1867 թվականին կնոջ հետ Բադենից Ժնև ուղևորվելու ճանապարհին Դոստոևսկին մեկ օրով կանգ է առնում Բազելում՝ տեղի Գեղարվեստական թանգարանում դիտելու Հանս Հոլբայն Կրտսերի՝ իր մոտ վաղուց հետաքրքրություն առաջացրած «Մեռած Քրիստոսի մարմինը դագաղում» նկարը: Երկու մետր ձգվող կտավին պատկերված է չարչարանքների հետևանքով վերքերով ու կապտուկներով պատված, հուսալքված, առանց Աստծո մնացած, աչքերն ու բերանը տանջանքից կիսաբաց արած, չափազանց մարդկային Քրիստոսի մարմինը: Դագաղը փակ է, և Քրիստոսին ավանդույթի ուժով վեր բարձրացնող մարդկային պատկերացումները հետզհետե տեղավորվում են այդ մռայլ տարածքում՝ համակերպվելով մահվան, ավարտի, վախճանի գաղափարի հետ… Միայն Աննա Գրիգորևնայի համառ խնդրանքն է կարողանում Դոստոևսկուն հեռացնել կտավի առաջից: «Այսօրինակ նկարից հավատը կարող է կորչել»[1], – որպես տպավորությունների ամփոփում ասում է Դոստոևսկին, իսկ երկու տարի անց նույնը կրկնում իշխան Միշկինի շուրթերով: Քրիստոսը, ասենք, կարող է մեռնել, հող դառնալ, չքանալ, իսկ հավա՞տը, հավա՞տը… Չէ որ հավատը, թերևս, ավելի է հակված կյանքի հոգեվերանորոգմանը, քան բուն Քրիստոսը: Գուե այդպե՞ս է պետք հասկանալ Դոստոևսկու խոսքերը, թե «եթե ինչ-որ մեկն ինձ ապացուցեր, որ Քրիստոսըճշմարտությունից դուրս է, և ճիշտ լիներ, որ ճշմարտությունը Քրիստոսից դուրս է, ապա ես ավելի շուտ կուզեի մնալ Քրիստոսի հետ, քան թե ճշմարտության»[2]: Հոլբայնի՞ Քրիստոսի: Ինչո՞ւ Դոստոևսկու գիտակցությանը այդչափ չէր հուզում Դյուրերի, Ռուբենսի կամ Ֆիլիպ դը Շոմպենի Քրիստոսները: Ի դեպ, այն Դոստոևսկու, որը «Սիքստինյան Տիրամայր»-ը գեղանկարչության մեջ վեր էր դասում ամեն ինչից: … Հավատը կարող էր կորչել, բայց նա էլի ու էլի ուզում էր հաղորդակցվել այդ նկարի հետ: Ինչպե՞ս կարող էր բազմաթիվ քրիստոնյաների հավատի դարձրած «Տիրամայրն» անգերազանցելի համարող գիտակցությունը տենչալ պարբերաբար հաղորդակից լինել Հոլբայնի ստեղծագործությանը. ահա այն հարցադրումը, որը հնարավորություն կտա ֆենոմենոլոգիական հարթության մեջ դիտարկել Դոստոևսկու՝ հավատի և անհավատության մետաֆիզիկական խորհրդածությունները:
Այս փաստական-կենսագրական դրվագն ուրվագծում է Դոստոևսկու մտքի սլացքների ամպլիտուդը և մտածել տալիս, որ, ըստ էության, հավատն իր իսկական փորձությունը անցնում է դժոխքում, իսկ անհավատությունը՝ դրախտում: Եվ հետաքրքիր հորիզոններ կարող են բացվել, եթե ենթադրենք, որ հավատն ու անհավատությունը կարող են պատկանել միևնույն գիտակցությանը, ավելին՝ որ դրանք սոսկ այդ պարագայում կլինեն ամբողջական ու հիմնավոր: Միայն հիմքերի կատարյալ բացակայությամբ հավատն է իսկական հավատ: Եվ անհավատի՝ միայն դրախտում ասված խոսքերն են ճշմարիտ: Ստացվում է՝ միայն անհավատի հավա՞տն է գոյարժան, և ուրեմն՝ աստվածահաճո. տարօրինակ, սարսափեցնող, վտանգավոր տրամաբանություն: Բայց… տրամաբանություն: Իսկ նույնչափ տարօրինակ չէ՞, որ միևնույն գրողի գրչին են պատկանում «Խեղճ մարդիկ», «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը», «Կարամազով եղբայրներ» երկերը: Հեսսեն է՛լ ավելի է սրում իրավիճակը. «Այն, որ ինչ-որ առանձին մարդ կարողացել է գրել «Կարամազովները», հրաշք է»[3]: Ի դեպ, նույն Հեսսեի՝ Դոստոևսկու ստեղծագործություններից ստացած տպավորությունը ևս երկչափ է ու լիովին տեղավորվում է ուրվագծված ֆենոմենոլոգիական համատեքստում: Նա, մի կողմից, զգում է հուսալքությունը, չարի հաղթանակը, վերահաս վախճանը, ամենակործան կասկածը, բայց, մյուս կողմից, լսում է հիրավի երկնային ձայնը, նկատում է ամենայն կասկած ու չարչարանք հաղթահարող խիղճը[4]: Ինքնագիտակցությունը ջանում է տիրել, սանձել գիտակցությանը, ցույց տալ դրա սահմանափակությունը, գիտակցությունն իր հերթին փորձում է ամեն անգամ ամրագրել իր դատողական ձեռքբերումները՝ հավատը կամ անհավատությունը: Եվ մտածողության այս տարերքի դիտանկյունից միակողմանի են թվում Դոստոևսկուն թե՛ «ռուս Մարկիզ դը Սադ» անվանողները (Տուրգենև), թե՛ սուրբ համարողները (Շպենգլեր):
Մտածողության տարերքի վկայությունն է նաև այն, որ Իվանի փաստարկներն ավելի հիմնավոր ու զորեղ են, քան Ալյոշայինը, Հավատաքննիչի խոսքն առավել համոզիչ է, քան Քրիստոսի լռությունը, որ իշխան Միշկինը ծիծաղելի է ու թույլ: Հավատն ինքնին, մեկուսի, «փափուկ պայմաններում» չի կարող ամրապնդվել, բյուրեղանալ, գոյավորվել, ուտսի այն պատրաստ է անգամ զոհողությունների գնալ՝ ուժեղացնելու համար այլի դիրքերը, քանզի նրա հետ առճակատման մեջ է ինքը վերջնականապես կայանալու: «Հերոսի՝ ուրիշի «եսի» հաստատումը (այլ ոչ թե ժխտումը) Դոստոևսկու ստեղծագործությունների թեման է»[5]: Ահա Դոստոևսկու բախտինյան պոլիֆոնիկ մեկնաբանության հիմնական առանցքը: Դոստոևսկու վեպերը բազմաձայնային են, ասել է թե՝ այստեղ ամեն ձայն կենտրոնական է, գիտական ինքնաբավ հոսանք, այստեղ չկա մի մեծ պատում, այստեղ կան բազում պատումներ, և հեղինակն ինքը ջանք չի խնայում փառավորելու ամեն մի խոսք, քանզի դրանցից յուրաքանչյուրը վերահսկելու է ինքնագիտակցության արթմնիությունը: Ըստ Դոստոևսկու՝ «լինել՝ կնշանակի երկխոսորեն շփվել»[6]: Ուրեմն ամեն առաջ՝ չթողնել, որ երկխոսությունն ավարտվի: Երկխոսության (գուցե ճիշտ կլինի ասել՝ բազմախոսությա՞ն) ժամանակ ապահովաբար գլուխ է բարձրացնում դժոխայինը, ոճրայինը, դիվայինը, սակայն հակառակ պարագայում չգոյության է դատապարտված հավատը, հույսը և, ի վերջո, ինքնագիտակցությունը:
Այս պոլիֆոնիկ վեպը և կոնտրապունկտային ձայների սրությունը ապահովեցին Դոստոևսկու բացառիկ տեղը եվրոպական մտքի հոլովույթում. այնչափ, որ Հեսսեն գրում է, թե «եվրոպացի, և հատկապես գերմանացի, երիտասարդությունն այսօր մեծ գրող է համարում ոչ թե Գյոթեին և նույնիսկ ոչ թե Նիցշեին, այլ Դոստոևսկուն»[7], իսկ Շպենգլերը Դոստոևսկուն ուղղակի անվանում է սուրբ[8]: Սկսվում է Դոստոևսկու փիլիսոփայական շրջագայությունը, էկզիստենցիալիստական ու սոցիալ-հոգեբանական մեկնությունների շարքը: Դոստոևսկուն սկսում են չափել մարգարե, սուրբ, տիեզերական մտածող և նմանօրինակ այլ եզրերով: Անգամ նրան տանջող էպիլեպսիան որակվում է որպես հոգևորականության շեմ: Եվ այս ամենի մեջ զավեշտալի խաղն այն է, որ Դոստոևսկին, ի տարբերություն շատուշատ այլ մտածողների, սիրում էր խորասուզվել թերթային հաղորդագրությունների մեջ և իր ժամանակի գրողներին մեղադրում էր լրագրության նկատմամբ անտարբերության մեջ՝ համարելով, որ այլ կերպ հնարավոր չէ լուրջ գործ ստեղծել[9]: Տիեզերական Դոստոևսկին իր մարգարեկան գաղափարները կապում է թերթերի՜ հետ: Վեր խոյացող կոնտրապունկտիստը չի մոռանում երկխոսության մեջ ներգրավել ամենահասարակ, իսկ երբեմն նաև նողկալի փաստական ռեալությունը: Վերը վերացական, անորոշ, անուժ կլինի առանց վարի: Ուստի հարկավոր է համապարփակ գիր հիմնել, գրել ամենը, գրել ժամանակը, գրել նաև ստորինը, այլանդակը՝ դրանով իսկ այն վերածելով վեհացնող փաստի երկխոսության մեջ: Քանզի երկխոսության ավարտը սկիզբն է լինելու շիզոֆրենիական ինքնանեխումի ու ուժերի հյուծման: Մինչդեռ ինքնագիտակցությունը կարիք ունի ամենօրյա պայքարի: Ուրեմն՝ գրել: Այն աստիճան, որ երբ մի անգամ կինը ինչ-որ պատմություն է պատմում «Ստորացվածները և անարգվածները» վեպից, Դոստոևսկին բոլորովին չի հիշում և խոստանում է վերընթերցել այն. ավելին՝ նա չափազանց հազվադեպ էր հավանում իր այդքան գրածները[10]: Այդ ամենն այնքան էլ կարևոր չէր Դոստոևսկու համար. նա պիտի անդադար գրեր՝ դիմակայելու համար ինքնաոչնչացմանը, ինքնամոռացությանը: Եվ նա հիմնում է իր համար այնքա՜ն կարևորը «Գրողի օրագիրը»:
* * *
Դոստոևսկին առաջին անգամ «Օրագիրը» որպես պարբերական հղացել է մինչև արտասահման մեկնելը՝ 1860-ականների սկզբներին: Սակայն միայն 1873 թվականին է հաջողվում սկսել վաղեմի երազանքի իրականացումը: Այդ խորագրով հրատարակությունները թվագրված են 1873, 1876, 1877, 1880 և 1881 թվականներով: (Սույն հրատարակության մեջ տեղ են գտել առաջին երկու թվականների օրագրերը): «Օրագրում», կարելի է ասել, կան չորս տեսակի տեքստեր՝ գեղարվեստական, գրաքննադատական, հրապարակախոսական և հիշողություններ անձնական կյանքից: Դոստոևսկին այնքան էր կարևորում «Օրագրի» հրատարակությունը, որ շտապ ավարտում է «Դևեր» վեպը և որոշում այդուհետ լծվել այդ դժվարին գործին. լույս ընծայել ամսագիր, որի միակ հեղինակը, խմբագիրը և հրատարակիչը նույն մարդն է: Զարմանալիորեն Դոստոևսկու իսկական հանրային ճանաչումը սկսվում է «Օրագրի» առաջին համարներից հետո: Տիկնոջ վկայությամբ՝ «“Գրողի օրագրի” հաջողությունն ընթանում էր creszendo»[11] ՝ հետզհետե ավելի ու ավելի շատ ընթերցողներ: 1876 թվականի «Օրագիրն» ուներ 1982 բաժանորդ, իսկ սպառվող ընդհանուր տպաքանակը հասնում էր 2500-ի: Որոշ համարներ, օրինակ՝ հունվարյանը, տպագրվում են 2-րդ և 3-րդ անգամ, իսկ 1877-ինն արդեն սպառվում է 6000 օրինակով*12: Իսկ երբ «Կարամազով եղբայրներ»-ի վրա աշխատելու նպատակով որոշ ժամանակով ընդհատում է ամսագրի հրատարակությունը, բազմաթիվ ափսոսական նամակներ է ստանում ընթերցողներից, որոնք խնդրում են հնարավորության դեպքում շարունակել հանդեսը:
Թերևս ոչ մի գրող այնչափ կապի մեջ չի եղել ընթերցողական զարկերակի հետ, որչափ Դոստոևսկին: «Օրագրով» նա, կարծես, իր ժամանակի կյանքի հանրագիտարանն էր երևան բերում, ինչը և արեց մինչև կյանքի վերջ:
[1] Достоевская А. Г. Воспоминания. М., «Правда», 1987, էջ 186, 458:
[2] Տե՛ս, Селезнев Ю. Достоевксий. М., «Молодая гвардия», 1985, էջ 165:
[3] Гессе Г. Достоевский // Магия книги. СПб, Лимбус пресс, 2012, էջ 325:
[4] Տե՛ս, նույն տեղում, էջ 289-290:
[5] Բախտին Մ. Դոստոևսկու պոետիկայի խնդիրները: Ստեփանակերտ, 2012, էջ 13:
[6] Տե՛ս, նույն տեղում, էջ 317:
[7] Гессе Г. նշվ. աշխ., էջ 312:
[8] Տե՛ս, Spengler O. Der Untergang Des Abendlandes. Zweiter Band. München, 1922, էջ 236:
[9] Այդ մասին տե՛ս, Բախտին Մ. նշվ. աշխ., էջ 57:
[10] Достоевская А. Г. նշվ. աշխ., էջ 110-111, 190:
[11] Նույն տեղում, էջ 315:
*12Այդ մասին տե՛ս, Волгин И. Поверх барьеров // Достоевский Ф. М. Дневник писателя в 2-х томах, т. 1. М., 2011, էջ 19-20:
Հիանալի է։