Պետեր Հանդքե | Նոբելյան բանախոսություն
«Խաղա խաղը: Մի եղիր գլխավոր հերոս: Փնտրիր մարտահրավերներ: Բայց մի նպատակադրվիր կոնկրետ արդյունքի: Խուսափի՛ր հետին մտքերից: Ոչինչ մի թաքցրու: Եղիր մեղմ և ուժեղ: Ունեցիր մասնակցություն, բայց արհամարհիր հաղթանակը: Մի պրպտիր, մի ստուգիր, բայց զգոն մնա՝ նշաններին հետամուտ: Եղիր բաց աշխարհի առաջ: Բարձրացրու աչքերդ, հրավիրիր ուրիշներին այնտեղ նայելու, համոզվիր, որ կա բավարար խորություն ու գտիր քեզ նրանցից յուրաքանչյուրի արտացոլքում: Վճիռ կայացրու, երբ ոգեշնչված ես: Թույլ տուր քեզ ձախողելու: Բայց ամենից առաջ քեզ ժամանակ տուր՝ անցնելու զարտուղիներով: Մի անտեսիր ծառն ու ջուրը: Կանգնիր այնտեղ, որտեղ ուզում ես և թույլ տուր արևին ջերմացնելու քեզ: Մոռացիր ազգականներիդ, օգնություն առաջարկիր անծանոթներին, խոնարհվիր, որ տեսնես մանրուքները, խուսանավիր մարդկային դատարկությունից, գրողի ծոցն ուղարկիր բախտի դրաման՝ ծիծաղով հաղթահարելով տարաձայնությունները: Առաջնորդվիր քո իրական գույներով, մինչև կապացուցես քո ճշմարիտ լինելը, և տերևների խշշոցը կդառնա հաճելի: Անցի՛ր գյուղերով»:
Այս բառերը մի կին ասում է մի տղամարդու իմ պիեսներից մեկի ամենասկզբում, որը ես վրանգրել եմ «Անցիր գյուղերով»:
Մանկությանս տարիներին, երբ ժամանակ էր լինում, կամ երբ ժամանակը ներում էր, մայրս պատմում էր սլովենական Ստարա Վաս կոչվող գյուղի (կամ գերմանական տարբերակով՝ Altes Dorf, որը թարգմանաբար նշանակում է Հին գյուղ) մարդկանց մասին. դրանք ոչ այնքան պատմություններ էին, որքան կարճ պատումներ, որոնք իմ ականջին հնչում էին որպես աննախադեպ իրադարձություններ: Հնարավոր է՝ մայրս այն միաժամանակ պատմել է նաև քույր-եղբայրներիս, բայց ինձ թվում է, որ ես եմ եղել նրա միակ ունկնդիրը:
Այդ պատմություններից մեկն այսպես էր. գյուղացիական տնտեսություններից մեկում, որ գտնվում էր լեռան ստորոտին, որպես սպասուհի աշխատելիս է եղել մի մտավոր հետամնաց (կամ ինչպես ասում էին այն ժամանակ՝ տկարամիտ): Կալվածատերը բռնաբարել է նրան, և նա մի երեխա է լույս աշխարհ բերել, ում համար մոր դերը ստանձնել է տան տիկինը: Սպասուհին՝ իրական մայրը, իր երեխայից խստորեն հեռացված է եղել: Տղան մեծացել է՝ կարծելով, որ ֆերմերի կինն է իր հարազատ մայրը: Եվ մի անգամ, տղան, որը դեռ փոքր էր, բայց արդեն խոսում էր, խաղալիս ընկնում է հողամասի եզրի մետաղալարե ցանկապատին և խճճվում՝ ոչ մի կերպ չկարողանալով դուրս գալ: Նա գոռում ու գոռում է այնքան ժամանակ, մինչ մտավոր հետամնացը`տկարամիտը (կամ ինչպես մայրս նրան անվանեց բարբառով, որով խոսում են Սաուալպեի և Քարավանքեի շրջակայքում, «Treapn»-ը), վազելով գալիս և անմիջապես ազատում է նրան: Երբ ի վերջո երեխայի ենթադրյալ մայրը՝ ֆերմերի կինը, հասնում է դեպքի վայր, իսկ սպասուհին արդեն վերադարձած է լինում իր աշխատանքին՝ ախոռ կամ դաշտերը, երեխան հարցնում է ենթադրյալ մորը. «Մայրի՛կ, այդ ինչպե՞ս է, որ «Treapn»-ն այդքան փափուկ ձեռքեր ունի»:
«Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» գրքում այս պատմությունը դարձել է երգ, բալլադ, երգվել Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա, ԱՄՆ) գիշերային բարերից մեկում՝ տուն առ տուն կրկնվելով երգչի ձայնով. «Եվ այդ երեխան ե՛ս էի: Եվ այդ երեխան ե՛ս եմ»:
Մյուս պատումները, որոնք ինձ պատմել է մայրս, առնչվում էին իր ընտանիքի մերձավոր կամ հեռավոր բարեկամներին, և համարյա միշտ որպես գլխավոր հերոս ներկա էր նրա երկու եղբայրներից մեկը. նրանք հետագայում «փառքով ընկան մարտի դաշտում» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Թույլ տվեք ձեզ պատմել երկու կարճ պատմություն, որոնք վճռորոշ դեր խաղացին իմ գրող դառնալու ճանապարհին:
Առաջինը մորս կրտսեր եղբոր մասին է, որը տան ամենափոքրն է եղել: Մորս խոսքերով դեպքը տեղի է ունեցել այպես ասեմ՝ միջպատերազմական շրջանում՝ 1936 թ.: Աշնանանային գիշեր էր՝ լուսաբացից քիչ առաջ, Հանսը (կամ սլովենական գավառական լեզվով՝ Janez-ը կամ Hanzej-ը) արդեն մեկ ամիս էր, ինչ տանից հեռու էր և սովորում էր Marianum-ում, տղաների այսպես կոչված գիշերօթիկ դպրոցում, որը գտնվում էր մոտ քառասուն կլիոմետր դեպի արևմուտք ընկած Քլագենֆուրտի (Ցելովեց) Կարինտի մայրաքաղաքում: Գիշերային խոր լռություն էր ագարակում, և մինչ աքաղաղի առաջին կանչը դեռ շատ ժամանակ կար: Անսպասելի բակում լսվեց ավելի քստքստոցը: Եվ նա, ով ավլում էր բակը, ավլում ու ավլում էր անգամ մթության մեջ. տան ամենափոքրն էր՝ Բենջամինը՝ գրեթե երեխա: Տան կարոտն էր կամ domotožje (սլովեներեն), որ այդ գիշերով նրան քաղաքից գյուղ էր բերել: Ընդ որում, ասում էին, որ նա օրինակելի, ոգևորված աշակերտ է եղել, պարզապես մի օր առավոտյան՝ լույսը դեռ չբացված, գիշերօթիկ դպրոցի պատուհանից դուրս է ցատկել և բռնել տունդարձի ճամփան՝ այն ժամանակ դեռ խճապատ ճանապարհով: Տուն մտնելու փոխարեն, իսկ պետք է ասել, որ դռները երբեք էլ փակված չեն եղել, նա վերցրել է ցախավելն ու ավլել տան դիմացի բակը: Մայրս ասում էր, որ այդ օրը «շաբաթ էր»՝ կիրակիին նախորդող օրը, իսկ «շաբաթը, որպես օրենք, նա անվանում էր «բակը մաքրելու օր»: Եվ եղբայրը շարունակել է ավլել ու ավլել, մինչև լույսը բացվել է, և տան անդամներից մեկը, իմ ենթադրելով՝ ոչ հայրը կամ մայրը, այլ քույրը, նրան տուն է տարել: Նա այլևս երբեք չի վերադարձել գիշերօթիկ դպրոց. փոխարենը հարևան գյուղերից մեկում արհեստ է սովորել՝ ատաղձագործություն կամ նման մի բան:
Եվ այս դեպքը, ինքնաբերաբար, տարերայնորեն կրկին ու կրկին հայտնվում է իմ գրքերում, իմ պատումների էքսկուրսիաներում կամ մեկ-մարդու կյանքի դեգերումներում:
Երկրորդ դիպվածը փոխակերպումների մասին չէ, այլ նախախնամության, եթե Աստծուն, ճակատագրին կամ որևէ այլ անվանում կրող ուժի ցանկալի է, որ այն լինի, ուրեմն կլինի: Իմ գրքերից մեկը «Կրկնություն» է կոչվում, այս մեկը կկոչվի՝ «Երկրորդ կրկնությունը»:
1943 թ. օգոստոսի վերջին ու սեպտեմբերի սկզբին մորս ավագ եղբայրը Ղրիմի արևելյան ճակատից մի քանի շաբաթով արձակուրդ է գալիս տուն: Եվ այնպես է պատահում, որ ավտոբուսից իջնելուց նա հանդիպում է հենց այն մարդուն, որն այդ տարածքում պատասխանատու է պատերազմական վատ լուրերի տարածման համար: Հենց այդ պահին լրաբերը գնում էր գյուղ՝ ընտանիքին հայտնելու գույժը, որ նրանց կրտսեր եղբայրը տունդրայում ընկել է «հերոսական մահով՝ հանուն հայրենիքի»: Եվ քանի որ անսպասելիորեն իր առջև տեսնում է ընտանիքի անդամներից մեկին, կարճում է ճանապարհը՝ բոթը հաղորդելով արձակուրդ եկած եղբորը: Իսկ ահա թե ինչ է պատահում. Գրեգորը տուն է գալիս, նրան դիմավորում են երգելով ու ցնծալով, և արձակուրդի ամբողջ ընթացքում նա ոչ մի բառ չի ասում եղբոր կամ, ինչպես ինքն էր իրեն ավանում նամակներում, «տունդրայի պատանու» մահվան մասին: Մայրս պատմում էր, որ խաղաղ ժամանակ տնակյաց Գրեգորը միշտ խուսանավել է տնից, ծնողներից, քույրերից, նաև իր հարազատ Ստարա Վասից և առավոտից երեկո, երբեմն նույնիսկ գիշերները, անցկացրել հարևան գյուղերում՝ Էնցլան Վաս, Լիպա, Ռուդա, Գլոբասնից, Դիեքշե, Ռինկոլա, Կռաչան, որտեղ, ծանոթների կամ անծանոթների մոտ, մորս խոսքերով՝ «աչքից արցունք քամելով», փարատել իր վիշտը: Բայց արդյո՞ք կարող է փարատում բերել միաչքանի զինվորի լացը: Ո՛չ: «Նա լաց էր լինում անդադար: Նրա լացի ձայնը երբեք չէր դադարում»: Եվ միայն վերջին օրը, երբ պատրաստվում էր ավտոբուսով ճակատ վերադառնալ, ճանապարհին քրոջը, որը նրա միակ ուղեկցողն է եղել, հայտնել է եղբոր մահվան բոթը: Եվ մի քանի շաբաթ անց նա ևս արդեն «հանձնվել էր օտար հողին, որը «թեթև պետք է լիներ» նրա վրա (համաձայն գերեզմանոցի հուշատախտակին փորագրված տողերի):
«Գյուղերի միջով» վերնագրով պիեսի վերջին տեսարանում, որ գերեզմանատան պատկեր է, կինը, որ խոսում էր սկզբում՝ դիմելով տղամարդուն՝ երկրորդական հերոսին, այս անգամ խոսքն ուղղում է մյուս գլխավոր դրամատիկ հերոսներին՝ քրոջն ու եղբորը, որոնք պատերազմ էին հայտարարել միմյանց և մնացած բոլորին: Եվ Նովան, այդպես էր կնոջ անունը, որը միշտ դժվարությամբ էր խոսում, այսպես է ասում.
-Ես տեղաբնակ չեմ, ճիշտ է, ես ուրիշ գյուղից եմ, բայց իմ բառերով ձեզ հետ նոր դարաշրջանի ոգին է խոսում, և նա ձեզ ասում է հետևյալը: Այո՛, վտանգ գոյություն ունի, և հենց դա է, որ ինձ թույլ է տալիս ձեզ հետ խոսել այս կերպ՝ հակադրվելով: Ուրեմն լսեք իմ դրամատիկ բանաստեղծությունը: Դուք իրավունք ունեք այլևս երազների աշխարհում չապրել, բայց կարիք չկա միմյանց արթնացնել շան հաչոցներով: Ձեզնից և ոչ ոք մեղավոր չէ բնավ, և գուցե հենց ձեր հուսահատության պոռթկումների մեջ է, որ իրապես գիտակցել եք ձեր հուսահատ չլինելը: Այլապես վաղուց մեռած կլինեիք հուսահատությունից: Դադարեք խաղալ դերը միայնակ մարդու, հիմա դրա ճիշտ ժամանակը չէ: Ճիշտ է, ձեր պատմության մեջ չկա և ոչ մի հուսալի կետ, որին դուք կարող եք ապավինել: Մի կողմ թողեք լինել-չլինելու այդ վեճերը. լինելությունը կա ու կշարունակվի, իսկ չլինելը հնարավոր չէ պատկերացնել: Դուք պետք է գիտակցեք, որ շատ նման եք միմյանց, դուք պետք է գիտակցեք: Միայն ես եմ, որ ասում եմ ձեզ այդ մասին: Բայց ես միայն Ես չեմ: Իմ Ես-ը տարբեր կերպեր ունի. նա կարող է լինել ամենաթեթևն ու նուրբը այս երկնքի տակ և միաժամանակ՝ ամենաընդգրկունը, զինաթափողը: «Ես» եմ միակ հերոսը, իսկ դուք պետք է լինեք զինաթափը: Այո՛, Ես-ի հենց այդ մարդկային էությունն է, որը փրկում է մարդկանց: Պատերազմը հեռու է այստեղից: Մեր բանակները մոխրագույնով չեն մոխրանում մոխրագույն բետոնին, այլ դեղնագույն են դառնում՝ ծաղիկների դեղնող կոկոններում:
Այո, հնարավոր է խոնարհվել ծաղկին, և խոսել թռչնի հետ՝ ճյուղին նստած: Այս կերպ արհեստական գույներով հագեցած աշխարհում հնարավոր է տեղ ազատել բնության գույների համար: Լեռան կապույտն իրական է, ատրճանակի պատյանի շագանակագույնը՝ ո՛չ, և եթե ձեզ թվում է, որ գիտեք մարդկանց կամ առարկաները հեռուստացույցից, իրականում բնավ չգիտեք: Մեր ուսերը երկնքի համար են, իսկ ճանապարհը՝ երկրից երկինք անցնող, մեր միջով է անցնում: Քայլե՛ք դանդաղ և ստացեք այն ձևը, առանց որի ոչ մի տարածություն մարմին չի ստանում: Բնությունը միակ խոստումն է, որի վրա կարող եք հույս դնել, բայց նա ապաստարան չէ, ոչ էլ փրկություն: Նա պարզապես չափանիշ է, որի հետ քո հարաբերակցությունը պետք է ստուգել ամեն օր:
Երկնքում սահող ամպերը, նույնիսկ երբ սլանում են, դանդաղեցնում են ձեր ընթացքը: Ո՞վ է ասել, որ ձախողումը անհրաժեշտություն է: Եվ մի՞թե ձեր հետևում չեք թողել պարտությունը: Հետևապես հաստատեք ներկայի խաղաղությունն ու ցուցաբերեք վերապրածի հանգստություն: Եվ այն, ինչը հեռվից մահվան սպառնալիք էր թվում, մոտենալով՝ ծավալվում է որպես մանկան խաղ: Թափ տվեք ձեր հազարամյա անկողինները: Շրջանցե՛ք մանկությունից հեռացած թերահավատներին: Մի՛ սպասեք նոր պատերազմի. ամենախաղաղները ընդառաջ են գնում բնությանը: Ձեր ժառանգներին մի ներկայացեք սատանայի կիսադեմով: Տան ուժ. ահա թե ինչ է ուրիշի դեմքը: Այստեղ և հիմա է երախտագիտության տոնը: Հետևապես մի ասեք, որ մեզ հնարավորություն չի տրվել օգտագործել խաղաղության արարչագործությունը. Թույլ տվեք, որ ձեր աշխատանքը արարում դառնա և փոխանցվի ուրիշներին: Բայց փոխանցում են միայն նրանք, ովքեր սիրում են. սիրելով մի բան՝ ձեր սերը փոխանցում եք մնացած բոլորին: Սիրելով քեզ՝ ես արթնանում եմ: Եթե անգամ շատերը չեն կարող վեր բարձրանալ, դուք բարձրացեք: Երես թեքեք երկոտանի կենդանի արարածներից: Եղեք իրական: Հետևեք քարավանի երաժշտությանը: Շարունակեք այնքան ժամանակ, մինչև խառնաշփոթից հայտնվեն փախչող գծերը, այնքան դանդաղ, մինչ դուք կսկսեք դառնալ աշխարհինը, այնքան դանդաղ, որ պարզ լինի՝ աշխարհը երբեք ձեզ չի պատկանելու: Այո՛, միշտ հեռու մնացեք այն ուժից, որը դրսևորում է իրեն որպես իշխանություն: Մի տրտնջացեք, որ մենակ եք, շարունակեք ավելի մենակ լինել: Անցեք աղմուկի միջով: Պատմեք հորիզոնին, որ գեղեցիկը հենց այնպես չկորի: Լավը պետք է շարունակի ապրել: Դանդաղեցրեք և հորինեք. ձեր անհասկանալի հոգոցը վերածեք հզոր երգերի: Մեր արվեստը պետք է աղաղակ լինի՝ դեպի երկինք նետված: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ հետ խոսեն գեղեցկությունից դուրս. ցնցող է գեղեցկությունը մարդկանց կողմից ստեղծված: Լուծեք հանելուկը, որը միաժամանակ մեկ այլ ավելի մեծ գաղտնիք է բացահայտում: Հիշեք՝ ամեն անգամ, երբ ձեզ հանդիման եկող երեխան սևեռուն հայացքով նայում է ձեզ, պատճառը դուք եք: Քողարկվելը կդառնա ձեր ճակատագիրը, և պետք է ասել, որ որոշ ուրախ զավեշտներ նախընտրելի են ընդունված ճշմարտություններից: Խաղացեք ամենօրյա կյանքի զավեշտները: Ինքներդ ձեզ կործանելը խաղի մի մասն է: (Եվ այնուհանդերձ, հիշեք՝ հպարտորեն քայլում է միայն առանց դիմակ գնացողը): Գնացեք աշխարհի անծանոթ անկյուններ, և թող պատրանքից զրկվածները չարաբար քմծիծաղ տան. պատրանքը ուժ է տալիս տեսիլքներին. տեսիլքն իրականություն է: Այո՛, հետամուտ եղեք ձևի ձգտմանը՝ կատարյալ աշխարհ ստեղծելու ցանկության. հեգնական ծիծաղն այստեղ նշան է գիտակցության բացակայության. մեռած դիակների հոգու վերջին խռխռոց: Մեռածները ձեզ լույս են լրացուցիչ: Եվ թող ձեզ չմտատանջի, որ անկարող եք խոսել նրանց հետ բառերով, բավարար է անգամ մեկ վանկը: Ձեր մտքում պահեք դեռ չծնվածներին: Ծնեք խաղաղության զավակներ: Փրկեք ձեր հերոսներին: Նրանք պետք է բարձրաձայնեն՝ պատերա՛զմ, մեզ հանգի՛ստ թող: Դուք եք այստեղ ապրողները և դուք եք պատասխանատուն: Թույլ մի տվեք ձեզ համոզել, որ անպտուղ եք վերջին շրջանում: Մենք առավել քան երբևէ մոտ ենք ակունքին: Գուցե աշխարհում այլևս չեն մնացել վայրի, անխաթար տարածություններ, բայց փոխարենը այն, ինչ վայրի է, նոր է ու շարունակական՝ ժամանակն է: Ժամացույցի տկտկոցը դեռ ոչինչ չի նշանակում: Ժամանակն այն ջղակծկումն է, որ օգնում է մեզ անցնել այս անիծյալ դարը: Ժամանա՛կ, դու այն ես, ինչ ես ունեմ: Օրհնյալ օր է այսօր: Դուք կարող եք զգալ դա՝ արդյունավետ աշխատելով: Միգուցե չկա ողջամիտ հավատ, բայց կա ողջամիտ հավատ աստվածային դողի: Տեսեք հրաշքն ու մոռացեք այն: Ստեղծեք մեծ թռիչք: Ուրախությունն է միակ օրինական ուժը: Ամեն ինչ ճիշտ է միայն, երբ դու երջանիկ ես: Սակայն փաստը մնում է փաստ, որ մեր այս ամբողջ պատմության մեջ ոչ մի հիմնավորված սփոփանք չկա: Բայց ո՞վ է չափողը: Իշխող մանկասպաններն անպատիժ անհետանում են: Խաղաղությունը ժամանակավոր է. աղբյուրները հորձանքով թափվում են բարիկադների վրա: Հույսը թևերի սխալ թափահարումն է: Ուրախությունն ի չիք դարձնողներն ամենուր են: Ուրախության արևի տակ քայլելով՝ ամբողջ հոգով կուլ ենք տալիս դառնությունը: Սիրելի՛ մարդիկ, որ ապրում եք այստեղ, սարսափի ճիչերը հավերժ կշարունակվեն: Ձեր ողորմության աղաչանքներն են, որ կենդանություն են հաղորդում անգո նշաներին: Այնպես որ, վեր կացեք ու նայեք տղամարդուն՝ մուգ կոստյումով և սպիտակ վերնաշապիկով: Նայեք այն կնոջը, որ կանգնած է գետի մյուս կողմում՝ պատշգամբում՝ արևի տակ: Ապացուցեք ձեր ունեցած բոլոր հնարավոր միջոցներով ձեր մարդկային անհնազանդությունը: Ամեն համբույր օրհնություն է, նույնիսկ ամենահպանցիկը: Դե իսկ հիմա բոլորդ վերադարձեք ձեր տեղերը: Կրկնօրինակեք տարածությունը: Ձևը օրենքն է, և այն սահմանում է ձեզ: Հավերժական խաղաղությունը հնարավոր է: Լսեք քարավանի երաժշտությունը: Առաջնորդվելով գիտելիքի իմացությամբ՝ պահելով երկինքը ձեր մեջ: Ուշադրություն դարձրեք այս խոսքերին: Միշտ առաջ քայլեք: Քայլե՛ք գյուղերով:
Եթե մորս պատմած փոքրիկ իրադարձությունները խթան հանդիսացան իմ գրողական կյանքի հետագա ընթացքի համար, ապա արվեստի գործերը՝ ոչ միայն գրքերը, այլև նկարները, ֆիլմերը (հատկապես՝ Ջոն Ֆորդի «Արևմտականները» և ճապոնացի Յասուիրո Օզուի «Արևելքը»), երգերը (օրինակ՝ Ջոնի Քեյջի և Լեոնարդ Քոհենի երգերը) ինձ տվեցին այն ձևերը, ռիթմերը կամ, մեղմ ասած, թրթիռներն ու ազդակները, որոնք անհրաժեշտ են ներշնչանքի համար: Այնուհանդերձ, իմ ամենաառաջին ազդակներն ու թրթռումներն արվեստից չեն գալիս, այլ այն երեխայի ներաշխարհի հուզումներից, որը եղել եմ, երբ ունկնդրում էի սլովենասլավոնական աղոթքները ծննդավայրիս՝ Ստարա Վասի եկեղեցու ռոմանական կամարների ներքո: Եվ այդ միապաղաղ, միևնույն ժամանակ այդքան մեղեդային կանչերը, ուղղված երկնքին, յոթանասունյոթ տարի շարունակում են շնչել իմ մեջ, ձգում լարերը հետագա ստեղծագործական կյանքի, լցվում իմ մեջ երկնային ելևէջների ու դադարների ձայնով՝ ինչպես հրաշափառ Աստվածամոր աղոթքը «Lauretanischen Litanei»-ում, որը հարյուրավոր անուններ ու դիմումներ է պարունակում, բայց ես միայն մի փոքր հատվածը կմեջբերմ՝ միտումնավոր չթարգմանելով (բացառությամբ համապատասխան հատվածը »Prosi za nas«՝ խնդրիր մեզ համար).
Mati Stvarnikova – prosi za nas
Mati Odresenikova – prosi za nas
Sadež modrosti – prosi za nas
Začetek našega veselja – prosi za nas
Posoda duhovna – prosi za nas
Posoda časti vredna – prosi za nas
Posoda vse svetosti – prosi za nas
Roža skrivnostna – prosi za nas
Stolp Davidov – prosi za nas
Stolp slonokosteni – prosi za nas
Hiša zlata – prosi za nas
Skrinja zaveze – prosi za nas
Vrata nebeška – prosi za nas
Zgodnja danica – prosi za nas
Մի քանի տարի առաջ Նորվեգիայում էի՝ շնորհիվ Հենրիկ Իբսենի: Բայց ավարտելով խոսքս, չեմ ուզում պատմել դրամատուրգի և «Պեր Գյունտի» մասին, այլ փոքր և նույնքան էլ անհավանական երկու նորվեգական իրադարձությունների մասին: Առաջինը վերաբերում է հինգ թե վեց թիկնապահներից մեկին (bodyguards), ում հետ հնարավորություն ունեցա անցկացնել մի ամբողջ կեսօր ու երեկո: Ուշ երեկոյան Օսլոյի խաղաղ նավահանգստի ճաշարանում այդ մարդն ինձ համար կարդաց իր բանաստեղծությունները բջջային հեռախոսից՝ նախ նորվեգերեն, ապա`անգլերեն, և բոլորն էլ շատ նուրբ սիրային գործեր էին: Հաջորդ երեկոներից մեկի վերջում, երբ մենակ զբոսնում էի գիշերային դատարկ Օսլոյի կենտրոնում (կամ Քրիստիանիայի, ինչպես անվանում է մայրաքաղաքը երիտասարդ Քնութ Համսունը «Սով» գրքում), լուսավոր ցուցափեղկի կամ գրախանութի առջև տեսա տղամարդու մի կերպարանք: Երբ կանգնեցի նրա կողքին, նա շրջվեց դեպի ինձ՝ միևնույն ժամանակ մատնացույց անելով ցուցադրված գրքերից մեկը:
-Այնտեղ իմ առաջին գիրքն է, – ասաց նա:-Այսօր է լույս տեսել: Առաջին օրն է:
Նա շատ երիտասարդ էր, գրեթե երեխա, կամ՝ դասագրքային ձևակերպմամբ՝ «պատանի»: Եվ նա ուրախ էր, ճիշտ այնպես, ինչպես միայն երեխան կարող է ուրախ լինել: Եվ ցնծության այն ճառագայթը, որ նրանից՝ այդ գրողից, այդ արարչից էր ճառագում, մինչ օրս չի լքել ինձ: Հնարավոր է, որ երբեք էլ չլքի:
Այսպիսով, թույլ տվեք օգտագործել այս պահը՝ հղելով իմ ողջույնները այն երկուսին՝ Օսլոյի նավահանգստի տղամարդուն և գրախանութի ցուցափեղկի դիմացի երիտասարդին, իմ ողջույնները՝ դեպի արևմուտք կամ այնտեղ, որտեղ նրանք են:
Թերևս ինձ մնում է ափսոսալ, որ չեմ կարող այս պահին իմ երբեմնի թիկնապահի սիրային բանաստեղծությունները կարդալ. ճիշտ է՝ այդ երեկո ես պատճենել էի դրանցից մի քանիսը, բայց կորցրել եմ թուղթը: Փոխարենը ես հիմա կկարդամ մեկ այլ բանաստեղծություն՝ Հոգու պահապանը (ներողամտություն եմ հայցում բառախաղի համար):
(Ընթերցում է Թոմաս Թրանսթրյոմերի »Romanska bågar« բանաստեղծությունը շվեդերենով):
Թարգամանեցին՝ Սիրանուշ Փարսադանյանն ու Հասմիկ Հակոբյանը