
Ասացի․ քո ցավն իմն է, ասաց․ ցավը քո կանցնի,
Ասացի․ եղի՛ր իմ լուսինը, ասաց. եթե նա հառնի:
Ասացի․ սիրահարից հավատարիմ լինել սովորիր,
Ասաց․ նման վարք սակավ է լինում լուսներեսից:
Ասացի․ պատկերից քո կփակեմ հայացքիս ճամփան,
Ասաց․ նա՝ գիշերագող, մեկ այլ ճամփից էլ կգա։
Ասացի․ բույրը վարսերիդ խառնեց ալամ-աշխարհս,
Ասաց․ թե գիտենաս, հենց այն քեզ առաջնորդ էլ կդառնա։
Ասացի․ անուշ է օդը, որ հառնում է արշալույսի սյուքից,
Ասաց․ քաղցր է զով զեփյուռը, որ գալիս է յարի ճամփից։
Ասացի․ հրակն շուրթերիդ նեկտարի կարոտը սպանեց մեզ,
Ասաց․ դու՝ լոկ ծառա, Նա՝ ծառային կյանք տվողը, պիտ գա։
Ասացի․ սիրտդ գթասեր ե՞րբ է մտադիր հաշտվել,
Ասաց․ ոչ ոքի չասես, մինչ հաշտության ժամը գա։
Ասացի․ ժամը խինդ-միության տեսա՞ր՝ որչափ արագ անց կացավ,
Ասաց․ լուռ կաց, Հաֆե՛զ, քանզի այս վիշտն էլ անց կկենա։
Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի
