Դավիթ Սամվելյան | Գյադաների ժամանակը. հանդիպում ժամանակի մեջ, բայց տարածությունից դուրս  

 

Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը:[1]

«Անանձրև հուլիս»

Այս տողերը լավագույնս են բնորոշում, ավելի ճիշտ` լավագույն ինքնաբնորոշումն են` տրված ՀՀ պետական, հասարակական գործիչ և գրող Վանո Սիրադեղյանի կողմից սեփական անձին և միաժամանակ ստեղծագործական ոճին:

Վանո Սիրադեղյանի մասին տեսակետները մշտապես ծայրահեղ տարբեր են եղել և շարունակում են մնալ. առհասարակ դժվար է բնորոշել մեկին, ով իր մեջ կրում է խառնուրդն ու միաձուլումը ժամանակաշրջանի խնդիրների, մթնոլորտի, հրամայականի և սեփական հաստատուն, կայացած ու ինքնաբավ Ես-ի, համոզմունքների։ Նրա անցումը գրողական կյանքից հասարակական և պետական գործերի զուգահեռվել է նաև ստեղծագործական կյանքում անցումով գեղարվեստականից հրապարակախոսականի, նրա «կծու ֆիզիկական ներկայությունը» փոխարինվել է ոչ ֆիզիկական կծուլեզու ներկայությամբ` հրապարակախոսությամբ։ Եվ ո՞րն է գրականի և հրապարակախոսականի տարբերությունը գրողի համար. թերևս այն, որ ազատությունն ունի իրերն ու մարդկանց իրենց անուններով կոչելու, հաճախ գրականությանը «հարիր» պաճույճից մերկացած դիպուկությամբ անդրադառնալու  ժամանակի խնդիրներին և մարդկանց, ովքեր չեն արժանացել գրական հերոս դառնալու պատվին, ովքեր հակահերոսներ ու պատուհաս են դարձել սեփական ժողովրդի և պետության գլխին։

Գրող Վանո Սիրադեղյանը կյանքի և հանգամանքների բերումով սահուն անցում կատարեց գրականությունից դեպի այլ կյանք, որը շատ դեպքերում դառնում է գրականություն, որը գրական ստեղծագործությունների համար հումք է ծառայում։ Շարժման տարիներին և հետագայում քաղաքական ասպարեզում, սակայն, պարզորոշ զգացվում էր` որքան էլ Սիրադեղյանը իրեն չի դիրքավորում որպես գրող, միևնույն է, նրա խոսքում` ելույթներ, հարցազրույցներ, հոդվածներ, ակնհայտ է գրողին բնորոշ խոսքի դիպուկությունը, պատկերավորումը և խորությունը։

Սիրադեղյանը ստեղծագործելը համարում էր ծանր աշխատանք և դեմ էր անգամ կեղծ, ստով պարուրված գրականությանը, իսկ իր` գրականությունից հեռանալու և հավանական վերադարձի մասին նա ժամանակին այսպես է արտահայտվել.

«Չունեմ այդպիսի ցանկություն, այն հաղթահարելու միտք էլ չունեմ։ Պատկերացնելն, իհարկե, դժվար է։ Դա այն չէ, թե բացարձակապես ժամանակ չկա (ժամանակ կարելի է գտնել. կես ժամ, մի ժամ), հարցն այն է, որ ես ուրիշ մարդ եմ դարձել այդ իմաստով։ Չկա էդ պրիզման, որի մասին խոսում էի, որ օրվա մի մասը, մի պատկերը անցնիգնա գրականության համար, տեղավորվի գրականության շրջանակի մեջ, միտքն աշխատում է ոչ գեղագիտական կատեգորիաներով։ Էսքան հարց կա, աշխատանք, պրոբլեմ, ինչոր բան պիտի անեմ, ինչոր մարդկանց պիտի հանդիպեմ, այնուամենայնիվ, մտքի ռեժիմն է փոխվել››[2]:

Այնուամենայնիվ, գրելու բացը Վանոն լրացրեց հրապարակախոսությամբ, նրա ներսում «արթնացավ» լրագրողը, որն անողոք էր նրա քննադատական խոսքում և գնահատականներում։ 90-ականների սկզբում նա կարծում էր, որ կա լավ լրագրություն և լավ լրագրողները «խոստանում են» լավ գրականություն, իսկ ինքը, չվախենաք ասել, լավ գրականությունից անցում կատարեց, ավելի ճիշտ` վերադարձավ լրագրության, որում վտարանդի դառնալուց հետո հանդես եկավ Ավետիս Հարությունյան կեղծանվամբ։ Բնական էր, բազմաբնույթ մեղադրանքների արժանացած մեկը, որի անվան շուրջ քննարկումները և լեգենդահյուսումները մինչև օրս չեն ավարտվել, չէր կարող իրեն թույլ տալ սեփական անվամբ հանդես գալու «ճոխություն»:

Հայաստանը լքելուց հետո նա իր տաղանդավոր գրիչն ու վերլուծական հմտությունները ծառայեցրեց որպես Հայաստանի` լավատեսություն չներշնող  հեռանկարի դեմ պայքարի միջոցներ` հաճախ գուժելով ժողովրդին ու ողջ քաղաքական համակարգին, պետությանը սպասվող աղետների մասին։

Գրում էր այլ անվան տակ, բայց գիրը նույնն էր, տարբերվող էր։

Ընթերցողները գիտեին, բայց հաստատումը չունեին…

Գիտեին, բայց դեմն առնել չէին կարող ուրվականի պես թափառող խոսքի…

Արդյունքում Ավետիս Հարությունյանը դարձավ քսանմեկերորդ դարասկզբի ոչ միայն լավագույն հրապարակախոսներից, այլև քաղաքագետներից ու վերլուծաբաններից մեկը: 2011 թվականին լույս տեսած երկանուն ժողովածուում, որի մի մասը վերնագրված է «Գյադաների ժամանակը» ( մյուս մասը` Վանո Սիրադեղյան, «Երկիր։ Ցպահանջ…) ամփոփված են նրա այն գործերը, որոնք  հրապարակվել են «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Գրքի համար որպես վերնագիր է ընտրվել համանուն եռամաս հոդվածը` գրված 2001 թվականի դեկտեմբերի 18-ին։

Ո՞վ են գյադաները, ինչ հատկանիշներով է «օժտված» գյադան, և որն էր նրանց ժամանակը։

Բառարանային ստուգաբանությամբ բարբառային այս բառի առաջնային իմաստը ծառան է, որին հետևում են ստոր և անարգ բնորոշումները։ Վստահաբար լավագույնս է ընտրված վերնագիրը և գրքի և հոդվածի համար, որում քննության առնվող երևույթները վեհանձն կամ ուժեղ (բառիս լայն, ոչ անձնական իմաստով) մարդկանց իրագործումներ չեն։

Հրապարակախոսությունն իրենից ենթադրում է հավանական հալածանք, իսկ հալածյալի կողմից տրվող գնահատականները շատ հաճախ դիտարկվում են նախևառաջ սուբյեկտիվ, սեփական անձի հանդեպ վերաբերմունքից ձևավորված կարծիք ու մոտեցում։ Սակայն ոչ միշտ է այդպես, այդ, ասես, տրամաբանական շղթան կոտրելու են գալիս այն հրապարակախոսները, որոնք կամ այլևս կորցնելու բան չունեն, կամ էլ չեն տառապում այսօրեական շահով, վեր են կանգնած իրենց ժամանակից և տեսնում են ժամանակի պատճառ-հետևանք կապի չընդհատվող ուղեգիծը։

Շատերը գրողի կամ հրապարակախոսի եզրահանգումային խոսքերը բնորոշում են որպես մարգարեական կանխատեսում, սակայն այդ բնորոշմամբ անտեսվում է «մարգարեացողի»` երևույթներն ու իրերը խորությամբ տեսնելու կարողությունն ու այն ցավալի փաստը, որ ժամանակի ընթացքում տրված գնահատականները շարունակում են լինել այժմեական, ինչով ևս մեկ անգամ հաստատվում է հրապարակախոսի կողմից մատնանշվող սխալների, բացթողումների և արատների փոփոխությանը կամ վերացմանը անկարող լինելը։

Վանոն, ինչպես կասեն Վանո Սիրադեղյանին իրենց մոտ համարողները,  զգուշացնում էր կործանարար հետեւանքների մասին` կարողանալով ճիշտ գնահատել ներկան, Վանոյի ասած «գյադաների ժամանակը» անվերջ կարող է լինել, քանի դեռ հասարակությունը վերից վար չի մաքրվել արատներից, որոնց արմատները թե անհատի, թե ընդհանրական գիտակցության և թե ժողովրդին և պետությունը ղեկավարողների անսթափ, անիրատեսական, եսակենտրոն և նմանատիպ այլ արատների մեջ են թաղված։ Թաղված են ուրացման մեջ, ինքնության չճանաչման կամ սխալ ճանաչման, պատրանքային գիտակցության և թուլության ճահճում։

Ովքե՞ր են գյադաները: Այս հարցին միանգամից հենց հոդվածի սկզբում պատասխանում է Սիրադեղյանը և հավելում, որ հարկ չէր լինի այդ հոդվածը գրել եթե գյադայի տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը»-պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը...։ Այն է` գյադայությունը թափանցել և արմատավորվել է հասարակության այն մակարդակներում, որոնք, ըստ էության, պետք է հեռու լինեին դրանից` ծառայամտությունից, ստորությունից և վատ իմաստով տղայական բարքերից` դառնալով հասարակության կամ ազգի (ինչպես կբնորոշեր Նժդեհը) տականքը։ Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, ոլորտային մենաշնորհումները միջոցներ ու գործիքներ են, որոնք «լեգիտիմացնում» են մարդկային ծառա կամ «գյադա» տեսակի գոյությունը։

Երբ մեկը, որը ժամանակին գրպանահատ էր կամ քրեական մտածողությամբ ու բարքերով հեղինակություն, դառնում է հայտնի գործարար ու բարերար, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր,        հասարակությունը զրկվում է արժեհամարգից, քանի որ նրան պարտադրվում են նոր «հերոսներ», որոնք «անմահացել» են որպես ճիշտ ապրելաձևի ուղենիշներ։ Այդպես է, ըստ Սիրադեղյանի և ոչ միայն, հաստատվում գյադաների իշխանությունը, որոնք, նրա բնորոշմամբ, շակալի պես հնազանդվելով օտարին, հրեշի պես հոշոտում են սեփական ժողովրդին:

Իսկ ո՞ւմ է դնում Սիրադեղյանը գյադայապետության աստիճանավոր բուրգի հիմքում, առաջին աստիճանին. որպես իրավամբ մտավորական` նա իր քննադատական հոդվածը սկսում է հենց մտավորականներից` ցույց տալով մտավորական լինելու և մտավորական համարվելու տարբերությունը, կեղծ ու տարաբնույթ շահերի սպասարկմանը ծառայողի և իրական ինտելիգենտի տարբերությունը։ Ըստ Սիրադեղյանի, չի լինում ինտելիգենտությունը՝ առանձին, մուռ քշելը՝ առանձին, ճաշակը՝ առանձին, ազգասիրությունը՝ առանձին, առաքինությունը՝ առանձին, արհեստը՝ առանձին: Ինտելիգենտ մարդը շատ հաճախ վեր է ազգությունից, օժտված է համամարդկային որակներով։

Հոդվածի առաջին մասում հեղինակը անդրադառնում է նաև պատերազմի դաշտից շատ հեռու ու տաք մի տեղ զենք վերցնելու մասին խոսողներին, որոնք հանդես են գալիս կոչերով, փորձում են արժեզրկել անցյալը՝ ժողովրդին վախեցնելով նախկինների վերադարձով, այն է՝ նրանցից սարքելով հրեշ ու ներկա սխալների կամ անհաջողությունների քավության նոխազ: Բայցև չի իդեալականացնում հեղինակը անցյալը, ավելին, ավելի հետ է գնում՝ գտնելու ստեղծված վիճակի պատճառները, և ասում, որ չի կարելի կաշառք վերցրածին հիմարաբար «չեկիստ» ասել՝ իբր բացասական իմաստով, որովհետեւ սովետական միլիցիոներին չեկիստ ասելը նույն պարգեւն է, ինչ կայարանի համբալին 1 դոլարի փոխարեն 100 դոլար տալը: 

Եվ տրամաբանական է համարում ստեղծված ներկան՝ հավելելով, որ չի կարելի կշտամբել, որովհետեւ, եթե նրա նմանը օրենսդիր է դարձել, նշանակում է դրանից առաջ երկրում այնպիսի մի ազգային աղետ է տեղի ունեցել, որ հիմա օրենքից խոսելը նույնն է, թե քաղաքը ավերած երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:

Հոդվածի առաջին մասի վերջում Սիրադեղյանը ավելի շոշափելի, օրինակի վրա է բացատրում այն, ինչի մասին խոսում էր և խոսքի ասպարեզ է բերում Կարեն Դեմիրճյանին՝ նրա հետ կատարվածի օրինակով ցույց տալով, որ անգամ նրանք, ովքեր ‹‹աստվածացնում էին նրան, ովքեր նրա հացն էին կերել՝ անգամ ակադեմիկոսներ, այն է՝ մտավորականներ›› լուռ են, երբ զրպարտության պետական մեքենայի թափից ոգևորված շատերը փնովում էին մեկին, ով իր դիրքով, իր վաստակով, իր երևելի տեսքով՝ վերջին հաշվով ըստ հեղինակի շատ ավելին էր, քան իր ժամանակի որևէ պաշտոնյա, և շեշտում է, թե որքան էլ պետական քաղաքականության արդյունք է հիշատակի տրորումը, այնքան էլ մտավորականի, անգամ սովորական քաղաքացու լռության կամ համաձայնության հետևանք:

Իր հոդվածի երկրորդ մասում Սիրադեղյանը հենց սկզբից դատապարտում է օրվա իշխանությունների և նրանց կամակատարների պահվածքը՝ ասելով, որ երբ գա երկիրը դարձյալ պաշտպանելու ժամանակը, երբ վրա հասավ իշխողների փախեփախը, այդ ժամանակ հո լավ է երեւալու՝ ո´ր մկան ծակն են մտնում բեղավոր ու անբեղ «միկրոֆոնի ֆիդայիները»:

Ակնհայտ է հոդվածագրի անհամաձայնությունը և մեղադրանքը իր ժամանակի իշխանությանը բռնած դիրքի, վարած քաղաքականության և վարք ու բարքի հարցում, ավելին նրանց կողմից կրկնվող «նախկին հանցավոր ռեժիմ, նախկին հանցավոր ռեժիմ» խոսույթին հակադրում է այն պնդումը, որ որ պետության ու բանակի հիմնադիր գործիչները որտեղ էլ լինեն, ինչ կուսակցության ու կառույցի մեջ էլ լինեն, եթե ոչ առաջնային, գոնե ուրիշներին հավասար իրավունք ու հնարավորություն ունեն հավակնելու՝ Հայաստանը թուրքերից մաքրելու դերին, որպեսզի հույսը չդրվի բաշիբոզուկների կամ Հայաստանը միայն ծիրանի սեզոնին հիշող մեր սիրասուն ախպար եղբայրների վրա կամ թե ի ողջ ժողովուրդ չի կարող հույսը կապել ԱԺ-ի դավաճանների հետ, ովքեր մի մարդու նման համաներում շնորհեցին «27»-ի մարդասպաններին ու կազմակերպիչներին: 

Նա իր խոսքում հպանցիկ անդրադառնում է նաև Վազգեն Սարգսյանի սխալին. նրա կարծիքով Սարգսյանը բանակը հանձնել էր դավաճաններին: Ապա կրկին անդրադարձ է կատարում Դեմիրճյանին՝ համոզված լինելով, որ վերջինս ներքաշվել էր ինտրիգի մեջ, երեխայի պես խաբվել էր ու մինչև վերջին պահը հավատացած էր, որ հարցերը չեն լուծվում այնպես, ինչպես լուծվեցին ԱԺ-ում 1988 թ. հոկտեմբերի 27-ին, խաբվել էր ու չէր սպասում, քանի որ  նա ուրիշ էպոխայի մարդ էր և կարծում էր, թե թշնամիներ չունի: Հեղինակը եզրակացնում է, թե ինչպե՞ս կարող է թշնամի չունենալ կես միլիոն ձայն ունեցող մարդը:

Հոդված երրորդ մասում իր գագաթնակետին է հասնում հեղինակի անհանգստությունը և հետևող մեղադրանքը հոկտեմբերի 27-ի մեղսակիցների համար համաներում կայացրծների հանդեպ, ապա սկսում է այդ օրվա դեպքերի սեփական հետաքննությունը և եզրակացնում, որ նման արարք գործողները չէին կարող չունենալ երաշխիքներ, ծրագիրը չէր կարող լինել չպլանավորված ու չհամաձայնեցված, համակիրներ չունենար թե ներսում, թե դրսում: Նրա համոզմամբ ոստիկանների համաներմամբ միտումնավոր դժվարացվեց հանցագործության բացահայտումը: Ապա անդրադառնում է Նաիրի Հունանյանի և մնացածի դատավարությանը և վստահ է, որ դա էլ է սցենարի մի մաս, քանի որ Նաիրի Հունանյանին կարգելով առաջին հարցաքննվող՝ դատարանը հնարավորություն տվեց նրան մանրամասնորեն կողմնորոշել մյուսներին, որպեսզի հանցագործության բոլոր դրվագներով ցուցմունքներ տան՝ հիմք ընդունելով ի´ր ցուցմունքները, իսկ այդ ամենին կնպաստի բոլոր օղակների լռությունը՝ դրդված վախից կամ շահից:

Վանո Սիրադեղյանը հոդվածն ավարտում է ‹‹Առագաստ›› սրճարանում Տիգրան Հայրապետյանի սպանության վերլուծությամբ՝ նկատելով սովորական մարդկային անկեղծ ու նայիվ հոգու պոռթկման և տեղի ունեցածի անսպասելիությունը: Նա կարծում է, որ օրվա նախագահին պետք չէր Հայրապետյանի մահը, նա չէր ցանկանում մեկով ևս ավելացնել իր անձի և թիմին առաջադրվող մեղադրանքները, սակայն հավելում է, որ հասարակությունը ինչ էլ մտածի իր ներսում, մի բան ակնհայտ է, որ ընդունել է նրանց «հեղինակությունը»: Որպես իշխանություն ընդունում է թե ոչէական չէ, որպես հանցավոր կազմակերպություն՝ դրա կանոնները ընդունում է Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ հոդվածագիրը գյադայական ծառայամտություն է տեսնում նաև հասարակական կյանքում, ինչը արդյունք է հանցագործ բարքերի, և զգուշացնում է նրանցից, ովքեր ներսում չեն կրում այն, ինչ մասին խոսում են կամ ցուցադրում՝ Աստված էլ բեթարից ազատի, երբ մուղամից միանգամից անցնում են ջազին:

Ընդհանրացնելով վերլուծությունը՝ նկատենք, որ Վանո Սիրադեղյանը հոգու ցավով եզրակացնում է, որ հիմա գյադաների ժամանակն է, և կարծում, որ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Անդրադառնում է դրա պատճառին,այն է՝ իրական հերոսները բանտում են կամ հողի տակ, ու եզրակացնում է. ‹‹երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա՜ նգան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան››

Ցավոք, Սիրադեղյանի հույսը կամ ‹‹մարգարեությունը››, թե գյադայության ժամանակը կտևի մի կարճ ժամանակ, չիրականացավ, քանզի բոլոր ժամանակներում էլ հասարակության տարբեր մակարդակներում  և ամենուր կգտնվեն գյադաներ կամ  ծառաներ, որոնք սեփական շահը միշտ վեր կդասեն ամեն ինչից, ընդհուպ՝ անկախությունից…

[1] Շեղագիր հատվածները կամ արտահայտությունները մեջբերված են հեղինակի խոսքից:

[2] Ամբողջական հոդվածը՝ https://www.aravot.am/2021/10/16/1222809/

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *