Էդուարդ Հարենց | Տասնմեկերորդ պատվիրան

Ես հավատում եմ

Աստծուն,
քանզի չեմ
սիրում:
Որովհետև վախենում եմ
հորիցս,
ով ինձ չի հավատում,
բայց սիրում է:

 

***
Բանաստեղծությո′ւն,
կուրծքդ թաքցրո′ւ
ուղղահայաց
և բութանկյուն լեշերից,-

հոտը օդակաթիլային հիվանդություն է…

 

***
Ես քեզ հիշում եմ,-
և գամերն ավելի′ խորն են զբոսնում,-
անունիդ միջով…

Ես քեզ հիշում եմ,-
և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-
մարգերում Կույսի համաստեղության…

Ես քեզ հիշում եմ,-
և սուզվում է շախմատիս Տապանը,-
Էշը Տապանում էր…

Չէ՞ որ սիրում ես ինձ:
Ուրեմն` հիշի′ր…

 

Գրաֆիտի

Իջեցընել ջերմաչափը
հրեշտակի թևի տակից`
ուղիղ կիտրոնի մեջ:

Ի′նքդ մաշվել
վերին ճնշման սանդղակն
ի վար`
դեղնակարմիր երախտիքի…

Անկատարյալ մեղքի շեղբով`
աղոթքներից դուրս սփրթնած
անեղանակ խազե՜ր քաշել
ապակուց ներս…

Սնդիկն առնել ափերիդ մեջ,
շնչել բույրը անվերջնական պատվիրանի,
լեզվով պեղել սիրո աղը…

Ու ջրերի վրա գլորել սնդիկը`
որպես
արամեական վարդի փշով ձկան աչք…

 

Տասնմեկերորդ պատվիրան

Երբ Սերը բաց ես թողել ձեռքիցդ,
ծափահարի′ր
հոգուդ «տկարությանը»:
Եվ ի ներումն Լույսի, որ թռավ
թարթիչներիցդ,-
ծափահարի′ր` ափդ այտիդ,
որից պոկեցիր բույրերի սրինգը:
Սրի′նգն ապտակիր…

Մի ձեռքը նույնպես ծափ է տալիս:

 

Լոբաչևսկու երկրաչափություն

(հատվող զուգահեռներ)

Քրիստո՞սն է որդի,
թե՞ Որդին է քրիստոս…

Ո′չ մեկը, ո′չ մյուսը…

Քանզի Մա′յրն էր միածին`
չնայած երկու արգանդափող
ուներ…

 

***
Անունս չկա
իմ անվան միջով:

Չկա-ն անունս է
քո անվան միջից:

Անունդ չկա′ր
քո անվան միջում…

 

***
Վտանգավոր է երանգի ձայնը:
Գույնի աչք թարթելը
բանաստեղծություն է,
որից
ենթադրի′ր Աստծո «որպեսզի»-ն`
… փրկվե′ս…

 

***

Բառերիդ համար խեցիներ չունե՞ս:
Մի րոպե սպասի′ր,
ձեռքս տանում եմ` աչքերս հանեմ…

 

***
Մաշկային շնչարգելությանս
պահերին
սպիտակ թղթի մաշկից եմ
օգտվում:

Փայտը չգրված բանաստեղծություններ է
հիշում իմ մասին:

Քեզ մոռանալիս փնտրում եմ ծառդ…

 

***
Սարդը տավիղ է նվագում
սեփական սարդոստայնի վրա:

Մանուկը տավիղ է նվագում
մոր կուսաթաղանթի վրա:

Աշակերտը տավիղ է նվագում
ընթրիքի սփռոցի վրա Ուսուցչի:

Ձկները տավիղ են նվագում
ծով նետած ուռկանի վրա ձնորսի:

Վրձինը տավիղ է նվագում
թմբկաթաղանթի վրա Վան Գոգի:

Ստվերը տավիղ է նվագում
անվան հիշողության վրա:

Որդը տավիղ է նվագում
երազիս որդան կարմիրի վրա:

Տավիղը ե′ս եմ,
ո՞վ է ինձ նվագում…

 

Զվարթնոց

Խոյակ առ խոյակ
ժամանակների ուսերը մաշող
քարե շուրջպար`
ինչպես քոչարին
անթաշկինակ օրիորդների…

Խաչքարերը թաշկինակներն են նրանց…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *