Անքուն եղեգներ անձմեռ հեռվի,
Ի՞նչ էին խոսում արագիլները
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ:
– ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ:
Սահյան
– Պա՞պ, մա՜մ, էս ո՞ւր եք է, տո եկեք, բան ենք ասում:
– Ի՞նչ ա, այ տղա: Ի՞նչ ա եղել:
– Բան չէ, պապ,- ուրախ ծիծաղը դեմքին՝ Հայկը մի փաթեթ դրեց սեղանին,- վերջապես էսօր գնացինք, առանք:
– Ո՞նց, տոմսերը՞, արդե՞ն…
– Վայ, Հայկ ջան, բա ե՞րբվա համար ա: – Սաթիկն էր՝ Հայկի մայրը:
– Մամ ջան, քսանհինգի իրիկունը, մի տաս օրից:
Հայկն ու կինը՝ Սոնան, յոթ տարվա ամուսիններ են: Մոտ մեկ տարի առաջ գրանցվեցին գրին քարտի համար, մտան ԱՄՆ դեպանատուն, ամիսներով թղթեր տարան-բերին, հարցազրույցներ անցան: Եվ այսօր արդեն տոմսերը ձեռքներին՝ եկել են ծնողներին ասեն, որ մի քանի օրից գնում են:
– Լավ, այ Հայկ ջան, բա ի՞նչ եք անելու էնտեղ, ո՞նց եք ապրելու.- մտահոգված, վերջին ճիգերով որդուն այդ քայլից հետ բերել փորձող Եփրեմն էր:
– Պապ ջան, դե դու էլ գիտես, որ էստեղ մեքենա բան սարքելով հազիվ եմ էրկու կոպեկ փող առնում: Ասում են՝ ամերիկացիք հայի արհեստը լավ են գնահատում: Սաղ աշխարհն էնտեղ գնաց, ոտի կանգնեց, մենք չե՞նք կարա: Լավ ա, Սաթենիկն էլ դեռ առաջին դասարան ա, նոր-նոր տառ են սովորում, հեշտ կհարմարվի:
– Է Հայկ ջան, ինչ ասեմ…
****
Ճաշի սեղանին ոչ ոք չէր խոսում, միաբերան ու մի մտքի լուռ էին: Ոչ ոք բավականաչափ խիզախություն չուներ ՝ կոտրելու արճճե սև լռությունը:
****
Կեսգիշերն անց էր, բոլորը գնացին քնելու: Եփրեմն ու Սաթիկը լուռ պառկած են: Չեն կարողանում խոսել նույնիսկ իրար հետ. Եփրեմը շատ է չարացած բոլորի վրա: Գիտի՝ չի հարմարվելու: Էդ մի որդին էր իրենց ծերության հույսը, բայց դե էն էլ հեռվից հեռու չդիմացավ ամերիկաների գայթակղությանը:
– Սո՛ն, քեզ էլ թվա՞ց, որ պապայի սրտով չի մեր գնալը: Շատ ա է կապված էրեխու հետ:
– Հայկ ջան, ամեն ինչ էլ սովորելու վրա ա, հանուն մեր ապագայի մի քիչ էլ պետք ա չէ՞ իրանց նեղություն տան:
****
Չէ, երկար լռել չեն կարող: Եփրեմը դուրս եկավ սենյակից, գիտի՝ քնել չի կարող, գոնե մարդավարի ծխի իր մտքերի հետ: Հայկը, հոր ոտնաձայները լսելով, տեղից վեր կացավ. պիտի ի վերջո խոսի հետը:
– Պա՞պ, էս քնած չե՞ս: Գիտեմ՝ դժվար ա, բայց գոնե խոսա էլի, մի քիչ թեթևացի:
– Է տղա ջան, ի՞նչ ասեմ: Լավից-վատից ապրում ենք էլի: Էս էրեխեն փոխել ա լրիվ տան մթնոլորտը, ես ու մերդ ոնց որ մի քսան տարով ջահելացած լինենք: Գիտես՝ էն օրը դպրոցում տվել էին, որ նկարեին իրենց պատկերացրած հայրենիքը: Տես՝ մի ծառ ա նկարել՝ լիքը ճյուղերով: Ասում ա՝ էս մեծ-մեծ կանաչած ճյուղերը մենք ենք, ինչքան շատ լինեն ճյուղերը, ծառն էնքան ամուր կլինի: Դու էլ հիմա ի՞նչ ես անում, կացինը ձեռդ առել, կտրում ես քո, իմ, էս էրեխու, էն չծնվածի ճյուղը:
Գիտես՝ հայերս էնքան կապված ենք մեր ամեն ինչին: Էս իմ այգու ամեն ծառը, քար ու թուփն իմն են, ես չեմ կարա առանց դրանց: Ինչ զարմանալու ա չէ՞. իրանց անշունչ հալով էս յոթանասուն տարեկանիս սարքել են իրանց ծառան: Հենց էս հասարակ, փոքր-մոքր բաներն են, որ քեզ ձգում են, կառչած ես մնում քո հողիդ, քարիդ: Բայց չէ, ուրիշ ազգեր մեր պես չեն: Չեն կապվի, չեն սովորի ոչ մի բանի, որ հանկարծ կառչած չմնան: Բա դա կարելի բան ա՞, բա դա բարոյական մարդու արարք ա՞, տուն չառնես, որովհետև կարող ա մի քանի տարուց հոգնես, փոխես, չշփվես մարդու հետ, որովհետև իրանից օգուտ չես ունենա: Քո ամերիկաներում ու եվրոպաներում կյանքն էդ ա: Ես քեզ չեմ բռնում, կողս պահում: Գնացեք, Աստված ձեր հետ:
– Չէ է այ հեր, մի քիչ շատ ես ծայրահեղացնում: Նրանք էլ մեր պես մարդ են: Նրանք էլ երևի իրանց կյանքն ունեն, որ մեզ ա խորթ: Պապ ջան, հիշի, եթե նույնիսկ քո ասածները ճիշտ են, իմացի՝ մենք իրանց նման չենք դառնա, ես չեմ թողի իմ էրեխեքը դառնան ամերիկացի, մենք էլ ենք շատ կապված ձեզ, մեր հողին, Հայաստանին: Իմացի՝ էս տղես հենց ծնվեց, քո անունն եմ դնելու, որ թեկուզ օվկիանոսից էն կողմ էլ իսկական հայ մեծանա:
«Հա բա…. Եփրեմ: Բա ո՞ւր մնացին Ալեքսները, Մարկերը, Ջոները»,- ողջ աշխարհի դեմ մտքում կռիվ էր տալիս Եփրեմ պապը:
****
«Զվարթնոց» օդանավակայանը լի էր մարդկանցով՝ ուղևորներ ու ավելի շատ նրանց ճանապարհելու եկածներ: Եփրեմն ու Սաթիկը կանգնել են՝ ամերիկյան մի կեղծ ժպիտ դեմքներին, իսկ ներսում հայոց լեռնային քամիներն են փոթորիկ սարքել:
Բոլոր գործողությունները կատարել են, ճամպրուկները կշռել, դրել են «վազող գորգի» վրա, անձնագրերն ու տոմսերը ձեռքներին՝ կանգնած են:
– Հայկ, ի՞նչ անենք, արդեն չգնա՞նք:
– Բա էլ ի՞նչ անենք, եկել, հասել ենք, որ չգնա՞նք:
Հայկն էլ զգաց, որ հումորն անիմաստ էր. ոչ ոք չուներ դրա սիրտը:
Սոնան ու Հայկը եկան, լուռ մոտեցան ծնողներին: Գրկեցին: Եփրեմն ու Սաթիկը սպասվածից ավելի ամուր պահեցին իրենց: Մի կաթիլ արցունք իջավ որդու վերնաշապկին, մի կաթիլ՝ հարսի կլոր փորիկին և երկուսն էլ՝ Սաթենիկի այտերին:
– Բալես, կկարոտենք, գոնե հաճախ զանգեք: ….Աստծու ձեռների մեջ գնացեք ,- լացակումած վերջին բարեմաղթանքն էր հղում Սաթիկը:
– Սաթըս, լավ կմնաս: Կարոտում եմ արդեն քեզ, ձագս:
– Պապի, այ պապի, կարոտն ի՞նչ գույնի է:
– Մեր էս տարվա ծիրանների….
****
– Եփրե՛մ, այ Եփրե՜մ, շուտ արի, էրեխեքն են զանգել:
– Հայկ ջան, Սոնա ջան, ցավներդ տանեմ, ո՞նց եք: Ո՞նց են էրեխեքը:
– Մամ ջան, պապ ջան, լավ են: Սաթի՜կ, Մայքլ, եկեք տատիենց հետ խոսեք:
– Michael, they’re your grandparents: do you remember?
– Աղջի Սաթիկ, էս ի՞նչ են խոսում….