Հայնրիխ Բյոլ | Գյուղի կմախքը


Հանկարծ, երբ հասանք լեռան գագաթին, տեսանք լքված գյուղի կմախքը, որը փռված էր մոտակա լանջին: Մեզ ոչ ոք այդ մասին չէր ասել, ոչ ոք չէր զգուշացրել. Իռլանդիայում այնքա~ն լքված գյուղեր կան: Մեզ ցույց տվեցին եկեղեցին, դեպի լողափ տանող ամենակարճ ճանապարհը եւ այն երկիրը, որտեղ կա թեյ, հաց, կարագ եւ սիգարետ, ինչպես նաեւ` լրատվական գործակալությունը, փոստային բաժանմունքը եւ փոքրիկ նավահանգիստը, որտեղ եռաժանի շնաձկները պառկած են ցեխի մեջ` ցածրադիր վայրում: Մակընթացության պատճառով նավախելները դեպի վեր շրջվեցին: Թերեւս, արժե հիշատակել ոչ թե ամայի գյուղի մասին, այլ այն մասին, որ մակընթացության վերջին ալիքը պատահականորեն չքշեց նրանց սպիտակ որովայնը, որից կտրվել էր լյարդը: Միատեսակ մոխրագույն քարե աղյուսները մենք սկզբում տեսանք առանց հեռահար խորության, դրանք ասես սիրողական նկարահանումներ լինեին ուրվականների մասին կուլիսներում պատրաստված ֆիլմի համար: Հետո կանգ առանք եւ մեկ շնչով փորձեցինք հաշվել դրանք. քառասունն ազատ թողեցինք, իսկ հարյուրը մնացին ապահով վիճակում: Հաջորդ ոլորանը մեքենայով մեզ տարավ դեպի այլ տարածություն, եւ հիմա մենք ամեն ինչին ականատես եղանք կողքից. խեցե շինություններ, որոնք կարծես սպասում էին ատաղձագործի, մոխրագույն քարե պատեր, մուգ խոռոչով պատուհաններ, ոչ մի փայտ, ոչ մի ջարդոն, անգույն գործվածք, ինչպես մարմինն առանց մազերի, առանց աչքերի, առանց միս ու արյան: Դա մի գյուղի կմախք էր` դաժանորեն պարզ իր կառուցվածքով: Այնտեղ` գլխավոր փողոցում, ոլորանի մոտ, որտեղ փոքրիկ, կլոր հրապարակն է գտնվում, պետք է, որ մի գարեջրատուն լիներ: Դեռեւս պետք է լիներ մեկ հարակից փողոց: Անձրեւը, արեւը, քամին կրծում էին այն ամենն, ինչը քարից չէր, իսկ ժամանակը համբերատար կաթում էր ամեն ինչի վրա. օրական քսանչորս կաթիլ ժամանակ եւ թթու, որը խժռում է ամեն ինչ նույնքան աննկատ, որքան հոռետեսությունը:
Ինչ-որ մեկը կփորձե?ր նկարել այդ գյուղական բնակավայրի կմախքը, որտեղ հարյուր տարի առաջ կարող էր ապրել հինգ հարյուր մարդ: Կանաչամոխրագույն սարի լանջին աչքի էին ընկնում մոխրագույն եռանկյուններն ու քառակուսիները, այդ ամենին նա կավելացներ կարմիր վերնազգեստով աղջկան, որն այդ պահին քայլում է գլխավոր փողոցով` տորֆով լի կոնտեյերով: Աչքի ընկնող էին կարմիր գույնի վերնազգեստը եւ մուգ շագանակագույն տորֆը, աղջկա լուսավոր դեմքը, սրան կարող ենք ավելացնել սպիտակ ոչխարներին, որոնք ոջիլների պես կուչ են գալիս ավերակների մեջ: Նրան կարելի է համարել ծայրահեղ խենթ նկարիչ. ահա թե ինչպիսին է աբստրակտ իրականությունը:
Այն ամենը, ինչը բացակայում էր, խժռել էին քամին, անձրեւը, ժամանակը, եւ գյուղը նմանվում էր անատոմիայի դասին պատկերվող մռայլ լանջին փռված աշխատավոր մարդու ողնաշարի կմախքի: Ոչ մի ոսկոր չկար, պահպանվել են միայն ձեռքերը, ոտքերը. հարեւան փողոցները երեւում են մի քիչ շրջված, ավելի շատ աչքի են ընկնում եկեղեցին եւ մի քիչ մեծ, մոխրագույն եռանկյունին: Ձախ ոտքն այն ճանապարհին էր, որը լանջով տանում էր դեպի արեւելք, մյուսը` աջը, տանում էր դեպի ձորը, որը մի քիչ նեղացել էր: Երեւում էր մի թեթեւ կաղացող արարածի կմախքը: Եթե երեք հարյուր տարի հետո հայտնաբերեին կմախքը, ապա այդ մարդը կարող էր այն տպավորությունը թողնել, որ իր չորս նիհար կովերին մեր կողքով քշում է արոտավայր` ստեղծելով այն պատրանքը, որ հենց ինքն է քշում նրանց: Նրա աջ ոտքը դժբախտ պատահարից կարճացել է, մեջքը ծռվել է տորֆը կտրտելու տանջանքից, իսկ հոգնած գլուխը մի կողմ կթեքվի, երբ նրան իջեցնեն հողի մեջ: Նա արդեն հասել էր մեզ, եւ մինչ մենք կհասցնեինք նրան պատասխանել կամ գյուղի մասին հարցնել, նա մեզ «լավ օր» մաղթեց:
Հրետանիով ռմբակոծված ոչ մի քաղաք կամ գյուղ չուներ նման տեսք, ռումբերն ու նռնակները տոմահավիկներ են, մարտական կացիններ ու մարտական մուրճեր, որոնցով կտրտում, անվերջ կտրտում են, բայց բռնության հետք չի երեւում: Ժամանակն ու տարերքներն անսահման համբերությամբ խժռել են այն ամենը, ինչը քար չէր, իսկ հողի միջից աճում են բարձիկներ, որոնց վրա այդ ոսկորները հանգչում են մասունքների պես, ինչպես մամուռն ու խոտը:
Ոչ ոք չէր փորձի այստեղ պատը քանդել կամ լքված տնից փայտ վերցնել (այստեղ այն շատ արժեքավոր է). մենք դա անվանում ենք շահագործում (այստեղ ոչ ոք չի շահագործում), եւ նույնիսկ երեխաները, որոնք երեկոյան ամայի գյուղի արոտավայրերից տուն են տանում անասուններին, նույնիսկ այդ երեխաները չեն փորձում փլուզել պատերը կամ տան մուտքերը: Երբ հանկարծ հայտնվեցինք գյուղի մեջտեղում, մեր երեխաները փորձեցին ամեն ինչ հողին հավասարեցնել: Այստեղ ոչ ոք ոչինչ հողին չի հավասարեցնում, եւ լքված կացարանների առավել փափուկ մասերը մնում են քամու, անձրեւի, արեւի եւ ժամանակի հայեցողությանը, վաթսուն, յոթանասուն կամ հարյուր տարի անց մնում են իրարից անջատ կառույցներ, որոնք խնամող ձեռք չի գտնվի: Նրանց վրա տանիք կառուցող ատաղձագործը երբեք ծաղկեպսակ չի դնի. ահա թե ինչ տեսք ունի մարդկային բնակավայրը, որը մահից հետո հայտնվել է խաղաղության մեջ:
Մենք դեռ ամաչում էինք, հետո անցանք գլխավոր փողոցով, վերնաճակատների տակով, մտանք հարեւան փողոցներ, եւ ամոթի զգացումն աստիճանաբար անցավ: Փողոցներում խոտ էր աճել, մամուռը տարածվել էր պատերի եւ կարտոֆիլի դաշտերի վրա, սողալով հասել տներին, եւ շաղախից մաքրված վերնաճակատների քարերը ոչ թե կոտրված քարեր կամ աղյուսներ էին, այլ` փլատակների կտորներ, ինչպես սարը` գետահովիտների մեջ: Ժայռի սալերը պահում էին դռներն ու պատուհանները, պատից, որտեղ ծխնելույզն էր տեղադրված, ուսի ոսկորների լայնության երկու քարե սալերը դուրս էին ցցվել: Դրանց վրա կախված էր երկաթե կաթսայի շղթան, գունատ կարտոֆիլը եփում էին դարչնագույն ջրի մեջ:
Մենք չարչիների պես տնետուն էինք ընկել, եւ նորից ու նորից, երբ շեմին կարճ ստվերն ընկավ մեզ վրա, տեսանք, որ երկնքի կապույտ քառակուսին է տարածվում մեզ վրա: Այն ավելի մեծ էր թվում այն տների համար, որտեղ ժամանակին ապրում էին հարուստ մարդիկ եւ ավելի փոքր էր աղքատների համար. միայն երկնքի կապույտ քառակուսու չափն էր տարբերում նրանց միմյանցից: Որոշ սենյակներում արդեն աճել էր մամուռը, որոշ մուտքեր արդեն պատված էին դարչնագույն ջրով, բայց արի ու տես, որ դիմացի պատերի մեջ երեւում էին անասունների ցցերը, եզերի ազդրոսկրերը, որոնք ամրացված էին շղթայով:
«Ահա վառարանը», «այնտեղ մահճակալն էր », «այստեղ բուխարու մոտ կախված էր խաչը », «կար մի պահարան». նրանցից երկուսը ուղղաձիգ խրված են երկու հորիզոնական քարե սալերի մեջ, եւ այդ պահարաններից մեկում երեխաները հայտնաբերեցին երկաթե սեպը, որը հանելիս աբեթի պես փշրվեց մեր ձեռքում: Մնացել էր մեխի հաստությամբ կոշտ միջուկով մի փայտ, որը ես երեխաների հանձնարարությամբ դրեցի վերարկուիս գրպանը` որպես հուշանվեր:
Մենք հինգ ժամ անցկացրեցինք այս գյուղում, ժամանակն արագ թռավ, քանի որ ոչինչ տեղի չունեցավ. միայն մի զույգ թռչուններ ճախրեցին վերեւ, եւ մի ոչխար դատարկ տան պատուհանի միջով փախավ դեպի բլուրը: Արյունոտ ծաղիկները ցանկապատերի մեջ կախված էին ոսկրացած ֆուքսիայից, դեղին գույնը կեղտոտ գրոշների նման փռվել էր խունացած թփերի վրա, մամուռից կմախքի պես բարձրանում էր փայլուն քվարցը: Փողոցները կեղտոտ չէին, առվակներում աղբ չկար, չէր լսվում ոչ մի ձայն: Միգուցե մենք պարզապես սպասում էինք կարմիր վերնազգեստով եւ շագանակագույն տորֆով լի տուփով աղջկան, բայց աղջիկը չվերադարձավ:
Երբ տան ճանապարհին ձեռքս մտցրեցի գրպանս, որ փնտրեմ երկաթե սեպը, այն պատվեց շագանակագույն փոշով` շաղախված կարմիր գույնի հետ. դա նույն գույնի էր, ինչ մեր արահետից աջ ու ահյակ կողմերում գտնվող մամուռը, եւ ես այն նետեցի այնտեղ:
Ոչ ոք հստակ չգիտեր, թե երբ եւ ինչու է գյուղը լքվել. Իռլանդիայում այնքան շատ լքված տներ կան, որ կարելի է դրանք հաշվել երկու ժամվա զբոսանքի ընթացքում: Այս մեկը լքվել է տասը տարի առաջ, մյուսը` քսան տարի առաջ, երրորդը` հիսուն կամ ութսուն տարի առաջ, եւ կան տներ, որտեղ դեռ չեն ժանգոտել մեխերը, որոնցով մեխված էին պատուհանների ու դռների դիմացի տախտակները, անձերւն ու քամին էլ դեռ չէին կարող թափանցել այնտեղ:
Մեր հարեւան տանն ապրող տարեց կինը չկարողացավ հիշել, թե գյուղը երբ է լքվել. երբ նա փոքր աղջիկ է եղել, մոտ 1880 թվականին, այն արդեն լքված էր: Նրա վեց երեխաներից միայն երկուսն են մնացել Իռլանդիայում, երկուսն ապրում եւ աշխատում են Մանչեսթերում, երկուսը` Միացյալ Նահանգներում, աղջիկներից մեկն ամուսնացել է այստեղ` գյուղում (նա ունի վեց երեխա, որոնցից երկուսը գնացել են հավանաբար Անգլիա, իսկ երկուսը կգնան ԱՄՆ), իսկ ավագ որդին մնացել է իր մոտ: Երբ նա գալիս է հեռվից` արոտավայրից, անասունների մոտ տասնվեց տարեկան պատանու տպավորություն է թողնում, երբ տան անկյունից շրջվում է դեպի գյուղական փողոց, թվում է, որ նա երեսուն տարեկան է, իսկ երբ հեռանում է, անցնում տան մոտով եւ ամաչկոտ ժպտում պատուհանի միջից, երեւում է, որ նա հիսուն տարեկան է:
«Նա չի ցանկանում ամուսնանալ, ամոթ չէ? »,- ասաց նրա մայրը:
Այո, դա ամոթ է: Նա այնքան աշխատասեր ու մաքրասեր է: Նա կարմիր ներկեց դարպասը, պատին ամրացված քարե կոճակները` նույնպես, իսկ կանաչ մատուռի տանիքի տակ գտնվող պատուհանների շրջանակներն ամբողջովին կապույտ էին: Նրա աչքերում նկատվում էր հումոր, եւ նա քնքշորեն շոյում էր ավանակի մեջքը: Երեկոյան, երբ գնում էինք կաթը բերելու, նրան հարցնում էինք լքված գյուղի մասին: Սակայն նա ոչինչ չէր ասում այդ մասին, ոչինչ. նա երբեք ոտք չի դրել այնտեղ, նրանք այնտեղ չունեն արոտավայրեր, եւ նրանց տորֆահանքերը գտնվում են այլ վայրում` դեպի հարավ, 1799թ. կախաղան բարձրացրած իռլանդացի հայրենասերի հուշարձանից ոչ հեռու:
«Դուք դա տեսե?լ եք արդեն»: Այո’, մենք դա տեսել ենք:
… Եվ Թոնին նորից հեռանում է որպես հիսուն տարեկան, անկյունում փոխակերպվում է երեսուն տարեկանի, դառնում է տասնվեց տարեկան` հասնելով այն լանջին, որտեղ նա շոյում էր անցնող ավանակին, մի պահ անհետանում է ցանկապատի հետեւում, որտեղ ֆուքսիաներն էին եւ նմանվում նախկին տղային:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

(«Իռլանդական օրագիր» գրքից )

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *