Անշուշտ, բոլոր քաղաքական ճամբարներում էլ կգտնվեն խելացի մարդիկ, որոնք «Գուլագ արշիպելագ»-ի հրապարակումից հետո կցանկանան հայտարարել, որ Ալեքսանդր Սոլժենիցինը չափն անցել է եւ ամեն ինչ իրեն է վերագրում: Մյուսները, նույնիսկ ավելի խելացիները, իրենց ձեռքերը կշփեն` ունենալով քաղաքական եւ ֆինանսական շահ:
Խելացի մարդու` գլուխը թափահարելը եւ ձեռքերը շփելը տվյալ դեպքում էական չէ: Սոլժենիցինը գիտի, թե ինչ ռիսկի է դիմում: Նա դիմել է այդ ռիսկին, եւ նա կարող է օգտագործվել նաեւ ամենազզվելի զրպարտության եւ ոտնձգությունների համար (օրինակ, երբ «հարբեցողը պատահաբար» գիշերվա կեսին զանգահարում է իր բնակարանի դռանը, ինչի պատճառով նրան անընդհատ հետեւում են. ես դա անվանում եմ զզվելի ոտնձգություն):
«Գուլագ արշիպելագը» տարեգրություն է, որի մասին բարձրաձայնել է Սոլժենիցինը, նրա հրատարակման շարժառիթը պարզ է: Նա միջազգային ուշադրություն է ակնկալում, հնարավոր է` նաեւ պաշտպանություն «Գուլագ արշիպելագ »-ում հիշատակվածների համար, ովքեր եղել են վկաներ եւ դեռ ողջ են. այդ գիրքը «մեր ընդհանուր տուրքն է նրանց, որոնք ենթարկվել են խոշտանգումների եւ սպանվել»: «Գուլագ արշիպելագը» փաստագրական վկայությունն է այն իրադարձությունների, որոնք համաշխարհային հանրությանը հայտնի են դարձել բազմաթիվ հրապարակումներով: Տասնամյակներ տեւող ահաբեկչությունը Սոլժենիցինը «Գուլագ արշիպելագ»-ում նկարագրում է այսպես. «Ձեզ կձերբակալի E-Werk-ի աշխատակիցը, որը եկել էր ծանոթանալու Ձեր սպառած էլեկտրաէներգիային: Ձեզ կձերբակալի մի հեծանվորդ, որը պատահաբար կբախվի Ձեզ փողոցում, կձերբակալի տրամվայի վագոնավարը, տաքսու վարորդը, խնայբանկի աշխատակիցը կամ կինոթատրոնի մենեջերը»: Նույնիսկ Սոլժենիցինի ամենամոլի հակառակորդները պետք է նվազագույնը հիանան նրա խիզախությամբ կամ հարգանք ցուցաբերեն այն անսպառ վստահության համար, որով նա աշխատում եւ հրատարակվում է: Երկուսն էլ սպասելի չէին : Նման բան սպասելի չէ նույնիսկ հեռակա կարգով:
Խորհրդային գրողների միության պատմության ամենախայտառակ էջերից մեկն այն է, որ նա միշտ վտարում է իր անդամներին, երբ նրանք վտանգված են կամ հանրաճանաչ չեն` Ախմատովա, Զոշչենկո, Պաստեռնակ, Սոլժենիցին: Եվ, այնուամենայնիվ, Իվան Դենիսովիչն ասպարեզ էր եկել Խրուշչովի ակնհայտ հովանավորությամբ, մի գլխավոր խմբագրի մոտ, որի ընկերը Սոլժենիցինն էր եւ ում նա հարգանքի տուրք մատուցեց գերեզմանի մոտ. նա Ալեքսանդր Տվարդովսկին էր, ում մասին ոչ ոք չի կարող պնդել, որ եղել է իմպերիալիզմի ծառան: Նա հայտնվեց Սոլժենիցինի մոտ: Եվ եթե նկատի ունենանք Սոլժենիցինի վտարման պատճառը, դա նրա`արդեն հրատարակված «Քաղցկեղի բաժանմունք» վեպն էր: Եթե նկատի ունենանք նաեւ, որ մինչ օրս չի պարզվել եւ երբեք էլ չի պարզվի, թե իրականում ով եւ ինչ դրդապատճառներով է նրան վտարել, ապա դրա հետեւում կարելի է տեսնել ցանկացած գավառական տիպի նախանձ: Հեղինակների համար պետք է հասկանալի լինի, որ նման նենգ ճանապարհով օրենքից, յուրաքանչյուր հանրույթից դուրս մղված, չհանձնվող հեղինակի նկատմամբ, որը չի կարող մեկ միլիմետր հետ կանգնել, մի օր (չեմ ուզում կորցնել այդ հույսը) ատելությունը, մոլորությունը, զրպարտությունը, հալածանքն ու գարշելիությունը կփոխարինվեն խորաթափանցությամբ, այնպիսի խորաթափանցությամբ, ինչը նշանակում է, որ այդտեղ ոչ ոք չի տուժում եւ չի պայքարում իր համար, որ խոսքը «մեծամասնության» մասին է, շատ ավելիի, ինչն, ի վերջո, կարող է միայն օգուտ բերել Խորհրդային Միության հեղինակությանն ու դիրքին:
Ի վերջո, այդ ապաստալինացում կոչվող գործընթացը սկսվեց հենց Խորհրդային Միությունում, 1956 թվականին, եւ նրա «գրական ազդանշանը» Ալեքսանդր Տվարդովսկու «Նովի միր» հանդեսում տպագրված Ալեքսանդր Սոլժենիցինի «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքն էր, որը հաստատեց, հավանաբար նույնիսկ խրախուսեց Նիկիտա Խրուշչովը: Այն միանգամից ճանաչված դարձրեց հեղինակին: Բացվեց մի անցք, որը շուտով նորից փակվեց, քանի որ դրա հետեւում պատնեշված պատմական նյութը սպառնում էր ջրհեղեղ առաջացնել, եւ այդ նյութը հոսեց «Սամիզդատ»-ի հետնախորշով: Ցանկալի կլիներ, որ դռները բաց թողնեինք. ես դա չեմ ասում` ելնելով մեծամտությունից կամ ներողամտությունից, այլ որովհետեւ վստահ եմ, որ 1956 թվականին սկսված գործընթացն այլեւս հնարավոր չէ կասեցնել: Անիմաստ է ստալինյան ժամանակաշրջանի անվիճելի եւ անհերքելի սարսափների հետ առերեսված հասարակ, էժանագին, մանր-բուրժուական կատեգորիային պատժել` «կեղտոտելով քո բույնը»: Նրանք, ովքեր իրենց բույնը կեղտոտողներին մաքրում են ճշմարտությամբ, պետք է ստեղծեն միջազգային նախադեպ, եւ այդ խնդիրն, իհարկե, սոսկ խորհրդային երկրներին չէ բնորոշ:
Կար մտավախություն (եւ այդ մտավախությունը հնչեց միջազգային PEN կենտրոնի կողմից 1973թ. մայիսի 24-ին), որ Խորհրդային Միության միանալը Հեղինակային իրավունքի համընդհանուր կոնվենցիային խորհրդային հեղինակներին չի պարգեւի ո՛չ ազատագրում, ո՛չ ազատություն: Այդ մտավախությունն իրականություն դարձավ, եւ թվում է, թե առաջին օրինակն այժմ կերպավորել է Ալեքսանդր Սոլժենիցինը:
Հեղինակային իրավունքի արեւմտյան հասկացությամբ, ինչպես ամրագրված է Հեղինակային իրավունքի համընդհանուր կոնվենցիայում, գործակալի կամ հրատարակչի ընտրությունը վերապահվում է հեղինակին: Օրինակ, գերմանացի հեղինակը կարող է իր գերմանական ձեռագիրը հանձնել ճապոնացի գործակալին, որն իր իրավունքներն է ներկայացնում միջազգային հարթակներում: Բացի այդ, հեղինակային իրավունքի արեւմտյան հասկացությամբ`արտերկրում հրատարակվելը կախված չէ երկրի սահմաններում հրատարակվելուց: Օրինակ`ԱՄՆ-ում կամ Իսպանիայում են հրատարակվել հարավամերիկացի հեղինակների գրքեր, որոնք քաղաքական հայացքների պատճառով չեն կարողացել տպագրվել իրենց երկրներում:
Հեղինակային իրավունքի արեւմտյան հասկացությունը չի գործում սոցիալիստական երկրներում: Առանձին բացառություններ դիմացել են սպառնալիքներին, վիրավորանքներին, հարցաքննություններին եւ որոշ հեղինակների գիշատիչ պահվածքին (ինչը բացահայտ կիրառվում էր ԽՍՀՄ-ում): Այժմ, երբ վերջերս ստեղծված խորհրդային հեղինակների իրավունքների գործակալության ղեկավար Բորիս Պանկինն ասում է, որ ցանկանում է «գործողություններ ձեռնարկել»` ընդդեմ Սոլժենիցինի ստեղծագործություններն արտասահմանում տպագրելու, դա տարօրինակ է հնչում. ինչ վերաբերում է օտարերկրյա հրատարակիչներին, ապա դա դատարկ սպառնալիք է եւ կարող է առաջ քաշել միայն անվերջ ու անիմաստ հարցեր`ո՞ր դատարանի առջեւ: Սպառնալիքը կարող է լուրջ լինել, եթե խորհրդային հեղինակները, որոնք հայտնի եւ պահանջված են արտերկրում, եւ ովքեր զրպարտիչներ չեն, դառնան փոխանակման հետաքրքիր օբյեկտներ:
Եթե խորհրդային պետական գործակալության ղեկավար Բորիս Պանկինն այդ գործը հռչակի խորհրդային գործ, ապա միակ տարբերակը մնում է միջազգային միջամտությունը: Հիմա մեզ անընդհատ մեղադրում են այս միջամտության համար: Այստեղ ես ուզում եմ հավաստիացնել, որ խորհրդային պատվիրակները միջազգային հանդիպումների ժամանակ մշտապես միջամտում են մեր գործերին, եւ դա ճիշտ է, ու դա պետք է դառնա միջազգային ավանդույթ: Այն, ինչը մենք`հատկապես գերմանացի հեղինակներս, լսում ենք, օրինակ, երկրի տեղեկատուի մասին, առաջացնում է խառնաշփոթ, եւ ես կցանկանայի դա ընդգծել. ամենեւին էլ անցանկալի չէ, որ ես, որպես գրական միջավայրի մարդ, անտեսում եմ հրապարակային քաղաքականության ավերիչ ֆենոմենը:
Այնպես որ, ամեն ինչ կկրկնվի նույնությամբ` զրպարտություն, վիրավորանք, ոտնձգություն, նյարդերի պատերազմ Սոլժենիցինի դեմ: Պահանջված հոդվածները լույս կտեսնեն համապատասխան թերթերում եւ ամսագրերում: Եվս մեկ անգամ սառը պատերազմ կհայտարարեն: Գործընկերները կհեռանան Սոլժենիցինից եւ կմիանան նրա դեմ ծավալված զրպարտիչ արշավին:
Ես հարցնում եմ ինքս ինձ եւ Խորհրդային գրողների միության քարտուղարներին եւ անդամներին.սա շարունակվելու է հավե՞րժ, ընդմի՞շտ: Նրանք չե՞ն զիջի, քանի դեռ Սոլժենիցինն ու նրա ընտանիքը չեն հակադրվել կամ դուրս շպրտվել: Մի հեղինակ, որն իր երկրի ներսում օրենքից դուրս է, անպաշտպա՞ն է բոլորովին: Սոլժենիցինի համար, որը Խորհրդային Միությունում հրապարակված գործեր չունի, մնում է միայն համաշխարհային հասարակական կարծիքը, եւ նա նրա հետ հաղորդակցվում է «Գուլագ արշիպելագ»-ով:
Կա ելք, եւ ես այստեղ կնշեմ այն, թեեւ դա կարող է դիտվել խելագարություն. Սոլժենիցինի գործը պետք է հրապարակել Խորհրդային Միությունում:
Նախապես իմանալով, թե որոնք են լինելու պաշտոնական քննադատությունները, խորհրդային ընթերցողները դեռ հնարավորություն կունենան իրենց եւ ընտանիքի անդամների փորձով ստուգելու, թե ինչպես է Սոլժենիցինը լեզվով արտապատկերում խորհրդային պատմության այս սարսափելի շրջանը: Ինչպես Սոլժենիցինն է ասում «Գուլագ արշիպելագ»-ում, պատժիչ ճամբարների այս կղզիացած աշխարհը տարածված էր ամբողջ երկրով մեկ, այն քաղաքներից դուրս ստեղծեց անկլավներ, որոնք, որպես սպառնալիք, ցցված էին փողոցներում, հետեւաբարեւ` ներկա էին: Դուք կարող եք դա անվանել նաեւ անցյալից վախի մշտական առկայություն:
Ես շատ լավ գիտեմ, թե որքան խելահեղ է թվում Սոլժենիցինին Խորհրդային Միությունում հրատարակելու առաջարկը, բայց խենթությունից երբեմն միակ իրատեսական ելքը դա է: Խորհրդային Միության պես ընդարձակ երկիրը, որն, ըստ ամենայնի, շահագրգռված է միջազգային լարվածության թուլացման հարցում, երկարաժամկետ հեռանկարում չի կարող հաղթահարել անցյալի եւ դեռեւս չմոռացված վախերի այդ ներքին լարվածությունը, որը Սոլժենիցինը փորձում է արտահայտել իր ստեղծագործություններում:
Այստեղ, հավանաբար, ես պետք է մի քանի նախադասություն գրեմ կեղծ ծափահարությունների մասին: Ես ամբողջովին տարածություն եմ պահպանում «Springer » մամուլի զրպարտություններից: Պարոն Լեւենթալը` ZDF-ից, ծանոթ է կաթոլիկ միջավայրի մամուլի որոշ մասին եւ գիտի, որ նրանց գովասանքն ինձ համար ավելի նողկալի է, քան` պարսավանքը: Բավական է: Նույնիսկ հակառակ կողմից հնչող քննադատությունն ինձ չի մտահոգում:
Ես կրկնում եմ եւս մեկ անգամ.ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անում, եւ ինձ ոչ մի կողմից չեն ճնշում եւ հրահրում: Եթե ես «մոլորության մեջ» եմ, ուրեմն ես մենակ եմ:
Ես մնում եմ նույն կարծիքին. Ալեքսանդր Սոլժենիցինը պետք է գնար այնքան հեռու, որքան պետք է գնա հեղինակը: Արդյո՞ք նա պետք է ավելի հեռու գնա` դա բացառապես իր որոշումն է: Թե որքան հեռու են ուզում գնալ նրա ընդդիմախոսները` գրողների միությունում, համապատասխան թերթերի եւ ամսագրերի խմբագրություններում, մշակութային մարմիններում, դա անձնական եւ բարոյական որոշման խնդիր չէ, այլ զուտ իշխանության չարաշահման հարց: Խաղն ինքնին վաղուց կորցրել է իր հակառակորդներին: Նրանք դա պետք է տեսնեն եւ գնան միակ հնարավոր ճանապարհով` խելահեղ ճանապարհով:
Մենք չպետք է չափազանց ինքնամփոփ լինենք`հպարտությունից փքվելու համար: Թեեւ երկար ժամանակ է անցել, բայց ոչ` մի ողջ հավերժություն, ինչ Փարիզում Գերմանիայի դեսպանատունը բողոքում էր Ժան Կեյրոլի «Գիշեր եւ մառախուղ» ֆիլմի դեմ, որի պրեմիերան պետք է կայանար Կաննում, սակայն գերմանացի դիվանագետներից երբեմն կարելի էր լսել այն դարավոր փաստարկը, որ այն, ինչ գերմանացի հեղինակն արտադրում է արտերկրում, դրանով աղտոտում է սեփական բույնը: Հարկ է նաեւ նշել, որ Ամալրիկի դե ֆակտո, եթե ոչ դե յուրե ազատ արձակումը գրեթե չի արժանացել նրա ձերբակալության մասին վերնագրի հրապարակմանը:
(1974)
Ալեքսանդր Տվարդովսկի- ռուս խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ, ՍՄԿԿ անդամ` 1940 թվականից:
Բորիս Պանկին-լրագրող, հրապարակախոս, գրաքննադատ, նախկին խորհրդային դիվանագետ, որը 1991թ. կարճ ժամանակով եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:
Ժան Կեյրոլ- ֆրանսիացի բանաստեղծ, հրատարակիչ, Գոնկուրյան ակադեմիայի անդամ, ծնվել է Բորդոյում: Նա առավել հայտնի է Ալեն Ռենեի`1955թ. նկարահանած «Գիշեր եւ մառախուղ » վավերագրական ֆիլմի սցենարը գրելով:
ZDF- գերմանական հանրային հեռուստատեսության հեռարձակող է, որը տեղակայված է Մայնցում, Ռայնլանդ-Պֆալցում: Այն գործում է որպես անկախ, շահույթ չհետապնդող հաստատություն, որը հիմնադրվել է Գերմանիայի բոլոր դաշնային նահանգների կողմից: ZDF-ը ֆինանսավորվում է հեռուստատեսության լիցենզիայի վճարներից եւ գովազդից ստացված եկամուտներից:
Անդրեյ Ամալրիկ- խորհրդային ծագումով պատմաբան, դրամատուրգ եւ քաղաքական այլախոհ, որը երկու անգամ աքսորվել է Սիբիր եւ բանտարկվել աշխատանքային ճամբարում` մինչեւ 1976թ. ելքի վիզա ստանալը: Իշխանություններին հատկապես զայրացրել էր նրա «Արդյո՞ք Խորհրդային Միությունը գոյատեւելու է մինչեւ 1984 թվականը » էսսեն: Ամալրիկը մինչեւ կյանքի վերջը պայքարել է մարդու իրավունքների համար:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի