Տաթև Խաչատրյան | Հանդիպումներ մոմի լույսով

Լուսանկարը՝ Դառեկ Կիլանի

 

Մառիաննա Կիյանովսկային

Սմոլենսկ 20 ուրբաթ 6-ին
գրում է նա կտրուկ հակիրճ
ու հավաքվում են պոետներ քանի՜
և հորդում է գինին
լռում են արկերը չնչին
երբ սկսվում է զրույցը փրկիչ
ծիծաղը դառնում է արցունք
և արցունքը դառնում քրքիջ
պատերազմ է բոլորի հոգում
բոլորի գլխում արհավիրք
բայց չի ուշանում ուրբաթն ամոքիչ

ստիխները Շոպենն ու գինին
վաղանցիկ միրաժ տանը այդ փոքրիկ
կյանքի օազիս մահվան եզերքին
որ շաբաթ ծեգին պիտ դառնա ի չիք
իսկ շաբաթ ծեգին արկեր արկեր անհատնում
և մահվան գույժեր իրար հերթ փախցնող
որ չեն խնայում ոչ ծեր ոչ մանկիկ
և նորից հույսը կախվում է մազից
մարմինները հեղգ հյուր պոետների
թմրում են ցավից
բայց ուրբաթն էլի փրկում է մաղձից

ու երբ մի անգամ հարցրի նրան
ինչո՞ւ ես դու հար կանչում խենթ հյուրեր
ժանտախտի ժամին անում խնջույքներ
որոնց ժամանակ ծփում է գինին
մատուցում ես միշտ խորտիկներ պես – պես
հնչում են վալսեր
ընթերցվում տողեր
կարոտի սիրո եվ ազատության
մի՞թե սիրտ կա դեռ այս զվարթության

նա լռեց ժպտաց
և նետեց հատու ձայնով իր խզված
պապս տեսել էր աղետն ահեկան
պատերազմը գոռ որ կոչում էին «մեծ հայրենական»
մե՞ծ հայրենակա՞ն

պապս ասում էր
ժամին չարիքի հիմնադրեք ծեսեր
ծեսեր որ փաստեն կյանքը է՛ և գալիքը կա

գալիք որ կգա վառ լույսեր հագած
որ երգեն նորից մանուկները մեր
որ շողա նորից մեր երկնում արև

իսկ մինչ այդ ծեսեր ծեսեր դավանեք
ծեսեր վայելքի միաբանության
կիսեք իրար հետ հացը ու գինին
որ հիմք կդառնան ոգու ամրության
իրար հետ կիսեք կաթիլն արցունքի
և հյուլեները զնգուն ծիծաղի
որ խավարը թավ ի վերջո ցրվի
և հույսը աղոտ հոգին ապրեցնի

29․02 – 01․03․2024
Կրակով

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *