Գրականության՝ հասարակության վրա թողած ազդեցության և գրողի պատասխանատվության մասին
Ընդհանուր առմամբ՝ ես չէի պատրաստվում ելույթ ունենալ «Ինտերպրեսկոնե»-ի ժամանակ և պարզապես ինձ հետ վերցրել եմ Բորիս Նատանովիչ Ստրուգացկու սեմինարի ժամանակ կարդացած զեկուցմանս թեզիսները: Մյուս կողմից՝ այդ զեկուցման պատրաստման պահից, իսկ դա 1998թ.-ի փետրվարն էր, մի քանի ամիս է անցել` բավականին դժվար և լարված ամիսներ, և հնարավոր է` այն, ինչ ասվել է ձմռանը, չարժե կրկնել՝ առանց մի փոքր խմբագրման: Այն ժամանակ զեկուցման պաշտոնական թեման հնչում էր հետևյալ կերպ` «Գրականության ազդեցությունը հասարակության վրա»: Բայց կարծում եմ՝ այժմ ես ավելի շուտ կխոսեմ գրողի պատասխանատվության թեմային առնչվող հարցերի մասին:
Առաջին հարցը, որ ծագում է այս առնչությամբ, հնչում է այսպես` պատասխանատո՞ւ է արդյոք հեղինակը իր ստեղծագործությունների, այն ամենի համար, ինչ լույս աշխարհ է բերում: Հարցը միշտ էլ կարևոր է եղել, բայց վերջին շրջանում էլ ավելի է սրվել, քանի որ փոխվել է իրավիճակը. սկսել են ոչ թե շատ ավելին տպագրել, քան նախկինում, այլ` էապես ուրիշ կերպ, սկսել են ոչ թե ավելին վճարել, քան նախկինում, այլ` վերստին ուրիշ կերպ: Բոլորովին ուրիշ փորձություններ, բոլորովին ուրիշ գայթակղություններ են ծագել…
Իսկապես, եթե մարդը ստիպված է իր աշխատանքը այս Երկրի վրա իրականացվող առաքելություն համարել, որոշակի պարտք իրեն շրջապատող աշխարհի և մարդկանց հանդեպ, ապա դա բոլորովին այլ խնդիր է: Այս պարագայում մի որևէ տող, փոքրիկ պատմվածք, մեծ պատմություն կամ հսկայական վեպ լույս աշխարհ բերելուց առաջ հեղինակը ստիպված է երկար մտածել տարբեր բաների մասին` սկսած Հիպոկրատի երդման պես ինչ-որ խորհրդից՝ վերջացրած ծամծմված հարցերով, ինչպիսիք են` ինչո՞ւ ես դա արեցի, ինչո՞ւ, ո՞ւմ համար կարող է ավելի լավ լինել սրա ստեղծումից, իսկ ո՞ւմ համար ավելի վատ: Բայց եթե որևէ ազդեցություն չկա, և դրա արդյունքում չկա նաև պատասխանատվություն, ապա ողջ հարցը հանգում է մեկ շատ պարզ շղթայի` ես գրել եմ, նրանք տպագրել են, ինձ վճարել են, նրանք կարդացել են, բոլորը գոհ են: Բնականորեն հենց այստեղ էլ մի տեսակ անջրպետ է գոյանում: Եվ այնուամենայնիվ, տարբերակներից ո՞րն է ճիշտ` երկրո՞րդը (բոլորը գոհ են), թե՞ առաջինը (արդյոք ես ինչ-որ բանի համար պատասխանատո՞ւ եմ):
«Արդյոք գրականությունն ազդո՞ւմ է հասարակության վրա» հարցն ինքնին, ճիշտ է, իմաստազուրկ չէ, բայց անհաջող է ձևակերպված: Նախևառաջ, պետք է բացատրել՝ ինչ ասել է ազդել: Ի՞նչ է նշանակում «ակնհայտ ազդեցություն»: Եթե մենք «ակնհայտ ազդեցություն» ենք անվանում հասարակության մեջ տեսանելի փոփոխությունների երևումը, ապա անմիջապես ևս երկու տհաճ խնդրի առջև ենք կանգնում: Առաջինը` ինչպիսի՞ փոփոխությունները պետք է համարել ակնհայտ և տեսանելի: Ժամանակին Կիկերոնն ասել է՝ տղամարդը կարող է փրկել պետությունը կործանումից, ձեռք բերել հավերժական փառք և լինել իմաստության օրինակ, սակայն իր կնոջ աչքին նա, միևնույն է, կմնա անուղեղ ապուշ: Նույն սկզբունքով, քանի որ դեռևս որևէ գիրք չի կործանել մարդկությունը և չի ստեղծել նորը, մենք կարող ենք կրկնել վերն ասվածը. գրողը կարող է փրկել պետությունը կործանումից, ձեռք բերել հավերժական փառք և այլն, սակայն քննադատների, իր ժամանակակիցների և իր սերնդի աչքերում կարող է մնալ անուղեղ ապուշ, ով ամեն ինչ արել է սխալ, սխալ պահի և սխալ նպատակով: Եթե անգամ մենք կարողանայինք դիտարկել ինչ-որ փոփոխություն և համարել այն տեսանելի, ինչպե՞ս ապացուցենք, որ փոփոխությունը պայմանավորված է հատկապես այդ գրքով: Այս խնդիրը բոլորովին էլ դիպվածային չէ և պայմանավորված է մարդկային չափազանց տհաճ մի առանձնահատկությամբ: Բանն այն է, որ մարդկությունը դեռևս հին ժամանակներից բավականին սակավադեպ համակարգի մոդել է, որը վերլուծելի-քննելի չէ գիտությանը հայտնի երկու հիմնական մեթոդներով: Մասնավորապես` մարդկությունը բաղկացած է չափազանց մեծ քանակությամբ տարրերից, այսինքն` մարդկանցից, և հետևաբար հնարավոր չէ այն վերլուծել մեխանիկորեն` դիտարկելով ամեն մարդու վրա թողած ազդեցությունն առանձին, բայց միևնույն ժամանակ, մարդկությունը չափազանց չափազանց փոքրաքանակ է, որպեսզի հնարավոր լինի վերլուծության ժամանակ զուտ վիաճակագրական մեթոդներ կիրառել: Կարելի է, իհարկե, հակադարձել, թե վիճակագրական մեթոդներ կիրառվում են, և ինչպես ցույց է տալիս, օրինակ, գովազդի տեսությունը, դրանք նաև արդյունք են տալիս: Այո, իսկապես այդ մեթոդները արդյունք տալիս են, ինչն էլ հենց սոցիոլոգիայի ամենամեծ հանելուկներից մեկն է, քանի որ, ըստ բոլոր հաշվարկների, իրականությանը մոտ որևէ արդյունք այդ մեթոդները չպետք է տային: Այս թեմայի քննարկումը մեզ կտանի հեռավոր ջունգլիներ` ընդհուպ մինչև տեղեկատվական աշխարհում կեղծ օբյեկտների և կեղծ անձանց գոյության հարցը: Ես պարզապես ցանկանում եմ ասել, որ մարդկության այն թվաքանակի պարագայում, որ այժմ առկա է, մասնավորապես` մի քանի միլիարդի մասին է խոսքը, մենք գտնվում ենք այնպիսի գոտում, որում կիրառելի չէ հիմնական երկու մեթոդներից և ոչ մեկը: Կարճ ասած` վերլուծություն կատարելը դժվար է և, վերջիվերջո, ստեղծագործության` կյանքի վրա թողած ազդեցության ցանկացած վերլուծություն սուբյեկտիվ է: Իր ժամանակին Զիգբերտ Տարրաշը մի լավ ձևակերպում է արել. «Ի՞նչ է ճշմարտությունը: Անգամ շախմատում հնարավոր չէ ոչինչ ապացուցել»: Ես կարծում եմ, որ հասարակությանը սա շատ ավելի է վերաբերում:
Երբեմն ասվում է, թե գրականության ազդեցությունը մարդու և հասարակական կյանքի վրա խիստ չափազանցված է, և այդ չափազանցությունը պայմանավորված է դիկտատորական, այն է` տոտալիտար, հեղափոխական ռեժիմների մասին չափազանց սխալական և ռոմանտիկական պատկերացումներով: Ես կփորձեմ ապացուցել, որ այդ պնդումը հասկացությունների իմաստափոխության տիպիկ սխալ է: Մի հայտնի աշխատություն կա` «Վարունգի վնասի մասին», որը զուտ վիճակագրական մեթոդներով ապացուցում է վարունգի անհավանական վտանգի լեգենդի ճշմարտացիությունը, քանի որ հայտնի փաստ է` դժբախտ պատահարներից մահացած գրեթե բոլոր մարդիկ աղետը նախորդող երկու շաբաթվա ընթացքում կերել են այդ բանջարեղենից: Այո, իսկապես այդպես է. մեր կողմից դիտարկված դիկտատորական ռեժիմների ճնշող մեծամասնությունում գրականությունն էականորեն ավելի մեծ դեր ունի, քան դեմոկրատական` ոչ տոտալիտար, սովորական և այլ ռեժիմներում: Սա դիտարկում է: Բայց չէ՞ որ մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է պատճառը…
Ավարտելով ներածականը` ես վերջապես անցնում եմ բուն գործին: Եվ կսկսեմ ուղղակիորեն պատմական ակնարկից: Այսպիսով, գրականության, պոեզիայի, այնուհետև թատրոնի, ողբերգության ազդեցությունը առաջին անգամ վառ արտահայտվեց Հին Հունաստանում: Գրականության ազդեցությունը հին հունական հասարակության վրա բոլորին քաջ հայտնի է: Հունական հանրահայտ մի ասացվածք կա, որ աստվածները շփվում են մարդկանց հետ պոեզիայի միջոցով և նրա միջնորդությամբ թելադրում են մեզ իրենց կարծիքը, իրենց օրենքները: Հայտնի է թատերական բեմադրությունների ահռելի նշանակությունը: Մասնավորապես «Միլետոսի գրավումը» պիեսը, որը բեմադրվել է Աթենքում այն բանից հետո, երբ պարսիկները պարտության մատնեցին Միլետոսը, հետագայում ազդեցություն է ունեցել Միջերկրականի քաղաքական ակտիվության, Միջերկրական ծովում աթենացիների` պարսիկների դեմ կռվի գնալու հարցում: Հայտնի է պոետ Տերպանդերոսի բանաստեղծությունների ազդեցությունը, ով իր ժամանակին զբաղվել է հունական քաղաքներում ներքին կոնֆլիկտների լուծմամբ, ինչի մասին շատ ավելի ուշ Գորոդնիցկին մի լավ երգ գրեց: Կարճ ասած` առաջին անգամ Հունաստանում են ձևավորվել գրականության այն գործառույթները, որոնք շատ ավելի ուշ անվանվեցին ագիտացիոն: Գրականությունը դարձավ հասարակության կյանքի կազմակերպման միջոց և ուղղորդիչ՝ իրականացնելու որոշակի առաջադրանքներ, ենթադրենք` դաժան պարսիկ բռնակալի լծի տակ տնքացող մեր կրտսեր հույն եղբայրների փրկությունը:
Ավելի ուշ Հռոմում գրականության ագիտացիոն գործառույթը բավականաչափ փոխվեց: Խնդիրն այն է, որ հռոմեական և հունական հասարակությունները, իրենց ողջ արտաքին նմանությամբ, էականորեն տարբեր էին: Այնքանով, որ մենք կարող ենք տեղեկատվության ընկալման երկու տարբեր տեսակների մասին խոսել: Եթե հույների համար չափազանց կարևոր դեր ուներ պոեզիան, աստվածների հետ էմոցիոնալ հաղորդակցումը, ապա հռոմեացիները պոեզիա չեն ճանաչում գրեթե մինչ Կատուլլուսի ժամանակը: Փոխարենը, ի սկզբանե նրանց մշակույթը բավականաչափ ակնհայտ կողմնորոշված էր Օրենքի ճանաչմանը: Օրենքը դատարանն է, փաստաբանն ու իրավաբանը կամ ինչպես էլ որ անվանվանելու լինեն, այն սեփական տեսակետը հիմնավորելու ունակությունն է` կիրառելով ամենատարաբնույթ մեթոդային հնարներ: Եվ այս տեսակետից կարելի է ասել՝ հռոմեական գրականությունը մեծ մասամբ օրենքների և տարբեր դատական ելույթների հետ միաձույլ էր: Մինչ օրս պահպանվել են Կիկերոնի ելույթները, որոնք շատ հաճախ դիտվում են որպես դատական ելույթներ, թեպետ, դրանք նախևառաջ արվեստի գործեր էին: Կիկերոնի համար ճշմարտության որոնման խնդիրը ոչ երկրորդ և անգամ ոչ էլ երրորդ տեղում էր, այլ ամենավերջին: Անգամ փառքը չէր հետաքրքրում նրան առաջնահերթ, թեպետ այդ հարցում Կիկերոնը բավականին հավակնոտ էր: Նա իր սեփական հայցքներն ուներ այն հարցի վերաբերյալ, թե ինչ պետք է տեղի ունենա Հռոմում և գիտեր, որ այդ գործընթացների վրա ազդել կարող է միայն իր ճառերով, և Վերեսի դեմ իր ճառում նա հարցականի տակ է դնում մարզերը ղեկավարելու` այն ժամանակ Հռոմում գոյություն ունեցող համակարգը և ըստ էության, կարելի է ապացուցել, որ հենց այդ ճառի հաջողությունն է նպաստել հետագայում Հռոմի` հանրապետականից կայսերական ղեկավարման ձևին անցնելուն: Գրականության այն գործառույթը, որ օգտագործում էր Կիկերոնը, ես կանվանեի հասարակագիտական գործառույթ: Այո, իհարկե, ավելի ուշ, հատկապես` 20-րդ դարում, գրականության այդ ձևը անցնում էր բոլոր սահմանները, բայց չեմ կարծում, թե դրանում պետք է Կիկերոնին մեղադրել, թեպետ նա իրոք առաջինն էր:
Այնուհետև անցնում ենք Միջնադարին: Եվ այստեղ բախվում ենք, թերևս, գրականության ամենանուրբ խնդրին, որը ես պայմանականորեն անվանում եմ բյուրեղացնող: Ահավոր աղետից հետո, այն է՝ Հռոմեական կայսրության անկումը, աղետ, որի համարժեքը գուցե դժվար կլինի գտնել, թեև ֆանտաստիկայի կեսը փորձել է նկարագրել դրան նման ինչ-որ մի բան (մասնավորապես՝ ազիմովյան «Հենք»-ը պայմանավորված է Ազիմովի սարսափով, երբ նա հասկացավ, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենը եղել), աշխարհը անխուսափելիորեն պիտի վերաբյուրեղանար ինչ-որ մի նոր բանի: Պետք է ինչ-որ նոր համաշխարհային կառուցվածք ստեղծվեր: Բայց այն պահին, երբ բոլոր հին կապերը քանդվել էին, աշխարհի վերաբյուղեղացման հարցը մնում էր բաց: Այն կարող էր վերաբյուրեղացվել բազմաթիվ սխեմաներից մեկում: Եվ այստեղ ահռելի ազդեցություն ունեցավ այն, ինչ հետագայում ստացավ «Մեծ» և «Եզակի» գրքեր անվանումը: Ես նկատի ունեմ «Նոր Կտակարանի», «Ղուրանի» պես գրքերը, գրքեր, որոնք ընդունվել են մարդկային մեծ զանգվածների կողմից: Բյուրեղացնող գրքեր բավական հազվադեպ էին հայտնվում, բայց դրանց ազդեցությունը պատմության վրա ահռելի է: Փաստացի, դրանք որոշում են հաջորդ դարաշրջանի միջանձնային փոխհարաբերությունների հիմնական ձևերը` մարդու և կոսմոսի հարաբերությունը, մարդու և Աստծու հարաբերությունը, մարդու և մարդու հարաբերությունը: Այդ շրջանում մի փոքր ավելի քիչ, սակայն կրկին նկատելի ազդեցություն է ունեցել, այսպես կոչված, «միջնադարյան մենիզան»-ը, այսինքն` առավել մասնավոր անձնական ստեղծագործության ի հայտ գալը, որը շատ կողմերով նպաստել է եվրոպական սեքսուալ հարաբերությունների բյուրեղացմանը: Այսինքն` կրկին անցում նոր մակարդակի, մակարդակի, որում մենք մինչ օրս ապրում ենք և որը համարում ենք անհրաժեշտ, բնական և գրեթե միակ հնարավոր: Թեպետ, տարբերակներ բավականին շատ կային:
Այսպիսով, Միջնադարը մի շրջան է, երբ գրականության բյուրեղացնող գործառույթը իրացվում էր, կարծես, էլ ավելի վառ: Ինչ-որ առումով, գուցե, տեղին կլիներ ասել, թե Միջնադարը խոշոր հաշվով նկարագրության և գրի ժամանակ էր: Այսինքն` Երկրի վրա միանգամայն հստակ աշխատանքով բեռնված որոշակի սխեմա կառուցելու փորձ էր. հարաբերությունների սխեմա, աշխարհի եռակիության բաժանման սխեմա, որի շրջանակներում իրականցվում է մարդկանց երևակայությունում և պատկերացումներում գոյություն ունեցող նյութական և ոչ նյութական աշխարհների բաժանումը: Դա աշխարհը որոշակի սխեմայով, ընդ որում, գրական սխեմայով կառուցվածքայնացնելու առաջին փորձն էր: Այս առումով ես ասել եմ և կասեմ, որ տասնիներորդ և քսաներորդ դարերի մարքսիստները փորձում էին մեկ այլ փուլում անել այն նույն աշխատանքը, որը մի անգամ արդեն իրագործվել էր: Իհարկե, Միջնադարում գոյություն չունեին «Նոր տիպի կուսակցություններ», որ կլուծեին «Ինչպե՞ս վերակառուցենք Եվրոպան» հարցը: Պարզապես բավականին շատ մարդիկ կարդում էին միևնույն գրքերը, մտածում էին միևնույն հարցերի մասին, և արդյունքում միանգամայն որոշակի լուծումների էին հանգում:
Նոր Ժամանակը… Դե, Նոր Ժամանակը բնութագրական է նրանով, որ գրականության ահռելի ազդեցության մասին բավականին շատ կարծիքներ են եղել: Ահա, Լյուդովիկոս XVI-ի կարծիքը «Ֆիգարոյի ամուսնության» կապակցությամբ. «Եթե ես թույլատրեմ այս պիեսը, ես ստիպված կլինեմ կործանել Բաստիլը»: Եվ կամ հանրահայտ «Հռենոսյան բանակի մարտական երգ»-ը: Այս արվեստի գործի նշանակությունը գնահատելը խիստ դժվար է, քանի որ չափազանց դժվար է հասկանալ` ինչ էր տեղի ունենում ֆրանսիական հեղափոխության այդ շրջանում: Սակայն, ամեն դեպքում, ֆորմալ ազդեցության տեսանկյունից այն հստակ պատվերով, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում գրված երգ լինելու բախտ ունեցավ, որը հենց իր՝ հեղինակի և ողջ շրջապատի համար անսպասելիորեն նախ հնչեց ամբողջ Ֆրանսիայով մեկ, իսկ այնուհետև ավելի քան հարյուր տարի անընդմեջ հնչեց ողջ աշխարհում: Կարելի է երկար խոսել այն մասին, որ եթե չլիներ այս երգը, կհայտնվեր մեկ ուրիշը: Հնարավոր է: Բայց և ուրիշը չեղավ, այլ եղավ այս երգը: Եթե նման երևույթը չի կարող մակրոսկոպիկ ազդեցություն համարվել, ապա այդ դեպքում ի՞նչը համարել: Սա երգ է, որը ստեղծվել է մարդկանց փոքր խմբի համար, փաստորեն` Հռենոսյան բանակի շտաբի համար, և որը հետո իմացավ գրեթե ողջ մարդկությունը: Ըստ էության, հենց «Հռենոսյան բանակի մարտական երգ»-ով կարելի է պայմանավորել Ֆրանսիական հեղափոխության միֆը, որը մարդկության եվրոպական հատվածի համար հետագայում բազմաթիվ լավ ու վատ հետևանքներ ունեցավ: Այս տեսանկյունից ես թույլ կտայի ինձ ասել, որ «Հռենոսյան բանակի մարտական երգ»-ում առաջին անգամ արտահայտվեց էգրեգորիկ, նույն ինքը՝ գրականության միֆակերտ գործառույթը` միֆերի ստեղծում, բնակչության բավականաչափ լայն զանգվածների վրա ազդեցություն թողող տեղեկատվական օբյեկտների ստեղծում: Միֆերի հետ աշխատանքի հարցում համարժեք դեր է խաղացել ևս երկու ստեղծագործություն, որոնք մեծ նշանակություն են ունեցել պատմության համար: Դրանք են «Քեռի Թոմասի խրճիթը», որի` աբոլիոցիոնիստական գործընթացների վրա թողած ազդեցության մասին Ամերիկայում շատ է խոսվել, և մեր «Մումու» նովելը, որն այսօր դպրոցում ուսումնասիրում են իբրև կալվածատիրության դեմ պայքարի վառ օրինակ:
Ավելի ուշ հայտնվեց Ժյուլ Վեռնը: Եվ սկսեց ի հայտ գալ գրականության նոր գործառույթը, ինչը, կարծեմ թե, Վյաչեսլավ Ռիբակովն անվանել է ներառնող: Գրականությունը, տվյալ դեպքում Ժյուլ Վեռնի գիտական ֆանտաստիկան, այն ժամանակ մարդկության մեջ կուտակված ահռելի տեղեկատվությունը ներառելու և քիչ թե շատ ավելի հասկանալի ձևի փոխարկելու փորձ է կատարել, որպեսզի սովորական մարդը, ով ողջ կյանքում չի զբաղվել տեղեկատվության կուտակմամբ, կարողանա գոնե զգալ, թե ինչ աշխարհում է ապրում: Այսինքն` կուտակել, ներառել ամենը և վերածել շատերին հասկանալի ձևի: Այդպիսի գործառույթ ֆանտաստիկան կատարել է երկու անգամ` 19-րդ դարում Եվրոպայում` Ժյուլ Վեռն, և 20-րդ դարում Ռուսաստանում` Բելյաև և մեր դարի քսանական թվականների մի շարք այլ հեղինակներ: Գրականության ներառնող գործառույթը անհրաժեշտ է լինում ամեն անգամ, երբ հասարակությունում տեղի են ունենում կտրուկ կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես` դա պետք եկավ հասարակությանը, երբ ծագեց և իրապես գոյություն ունեցող ուժ դարձավ կիբերտարածությունը` բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների և իրապես գործառնվող համակարգչային ցանցերի աշխարհը: Մարդիկ կրկին իրենց ինչ-որ շփոթության մեջ զգացին, քանի որ կտրուկ փոփոխությունների ենթարկվեց այն աշխարհը, որում իրենք ապրում էին և ըստ մտահղացման՝ այդ պահին պիտի հայտնվեր գրականություն, որը կներգրավեր մարդուն այդ տեղեկատվական աշխարհի մեջ: Այդպիսի գրականություն իսկապես փորձեցին ստեղծել` անվանելով այն «կիբերպանկ»: Բայց այն մարդիկ, ովքեր դա անում էին, կա՛մ այլ պատկերացումներ ունեին իրենց խնդիրների մասին, կա՛մ պարզապես չստացվեց. այնուամենայնիվ, կիբերպանկը չդարձավ ներառող գրականություն և հենց այդ պատճառով էլ չափազանց արագ հեռացավ գրական և պատմական հարթակից, քանզի որևէ այլ գործառույթ այն իրացնել չէր կարող: Իսկ այդ մեկը չցանկացավ:
Անցնենք ժամանակակից շրջանին: Ժամանակակից շրջանից կարելի է չափազանց շատ օրինակներ բերել: Կոնկրետ ես Սեմինարի ժամանակ հիշեցի Սինքլեր Լուիսի «Մեզ մոտ դա հնարավոր չէ» գիրքը, որի կապակցությամբ սոցիոլոգները ուղղակիորեն հայտարարեցին, որ այն հանգեցրել է իրական քաղաքական շարժի, մասնավորապես` Ռուզվելտի երեսունվեց թվի ընտրություններում հաղթանակելուն: Հիշենք, թեկուզ, հատկապես գրողներին զզվեցրած (դատելով վերջին «Աելիտե»-ից), թոլքինական շարժման օրինակը, որը կարելի է համարել շատ տհաճ, սակայն միանշանակ տեսանելի երևույթ: Կարելի է նաև հաճելի համարել, դա տասներորդական կարևորության հարց է: Բայց համենայն դեպս, միանգամայն նկատելի իրողություն է այն, որ մի գրքի հիման վրա շատ մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը աշխարհի հանդեպ, այս աշխարհում բոլորովին այլ տեղ են գտել, և դա այնուամենայնիվ լուրջ է: Հայտնի փաստ է նաև Բարբարա Թաքմանի «Օգոստոսյան հրանոթներ» գրքի մեծ ազդեցությունը առանձնապես Քենեդու վրա և առանձնապես վաթսունյոթ թվի կարիբյան իրադարձությունների ժամանակ, երբ աշխարհը ավելի քան երբևէ մոտ էր համընդհանուր պատերազմի: Հայտնի է, որ Քենեդին այդ ժամանակ, քննարկելով պատերազմի և խաղաղության հարցը իր ռազմական խորհրդատուների հետ, խոսում էր՝ մեջբերելով գիրքը և ցույց տալով, որ քառասուն թվին արդեն եղել է նմանատիպ իրավիճակ, և հետո, երբ պատերազմն արդեն թեժացել էր, մի քաղաքական գործիչ հարցրեց մյուսին. «Լսիր, ինչպե՞ս այս ամենը սկսվեց»,– և ստացավ ի պատասխան,– «Ահ, եթե միայն իմանայի»: Եվ Քենեդին ասել է. «Ես չեմ ուզում, որ քսան տարի անց, երբ Երկիրը ուշքի գա ատոմային աղետից և ինչ-որ մեկն էլ ինձ հարցնի` ինչպես այդ ամենը սկսվեց, պատասխան ստանա. «Ահ, եթե միայն իմանայի»»: Համենայնդեպս, Քենեդին ինքն է փաստել, որ գիրքը ստիպել է իրեն լուրջ կոնֆլիկտի պահին ավելի ծանրակշիռ վերաբերվել գործողություններին: Եվ եթե այդ գիրքը գոնե նվազագույն դերակատարություն է ունեցել ատոմային պատերազմի կանխման գործում, կարելի է ասել՝ ազդեցությունը չափազանց ակնառու է:
Այժմ` մի փոքր այլ բնույթի ազդեցության մասին: Ահազանգող գրականություն, բնապահպանության գրականություն: Այն գրականությունը, որն, ըստ էության, ի սկզբանե ստեղծեց խնդիրը, այնուհետև ստեղծեց կուսակցություն, այնուհետև ստեղծեց մարդկանց մի տեսակ, ովքեր միայն այդ խնդիրներով են սնվում և փաստորեն հանգեցրեց այսօրվա տեխնիկական ռեալ աճի դադարեցմանը՝ բոլորովին գոյություն չունեցող, անիրական վտանգի դեմ պայքարի անունից: Փաստացի, այս շշից դուրս եկող ջինը ամբողջապես ստեղծվել է զուտ գրական հնարներով: Հակառակ օրինակ. Եֆրեմովների և Ստրուգացկիների աշխարհն այն մոդելն է, որը գոյություն ուներ վաթսունական թվականներին, և որը, թեկուզ և մասնակի, որոշեց շատ ու շատ մարդկանց, այդ թվում այս դահլիճում ներկա գտնվողների մեծամասնության կյանքը: Այն այլ սոցիալական հարաբերություններով, այլ աշխարհի գոյության հնարավորության մասին պատկերացում տվեց:
Բերենք այնպիսի գրքերի լրացուցիչ օրինակներ, որոնք ազդեցություն են թողնում ոչ թե իրենցում գրվածով, այլ այն մտապատկերային զուգորդումներով, որոնք առաջացնում են ընթերցողների մտքում: Այն, ինչ ես պայմանականորեն անվանում եմ «մետագիրք»: Այո, իհարկե, ո՛չ Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»-ում, ո՛չ Միլնի «Վինի Թուխ»-ում ոչ մի առանձնահատուկ բան գրված չէ: Եվ այնուամենայնիվ, արդեն սերունդներ, ընդ որում, գիտնական հետազոտողների սերունդներ կարդում են այդ գրքերը, կարդում են հասուն տարիքում՝ հաճույքով և գտնում են դրանցում ինչ-որ պահեր, որոնք տարօրինակ կերպով համահունչ են իրենց՝ այսօրվա աշխատանքին և խնդրին առնչվող մտքերին: Զուր չէ Քերոլը մինչ օրս բազմիցս մեջբերվում տեսական ֆիզիկայի աշխատություններում: Այո, ըստ ամենայնի, ինչ-որ տեղ նա կարողացել է դատողությունների այլ մեխանիզմ գտնել, որը երբեմն անփոխարինելի է: Ամեն դեպքում այդ գրքերի ազդեցությունը նույնպես չի կարելի հերքել:
Այն ազդեցությունների մասին, որոնց վերջին տասը տարվա ընթացքում անձամբ հետևելու հաճույքն ենք ունեցել երկար ու ձիգ խոսելու կարիք չկա: Ես ի նկատի ունեմ, այսպես կոչված, «վերակառուցման գրականությունը»: Շատրով, Դուդինցև, «Արբատի զավակները», Սոլժենիցին, Պոպովի, Անդրեևի հոդվածները և այլն: Անկեղծ ասած, այդ ազդեցությունը միանգամայն միջնադարյան է, ի նկատի ունեմ մեկի անկման և մյուսի ձևավորման իրավիճակը, այսինքն՝ բյուրեղացնող գործառույթը, որի մասին արդեն խոսել ենք: Դրանք բյուրեղացման գոտում հայտնվելու քիչ թե շատ գիտակցված փորձեր էին: Ինչ-որ մեկի մոտ դա ավելի բարեհաջող ստացվեց, ինչ-որ մեկի մոտ ավելի վատ, բայց դրանք բոլորը միասին ազդեցություն են թողել հենց բյուրեղացման վրա: Այլ հարց է, որ այն օրերին այդպես գրող գրեթե ոչ մի հեղինակ այսօր հիացած չէ իր նախկին զբաղմունքով: Բայց դա արդեն նախնական գաղափարի և դրա իրականացման մեթոդների խնդիրն է:
Այսպիսով, մենք պատմական օրինակներով մի փոքր հետևեցինք մարդկանց վրա գրականության ազդեցությանը և տեսանք, որ այդպիսի ազդեցություն առկա է, և այն երբեմն մեծ է լինում, իսկ որոշ հազվագյուտ դեպքերում, օրինակ՝ հասարակության բյուրեղացման պահին, կարող է նաև որոշիչ լինել: Դրա հետ մեկտեղ նկատենք նաև, որ ստեղծագործության՝ հասարակության վրա ազդեցության չափը չի որոշվում ո՛չ ժանրով, ո՛չ տեքստի որակով: Կարող էին ազդեցություն ունենալ հանճարեղ գործեր: Կարող էին ազդեցություն ունենալ միջակ, բայց բավականաչափ կարևոր բնապահպանական հենք ունեցող ստեղծագործություններ: Եվ կարող էին ազդեցություն ունենալ նաև բոլոր կողմերից միանգամայն թույլ, բայց ճիշտ պահին, ճիշտ վայրում հայտնված գրքեր:
Հարց է առաջանում՝ ե՞րբ է այդ ազդեցությունը էական և ինչպե՞ս կարող ենք որոշել գրականության ազդեցության խնդիրը տոտալիտար և կեղծ տոտալիտար ռեժիմներում: Պատասխանը ավելի քան պարզ է: Գրականությունը տեղեկատվական տիրույթին է պատկանում: Ինչպես ցանկացած ուղղափառ մարքսիստ, ես այն տեսակետին եմ, որ տեղեկատվական տարածքը օբյեկտայինի վրա (կամ եթե կուզեք՝ վերնաշենքը հիմքի վրա), անշուշտ, ունենում է ազդեցություն, բայց ավելի թույլ, քան հիմքի ուղղակի ազդեցությունն է վերնաշենքի վրա (կամ՝ օբյեկտային տարածությունինը տեղեկատվականի վրա): Այդ իմաստով «այս գիրքը պայմանավորված է հասարակության պահանջներով» արտահայտությունն ավելի ճշմարտացի է, քան «այս գիրքը փոխել է հասարակության պահանջները» պնդումը: Բայց երկու ձևակերպումն էլ ճիշտ է: Քանի դեռ հասարակությունը հաստատուն է, գոհ ինքն իրենից և հավասարակշիռ գոյություն է պահպանում, հենց ինքն է մեծ մասամբ որոշում, թե ինչ պետք է և ինչ կարող է գրել գրողը: Այդ իրավիճակում գրքի ազդեցությունը կա՛մ փոքր է, կա՛մ առհասարակ չի դիտարկվում, կա՛մ դիտարկվում է չափազանց դանդաղ՝ տասնյակ և հարյուրավոր տարիների ընթացքում: Բայց անցնում է որոշ ժամանակ և հասարակությունը հայտնվում է ծայրահեղ անկայուն իրավիճակում կամ արագ զարգացման վիճակում, ինչպես XIX դարում էր, գուցե արագ անկման վիճակում, կամ միաժամանակ և՛ մեկի, և՛ մյուսի, և կամ կյանքի տարբեր ոլորտների փոփոխության վիճակում: Բայց կայունությունը անկում է ապրում և այդ դեպքում հիմքի՝ վերնաշենքի վրա ունեցած ազդեցության մասին չի կարելի խոսել, քանի որ հիմքն ինքը կորցրել է իր հաստատունությունը և կոպիտ ասած՝ արդեն չգիտի, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ ազդել:
Իսկ գրքեր շարունակվում են գրվել: Գրող մարդիկ ավելի հաստատուն են այդ իրավիճակում, քան հասարակությունը: Նրանք դեռ կենդանի են, նրանք իրենց նախորդ դարաշրջանի և ներկայիս իրավիճակի ծնունդն են: Եվ նրանք գրում են: Գրքերը հրատարակվում են և ընթերցվում: Գրքերը, մի տեսակ, վակուումի գոտում են հայտնվում: Եվ այդ ժամանակ դրանք վիթխարի ազդեցություն են ունենում և կարող են պարզապես հանգեցնել, այսպես կոչված, «գրքային հասարակության» ստեղծմանը, հասարակություն՝ ստեղծված գրքային օրենքներով: Ամենամոտ օրինակներն են Միջնադարը և Մեծ Ֆրանսիական Բուրժուական Հեղափոխության՝ Համաժողովից մինչ տերմիդոր ընկած կարճ շրջանը, երբ բավականչափ գիտակցված փորձ արվեց ստեղծելու գրքերում շարադրված կանոններով հասարակություն:
Խնդիրն այն է, որ դիկտատորական, տոտալիտար ռեժիմները, որպես կանոն, կա՛մ առհասարակ անկայուն են, կա՛մ ներքուստ՝ պոտենցիալ անկայուն: Դրա համար էլ նրանց համար կարևոր են գրքերը: Ե՛վ նրանց քաղաքացիների համար, և՛ դիկտատորների, ովքեր, ի դեպ, հենց այն փաստով, որ ձերբակալում, աքսորում և գնդակահարում են պոետներին, ցուցադրում են իրենց ահռելի հարգանքը՝ պարզ դարձնելով, որ պոետներին վտանգավոր են համարում ողջ ռեժիմի համար՝ ուժով չափելի ողջ զորքի և ոստիկանության հետ: Եվ դիկտատորներն այդ հարցում բոլորովին չեն սխալվում՝ գործելով միանգամայն ճիշտ՝ ըստ իրենց՝ կյանքի մասին ունեցած պատկերացումների: Իսկ ինչպիսի՞նն է այդ դեպքում մեր հասարակությունը ներկայումս: Արդյոք մենք կայունությա՞ն գոտում ենք գտնվում, կործանմա՞ն գոտում, թե՞ ապագա պոտենցիալ զարգացման գոտում: Իմ անձնական վարկածի համաձայն մենք գտնվում ենք այն գոտում, որն անխուսափելիորեն հաջորդում է կործանմանը: Երբ մի սոցիալական համակարգն արդեն ոչնչացված է և այլ համակարգ չկա, գոյություն չունի, և դեռ ավելին՝ չկա անգամ այդ համակարգի տեսլականը: Այդ իսկ պատճառով հատկապես մեր ժամանակաշրջանում գրականության ազդեցությունը հասարակության վրա կարող է լինել անսահման մեծ, իսկ քսան տարուց գրաքննադատները, պատմաբանները և գրականագետները կգրեն. «1999-ին այսինչ մեծագույն գրքի երևումը ամբողջովին ցնցեց Ռուսաստանը, անմիջապես հետո նաև ողջ աշխարը և հանգեցրեց…»: Բաց թողածը լրացնել ըստ նախասիրության: Այլ բան է, որ բազում գրքերից այդպիսին կլինի մեկը, գուցե երկուսը: Համապատասխանաբար, շատ հետաքրքիր հարց է՝ ինչպիսի՞ն կլինի այդ գիրքը և դեպի ո՞ւր կշրջի մեզ բոլորիս: Բայց այդպիսի գրքի անհրաժեշտություն այժմ զգացվում է: Այստեղից էլ կտրուկ աճում է հեղինակի պատասխանատվությունն առ այն, ինչ ինքն անում է, իսկ էլ ավելի շատ առ ան, թե ինչ չի անում: Քանի որ ներկայումս այնպիսի իրավիճակ է, երբ անգործունեությունը ավելի կրիտիկական է, քան գործունեությունը: Ես նկատի ունեմ, որ ի հայտ եկած ճգնաժամի պարագայում գրողի խնդիրը բավականին ակնհայտ է, իսկ ճգնաժամը մեզ մոտ տնտեսական չէ, քաղաքական չէ և ոչ էլ հոգեբանական, այլ համակարգի, մշակույթի և քաղաքակրթության համընդհանուր ճգնաժամ, մարդու և Աստծու, կոսմոսի և շրջապատող մարդկանց և առհասարակ աշխարհի հետ փոխհարաբերության ճգնաժամ:
Գրող լինելը Եվրոպայում (և Ռուսաստանում մասնավորապես) մասնագիտություն չէ: Գրող լինելը առաքելություն է, ինչպես առաքելություն է բժիշկ լինելը և ուսուցիչ լինելն է առաքելություն: Նորմալ հասարակարգում բժիշկը չի կարող անտարբեր անցնել ոտքը կոտրած մարդու կողքով՝ առանց փորձելու վիրակապել կամ շինա տեղադրել: Եթե նա չի կատարում իր պարտականությունը, ապա ինչպիսի սկզբունքներով էլ որ առաջնորդվելիս լինի, ըստ էության, խախտում է իր երդումը: Գրողն, ասես, մի տեսակ միջնորդ լինի իմ կողմից նշված էությունների միջև՝ մարդու և կոսմոսի, մարդու և նրան շրջապատող մարդկանց միջև: Գրողը որսում է աշխարհի իմաստները և վերածում այդ իմաստները մյուսներին հասկանալի տեքստի: Եթե նա այդ իմաստները հասցնում է նրանց, ովքեր պիտի և կարող են դրանք լսել, ապա գրողը կատարում է Երկրում ունեցած իր առաքելությունը և կվարձատրվի՝ բառի ամենալայն իմաստով: Նա անում է այն, ինչի համար գոյություն ունի այս աշխարհում: Իսկ եթե գրողը ինչ-որ սկզբունքներից ելնելով՝ գաղափարական կամ ֆինանսական, ուժեր է ներդնում, որպեսզի այդ իմաստները չբացահայտվեն, նա սարսափելի հանցագործություն է կատարում և ոչ թե հասարակության առջև, այլ հենց ինքն իր: Նա չի կատարում այս աշխարհում իրեն տրված առաքելությունը: Այդ իսկ պատճառով երբ հեղինակը սկսում է մտածել. «Այո, ես կարող էի գրել այդ հրաշալի վեպը: Բայց չէ՞ որ այդ պատճառով անհրաժեշտ է նստել չորս տարի և զբաղվել միայն այդ տեքստով, մինչդեռ ծավալը կլինի երկու թերթ, և այն առհասարակ ոչ մեկին պետք չի գա: Ավելի լավ է` ես հերթական քառասուն էջանոց ֆենթըզին բստրեմ, որն ինձնից հաստատ կգնեն և կվճարեն այնքան, որքան ինձ անհրաժեշտ է»: Հենց նման իրավիճակում է հեղինակը սկսում դավաճանել ինքն իրեն: Եվ հենց դրանով նա ինքն իրեն՝ ոչ հասարակությանը, գցում է դաժանագույն ճգնաժամի մեջ, քանի որ երբ չես իրականացնում այն, ինչի համար եկել ես այս աշխարհ, հանգում ես ծանր հոգեկան անկման և ողբերգության: Նույնն էլ վերաբերում է իրավիճակին, երբ արդեն իր գիրքը գրած հեղինակը սկսում է ջանքեր ներդնել այն բանում, որ գիրքը միմիայն վաճառվի և չտարածվի այլ եղանակներով: Այսինքն՝ կրճատում է իր տեքստի տեղեկատվական հեռարձակումը աշխարհ: Ես, իհարկե, նկատի ունեմ գրքերի՝ էլեկտրոնային տարբերակով տարածման կապակցությամբ վերջին քննարկումները: Իմ կարծիքով՝ այն գրողը, ով փորձում է այս կամ այն միջոցով սահմանափակել արդեն իսկ հրատարակված հեղինակային գրքերի տարածումը, այսպես թե այնպես, խախտում է իր գրական առաքելությունը: Եվ այդպիսով կրկին հայտնվում է իր գրական պարտքը չկատարող մարդու վիճակում: Ես հրաշալի հասկանում եմ, որ իմ ասածներով, հատկապես վերջում, քննադատություն վաստակեցի, համենայնդեպս, այստեղ ներկաների մեծամասնության կողմից: Բայց հավատացեք՝ ես դա միտումնավոր չեմ անում: Ես իսկապես այդպես եմ մտածում:
Թարգմանությունը ռուսերենից՝ Գոհար Աքելյանի