Լա՛վ, ուրեմն այսպես․ ամենասկզբից էլ լսել եմ բոլորի պատմությունները, և ինձ թվում է, որ նմանատիպ բաների համար գոյություն ունեն մի քանի հիմնական կաղապարներ։ Առաջինն այն է, որ այստեղ ողջերի աշխարhն է, իսկ ահա այնտեղ՝ մեռյալներինը, և պատմությունը այդ երկուսի հատման մասին է։ Ուրվականներ և նմանատիպ բաներ։ Եվ կա մեկ ուրիշ տեսակ, որտեղ գոյություն ունեն արտասովոր երևույթներ կամ ունակություններ, որոնք դուրս են ամենօրյա եռաչափ փորձառությունից։ Էքստրասենսոր ունակություններ, կանխազգացումներ և նման բաներ։ Եթե բաժանելու լինեք դրանք, կարծում եմ, որ կբաժանեք հենց այս երկու խմբերի։
Եվ եթե շարունակեք այն, ինչի մասին ասում եմ, կարծում եմ կտեսնեք, որ յուրաքանչյուրն էլ կա՛մ մի, կա՛մ մյուս տեսակի փորձ ունեցել է։ Նկատի ունեմ, որ նա, ով ուրվականներ է տեսնում, նորից ու նորից կարող է ուրվականներ տեսնել, բայց երբեք չունենալ կանխազգացումներ, իսկ նա, ով էքստրասենսոր ունակություններ ունի, անընդհատ կարող է կանխազգացումներ ունենալ, բայց երբեք չտեսնել ուրվականներ։ Գաղափար չունեմ, թե ինչու է այդպես, բայց ինչ-որ պատճառով այդ ամենը հենց այդպես է աշխատում։ Կամ, համենայն դեպս, ես եմ այդպես մտածում։
Եվ, իհարկե, կան որոշ մարդիկ, որոնք այս խմբերից ոչ մեկին էլ չեն պատկանում։ Օրինակ՝ ես։ Արդեն երեսուն տարուց ավելի ապրում եմ, բայց ոչ մի անգամ ուրվական չեմ տեսել։ Ոչ էլ երբևէ տեսիլք, կանխազգացում կամ նմանատիպ բան եմ ունեցել։ Նույնիսկ եղել է դեպք, երբ երկու ընկերներիս հետ վերելակի մեջ եմ եղել, և նրանք երկուսն էլ ուրվական են տեսել, իսկ ես ոչինչ էլ չեմ տեսել։ Մոխրագույն զգեստով մի կնոջ էին տեսել, որը կողքիս էր կանգնած, բայց իրականում ոչ մի կին էլ չկար վերելակում։ Միայն մենք երեքս էինք։ Լրիվ լուրջ եմ ասում։ Եվ այդ երկուսն էլ այնպիսինը չէին, որպեսզի գլխիս խաղ խաղային։ Իհարկե, սահմռկեցուցիչ փորձ էր, բայց փաստը մնում է փաստ․ ես երբեք ուրվական չեմ տեսել։
Բայց մի անգամ, ընդամենը մի անգամ եմ վախ զգացել հոգուս խորքում։ Մեկ տասնամյակ առաջ է եղել, բայց երբեք ոչ ոքի չեմ պատմել։ Նույնիսկ դրա մասին խոսելն էր սարսափեցնում ինձ։ Այնպիսի զգացում էր, ասես եթե խոսեմ դրա մասին, կարող է նորից կատարվել։ Դրա համար էլ տասը տարի է լռում եմ։ Բայց այսօր երեկոյան լսելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պատմում իրենց սարսափելի պատմությունները՝ ես՝ որպես սեփականատեր, չեմ կարող փակել հաստատությունը՝ առանց վերջում որևէ բան ասելու։ Այսպիսով՝ որոշեցի խոսել։
Ո՛չ, խնդրում եմ, ծափահարելու կարիք չկա։ Իրականում մեծ բան չէ։
Ինչպես արդեն նշել եմ, երբեք ուրվական չեմ տեսել և ոչ էլ որևէ յուրահատուկ ուժ ունեմ։ Կարող է մտածեք, որ պատմությունս այնքան սարսափելի չէ ոնց ինձ համար, բայց հնարավոր է, որ այդպես չմտածեք․ հետո ի՞նչ։ Հոգ չէ, եթե այդպես լինի։ Այնուամենայնիվ, իմ պատմությունն այսպիսինն է։
Ավագ դպրոցը թողել եմ վաթսունականների վերջին՝ քաղաքացիական անկարգությունների շրջանում, երբ թվում էր, թե ամբողջ համակարգը փլուզվում էր։ Ինչ վերաբերում է ինձ, ես նույնպես այդ հոսքի մաս դարձա, հրաժարվեցի քոլեջ ընդունվելուց և մի քանի տարի թափառեցի ամբողջ Ճապոնիայով՝ պատահական աշխատանքներ կատարելով։ Կարծում էի, որ դա կյանքը վարելու ճիշտ եղանակ էր։ Դե՜, այո՛, շատ ուրիշ բաներ էլ եմ արել։ Եվ դրանցից որոշները վտանգավոր էին։ Երիտասարդ էի և հիմար։ Բայց երբ հիմա մտածում եմ այդ մասին, կարծում եմ, որ զվարճալի ապրելակերպ էր։ Եթե կյանքս նորից ապրելու հնարավորություն ունենայի, հավանաբար նույնն էի անելու։ Այդ տեսակ մարդ եմ։
Թափառումներիս երկրորդ տարվա աշնանը երկու ամիս որպես գիշերային պահակ աշխատեցի միջնակարգ դպրոցում։ Այդ միջնակարգ դպրոցը Նիիգաթա պրեֆեկտուրայում էր։ Ամռանը իրոք ծանր աշխատանք էի կատարել, դրա համար ուզում էի մի փոքր հանգստանալ։ Եվ գիշերային պահակ լինելը զվարճալի էր հնչում։ Ամբողջ օրը կարող էի քնել դռնապանի խցիկում, իսկ գիշերը միայն երկու անգամ պետք է շրջեի և ստուգեի ողջ շինությունը։ Բացի դրանից՝ կարող էի սկավառակներ լսել երաժշտության դասասենյակում կամ գիրք կարդալ գրադարանում կամ էլ միայնակ բասկետբոլ խաղալ մարզասրահում։ Գիշերը միջնակարգ դպրոցում միայնակ լինելն այնքան էլ վատ չէր։ Ո՛չ, ամենևին էլ վատ չէր։ Երբ 18 կամ 19 տարեկան ես լինում, ոչնչից չես վախենում։
Քանի որ ոչ մեկդ հավանաբար երբևէ չեք աշխատել որպես գիշերային պահակ միջնակարգ դպրոցում, արագ կբացատրեմ, թե ինչ գործընթաց է դա։ Պետք է պտտվեի ամբողջ դպրոցում մի անգամ ժամը 9։00-ին, մի անգամ ժամը 3։00-ին։ Կարգն այդպես էր։ Դպրոցի շենքը համեմատաբար նոր եռահարկ բետոնե կառույց էր, որտեղ 18 կամ 20 դասասենյակ կար։ Այդքան էլ մեծ դպրոց չէր։ Կային նաև երաժշտական սենյակ, լաբորատորիա, ձեռագործության և արվեստի սենյակներ, ինչպես նաև աշխատակազմի սենյակ և տնօրենի աշխատասենյակ։ Գլխավոր շինությունից բացի՝ կային նաև ճաշարան, լողավազան, մարզասրահ և լսարան։ Հիմնականում սա այն ամենն էր, ինչ ես պետք է հսկեի։
Մոտավորապես քսան վերահսկման տեղ կար, որոնք հսկողական պտույտների ընթացքում մեկը մյուսի հետևից պետք է գնդիկավոր գրիչով նշեի ձևաթղթում։ Աշխատակազմի սենյակ՝ ստուգված, Լաբորատորիա՝ ստուգված․ նման ձևով։ Իհարկե, կարող էի շարունակել քնել դռնապանի խցիկում ու թղթի վրա գրել․ «ստուգված, ստուգված, ստուգված»։ Բայց այդ աստիճան ծույլ չէի։ Այսինքն՝ այնքան էլ ժամանակատար չէր, և ամեն դեպքում եթե մեկը ներխուժեր, կարող էր քնած ժամանակ հարձակվել վրաս։
Այսպիսվ՝ ժամը 9։00-ին և 3։00-ին վերցնում էի մեծ լապտերը և կենդոյի թուրն ու գնում շրջելու դպրոցում։ Լապտերը ձախ ձեռքումս էր, կենդոյի թուրն՝ աջ։ Երբ ավագ դպրոցում էի սովորում, զբաղվել էի կենդոյով, դրա համար լիարժեք վստահ էի, որ կկարողանայի պաշտպանել ինքս ինձ։ Եթե սկսնակը հարձակվեր վրաս սամուրայի թրով, այդքան էլ չէի վախենա։ Բայց դա այն ժամանակ էր։ Եթե դա հիմա կատարվեր, առանց ժամանակ կորցնելու փախուստի կդիմեի։
Հոկտեմբերյան քամոտ գիշեր էր։ Շատ ցուրտ չէր։ Ճիշտն ասած, այնտեղ մի քիչ խոնավ էր։ Երբ գիշերը եկավ, մոծակներն անտանելի դարձան, և հիշում եմ, որ մոծակների դեմ մի քանի պարույրներ վառեցի։ Ամբողջ գիշեր քամին ոռնում էր։ Երբ լողավազանի դուռը թխկթխկում էր քամուց, այնպիսի ձայն էր գալիս, ասես կոտրված լիներ։ Ինքս ինձ մտածում էի, որ պետք է վերանորոգեմ այն, բայց մութ էր, դրա համար մտափոխվեցի։ Ամբողջ գիշեր այն շարունակում էր թխկթխկալ։
Ժամը 9։00-ի հսկողական պտույտի ընթացքում ոչինչ տեղի չունեցավ։ Բոլոր քսան վերահսկման տեղերի մոտ նշեցի «նորմալ»։ Դռներն ամուր փակված էին, և ամեն բան իր տեղում էր։ Ոչ մի արտասովոր բան չկար։ Վերադարձա դռնապանի խցիկ, զարթուցիչը դրեցի ժամը 3։00-ի վրա և խորը քուն մտա։
Երբ ժամը 3։00-ին զարթուցիչը հնչեց, տարօրինակ զգացումով արթնացա։ Չեմ կարող հստակ նկարագրել, բայց շատ անսովոր զգացում էր։ Որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ չէի ուզում վեր կենալ։ Զգում էի, որ մարմինս դիմադրում էր արթնանալու կամքիս։ Սովորաբար միանգամից եմ արթնանում, դրա համար էլ տարօրինակ էր։ Բայց վերջիվերջո դժվարությամբ վեր կացա, որպեսզի գնամ հսկողական պտույտ կատարելու։ Լողավազանի դուռն այդպես էլ թխկթխկում էր, ինչպես և ավելի վաղ։ Բայց զգացում ունեի, որ ձայնը փոքր-ինչ ուրիշ էր, քան առաջ։ Հնարավոր է՝ դա ուղղակի իմ երևակայությունն էր, բայց տհաճ զգացում ունեի։ «Ա՛յ քեզ անախորժություն,» – մտածեցի ես։ Չէի ուզում հսկողական պտույտ կատարել։ Բայց, իհարկե, հավաքեցի ինձ և դուրս եկա։ Եթե մի անգամ կեղծեի, անընդհատ անելու էի։ Վերցրի լապտերս, կենդոյի թուրս և դուրս եկա դռնապանի խցիկից։
Սարսափելի գիշեր էր։ Քամին ավելի ու ավելի էր ուժեղանում, իսկ օդն ավելի խոնավ էր դառնում։ Մարմնովս սարսուռ էր անցնում, և ոչնչի վրա չէի կարողանում կենտրոնանալ։ Սկզբում ստուգեցի մարզասրահը, լսարանը և լողավազանը։ Երեքն էլ նորմալ էին։ Լողավազանի դուռը շարունակում էր թխթխկոցով բացվել և փակվել, ասես խենթ լիներ, որը թռչկոտում էր և անիմաստ տարուբերում գլուխը։ Ընդ որում՝ միանգամայն անկանոն կերպով․ այո՛, այո՛, ո՛չ, այո՛, ո՛չ, ո՛չ, ո՛չ․․․ Գիտեմ, որ իրոք տարօրինակ համեմատություն է, բայց այդ ժամանակ այդպիսի տպավորություն էր։
Դպրոցի գլխավոր շենքում ամեն բան կարգին էր։ Ինչպես միշտ էր։ Արագ կատարեցի հսկողական պտույտներս, բոլոր վերահսկման տեղերի մոտ նշեցի «նորմալ»։ Վերջիվերջո թվում էր, թե ամեն բան կարգին էր։ Որոշակի թեթևությամբ որոշեցի վերադառնալ դռնապանի խցիկ։ Վերջին վերահսկման տեղը կաթսայատունն էր, որը գտնվում էր ճաշարանի կողքին՝ դպրոցի հեռավոր արևելյան թևում։ Դժբախտաբար դռնապանի խցիկը դպրոցի հեռավոր արևմտյան թևում էր։ Այդ պատճառով վերադառնալիս ստիպված էի անցնելու առաջին հարկի ողջ միջանցքը։ Բնականաբար ակնակույր խավար էր։ Երբ լուսինը փայլում էր, մի փոքր լույս էր ընկնում միջանցք, իսկ եթե ոչ, ապա ոչինչ չէր երևում։ Հետ էի գնում՝ լապտերով լույս գցելով դիմացս։ Քանի որ այդ գիշեր ուժեղ փոթորիկ էր սպասվում, լուսինը դեռ դուրս չէր եկել։ Ժամանակ առ ժամանակ կայծակ էր փայլատակում, իսկ հետո նորից մթություն էր տիրում։
Այդ գիշեր սովորականից ավելի արագ էի գնում միջանցքով։ Բասկետբոլի կոշիկներիս ռետինե ներբանները ճռճռում էին լինոլեումի վրա։ Միջանցքի գետինը կանաչ լինոլեումով էր պատված։ Մինչև հիմա աչքիս դիմացն է։
Միջանցքի մոտավորապես կես ճանապարհին դպրոցի մուտքն էր, և երբ անցնում էի դրա մոտով, հանկարծ այնպիսի զգացում ունեցա․ «Ա՛յ քեզ․․․»։ Թվում էր, թե ինչ-որ կերպարանք է նշմարվում մթության մեջ։ Աչքիս պոչով տեսա։ Ամուր սեղմեցի թուրս և դրա կողմ շրջվեցի։ Մի ակնթարթում լապտերիս լույսն այդ կողմ ուղղեցի։ Կոշիկի պահարանի կողքին՝ պատի վրա մի բիծ էր։
Այնտեղ նաև ես էի կանգնած։ Այսինքն՝ այնտեղ հայելի էր։ Ոչինչ չկար այնտեղ՝ բացի իմ սեփական արտացոլանքից։ Երևի թե նոր էին տեղադրել, որովհետև դրանից մեկ օր առաջ այն չկար։ Ահա թե ինչու անակնկալի եկա։ Մեծագույն թեթևություն զգացի։ «Հիմարություն», – ինքս ինձ մտածեցի։ Շարունակելով կանգնել հայելու առաջ՝ մի կողմ դրեցի լապտերը, գրպանիցս հանեցի ծխախոտն ու սկսեցի ծխել։ Ծխում էի՝ ինքս ինձ հայելու մեջ նայելով։ Փողոցի լապտերի լույսի փոքրիկ շողը ներս էր ընկնում պատուհանից ու հասնում մինչև հայելին։ Մեջքիս հետևում լողավազանի դռան զրնգուն ձայնն էր լսվում։ Մոտավորապես երեք մուխ քաշելուց հետո հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատեցի։ Հայելու մեջի պատկերը ես չէի։ Արտաքնապես ես էի։ Դրանում ոչ մի կասկած չկար։ Բայց բացարձակապես ուրիշ մարդ էր։ Բնազդաբար էի զգում։ Չէ՛, սպասե՛ք, սխալ է։ Իհա՛րկե, ես էի։ Բայց ես էի՝ ինձանից դուրս։ Այնպիսի կերպարում էի, որում չպիտի լինեի։
Այդքան էլ լավ չեմ բացատրում։
Բայց միակ բանը, որ այդ պահին հստակ հասկանում էի, այն էր, որ ինձ նայող մարդը մինչև հոգու խորքը ատում էր ինձ։ Այդ ատելությունը մթագույն այսբերգի էր նման․ ատելություն, որը ոչ ոք չէր կարող բուժել։ Դա էր միակ բանը, որ հասկանում էի։ Մի պահ քարացել էի՝ անկարող շարժվելու։ Ծխախոտը մատներիս արանքից ընկավ գետնին։ Հայացքներս միմյանց էինք հառել։ Մարմինս անշարժ էր, ասես կապկպված լիներ այնտեղ։ Վերջիվերջո մյուս տղան շարժեց ձեռքը։ Ձախ ձեռքի մատները դանդաղ դիպան այտին, հետո կամաց-կամաց անցան դեմքի վրայով։ Հասկացա, որ ես էլ եմ նույնը անում։ Այնպիսի տպավորություն էր, ասես ես ինքս արտացոլանք եմ։ Նկատի ունեմ, որ ասես նա վերահսկում էր ինձ։
Հետո բոլոր ուժերս հավաքելով՝ գոռացի այնքան բարձր, որքան կարող էի։ «Բո՜»-ի նման մի բան գոռացի։ Դրա հետ մեկտեղ կապերը մի փոքր թուլացան։ Կենդոյի թուրն ամբողջ ուժով հայելու կողմը նետեցի։ Լսեցի կոտրվող հայելու ձայնը։ Առանց հետ շրջվելու վազեցի իմ սենյակ, կողպեցի դուռն ու մտա անկողին։ Լողավազանի դռան ձայնը լսվում էր մինչև առավոտ։
Այո՛, այո՛, ո՛չ, այո՛, ո՛չ, ո՛չ, ո՛չ․․․ և այլն, և այլն։
Հավանաբար արդեն հասկացաք, թե ինչով է ավարտվում պատմությունը․ ոչ մի հայելի էլ չկար այնտեղ։ Ոչ մի նման բան։ Միջանցքում՝ կոշիկի պահարանի կողքին, երբեք էլ հայելի չէր տեղադրվել։
Ուզում եմ ասել, որ ուրվական չէի տեսել։ Ինքս ինձ էի տեսել։ Այդպես էլ չկարողացա մոռանալ այն վախը, որը զգացել էի այդ գիշեր։
Թերևս նկատել եք, որ ոչ մի հայելի չկա իմ տանը։ Նույնիսկ սափրվելիս հայելի չեմ օգտագործում, չնայած որ այդպես ավելի շատ ժամանակ եմ վատնում։ Պատմությունը ճշմարիտ է։
Թարգմանությունը անգլերենից Էլիզա Ստեփանյանի