանդիպել տարիներ անց։

Մեր վագրերը կաթ են խմում
Բազեները մեր քայլում են ոտքով։
Մեր շնաձկները խեղդվում են ջրում
Ու մեր գայլերը հորանջում են բաց վանդակների առջև։

Մեր օձերը ազատվել են կայծակներից,
կապիկները ներշնչանքներից, սիրամարգերը՝ փետուրներից.
Չղջիկները վաղուց լքել են մազերը մեր։

Մենք լռում են նախադասության կեսին
անզոր ժպտալով։
Մեր մարդիկ
չգիտեն խոսել իրար հետ։

 

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *