1896 թվականին էկրանավորվեց 1895-ին լույս տեսած «Տրիլբի» բեսթսելլեր վեպը։ «Տրիլբին և փոքրիկ Բիլլին» 45 վայրկյանանոց ֆիլմ էր, որը պատկերում էր վեպի հատվածներից մեկը, որտեղ Տրիլբին նստած է սեղանի շուրջ, ուտում է թխվածք և զրուցում իր ընկեր փոքրիկ Բիլլիի հետ։ Հետագայում կինոժապավենն անհետացավ և ոչ մի տեղեկություն չի պահպանվել ֆիլմի դերասանների և նկարահանող խմբի մասին։ «Տրիլբին և փոքրիկ Բիլլին» համարվում է պատմության մեջ գրքի առաջին էկրանավորումներից մեկը։
Հետագայում այս նույն վեպն ունեցել է մի քանի այլ էկրանավորումներ, որոնցից պահպանվել է 1915 թվականին նկարահանված «Տրիլբի» ֆիլմը և համեմատաբար նոր տարբերակը՝ 1984-ին նկարահանված «Սվենգալին»։
Յուրաքանչյուր հաջողված գրքի «սպառնում է» ֆիլմ դառնալու ճակատագիրը, ու այստեղ սկսվում է «գրքերն ընդդեմ ֆիլմերի» հավերժ պայքարը։ Հաճախ մարդիկ կարդում և այնքան են հավանում այս կամ այն գիրքը, որ հրաժարվում են նայել ֆիլմը, որպեսզի չկորչի գրքի թողած տպավորությունը։ Երբեմն էլ ֆիլմն արդեն տեսած մարդիկ հրաժարվում են կարդալ գիրքը՝ նշելով, որ այն այլևս հետաքրիքր չի լինի։
Ե՞րբ կարող է ֆիլմն ավելի հաջողել, քան գիրքը։
Փորձենք գիրք-ֆիլմ համեմատություններն անել «Մեծն Գեթսբի» գրքի և համանուն ֆիլմի օրինակով։
Հիմնականում ֆիլմերի ռեժիսորները փոփոխում են գրքերի սյուժեները՝ իրենց ստեղծագործական դրսևորումները ներկայացնելու նպատակով։ «Մեծն Գեթսբի» ֆիլմում սյուժետային և կերպարային տարբերությունները քիչ են, և սա այն դեպքն է, երբ ռեժիսորը հնարավորինս հավատարիմ է մնացել հեղինակի՝ այս դեպքում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպին։
Ֆիլմը, որի ռեժիսորը Բազ Լուրմանն է, արժանացել է երկու «Օսկարի»՝«Լավագույն կոստյումներ» և «Նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում: Ի դեպ, առաջին հակադրությունը, որը հանդիպում ենք գրքի և ֆիլմի միջև, հենց դեկորացիաներն ու հագուստներն են։ Գրքում չկան հագուստների և միջավայրի մանրամասն նկարագրություններ, և շատ ժամանակ ամբողջ պատկերը ներկայացվում է մեկ նախադասությամբ. «Նյու Յորքից եկած հյուրերի մեքենաները հինգ շարքով կանգնած են դրսում, իսկ դահլիճում, սրահներում և պատշգամբներում արդեն երփներանգին են տալիս ծիածանի գույների զգեստները, վերջին նորաձևության սանրվածքները և շալեր, որոնք կերազեին անգամ կաստիլուհիները»։ Ահա այսպիսի մի նախադասությունը հիմք է հանդիսացել ֆիլմի ստեղծագործական անձնակզմի համար «օսկարակիր» դեկորներ և հագուստներ ստեղծելու համար։ Ֆիլմում գույները, պատկերները վառ են, ի տարբերություն գրքի, որն այդքան էլ գույնզգույն չէ։
Գիրքը ֆիլմից նախընտրողները հաճախ նշում են, որ ֆիլմը սահմանափակում է երևակայությունը։ Ընթերցելիս յուրաքանչյուրս յուրովի է պատկերացնում հերոսներին, նրանց շարժուձևերը, միջավայրը։ Եվ իսկապես, Լեոնարդո Դի Կապրիոյի անզուգական խաղից հետո դժվար է պատկերացնել այլ Գեթսբի, այլ դեմք, այլ շարժուձևեր։ Սովորաբար այն դեպքերում, երբ ֆիլմի համար ընտրվում է նման հիանալի կազմ, ինչպես այդ դեպքում, երբ էկրանին տեսնում ենք Թոբի Մագուայերին (Նիք Քարավեյ), Քերի Մալիգանին (Դեյզի), Ջոել Էդգերտոնին (Թոմ), Էլիզաբեթ Դեբիկին (Ջորդան Բեյքեր), գրքի հերոսները կենդանանում են և ընթերցողի երևակայության պատկերներն արդեն սահմանափակվում են։
Ֆիլմը դիտելու սկզբում կար տպավորություն, որ ռեժիսորն այն նկարահանել է այն մարդկանց համար, որոնք արդեն կարդացել են գիրքը։ Ամեն դեպքում ներքին երկխոսությունները, նկարագրությունները, որոնք գրքում հնարավորություն էին տալիս ամբողջական պատկերացում կազմել իրադրության մասին, ֆիլմի սկզբում բացակայում էին կամ շատ մակերեսային էին։ Ի դեպ, ներքին երկոսությունների առումով ֆիլմը միշտ տուժում է, քանի որ դժվար գործ է ռեժիսորական հնարքների միջոցով փոխանցել այն բոլորը մանրամասները, որը հեղինակը ներկայացնում է իր ընթերցողին։ Գիրքը միշտ ավելի խորքային է ու մանրամասն, քան ֆիլմը։Այս առումով ֆիլմերը միշտ թույլ են տալիս խնայել ժամանակ, քանի որ միջինում դրանք տևում են 1,5-3 ժամ, այնինչ մոտավորապես 220-250 էջանոց գիրք կարդալու համար կպահանջվի կրկնակի, եթե ոչ ավելի շատ ժամանակ։ Սակայն ընթերցելուց հետո ինչ-որ հարազատություն է ստեղծվում ընթերցողի ու գրքի միջև, որը չի լինում և չի կարող լինել ֆիլմերի դեպքում։
Ֆիլմերը մեկ մեծ առավելություն ունեն գրքերի նկատմամբ՝ երաժշտությունը։ Դեպքերի զարգացումներին համընթաց հնչող երաժշտությունը հաղորդում է լրացուցիչ հուզականություն տեսարաններին, և նույնիսկ այն հատվածներում, որոնք ընթերցելիս մեր մտքով անգամ չէր անցել հուզվել, ստիպում են արտասվել ու ավելին զգալ։ «Մեծն Գեթսբի»-ի սաունդթրեքերը կատարում են Ջեյ Զին, Լանա Դել Ռեյը, Բեյոնսեն և այլ հայտնի աստղեր՝ ֆիլմին տալով լրացուցիչ հմայք։ Հատկանշական է, որ ֆիլմի սաունդթրեքերն ավանդական ջազի և ժամանակակից հիփ–հոփի խառնուրդ են, որը շատ համարձակ քայլ է 1922 թվականի դեպքերը ներկայացնելու համար:
Ֆիլմում տեսնում ենք Նիք Քարավեյին, որը ինչպես և գրքում հանդես է գալիս որպես հեղինակ և պատմող։ Այն հատվածները, որոնք ֆիլմը դիտելիս լսում ենք տեքստը պատմողի ձայնով, նույնպես շատ ազդեցիկ են։ Երբ գրքերում բոլոր հերոսների ձայները մեր ենթագիտակցության մեջ հնչում են մեր իսկ ձայնով, ֆիլմում դրանք առանձնացված են,և այս առումով առավելությունը ֆիլմի կողմն է։
Թեև նշեցինք, որ սյուժետային առումով ֆիլմը մեծ մասամբ հավատարիմ է վեպին, սակայն ֆիլմում չենք տեսնում Գեթսբիի հորը, որն այն եզակիներից է, որ գալիս է Գեսթբիի թաղմանը։ Թաղմանը գալիս է նաև Բվեճը, որը Գեթսբիի տան խրախճանքների ժամանակ փակվում էր գրադարանում և ընթերցում։ Ամենայն հավանականությամբ ռեժիսորը չի ընդգրկել այս հատվածները ֆիլմում, քանի որ դրանք կգցեին իրադարձությունների տեմպը, որոնք շատ արագ և բուռն են զարգանում ֆիլմի վերջում, ինչպես նաև կհեռացնեին դիտողներին հիմնական սիրո պատմությունից։
Ֆիլմում Դեյզիի և Թոմի դստերը տեսնում ենք միայն վերջում, այնինչ վեպում նա երևում է ևս մեկ անգամ ու այն խոսակցությունը, որը տեղի է ունենում Դեյզիի և դստեր միջև հյուրասենյակում, շատ կարևոր է հասկանալու Դեյզիի արարքների տրամաբանությունը։
Քանի որ ֆիլմը հիմնականում համարվում է Գեթսբիի և Դեյզիի սիրո պատմությունը, ետին պլան է մղված Նիքի և Ջորդանի փոքրիկ սիրավեպը, որը հստակ առանձնացվում է վեպում։
Կա մի հանգամանք, որն առանձակի կարևորություն է ներկայացնում ավտովթարի ողբերգական օրը և որը հստակ առանձնացված է և՛ գրքում, և՛ ֆիլմում։ Շոգը։ Երբ այս հոդվածը գրելու համար վերընթերցում էի վեպը, առաջին անգամ նմանություն գտա Ալբեր Կամյուի «Օտարը» վեպի և «Մեծն Գեթսբի»-ի միջև շոգի՝ որպես առաջիկա աղետի կանխանշանի կամ հենց պատճառի։
Ավտովթարի ճակատագրական օրը՝ մինչ քաղաք գնալը, շոգի մասին նկարագրություններն ամենուր են. «-Շոգ է,- ծանոթ դեմքեր տեսնելով ասաց տոմսավաճառը։ -Այս ի՞նչ օր է։ Շոգ է… Շոգ… Շոգ…Չե՞ք շոգում… Իսկ դու՞ք», «Դեյզիի ձայնը պայքարում էր շոգի դեմ, բախվում նրան, աշխատում իմաստավորել նրա անհեթեթությունը»։
«Օտարը» վեպում հանդիպում ենք այսպիսի տեսարանի. «Ես շշմած էի շոգից ու զարմանքից», «Խառնելով բառերը և գիտակցելով, թե որքան ծիծաղելի եմ դառնում, ես արագ-արագ վրա տվեցի, որ դա(սպանությունը-հեղն.) եղել է արևի պատճառով»։ Հետաքրքիր է, որ շոգի մասին Դեյզիի ակնարկից է Թոմը գլխի ընկնում, որ Դեյզին ու Գեթսբին սիրում են իրար. «-Դուք երբեք չեք շոգում,- ասա Դեյզին։ Նա Գեթսբիին սիրո խոստովանություն արեց, և Թոմ Բյուքենենը հասկացավ դա»։
«Մեծն Գեթսբի» ֆիլմի ռեժիսոր Բազ Լուրմանը հետաքրքիր և ինչ-որ առումով լավատեսական վերջաբան է ընտրել ֆիլմի համար՝ միգուցե վարձատրելու համար Գեթսբիին իր անսահման հույսի՝ կանաչ լույսին հավատալու համար։ Երբ ֆիլմի վերջում Գեթսբին դուրս է գալիս լողավազանից և լսում է հեռախոսազանգը, նրան թվում է, թե դա Դեյզին է։ Սակայն իրականում զանգում էր Նիքը։ Վեպում այսպիսի հատված չկա:
Եթե ֆիլմն ամբողջությամբ ընկալվում է որպես սիրային դրամա, ապա Ֆիցջերալդի վեպը ներկայացնում է երկու զուգահեռ պատմություն՝ Գեթսբիի ողբերգական սերը և «ամերիկյան ողբերգությունը»։ Շատ հաճախ ֆիլմերը կարևորություն են տալիս և շեշտադրում են գրքերի զուգահեռ սյուժեներից միայն մեկը։ Բացի այդ, գրքերն ունեն ավելի շատ ուսուցողական նշանակություն, քան ֆիլմերը։ Դրանք հարստացնում են բառապաշարը, սովորեցնում են ավելի գեղեցիկ գրել և խոսել։
«Մեծն Գեթսբի» վեպը մեկն է այն հիանալի էկրանավորումներից, որոնց ֆիլմերն հաջողել են այնպես, ինչպես գրքերը։ Ահա ևս մի քանիսը.
Բերնհարդ Շլինկ, «Ընթերցողը»/ «Ընթերցողը» (2008)
Ջոն Բոյն, «Զոլավոր գիշերազգեստով տղան»/ «Զոլավոր գիշերազգեստով տղան»(2008)
Մարկուս Զուսակ, «Գրքերի գողը»/ «Գրքերի գողը» (2013)
Վլադիմիր Նաբոկով, «Լոլիտա»/ «Լոլիտա» (1997)
Թոմաս Քենիլլի, «Շինդլերի ցուցակը»/ «Շինդլերի ցուցակը»(1993)
Եթե այսքանից հետո, այնուամենայնիվ, չգիտեք նախապատվությունը տալ գրքերին, թե ֆիլմերին, ապա վարվեք ինչպես ես՝ կարդացեք գիրքը, իսկ հետո անպայման նայեք ֆիլմը։
Սկզբնաղբյուրը՝ Այստեղ: