«Անտարես» հրատարակչությունը նախաձեռնել է միջոցառումների նոր շարք` միտված Հայաստանի մարզերում ընթերցողների հետ հանդիպումների աշխուժացմանը, նոր գրքերի ներկայացմանը և մարզերի գրողներին աջակցմանը:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրիում: Հունիսի 5-ին Գյումրու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Անտարեսի»՝ վերջին 6 ամսում հրատարակած գրքերի ցուցահանդես-վաճառք: Ինչպես նշեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը՝ «Սկսում ենք Գյումրիից, քանզի Գյումրին ավանդաբար եղել է ընթերցասեր քաղաք, մեր գրականությանը տվել է տաղանդավոր անհատներ և այսօր էլ լավ գրողների պակաս չունի»: «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ այս կարգի միջոցառումների հիմնական նպատակն այն է, որ գրքի ու գրականության հետ կապված ցանկացած նորություն չսահմանափակվի մայրաքաղաքով, նաև հասնի ու մասնակից դարձնի մարզերի ընթերցողներին ու գրողներին:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ նաև գյումրեցի տաղանդավոր բանաստեղծ Գևորգ Թումանյանի «Աստվածային ժամանցներից զատ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: «Ժողովածուն թեպետ ծավալով փոքր է, բայց ասելիքով շատ է խիտ,- ասաց գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը,- և շատ կարևոր է, որ այն Գևորգի հերթական գիրքը չէ, այլ նրա պոետական հասունության, ստեղծագործական առաջընթացի առարկայական վկայությունը»: «Մեզ համար մեծ պատիվ է համագործակցությունը այնպիսի տաղանդավոր բանաստեղծի հետ, ինչպիսին Գևորգ Թումանյանն է»,- շեշտեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: