հատված վեպից
Գեթսբին մոտեցավ, կանգնեց Դեյզիի կողքին:
— Ամեն ինչ վերջացավ, Դեյզի՛,— վճռական ասաց նա:— Խոսել չարժե: Ասա՛ նրան ճշմարտությունը, որ երբեք չես սիրել, և ամեն ինչ տեղը կընկնի:
Դեյզին նայեց նրան անիմաստ հայացքով:
— Սիրե՞լ… ինչպես կարող էի սիրել նրան:
— Դու երբեք չե՛ս սիրել նրան:
Դեյզին հապաղում էր: Նա աղերսանքով նայեց ինձ ու Ջորդանին, ասես վերջապես հասկացավ անելիքը, ասես մինչև հիմա երբեք մտադիր չէր եղել որևէ բան անելու: Բայց արդեն ուշ էր, ինչ որ եղել էր՝ եղել էր:
— Ես երբեք նրան չեմ սիրել,— նկատելի դժկամությամբ ասաց նա:
— Նույնիսկ Կապիոլանիո՞ւմ,— հանկարծ հարցրեց Թոմը:
— Այո՛:
Ներքևի պարասրահից օդի տաք ալիքների հետ մեկ տեղ երգի խուլ, խեղդուկ հնչյուններ էին բարձրանում:
— Ոչ էլ ա՞յն օրը, երբ քեզ Փանչ Բոուլից ձեռքերիս վրա տանում էի, որ կոշիկներդ չթրջվեն:— Նրա ձայնի մեջ խռպոտ քնքշանք զգացվեց…— Դեյզի՞:
— Խնդրում եմ, մի՛…— Դեյզիի ձայնը սառն էր, բայց արդեն առանց թշնամանքի:— Նա նայեց Գեթսբիին:— Տեսա՞ր, Ջե՛յ,— նրա ձեռքը դողաց սիգարեթ վառելիս: Ապա անսպասելի շպրտեց սիգարեթն ու վառվող լուցկին գորգի վրա:— Դու շատ բան ես ուզում,— գոռաց նա Գեթսբիի վրա:— Ես քեզ սիրում եմ, բավական չէ՞: Անցյալը չեմ կարող փոխել:— Եվ սկսեց անօգնական հեկեկալ:— Ես նրան մի ժամանակ սիրել եմ, բայց քեզ էլ եմ սիրել:
Գեթսբին բացուխուփ արեց աչքերը:
— Ի՞նձ էլ ես սիրել,— կրկնեց նա:
— Նույնիսկ դա էլ է սուտ,— կատաղի ճչաց Թոմը:— Նա ձեր գոյության մասին անգամ չգիտեր: Իմ ու Դեյզիի միջև կան բաներ, որ դուք երբեք չեք իմանա, այնպիսի բաներ, որ մեզնից ոչ մեկը մոռանալ չի կարող:
Բառերը մարմնական ցավ պատճառեցին Գեթսբիին:
— Ես ուզում եմ Դեյզիի հետ մենակ խոսել,— պնդեց Գեթսբին: — Նա հիմա շատ հուզված է…
— Նույնիսկ մենակ չեմ կարող ասել, որ երբեք չեմ սիրել Թոմին,— հուսահատ ձայնով ընդունեց Դեյզին:— Ճիշտ չի լինի, եթե հակառակն ասեմ:
— Իհարկե, ճիշտ չի լինի,— միացավ Թոմը: Դեյզին դիմեց ամուսնուն:
— Իբր քեզ համար միևնույնը չէ՞:
— Իհարկե, միևնույնը չէ: Սրանից հետո ես ավելի շատ հոգ կտանեմ քո մասին:
— Դուք չհասկացաք,— տագնապեց Գեթսբին:— Դուք այլևս նրա մասին հոգ չեք տանելու:
— Ինչպե՞ս,— Թոմը լայն բացեց աչքերն ու ծիծաղեց: Նա այժմ տիրապետում էր իրեն:— Ի՞նչ է եղել, որ…
— Դեյզին բաժանվում է ձեզնից:
— Հիմարությո՛ւն:
— Այո՛, բաժանվում եմ,— նկատելի ճիգով ասաց Դեյզին:
— Նա չի բաժանվում ինձնից:— Թոմի խոսքերը հանկարծ ծանրորեն ընկան Գեթսբիի վրա:— Այն էլ մի խաբեբայի պատճառով, որը գողացած մատանի է անցկացնելու կնոջ մատին:
— Ես այլևս չեմ կարող լսել այս բոլորը,— գոռաց Դեյզին:— Խնդրո՛ւմ եմ, հեռանանք այստեղից:
— Եվ ընդհանրապես ո՞վ եք դուք,— պոռթկաց Թոմը:— Որքան ինձ հայտնի է, դուք Մեյեր Վուլֆշայմի խմբից եք: Ես որոշ տեղեկություն եմ հավաքել ձեր գործերի մասին և դեռ կաշխատեմ ավելին իմանալ:
— Հավաքե՛ք ինչքան կուզեք, բարեկա՛մ,— վստահ ասաց Գեթսբին:
— Ես արդեն գիտեմ, թե ձեր «դեղատները» ինչ են ներկայացնում իրենցից:— Թոմը դարձավ մեզ ու արագ վրա տվեց,— նա և Վուլֆշայմը բազմաթիվ մանր–մունր դեղատներ են գնել Նյու Յորքում ու Չիկագոյում և օղի վաճառել: Սա նրա քաջագործություններից մեկն է: Ես նրան մաքսանենգի տեղ դրեցի հենց սկզբից և չէի սխալվել:
— Իսկ սրա՞ն ինչ կասեք,— քաղաքավարի ասաց Գեթսբին:— Ձեր ընկեր Վոլթեր Չեյսը չէ՞ր, որ մեզ հետ գործակցեց:
— Եվ դուք նրա գլխին փորձանք բերեցիք: Թողեցիք, որ մի ամիս մնա Նյու Ջերսիի բանտում: Տե՜ր Աստված: Պետք է լսեիք, թե ինչ էր նա ասում ձեր մասին:
— Նա մեզ մոտ եկավ լրիվ սնանկացած և շատ ուրախ էր, որ մի քիչ փող վաստակեց, բարեկա՛մ:
— Ինձ մի՛ կոչեք «բարեկամ»,— ճչաց Թոմը: Գեթսբին ոչինչ չասաց:— Վոլթերը ձեզ օրենքի ձեռքը կտար, բայց Վուլֆշայմը վախեցրեց նրան ու բերանը փակեց:
Կրկին Գեթսբիի դեմքին հայտնվեց այդ օտարոտի, բայց ծանոթ արտահայտությունը:
— Այդ դեղատների գործն այնքան էլ մեծ բան չէ,— հանգիստ շարունակեց Թոմը,— բայց հիմա դուք զբաղված եք մի այնպիսի գործով, որի մասին Վոլթերը վախեցավ ասել:
Ես նայեցի Դեյզիին, որը սարսափահար նայում էր մերթ Գեթսբիին, մերթ ամուսնուն, մերթ Ջորդանին, վերջինս դարձյալ սկսել էր մի անտեսանելի առարկա հավասարակշռել ծնոտի ծայրին: Ապա նայեցի Գեթսբիին և ցնցվեցի նրա տեսքից: Կարելի էր մտածել (ասում եմ ես բացարձակ արհամարհանքով նրա պարտեզում լսած չարամիտ հերյուրանքների նկատմամբ), որ նա «մարդ էր սպանել»: Մի պահ նրա դեմքը, որքան էլ անհեթեթ հնչի իմ ասածը, մարդասպանի դեմք էր:
Սակայն այդ կարճատև պահն անցավ, և Գեթսբին սկսեց հուզված խոսել Դեյզիի հետ՝ ժխտելով ամեն ինչ, պաշտպանելով իրեն այն մեղադրանքներից, որ նույնիսկ չէին ասվել: Բայց նրա ամեն մի խոսքից Դեյզին ավելի ու ավելի խորն էր ամփոփվում ինքն իր մեջ, այնպես որ Գեթսբին լռեց. միայն փշրված երազն էր շարունակում ժամանակ շահել՝ փորձելով շոշափելի դարձնել այն, ինչ այլևս իրական չէր՝ ապարդյուն, հուսահատ որսալով սենյակի մյուս ծայրին հնչող ողբալի ձայնը:
Ձայնը կրկին ու կրկին աղերսում էր տուն գնալ:
— Խնդրո՜ւմ եմ, Թո՛մ: Էլ չեմ կարող:
Նրա վախեցած աչքերն ասում էին, որ իր նախկին մտադրության ու վճռականության հետքն անգամ չէր մնացել:
— Դո՛ւ, Դեյզի՛, գնա՛ նրա հետ,— ասաց Թոմը:— Պարոն Գեթսբիի մեքենայով:
Դեյզին տագնապահար նայեց Թոմին, բայց վերջինս պնդեց վեհանձն արհամարհանքով:
— Գնա՛, գնա՛: Նա քեզ չի անհանգստացնի: Երևի արդեն հասկացավ, որ իր հավակնոտ փոքրիկ սիրավեպն ավարտված է:
Եվ նրանք երկուսով գնացին անմռունչ, չքացան ուրվականների պես՝ մենավոր ու մեկուսացած, դուրս ամեն ինչից, նույնիսկ մեր խղճահարությունից:
Թարգմանությունը անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի