Համիդ Մոսադեղ | Խնձորը

1956 թվականին իրանցի բանաստեղծ Համիդ Մոսադեղը գրում է «Խնձոր» բանաստեղծությունը: Կա կարծիք, որ հեղինակն այն նվիրել է եղբորը և ոչ թե ինչ-որ աղջկա: Ստեղծագործությունն առավել հայտնի է դառնում, երբ հրապարակվում է Ֆորուղ Ֆարոխզադի պատասխան բանաստեղծությունը: Ավելի ուշ բանաստեղծական զրույցին միանում են նաև այլ հեղինակներ` հանդես գալով այլ տեսանկյունից:

 

ՀԱՄԻԴ ՄՈՍԱԴԵՂ

ԽՆՁՈՐԸ

Դու ծիծաղեցիր ինձ վրա ու չիմացար`
Ինչ ահուդողով խնձոր գողացա հարևանի այգուց:
Պարտիզպանն արագորեն ընկավ իմ հետևից
Ու տեսավ խնձորը քո ձեռքին:
Նա զայրացած ինձ նայեց.
Կծած խնձորը ձեռքիցդ ընկավ:
Դու հեռացար, ու մինչև հիմա
Տարիներ է, ինչ ականջումս հնչող քո մեղմիկ-մեղմիկ
Քայլի խշշոցը հար կրկնվելով տանջում է ինձ:
Եվ խորհում եմ այդ մտքի մեջ սուզված,
Թե ինչո՞ւ մեր փոքրիկ այգում խնձոր չկար:

 

ՖՈՐՈՒԽ ՖԱՐՈԽԶԱԴ

Ես ծիծաղեցի քեզ վրա,
Որովհետև գիտեմ`
Ինչ ահուդողով գողացար խնձորը հարևանի այգուց:
Հայրս արագորեն ընկավ քո հետևից:
Դու չգիտեիր, որ հարևանի այգու պարտիզպանը
Իմ ծերունի հայրն է:
Ես ծիծաղեցի քեզ վրա,
Որ իմ ծիծաղով քո սիրո պատասխանն անկեղծորեն տամ:
Աչքերումդ լճացած զայրույթից, սակայն,
Ափերիս մեջ դող սողոսկեց,
Ու կծածս խնձորը ձեռքիցս գետնին ընկավ:
Սիրտս ասաց` գնա՛,
Քանզի չէր ուզում հիշողության մեջ դաջել
Քո դառը լացը:
Եվ ես հեռացա, ու մինչև հիմա
Տարիներ է, ինչ հիշողությանս մեջ քո մեղմիկ-մեղմիկ
Հիացքն ու զայրույթը շարունակաբար տանջում են ինձ:
Եվ խորհում եմ այդ մտքի մեջ սուզված,
Թե ինչպե՞ս եղավ, որ մեր պարտեզում խնձոր չկա:

 

ՄԱՍՈՒԴ ՂՈԼԻՄՈՐԱԴԻ

Նա ծիծաղեց քեզ վրա, և դու չիմացար,
Որ նա չգիտի`
Ինչ ահուդողով հարևանի այգուց խնձոր գողացար:
Արագ վազեցի հետևիցդ,
Տեսա խնձորը աղջկաս ձեռքին:
Զայրագին քեզ նայեցի.
Ցասումը սողոսկեց սիրտդ,
Ցասումով լցվեցին աչքերդ:
Դողացին նրա սիրտն ու մատները,
Կծած խնձորը սիրտ-ձեռքից ընկավ:
Այդ պահին հասկացա`
Այն, ինչ գողացել էիր, խնձոր չէր,
Իմ մինուճարն էր, որ ընկավ գետնին:
Աճապարանքով հեռացավ, ու մինչև հիմա
Տարիներ է, ինչ աչքերիս մեջ մեղմիկ-մեղմիկ
Կրկնվող դառը բաժանումից ու սփոփանքից
Տանջվում եմ ես:
Դեղին ու թախծոտ դեմքը աղջկաս ամեն ակնթարթ
Կշտամբում է ինձ:
Երանի այգում չլինեի բնավ:
Եվ ես խորհում եմ այն բանի մասին,
Թե տիեզերակալ Տերը
Ինչո՞ւ բոլոր պարտեզներում չի տնկել խնձոր:

 

ՋԱՎԱԴ ՆՈՐՈՒԶԻ

Աղջնակը ծիծաղեց:
Տղան զարմացավ,
Թե ինչ ահուդողով հարևանի այգուց խնձոր գողացավ:
Պարտիզպանն արագորեն ընկավ հետևից`
Հոգու խորքում ցանկանալով
Այգու և դեռահաս աղջկա արժանապատվությունը
Հետ խլել տղայից:
Զայրացավ սաստիկ:
Մեջտեղում ես էի`
Կծած խնձորը, որ ընկա գետնին:
Ես` անապական սիրո մարգարեն`
Արանքում հուզառատ սիրո պատմության
Եվ ատամների ու շուրթ-բերանի:
Ծարավ էի բացահայտման
Եվ լեփ-լեցուն էի աղջկա հարցերով,
Երբ ընկա գետնին`
Որպես չստացված մի առաքելություն:
Զայրույթը հափշտակեց երկուսին էլ.
Աղջիկը գնաց քրթմնջալով.
– Հաստատ կգա իր սիրո հետևից:
Տղան մնաց և մրմնջաց.
-Վստահ եմ` կփոշմանի ու կվերադառնա:
Տարիներ է, ինչ փտում եմ մեղմիկ:
Սերը դեռ հպարտության հլու զոհն է:
Մարմինս տարրալուծվեց հեշտ, բայց հյուլեներս
Ամբողջովին սուզված են նույն մտքի մեջ.
Բաժանումն այդ, Աստված վկա, ոչ մի կապ չունի խնձորի հետ:

 

ՄԱՀԴԻ

Նա ծիծաղեց նրա վրա:
Մի ակնթարթ սրտումս կայծակ զարկեց,
Ես պատի տակ սերը տեսա,
Հուզմունքն ու հեծկլտանքը Համիդի,
Ձեռքերի դողը, ինչպես ուռի:
Պարտիզպանն արագ վազում էր նրա հետևից,
Խնձորը Ֆորուղի ձեռքին էր,
Սերը` Համիդի սրտում:
Կծած խնձորն ընկավ գետնին,
Աղջնակն այրվեց հաճույքից,
Քանի որ տեսավ տղայի շուրթերին նստած զայրույթը:
Տարիներն անցնում են, թափվում են տերևները,
Ես վշտացած զարմանում եմ,
Թե ինչո՞ւ մեր փոքրիկ այգում`
Այսքան տանձ ու խնձորների մեջ,
Սիրո ջերմություն չկա:

 

ԱԼՎԱՆԴ

Տղան հարևանի այգուց
Կարմիր խնձոր գողացավ:
Աղջիկը ծիծաղեց:
Բոլորը գիտեին,
Որ մոտակայքում
Բացի հոր այգուց
Ուրիշ մի այգում խնձորներ չկան:
Տղան վախեցավ,
Խնձորը` ևս: Աստված ոչ անի,
Չլինի հանկարծ`
Իր մարմնում թաքնված կորիզը վերջին
Ծամել ցանկանա:
Պարտիզպանը վազեց:
Հեռվից լսվում էր ծիծաղն աղջկա:
Նայում էր տղան ցասումով լի,
Սրտում` վաղեմի ցավը մեղքի.
Ավա~ղ, չկար վերջ
Մարդկանց սխալին:
Հենց օրից նախասկզբի, երբ սերը Եվայի`
Անտեղյակ հետևանքին Ադամի արարքի,
Ընդամենը մի խնձորով երկնի բարձունքից
Վար բերեց նրան:
Նետի՛ր այն գետնին:
Վերքն անեղծ շուրթին`
Կծած խնձորն ընկավ գետնին:
Այգեպանն ասաց` ե՛կ:
Աղջիկը գնաց. տղան զայրագին
Մնաց ու արցունք հեղեց խնձորի վրա:
Կորիզն համտեսեց արտասուքը
Ու հանձնեց հողին:
Այլևս ոչինչ հայտնի չէ տղայի ու աղջնակի,
Այգեպանի ու խնձորի մասին:
Բոլորը հող են դարձել:
Տարիներն անցնում են, ու ես
Խորհում եմ նույն բանի մասին:
Խնձորի կորիզը հողի սրտի մեջ
Կդառնա ուրիշ մի խնձոր:
Եվ մի ուրիշ ժամանակում
Կհորինվի նոր պատմություն:

Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *