Գոլի Թարաղի | Հասարակ մի կյանք

  «Մտքի փարոս» կեղծանվամբ Ալիռեզա Մ-ն սաստիկ ապշեց իր բանաստեղծությունների առաջին ժողովածուի՝ տպագրության արտոնություն չստանալու առիթով: Մտածեց. «Մի՞թե հնարավոր է»,- ու զարմացավ: Մի պահ (խոսքը մեր մեջ) սրտի խորքում երջանկացավ և հանգիստ շունչ քաշեց: Սակայն, ի վերջո, աչքերի առաջ երևան եկավ մոր տխուր ու անհույս պատկերը, և սիրտը մռայլվեց: Գիրքը նվիրել էր նրա հոգուն ու հիշատակին և ամեն գիշեր՝ քնելուց առաջ, լսում էր նրա ձայնը. «Կեցցե՛ս, իմ հանճարեղ որդի: Վերջապես հաջողեցիր այն գործում, որ քեզ համար էի ընտրել: Շնորհակալ եմ քեզ: Հիշի՛ր՝ այս հաջողությանդ համար ինձ ես պարտական»:
Անտեղի պահանջ էլ չէր: Առանց նրա Ալիռեզան դատապարված էր մի համեստ ու հասարակ կյանքի: Թերևս մի փոքրիկ մանկապարտեզում անհայտ ու աննշան դաստիարակ լիներ: Անկեղծ ասած, Աստծուց դա էր խնդրում: Երեխաների հետ ասել-խոսելու սիրահար էր: Եթե մարդիկ իր մասին դատողություններ չանեին, գործը խաղն ու չարաճճիությունը կլիներ: Սակայն մայրն իր համար մեծ երազանքներ ուներ:
«Ալիռեզա՛, տղաս, աշխարհին ներկայացիր որպես կարևոր ու հեղինակավոր մի անձնավորություն: Նայիր պատմության մեծերին, աշխարհահռչակ գիտնականներին, մարզիկներին, համաշխարհային արվեստագետներին: Քեզ էլ նրանց կարգին դասիր»:
Ալիռեզան գլուխը կախում էր և ծածուկ տագնապով ականջ անում մոր խոսքերին: Չէր ուզում հակաճառել նրան ու սիրտը կոտրել: Նրա անհույս հայացքի ու վշտաբեկ աչքերի համբերությունը չուներ: Բայց, լավ, ինչպե՞ս կարող էր դառնալ վազքի չեմպիոն, երբ ոտքերը թույլ էին, և ծանր շնչառություն ուներ: Կամ ինչպե՞ս կարող էր մեծ երաժիշտ դառնալ, երբ ձախ ականջն էր թույլ, և սեր էլ չուներ երաժշտության հանդեպ: Զոռբայությամբ հո հնարավոր էր: Գուցե, եթե շատ, շատ, շա՜տ զոռբայություն աներ, ողջ ջանքերն ի գործ դներ, իրեն կեղեքեր, հնարավոր լիներ:
«Սիրելի՛ տղաս, Մոցարտը հանճար էր, բայց առանց իր հոր, ոչ մի տեղ էլ չէր հասնի: Հայրն էր, որ նրան ստիպում էր աշխատել: Քուն-դադար առել էր նրանից: Նրան հանգիստ թողներ, մեծ հանճարն իր ժամանակը զուր տեղը կվատներ: Հասկացա՞ր»:
Ալիռեզան ուզում էր ասել, որ խեղճ Մոցարտն ինչ կյանք ու դժբախտ ճակատագիր ունեցավ: Այն ողջ հռչակն ինչի՞ն էր պետք: Չէ՜, սիրելի մայրիկ, ես չեմ ուզում նրա նման լինել: Այս խոսքերը, անշուշտ, թաքուն ու ներքին փսփսոցներ էին: Լեզու չէին առնում:

Մոր մահից հետո Ալիռեզան ինքն իր հետ ուխտ էր կապել, որ մեկ անգամ, երբ էլ որ լինի, ի կատար ածի նրա երազանքը: Անգամ  նրա բացակայությամբ: Վստահ էր, որ մոր փափագող հոգին լուր կառնի և ուրախությունից գլուխկոնծի կտա ամպերի վրա: Բանաստեղծությունների ժողովածուի տպագրությունը փառքի գագաթնակետին հասնելու վերջին ճիգն էր, և հակառակ անցյալին, երբ ոչ մի անգամ հաջողություն չունեցավ որևէ ասպարեզում, այս անգամ մի անհայտ պատճառով, բյուր քաղցր երազներով ու անուրջներով, աճապարանքով ու ոտաբոբիկ դեպի գալիքն էր վազել: Երեք ամիս էր, ինչ րոպեներն էր հաշվում (անգամ քնի մեջ) և պատասխանի սպասում (իհարկե, դրական պատասխանի). հետո՞: Իրեն պատկերացնում էր գրական մրցանակ ստանալիս, և սիրտն ուրախությունից ու շփոթությունից ուժգին թպրտում էր: Ձեռքով էր անում երևակայական մարդկանց և գլխի տարուբերումով շնորհակալություն հայտնում իրեն ծափահարող երևակայական ամբոխից: Ցանկանում էր՝ մայրը ողջ լիներ ու տեսներ իր հաջողությունները: Կկանգնեցներ իր մոտ՝ կողք կողքի, և մայր ու որդի մասնակիցը կդառնային այդ երանավետ րոպեների հաճույքի:
Մտքի փարոսը մոր հետ երևակայական երկխոսության մեջ էր, երբ տան հեռախոսը զանգեց: Ալիռեզան այնքան շփոթված թռավ ու վազեց, որ ոտքը կպավ գորգի պռնկին, և գլուխը հարվածեց սենյակի կիսաբաց դռանը: Սրտխփոցի դիմաց ցավը ոչինչ էր: Լսափողը դրեց աջ ականջին, որն ավելի լավ էր լսում:
– Այո, այո: Ես եմ: Ալո, խոսեք: Լսում եմ Ձեզ:
Ալիռեզայի հրատարակիչը հանգիստ էր: Երկար-բարակ չնախապատրաստեց:           – Ցավոք սրտի Ձեր բանաստեղծությունների ժողովածուին տպագրման արտոնություն չտվեցին:
Մի որոշ ժամանակ երկարեց, մինչ նախադասության իմաստը դաջվեց և ամրագրվեց Ալիռեզայի մտքում:
– Արտոնություն չտվեցի՞ն:
– Ոչ: Ասացին՝ տպագրելու ենթակա չէ:
– Տպագրելու ենթակա չէ՞:
– Ցավում եմ:
– Արտոնություն չտվեցի՞ն:
– Այո: Հո չեմ կատակում:
– Չասացին՝ ինչու:
– Ոչ:
– Մեկ-երկու բառով բացատրություն է՞լ: Կախված այն հանգամանքից, որ…
– Ոչինչ:
– Մի՞թե հնարավոր է:

Ալիռեզան ամբողջ շաբաթ երերում էր՝ նման մի մարդու, որի ոտքերը պոկվել են գետնից, և ձեռքն էլ կառչած չէ ոչնչից: Մտածում էր մոր մասին և ամոթահարն փակում կոպերը: Իր սկզբնական տեղն էր վերադարձել: Զրոյական կետին: Այս երեք ամսվա ընթացքում այլ մարդ էր դարձել, կյանքի կտուրին կանգնած մեկը, վեր բարձրացող մեկը, որ միանգամից, հանկարծակի անտեսանելի մի ձեռքի հարվածից երերում էր: Ընկել էր ներքև՝ մի ջրափոսի մեջ՝ ցեխաջրերով լցված: Կյանքում առաջին անգամ ճաշակել էր հաջողության համը – երևակայական հաջողություն: Այնպես էր հավատացել, որ ապագա գրքերի վերնագրերն էլ էր ընտրել: Խոսում էր մոր հետ և համբուրում նրա անտեսանելի ձեռքը: Առանց նրա չէր հասնի այստեղ՝ հաջողության դարպասներին, որին ընդամենը մեկ քայլ էր մնում: Իհարկե, այս ողջ մտքերն ու խոսքերը մի քանի ամիս առաջվանն էին՝ մեծարգո հրատարակչի զանգից ու ծանր մուրճի նման գլխին ընկած լուրը լսելուց առաջ: Քայլում էր ու ինքն իրեն հարցնում՝ ինչո՞ւ:
Չկար մեկը, որ նրան ասեր՝ սիրելի բանաստեղծ, այսպիսի դեպք օրը հիսուն անգամ հիսուն բանաստեղծի, գրողի, նկարչի ու կինոռեժիսորի հետ է պատահում: Ո՞ւր է աշխատանքդ: Մի՞թե դու վերին արտի ցորենն ես: Իհարկե, գիրքդ անհեթեթություն է եղել: Գրիր մեկ ուրիշ գիրք կամ մի ուրիշ գործ փնտրիր:
Ալիռեզան, մինչև չհասկանար գրքի մերժվելու պատճառը, չէր հանդարտվի: Խուսափել էր այնպիսի բառեր օգտագործելուց, որ, իր կարծիքով, գլխացավանք կառաջացնեին: Բանաստեղծությունների ժողովածուն սկզբից մինչև վերջ հարյուր քսան անգամ կարդացել էր ու հարյուր քսան անգամ բառերն ու նախադասությունները զգուշորեն սղագրել էր այն վախից, թե հանկարծ գլխացավանքի պատճառ կդառնան: Բանաստեղծությունների ոչ մի բեյթ թե՛ ակնհայտորեն և թե՛ այլաբանորեն չէր վերաբերում քաղաքական, մարմնական կամ կրոնական թեմատիկային: Իրականում ոչ մի բանի չէր վերաբերում: Գուցե հենց դա՞ է կասկածի տեղիք տվել: Մի բանաստեղծություն, որ չի վերաբերում ոչ մի բանի, այսինքն՝ ոչինչ: «Ոչինչը» արտաքուստ գլխացավանքից զուրկ բառ էր: Բայց այն կարելի էր հազար ձևով մեկնաբանել: Ինչպես դատարկ ափսեն, որ կարելի է լցնել հազար տեսակ թունավոր կերակուրներով:
Ալիռեզան ցանկանում էր լսել ուրիշների կարծիքը: Բանաստեղծությունների ժողովածուից քսան օրինակ նախապատրաստեց և ուղարկեց բոլոր նրանց, ում ճանաչում էր: Սխալ գործ էր, քանի որ պատասխան չստացավ: Ովքեր իրեն մոտ էին, քաղաքակիրթ ժպիտով ու կցկտուր մի քանի նախադասությամբ թեման փոխեցին: Մեկ-երկու հոգի խոսեցին գրքի շապիկից կամ քննադատեցին թղթի տեսակն ու գրքի տպագրական վրիպակները: Մի ընկեր ասաց՝ բանաստեղծական ժողովածուի համար երեսունհինգ էջը սակավ է, իսկ մի այլ ընկեր նշեց, թե չորս էջ էլ ավել է: Ալիռեզան ամոթխած նայեց մոր՝ պատի վրայի ոսկյա շրջանակի միջի մեծ լուսանկարին և գլուխը կախեց: Քթի տակ ասաց.
– Սիրելի՛ մայրիկ, հավատա, որ ես ողջ ջանքերս գործի դրեցի: Այս անգամ էլ չեղավ: Սա իմ ճակատագիրն է: Մի անպիտան որդու դառը ճակատագիր: Երանի այդ աշխարհում իմանաս իմ ճակատագրի գաղտնիքը:

            Ալիռեզայի (ապաշնորհ որդու) անցյալը չընդհատվող պարտությունների շարան էր: Երբ երեխա էր, թույլ ու վտիտ ոտքեր ուներ և դանդաղ էր քայլում: Հարթաթաթ էր, ու ոտքերը հեշտորեն այտուցվում էին: Այսքանով հանդերձ, մայրը թախանձեց, որ նա դպրոցի մեծ բակում անցկացվելիք հարյուր մետր վազքի մրցույթին մասնակցի և հաղթի: Լսո՞ւմ եք: Հաղթի:
Ալիռեզան վազքից սարսափում էր, սակայն մայրը համաձայն չէր համակերպվել նրա անկարողությանն ու վախերին: Մկաններն ամրացնող քսուկներով շփում էր ոտքերը: Առավոտները՝ դպրոց գնալուց մեկ ժամ առաջ (հիշեք՝ Ալիռեզան տասնմեկ տարեկան է), նրան տանում էր տան հարակից զբոսայգի ու ստիպում վազել: Ինքն էլ հետևից վազում էր: Ալիռեզան շնչակտուր էր լինում, ոտքերի ցավից տնքում էր, կաղում, և շատ հաճախ էլ ոտքերից մեկը չէր ծալվում, ընկնում էր ու լաց լինելով վազելուց հրաժարվում:
Մրցույթի օրը վիճակը ծանր էր, և երեխաները ծաղրում էին նրան: Ցանկացավ հետ գնալ, բայց ուշ էր: Սիրտն արագ զարկում էր, իսկ ոտքերը՝ դողդղում: Լացը պատել էր նրան: Այս ամենով հանդերձ, ողջ օրն իրեն կոտորեց միայն հանուն մայրիկի, միայն ու միայն հանուն այդ գեղեցիկ մայրիկի. և ինչքան էլ մեռնելով լիներ, արցունքախառն, շնչակտուր հասավ վերջնագծին և ուշագնաց եղավ: Ափսոս, որ ճանաչվեց վերջին վազողը:
Այս դեպքից հետո Ալիռեզայի մայրն ընդունեց, որ թույլ ու երերուն որդին մարմնամարզիկի համար չի ստեղծվել: Ինքն իրեն ասաց՝ այս տղան զգայական ու բանաստեղծական ոգի ունի. ավելի շատ տաղանդավոր է, քան մարմնամարզիկ: Ալիռեզան ուրախացավ, որ վերջացան վազքի ծրագրերը, և մայրն էլ իրենից ձեռ է քաշել: Ազատ օրերին կարող է մինչև ուշ ժամը պառկել ու ոտքի ցավող մատերը սեղմել երկաթե մահճկալի պռնկին: Սակայն սա ժամանակավոր հանգիստ էր: Ալիռեզան, ծուլության երանությունը դեռ լավ չշակած, մայրը նրան իր հետ տարավ «Ռուդաքի» համերգասրահ: Թեհրանի ֆիլհարմոնիկ նվագախումբը «Կարմեն» օպերան էր ներկայացնում մի հայտնի երգչի հետ: Հայտնի՝ Իրանում: Ալիռեզան հետաքրքրությամբ շուրջբոլորն էր նայում: Իր համար ամեն ինչ նորություն էր: Մայրն աչքի տակով նրան էր նայում ու ժպտում:
Երբ դուրս եկան, Ալիռեզայի ականջին շշնջաց. «Տեսա՝ ինչ հաճույքով էիր ունկնդրում: Ողջ էությունդ տարրալուծվել էր «Կարմեն» օպերայի մեջ: Մինչև հիմա ինչո՞ւ գլխի չէի ընկել: Վստահ եմ՝ մեծ երաժիշտ ես դառնալու»:
Տուն հասնելուն պես Ալիռեզան ընկղմվեց մահճակալի մեջ ու հոգնածությունից անզգայացավ: Բայց մայրը հուզված էր և ողջ գիշեր մտածում էր որդու փայլուն ապագայի մասին: Մի քանի օր անց նրա համար մի թանկարժեք ջութակ գնեց, որոշակի փնտրտուքից հետո մի հանրաճանաչ ու հռչակավոր (հայ հարևանի պատմածով) երաժիշտ գտավ, որ ուսուցանի Ալիռեզային: Մսյո Խաչիկ Վարդանյանը մեծ փոր ուներ և գզգզված ու ալեխառն մազերի խուրձ: Ճանապարհից շնչակտուր հասնում էր, ֆսսացնելով երեք հարկի աստիճաններն էր բարձրանում: Սենյակ էր մտնում և իրեն գցում դռան մոտի առաջին պատահած աթոռին: Թերթի էջի չափի մի թաշկինակ էր գրպանից հանում ու դեմքը սրբում: Նախքան ջութակի պարապմունքները սկսելը երեք-չորս բաժակ ջուր էր խմում և որոշ ժամանակ սպասում, մինչ շունչը տեղը գա: Առաջին օրը Ալիռեզան փորացավ ու սրտխառնոց ունեցավ, և մայրը մի աշխարհ ներողություններով մյսոյից խնդրեց, որ ջութակի պարապմունքը մի քանի օրով հետաձգեն: Մի քանի օրը դարձավ շաբաթ ու ամիս: Մսյո Խաչիկը ժամանակին գալիս էր, ճաշակում թեյ ու քաղցրավենիք, նստում, որոշ ժամանակ Ալիռեզայի մոր հետ, իր գումարը վերցնում ու գնում էր: Մինչև որ, վերջապես, մեկ ամիս անց Ալիռեզան մոր խնդրանքներով ու թախանձանքով դասին ներկայացավ: Ջութակի պարապմունքները մեծ տանջանք էին ուսոցչի ու աշակերտի համար: Մսյոն ասթմա ուներ, և շունչը բարկությունից վերածվում էր ընդհատված սվսվոցի ու խշշոցի խառնուրդի: Ահմամբեր ու անհանդուրժող էր և աղեղը մեկ-երկու անգամ էլ սպառնալից կերպով ճոճել էր Ալիռեզայի գլխավերևում՝ օդում: Այս ծրագիրը երեք ամիս ձգվեց, և ուսուցիչը ծայրահեղ ամոթով Ալիռեզայի մորն ասաց, որ այս տղայից ավելի անընդունակ կյանքում չի տեսել: Ալիռեզայի մայրը երազների աշխարհում էր: Ականջը դնում էր երաժշտական սենյակի դռանը և տղային պատկերացնում մեծ նվագախմբի առաջ նվագելիս: Սենյակի պատուհանները բաց էր թողնում, որ հարևանները լսեն ու վայելեն: Մի անգամ էլ ազգ ու տակին հրավիրեց, որ իրենց աչքերով ականատեսը լինեն Ալիռեզայի տաղանդին: Ալիռեզան կողպվեց վերնահարկի պահեստում ու մոր աղաչանք-պաղատանքներին ուշադրություն չդարձրեց: Ազգականներն էլ այնքան զբաղված էին զրույցով, որ չզգացին էլ Ալիռեզայի բացակայությունը:
Երաժշտության ուսուցչի հուսահատ խոսքերը, այն էլ՝ այդքան բացահայտ, Ալիռեզայի մոր սիրտը՝ ինչպես ոտքի տակ ընկած մի հայելի, հարյուր կտոր արեցին: Հառաչեց, և օշարակի բաժակը, որ ուսոցչի համար էր տանում, ձեռքից ընկավ: Հավատը չէր գալիս, և մսյո Խաչիկ Վարդանյանի սառնասրտությունը նրա հոգնածությանն ու ասթմային վերագրեց: Ջանաց հավուր պատշաճի շահել նրա սիրտը: Նրա համար մի յուղոտ ապուր եփեց և ճաշի հրավիրեց: Ուսոցիչն անհագ ախորժակ ուներ. սեղանին ինչ դրված էր, կլանեց: Երբ ստամոքսը լցվեց, սկսեց խոսել, և ողջ խոսակցությունն իր մասին էր: Ալիռեզան, նստած ուսուցչի դեմ դիմաց, կուլ էր տալիս իր հորանջոցները: Առաջին իսկ հարմար առիթին էր սպասում, որ փախչեր: Ուսուցիչը վերցրեց նրա ապուրի կիսատ ափսեն, դրեց իր դիմաց ու մինչև վերջ կերավ: Գնալիս էլ սեղանից մի քանի տանձ ու դեղձ վերցրեց, գրպանը գցեց, մի փոքր կռացավ, դռան մոտ կանգնած Ալիռեզայի ականջը հայրական ժպիտով ու թաքուն բարկությամբ ուժեղ ոլորեց և գնաց:
Ալիռեզայի մոր ջերմ հյուրընկալությունը չդարձավ ուսուցչի տանջանքների արգելքը: Հաջորդ հանդիպմանը համբերությունը հատեց, և չկարողացավ իր դեմն առնել: Ոչ միայն աղեղը կոտրեց Ալիռեզայի գլխին, այլ նաև ականջն այնպես ոլորեց, որ արյուն եկավ: Ալիռեզան ճչաց, իսկ ուսուցիչը, արյունը տեսնելով այնպես սարսափեց, որ քիչ մնաց՝ կաթված ստանար: Վերցրեց պայուսակն ու գլխարկը, դուռն իր հետևից փակեց ու գնաց: Վերջ երաժշտության դասերին: Փա՜ռք Տիրոջը:

            Սակայն մայրն իր միակ զավակին բաց թողնողը չէր: Անհնար էր հեշտությամբ հրաժարվել իր երազանքներից: Ալիռեզայի պարտությունն իր պարտությունն էր: Որոշ ժամանակ մտածեց և միանգամից ինքն իրեն ասաց. «Իսկ գրո՞ղ»: Վատ միտք չէր: Այո: Այո: Գրող: Ձայն տվեց Ալիռեզային, նրա երեսն ու ձեռքերը թքախառն համբուրեց ու ասաց.
– Ալիռեզա՛, իմ տաղանդավոր տղա: Վստահ եմ՝ մեծ բանաստեղծ ես դառնալու:
Ալիռեզան այլայլված ու տխուր-տրտում նայում էր մոր անցուդարձին ու եռուզեռին: Մայրը սենյակի դատարկ գրադարանը լցրել էր գրքերով, ճաշասեղանին մի քանի տուփ թուղթ, երեք-չորս մատիտ ու գրիչ դրել, գումարած նաև մեծ գրամեքենան:
Ալիռեզայի օրակարգը վերափոխվել էր: Նախաճաշից հետո նստում էր մեծ սեղանի առաջ և գրելու փոխարեն մատիտներն էր սրում: Հետո մի թեմա էր որոնում գրելու համար և այնքան էր ուղեղին զոռ տալիս, որ քունը տանում էր, գլուխը դնում էր սեղանին, և գրիչն ընկնում էր ձեռքից:
Անցավ մի քանի ամիս, և այս ընթացքում Ալիռեզան մի փոքր պատմություն գրեց, որ սկիզբ ու վերջ չուներ, և սյուժեն էլ այն էր, թե մի անհավանական դեպք էր պատահել: Մայրը հանկարծակի կաթված ստացավ, և նրա մեծ երազանքները մնացին օդում կախված: Մի կաճ ժամանակ մնաց Ալիռեզայի սիրուց կառչած, սակայն երկար չտևեց, որ ամեն ինչ՝ անգամ նրա անունը, մտքից թռավ:
Ալիռեզան որոշ ժամանակ սգում էր: Նստում էր մոր դատարկ սնարի առաջ ու լաց էր լինում: Իր դիմաց նրա լուսանկարն էր դնում, մի մոմ վառում և նրա հոգուց օգնություն խնդրում: Երդվում էր նրան, որ մի օր արվեստի անվանի գործիչ կդառնա (թե որ ասպարեզում, ինքն էլ չգիտեր), և արցունքները հորդում էին մոր լուսանկարի վրա: Կյանքն առանց մոր իմաստազուրկ էր: Քարշ էր գալիս դատարկ տարածության մեջ՝ չիմանալով ումից կամ ինչից է կառչած:

            Անցավ մեկ տարի: Այդ ընթացքում Ալիռեզան ոչ մի հանճարաբեր գործի ձեռնամուխ չեղավ: Հանճարը մի կողմ, ոչ մի բանի ձեռնամուխ չեղավ: Նստում էր հեռուստացույցի առաջ ու ննջում:
Մի օր գրական մի ամսագրում աչքն ընկավ պատմվածքների մրցույթի հայտարարության վրա: Մոր ձայնն ականջին շշնջաց. «Տղա՛ս, դու մեծ գրող ես դառնալու»:
Թերթեց ամսագիրը: Կարդաց այնտեղի պատմվածքներից մեկը: Ցանկացավ՝ ինքն էլ գրի դրա նման մի բան: Մի կարճ պատմվածք: Մեկ անգամ էլ կարդաց պատմվածքի մրցույթի պայմանները և նորից մոր ձայնը լսեց, որ քաջալերում էր իրեն: Վեր կացավ, հագավ կոշիկներն ու տանից դուրս գնաց: Տան մոտակայքում մի փոքրիկ գրախանութ կար, ուր գրենական պիտույքներ էլ էին վաճառում: Մի քանի սև մատիտ, երկու կարմիր գրիչ ու մեկ տուփ թուղթ գնեց, տուն վերադարձավ և իսկույն իր սենյակ գնաց: Դուռը ներսից կողպեց: Հնացած գրամեքենան էլ դուրս հանեց: Թղթերը դրեց սեղանին ու նստեց աթոռին: Գրած նախադասությունն ընդգծեց: Սրածայր մատիտը նորից սրեց, կոթը ծամեց ու ընկավ մտքերի մեջ: Չգիտեր՝ որտեղից սկսել և ինչպես շարունակել:
Մտածեց. «Պիտի նախ գտնեմ պատմվածքի թեման»:
Թերթեց մեկ-երկու ամսագիր: Տեսավ՝ գրաքննադատների մեծ մասը սոցիալական պատմվածքներն են գովել:
«Պիտի այնպիսի մեկի մասին գրեմ, որ զոհ է գնացել հասարակության վատ բարքերին»:
Իր շրջապատի մարդկանց մասին մտածեց: Սադիղեն մի ծեր աշխատող էր, որ հին ժամանակներից գալիս էր իր տունը մաքրելու: Ամուսինը մահացել էր, և հինգ երեխա ուներ: Սակայն նրա մասին սրանից ավել չգիտեր: Չէր էլ ուզում իմանալ: Հավաքարար աղա Մորթեզան Ալիռեզայի ծանոթներից էր: Երբեմն իր մոտ սրտի ցավերն էր պատմում, բողոքում կնոջից: Մի անգամ էլ կինը շաքարկտրիչով բացել էր նրա գլուխը: Հետաքրքիր պատմություն էր: Իսկ հետո՞: Դա չորս տող կլիներ:
Մի քանի օր միտքը մի հետաքրքիր անձնավորություն էր փնտրում: Հոր մասին մտածեց և հորից ոչինչ չհիշեց: Երկու տարեկան էր, երբ հորը կորցրեց: Մտածեց գրել մոր մասին: Գրիչի ծայրը պտտեց թղթի վրա: Ո՜չ, ո՜չ: Չէր կարող նրա մասին գրել: Համարձակություն չուներ: Չէ՛: Չէր կարող: Արդեն հույսը կորցնում էր, երբ միանգամից միտքը եկավ մյսո Խաչիկը՝ երաժշտության ուսուցիչը: Այո: Մսյոն տարբերվում էր մյուսներից: Հատկապես, արտաքինով: Կես էջ գրեց մսյոյի դեմքի ու դիմագծերի մասին, իսկ պատմվածքի մնացած մասը նրանից ունեցած վերջին հիշողությանը հատկացրեց:
Մսյոն տարածել էր, թե հանրահռչակ երաժիշտ է և նվագում է Թեհրանի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ալիռեզային դասավանդելն իր տաղանդի վեհագույն աստիճանի համար անվայելուչ էր համարում: Երաժշտության դասերի ավարտից վեց ամիս անց Ալիռեզան մոր հետ անցնում էր Բահար պողոտայի թաղերից մեկով: Կոշիկների ցուցափեղկի հետևից Ալիռեզայի աչքն ընկավ մսյոյի վրա, որ մի հին կոշիկ էր կարկատում: Մայրը նրա կոշիկը վերանորոգելու համար կոշկակարի հասցե էր գտել և հենց այդ խանութն էր փնտրում: Ալիռեզան պատրաստ էր երդվել, որ տեսել է մսյոյին և վստահ էր, որ մսյոն էլ իրենց է տեսել: Երբ խանութ մտան, այնտեղ մարդ չկար: Մայրը խանութպանին ձայն տվեց. որևէ մեկը չպատասխանեց: Խանութի խորքում մի պահեստ կար, որի դիմաց վարագույր էին կախել: Ալիռեզան վարագույրը  մի կողմ տարավ: Տեսավ մսյոյին՝ փոքրիկ պահարանի հետևում թաքնված, մեծ փորի կեսը դուրս ցցված: Չխոսեց և վարագույրը հետ քաշեց:
Տխուր պատմություն էր: Այն հիշելն ու գրի առնելը Ալիռեզային հուզեց: Արցունքները սրբեց և մատիտը նորից սրեց: Հայացք գցեց գրածին: Մի ամբողջ էջ գրել էր:
Ինքն իրեն ասաց. «Մնացածը վաղը կգրեմ»: Եվ մատիտը մի կողմ գցեց:
Հաջորդ օրը ոչինչ չգրեց: Դրա հաջորդ օրն էլ: Մսյոյի պատմությանն ավելացնելու ոչինչ չուներ: Չգիտեր՝ ինչ անել: Դոստոևսկու «Ոճիր և պատիժը» թերթեց: Ութ հարյուր էջ: Խենթացավ: Կարճ պատմվածքների մի քանի ժողովածու վերցրեց ու նայեց: Ամենակարճ պատմվածքը տասը էջ էր: Միէջանի պատմվածք գոյություն չուներ:
Մտածեց. «Պատմվածք գրելն իմ բանը չէ: Ավելի լավ է՝ ոտանավոր գրեմ: Ճապոնական ոտանավորների նման հեշտ: Համ հեշտ են, համ էլ կարճ»:
Միբեյթանի հարյուր քսան բանաստեղծություն գրեց: Ողջ հույսը գրված վերջին գործն էր: Ափսոս, որ Իսլամական առաջնորդության նախարարությունը մերժեց բանաստեղծությունների ժողովածուն:

            Մի գրող ընկեր ուներ, որն իր տան մոտակայքում էր ապրում: Ալիռեզան որոշեց գնալ նրան տեսության, քանի որ լուրեր էին հասել, որ նրա գիրքն էլ է մերժվել: Գոնե մի վշտակից գտած կլիներ: Լավ կլիներ նախքան գնալը զանգահարել գրող ընկերոջը: Հենց այնպես հո չէր կարելի ուրիշի տուն գնալ: Իհարկե, այդ գրողը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Եթե խոսափողն էլ վերցնում էր, հայհոյանքներ էր շաղ տալիս հակառակ ուղղությամբ:
Մտքի փարոսը ահ ու վախով վերցրեց խոսափողը: Երբ հասավ վերջին թվին, մտափոխվեց: Մտածեց. «Գուցե նրան մի լավ լուր է հասել: Կյանքը վերելքներ ու վայրէջքներ ունի: Գնամ, դուռը թակեմ: Մեկ էլ տեսար՝ դուռը բացեց, ուրախացավ»:
Հագավ կոստյումն ու ճամփա ընկավ: Գրողի տունը երկու փողոց վերևում էր: Ձեռքը զգուշորեն դռան զանգին դրեց ու շուտ հետ քաշեց: Գրողը հարցրեց՝ ով է, և երբ համոզվեց, որ խանգարող ծանոթ կամ անծանոթ չէ, տնախոսի կոճակը սեղմեց ու դուռը բաց արեց: Գրողի բնակարանը չորրորդ հարկում էր: Ալիռեզան աստիճաններով շտապ բարձրացավ: Դուռը բաց տեսնելով՝ մտածեց, թե գրող ընկերն ուրախ է իր գալու կապակցությամբ: Կամ, գոնե, մտադիր չէ դուրս շպրտել: Միջանցքի դռան մոտ հանեց կոշիկները և բարձր ողջույնով ներս գնաց:
Գրող ընկերը նստել էր բամբակե մի ներքնակի վրա՝ հենված մեծ բարձին: Ալիռեզան նստեց գրողի ներքնակի դիմացի միակ աթոռին ու ասաց.
– Հուսով եմ՝ չեմ անհանգստացնում: Աշխատում էի՞ր:
Գրողն ուսերը մի կարճ հևոցով թափահարեց:
– Զոդում էի:
Մտքի փարոսը հայացք գցեց ներքնակի շուրջբոլորն ու հարցրեց.
– Ի՞նչն էիր ինչին զոդում:
– Ինձ էի զոդում: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, տեսնում եմ՝ մի հատվածս լքել է ինձ: Մի օր՝ զարկերակս, մի օր՝ ոտքս, մի օր էլ՝ ձեռքիս մատերը: Ամենից վատն ուղեղիս անցքերն են: Ճիշտ մի ցանցկեն: Ինչ միտք հասնում է ուղեղիս, ներքև է թափվում: Ուր է թափվում, չգիտեմ: Գուցե փորիս մեջ: Մեր մեջ ասած, ծերությունը մի անհեթեթ բան է: Մահից էլ վատ է: Ամեն առավոտ հայելու մեջ ինձ եմ նայում ու հարցնում՝ պարո՛ն, ո՞վ եք Դուք: Ի՞նչ եք ուզում իմ մարմնից:
Մի քանի հայհոյանք շաղ տվեց իր՝ էշի հասցեին, որ ժամանակն անիմաստ մի այնպիսի գիրք գրելու վրա է ծախսել, որ եթե տպվեր էլ, բանի պիտանի չէր լինի:
Մտքի փարոսն ասաց.
– Ո՞վ է ասում՝ բանի պիտանի չէր լինի: Վստահ եմ՝ համարյա բոլոր մրցանակները Ձեզ բաժին կհասնեին:
Գրողը դառը ծիծաղեց:
– Տղա՛ ջան, դու ինձանից քսան տարով երիտասարդ ես: Երանի քեզ, որ դեռ երազների մեջ ես: Առաջնային երևակայությանդ գերին ես, և սիրտդ ուրախ է: Ես հիմա այն տարիքին եմ հասել, որ մի փակուղի փողոց եմ իմ դիմաց տեսնում: Այդ փողոցի ծայրին մեծապատիվ Ազրայիլն[1] է կանգնել ու ժպտում է: Այն էլ ինչ ծաղրալից ժպիտ: Ապագայի բանաստեղծ, գրական մրցանակներս քեզ եմ տալիս, քե՛զ լինի:
Մտքի փարոսը չէր եկել՝ լսելու վշտաբեկ խոսքեր: Ցանկանում էր իմանալ՝ Իսլամական առաջնորդության նախարարությունը ինչ պատասխան է նրան տվել: Հարցրեց.
– Երբ Ձեր գիրքը մերժեցին, բացարձակ չէ՞ ասացին, թե՞ պայմանով չէ:
– Պայմանով չէ:
Մտքի փարոսը բավական հետաքրքրվեց:
– Ի՞նչ պայմանով:
– Այն պայմանով, որ գիրքս աղբարկղը նետեմ: Հիանալի պայման էր: Այդպես էլ արեցի: Աղբարկղը լավագույն տեղն է բոլոր տեսակի գրվածքների համար – թերթեր, ամսագրեր, հայտարարություններ, որ դռան հետևն են գցում, նամակներ, հատկապես՝ սիրային նամակներ, հարսանեկան հրավիրատոմսեր: Հիմա ենթադրենք՝ գիրքս տպվեց: Ո՞վ է այն կարդալու: Դուք ու ևս չորս հոգի: Մեզ նմանները պիտի իրենց գրքերի հետ նետվեն աղբարկղը:
Մտքի փարոսն ի սրտե ուզում էր բանավիճել նրա հետ: Ասաց.
– Եթե բոլորը Ձեզ նման մտածեն, անծայրածիր աղբարկղի կարիք կունենանք:
Գրողը բավականաչափ խոսել էր: Վերջին միտքն արտաբերեց.
– Սիրելի՛ ընկեր, Դուք հենց հիմա էլ աղբարկղի մեջ եք: Աշխարհը մի հին աղբարկղ է:
Բանաստեղծն ու գրողը լռեցին: Մտքերի մեջ էին, երբ տան դռան կողպեքի մեջ լսվեց բանալու պտույտը: Հաջորդ պահին սենյակի դուռը բացվեց, և գրողի սպասուհին վեց-յոթ տարեկան մի աղջնակի հետ ներս մտավ: Գրողը սիրալիր ժպիտով ժպտաց աղջկան: Ձեռքը տարավ, ներքնակի տակից հանեց մի գրքույկ ու նրան ցույտ տվեց:
– Ասալա՛ք, արի, սա էլ նվերդ:
Սպասուհին երիտասարդ կին էր: Աֆղանական ակցենտ ուներ: Ասաց.
– Շնորհակալություն: Այսօր էլ է 20 ստացել:
– Էդպես չի լինի՝ ամեն օր 20 ստանաս, ես կսանկանամ: Շաբաթական մի 20, մի նվեր:
Ասալաքը գրքույկը բացեց ու ցույց տվեց գրողին: Գրողը գլուխը տարուբերեց՝ իբրև գոհունակության նշան: Ակնհայտ էր, որ աղջնակը հետը սերտ կապվածության մեջ էր: Գրողի կողքին նստեց, գրքույկը թերթեց և նկարները նրան ցույց տվեց: Գրողը համբուրեց նրա այտն ու ասաց.
– Կեցցե՛ս, հիմա գնա, խելոք բալիկի նման մի անկյունում նստիր: Ես հյուր ունեմ:
Մտքի փարոսն ինքն իրեն ասաց. «Երանի գրելու ու բանաստեղծությունների փոխարեն, մի երեխա ունենայի»: Ասալաքին նայեց և հարցրեց.
– Կլինի՞՝ նկարներդ ես էլ նայեմ:
Ասալաքը գլուխը շարժեց, թե՝ այո, ու գնաց, կանգնեց Ալիռեզայի մոտ: Ալիռեզան մտածեց. «Եթե մայրս էստեղ լիներ, կասեր՝ էս երեխեն մեծ նկարիչ է դառնալու» և ուշադրությամբ թերթեց երեխայի գրքույկը:
– Դու կարո՞ղ ես մի այնպիսի ծառ նկարել, որ լցված լինի ճնճղուկներով,- ասաց Ասալաքը:
– Մեծերի հետ «Դուք»-ով են խոսում,- մայրը հետևից ասաց:
Ալիռեզան ասաց.
– Հանգի՜ստ, այ մարդ, թող խոսի:
– Ես կարող եմ Ձեզ համար մի բանաստեղծություն արտասանել: Աֆղաներեն մի բանաստեղծություն: Մայրիկիցս եմ սովորել,- ասաց Ասալաքը:
Ալիռեզան համաձայն էր, սակայն գրողը համբերություն չուներ: Բարձր հորանջեց, ոտքը կարճ նվվոցով փռեց և Ալիռեզային հասկացրեց, որ հոգնած է, և մարմինը զոդելու ժամանակն է:

            Այդ ողջ գիշեր և հաջորդ օրերին Ալիռեզան միայն մի բանի մասին մտածեց. գիրքը տպագրել: Իր հարգարժան հրատարակիչը ձեռքերն այդ գործից լվացել էր: Ասել էր՝ մինչև մյուս ընտրությունները սպասիր: Վաաա՜… Մինչև ինչքա՞ն: Ով մեռած կլինի, ով սաղ կմնա: Չէ՛: Իրանում անհավանական էր: Իսկ արտասահմանո՞ւմ: Որտե՞ղ: Դա այն տանջալից ու ապարդյուն գաղափարներից էր: Մի՞թե հնարավոր էր: Նախևառաջ ինչպե՞ս գնար արտասահման: Ո՞ր մի անցագրով: Աշխարհի դռները փակ էին իր առաջ, բացառությամբ այն դեպքի, որ ամուսնանար Զիբա խանումի հետ: Զիբա խանումն ո՞վ էր:
Զիբա խանումն այդքան էլ բաժին չուներ գեղեցկությունից[2], սակայն նրա մեծ գեղեցկությունն այն էր, որ Կանադայի բնակիչ էր և կանադական անձնագիր ուներ: Մեկ տարի էր՝ բաժանվել էր ամուսնուց ու տաղանդավոր մի ամուսին էր փնտրում: Ձեռքի տակով մի քանի նկարիչ ու գրող էին անցել, սակայն պարոնայք նկարիչներն ու գրողներն ինչ-ինչ պատճառներով իրենց վրա չէին վերցրել ամուսնական լուծը: Ալիռեզան Զիբա խանումին վաղուց էր ճանաչում: Հանկարծակի հիշեց նրան, և մտքով անցավ, որ նրա հետ ամուսնանալը կարող է գրքի՝ Իրանից դուրս տպագրման համար լավ միջոց լինել: Հենց նույն վայրկյանին մի տարօրինակ դեպք պատահեց: Ալիռեզայի բջջայինը զանգեց: Զիբա խանումն էր: Կհավատա՞ք: Ուրեմն ճիշտ է, որ սիրտը դեպի սիրտ ճանապարհ ունի: Այո, ինքն էր. մի աշխարհ ահազարհուր լուրերով, որ ըստ Նոստրադամուսի ասածների ու մայաների օրացույցի՝ սպասում էին մարդկանց: Այդ օրվա հեռախոսազանգն էլ նման էր մի շատ վատ երազի, որ երեք գիշեր շարունակ տեսել էր:
Ձայնը դողում էր:
– Ալիռեզա՜, միայն դու կարող ես ինձ հասկանալ:
Մտքի փարոսը հասարակ մարդ էր: Մտածեց ժողովածուի չտպագրման մասին, և սիրտը դող ընկավ: Եթե այդպիսի մի դժբախտություն պատահեր, ողջ երազանքը ջուրը կընկներ, անգամ Զիբա խանումի հետ ամուսնության երազանքը: Իհարկե, մի փոքր խորացավ մտքերի ծովում և ինքն իրեն ասաց, որ կյանքն այդ կնոջ կողքին կուղեկցվի վշտով ու դժբախտ լուրերով և ի վերջո՝ առանց մի հաճույքի: Այնուամենայնիվ, չցանկացավ հույսը կտրել և կատակով ասաց, որ պատմության ողջ շրջափուլերում մարդիկ եղել են այս կամ այն վախի ու սարսափի գերին, և չպետք է ընկնել դրանց հորձանուտը: Պետք է ուշադրություն դարձնել լավ բաների վրա:
– Ինչպես օրինա՞կ,- հարցրեց Զիբա խանումը:
– Ինչպես գիտության առաջընթացը: Ինչպես սերը: Ինչպես ամուսնությունն ու ճամփորդությունը դեպի… ,- սկսեց Ալիռեզան և ցանկացավ ասել Կանադա, բայց տեսավ՝ շատ ակնհայտ է, ասաց Ամերիկա:
Զիբա խանումը խելամիտ կին էր և ենթադրեց: Ծիծաղեց ու ասաց.
– Եվ հյուրասիրությունը:
–  Հյուրասիրությո՞ւնը: Որտե՞ղ:
– Իմ բնակարանում. իմ ու Ֆարիբորզ Խաջուի նշանադրության առիթով:
Զիբա խանումի նշանադրության լուրը երկրաշարժից, ջրհեղեղից ու Դեմավենդ լեռան հրաբխից ավելի ահարկու էր: Ալիռեզային թվաց, թե սրտի վրայի ծանր քարն էլ ավելի է ծանրացել: Ինքն իրեն ասաց. «Է՜, Կանադա, Կանադա: Վա՛յ բախտ բաժանող» և հեռախոսն անջատեց:

            Եկավ հյուրասիրության օրը: Ալիռեզան հագնվեց ու ճանապարհ ընկավ դեպի իր երևակայական հարսանցուի բնակարան: Ուշացել էր, և հյուրերն ընթրիքի սեղանին էին: Ոչ ոք իրեն չէր ճանաչում: Նույնիսկ պարոն փեսացուն: Սեղանի շուրջը դատարկ աթոռ չկար: Մեկը վեր կացավ և իր տեղը նրան զիջեց: Նստած էր Զիբա խանումի դեմ դիմաց: Ճերմակ զգեստը նրա հագին կիպ էր, և փորի ու կողերի մսերը դուրս էին ցցվել:
Ալիռեզան ի սրտե փառք տվեց Աստծուն, որ արդեն նշանվել է, այլապես հնարավոր էր՝ իր վզին փաթաթվեր: Իր կողքը նստածը վեր կացավ, և երջանիկ նշանածը նստեց նրա տեղը: Ներկայացավ ու Ալիռեզայի անունը հարցրեց:
Ալիռեզան մի մտացածին անուն ասաց և ամուր խփեց նշանածի ուսին: Զիբա խանումը հևաց և մի սաստող հայացք նետեց Ալիռեզայի վրա:
Սեղանի շուրջը նստած մի կին ասաց.
– Ես Ձեզ ինչ-որ տեղ տեսել եմ: Չեմ հիշում՝ որտեղ: Բայց որտեղ էլ որ եղած լինեինք, Դուք մեզ համար ասմունքում էիք Ձեր գեղեցիկ բանաստեղծություններից մեկը:
Հյուրերը սկսեցին փսփսալ: Նրանցից մեկն ասաց՝ պիտի մեզ համար էլ ասմունքեք: Զիբա խանումը ծափ տվեց և ասաց՝ այո՜, այո՜, պիտի արտասանեք: Նշանածն ասաց, որ ինքն էլ է գրում, ու իր կարճ պատմվածքներից մի քանիսն էլ թերթերում տպվել են: Ալիռեզան գերադասում էր մեռնել, քան արտաքուստ տաղանդավոր և քաբաբի կտորները կլլող մի խումբ մարդկանց առաջ իր բանաստեղծությունները կարդալ: Ասաց.
– Բանաստեղծություններիս տետրը մոտս չէ: Ներեցեք:
Հյուրերը միասնաբար ընդդիմացան: Կիսաերկար մազերով, զոլավոր վերնաշապիկով (սպիտակ ու կարմիր) ու այծի մորուքով մի պարոն ասաց.
– Իսկական բանաստեղծը հիշում է իր բոլոր բանաստեղծությունները:
– Համաձայն եմ: Ես իսկական բանաստեղծ չեմ: Եթե լինեի էլ, իսկական լսարանի համար կասմունքեի,- պատասխանեց Ալիռեզան:
Զիբա խանումի նշանածը ծխախոտը հանեց: Տեղից վեր կացավ: Գնաց պատշգամբում ծխելու: Թվում էր՝ այդ քննարկումից անհանգիստ է:
Զիբա խանումն ասաց.
– Ես մի հարց ունեմ: Ձեր կարծիքով՝ մեզ ի՞նչ ապագա է սպասում: Նկատի ունեմ՝ ի՞նչ է սպասվում մարդկությանն ու աշխարհին: Հեչ գիտե՞ք, որ Ամերիկան կարող է մի էնպիսի ալիք ուղարկել, որ մեզ բոլորիս տարատեսակ հիվանդություններ հասցնի: Անգամ քաղցկեղ: Կարծում եք՝ էն խեղճ Չավեսն ինչի՞ց մեռավ: Այո՛, քաղցկեղից, բայց ի՞նչը պատճառ դարձավ, որ քաղցկեղ ձեռք բերի:
Ալիռեզան ինքն իրեն ասաց. «Սկսվե՜ց: Տիկին Նոստրադամուս: Հիմա բոլորի հալը կկախնատեսի»:
Հենց այդպես էլ եղավ: Զիբա խանումը Ռուսաստանի և Ամերիկայի աղետների նկարագրությունից հետո բնակլիմայական աղետների ու բնակչության աճի վերաբերյալ փրկության մի ճիչ արձակեց.
– Երևի տեղյակ չեք՝ Հյուսիսային բևեռի ձյուների քառասունհինգ տոկոսը հալվել է: Երեսուն տարվա ընթացքում Ամերիկայի ու Եվրոպայի կեսը ջրի տակ կանցնի:
Մի կին աղեկտուր հարցրեց.
– Բա մե՞նք:
Զիբա խանումը գլուխը վեր բարձրացրեց և վճռականորեն պատասխանեց.
– Բարեբախտաբար Իրանը ծովի մակարդակից բարձր է: Մեզ վտանգ չի սպառնում:
Նշանածը վերադարձել էր: Ծաղրալից ձայնով պատասխանեց իր ապագա կողակցին.
– Մենք Նոյյան տապանով կգնանք նոր աշխարհ: Իհարկե, Նոյը ամենքին չի նստեցնի: Իր հետ միայն ընտրյալներին է տանելու:
Ալիռեզան միջամտեց.
– Կանայք՝ հետևում: Տղամարդիկ՝ առջևում[3]:
Նշանածը, որն իր ապագա կնոջ ոչ բանական խոսքերից ասես ուժասպառ էր եղել, բարձր ծիծաղեց և Ալիռեզայի խոսքը շարունակելով՝ ասաց.
– Մտավորականները՝ տապանի ամբարում: Քառասունն անց կանայք՝ բեռների տակ:
Զիբա խանումը քառասուներկու տարեկան էր և անմիջապես շիկնեց: Զայրացկոտ մի հայացքով սևեռվեց իր նշանածի վրա: Ալիռեզան զվարճացավ: Տանտիրուհուն և հյուրերի դժգոհությանն անուշադիր՝ ծխախոտը վառեց սեղանի վրա ու ասաց.
– Մենք՝ հիսուն տարեկաններս՝ երեսնամյա երիտասարդ աղջիկների հետ տախտակամածին:
Նշանածը համարձակություն ձեռք բերեց, ինքն էլ հանեց ծխախոտը: Սակայն նախքան կնստեր, Զիբա խանումն ուժեղ խփեց ձեռքին ու ծխախոտը խլեց:
– Համեցեք պատշգամբ: Ձեր երկուսի հետ եմ: Ծխախոտի ծուխն առողջության կործանիչն է:
– Հո որոշված է՝ ջրի տակ ենք անցնելու: Ի՞նչ տարբերություն: Ավելի լավ է՝ այսօրվա հաճույքը վաղվան չթողնենք,- ասաց Ալիռեզան:
Հյուրերը լռեցին: Ծանր լռություն էր: Հյուրերից մեկը՝ տիկին Աքեմենյանը (ընկերներն էին այս մականունը դրել) անմիջապես կոտրեց լռությունը: Ազգային հպարտությունից դողացող ձայնով ասաց.
– Հավիտենական Իրանը երբեք չի անցնի ջրի տակ: Իրանը հավերժ կանգուն է:           – Ամեն,- ասաց Ալիռեզան:
Զիբա խանումի նշանածը բարձր ծիծաղեց ու հարցրեց.
– Բա Ամերիկա՞ն:
– Գրողը տանի Ամերիկան: Դա հարյուր տոկոս ջրի տակն է անցնելու,- պատասխանեց տիկին Աքեմենյանը:
– Բա ի՞նչ է լինելու ատոմային բանակցություններից հարցը,- հարցրեց Ալիռեզա:
– Եթե պարզվի՝ Իրանին մեծ աղետ է պատահելու, Կյուրոսը դամբարանում նրանց ցույց կտա:
Մի երիտասարդ աղջիկ վեր կացավ և հավաքեց ընթրիքի ափսեները: Զիբա խանումն իր պատրաստած շոկոլադե տորթը բերեց ու դրեց սեղանի կենտրոնում: Երիտասարդ աղջիկը աղանդերի ափսեները դրեց հյուրերի առաջ: Նշանածն  ու Ալիռեզան գնացին պատշգամբ՝ ծխելու:
Զիբա խանումը հյուրընկալ տանտիրուհու ժպիտով ասաց.
– Համեցեք, աղանդերից օգտվեք: Ֆարիբորզը (նշանածը) քաղցրակեր չէ:
Ալիռեզայի անունը չտվեց: Սկսեց կտրել տորթը և դանակն այնպես խրեց մեջը, ասես նշանածի փորն էր: Ալիռեզայի հետ գործ չուներ: Յուրաքանչյուր պահի էլ կարող էր նրան ցրել, բայց նշանածն իր կյանքի խնդիրն էր: Առաջին անգամ էր հասել այն աստիճանին, որ պետք է շատ մտածել և շուտ որոշում կայացնել:
Երբ հյուրերը կուլ տվեցին շոկոլադե տորթը, և աչքերն արբեցան գոհունակությամբ, Զիբա խանումն ասաց.
– Հիմա կարող ենք հանգիստ մտքով արվեստից ու գրականությունից խոսել:
Նշանածն ու Ալիռեզան ճաշասենյակ էին վերադարձել:
– Վա՜յ, արվեստի քննարկում,- բացականչեց նշանածը:
– Մեր քննարկումը թատրոնի շուրջ է: Եթե կարծիք ունես, ասա, այլապես մի խանգարիր,- ասաց Զիբա խանումը:
Ալիռեզան առույգացավ, մեջ ընկավ երկու նշանվածների խոսակցությանն ու ասաց.
– Արվեստի քննարկումների փոխարեն, որ, իմ կարծիքով, շինծու քննարկումներ են, երգ ու պար միացնենք:
Տիկին Աքեմենյանն ասաց.
– Պարո՛ն բանաստեղծ, Դուք միանշանակ տեղյակ եք պարսից գրականության փառահեղ անցյալից:
– Չափազանց մակերեսային:
Տիկին Աքեմենյանը, գլուխը ցավագին տարուբերելով, ասաց.
– Ուրեմն, ավելի լավ է՝ Իրանի պատմությունն ուսումնասիրեք: Գիտե՞ք՝ այսօր ինչ կա, վաղնջական Իրանից է գալիս:
– Այդ թվում՝ եղբայրասպանությունը, որդեսպանությունն ու դավաճանությունը,- ասաց նշանածը:
Զիբա խանումը, երբ տեսավ՝ քննարկումը սրվել է, իր նշանածի խոսքը կտրեց և ասաց.
– Ում դուր չի գալիս այս երեկոյի մեր խոսակցությունը, կարող է գնալ:
– Ձեր թույլտվությամբ, ես գնամ: Սովոր եմ երեկոյան շուտ քնել,- ասաց Ալիռեզան:
Նշանածն էլ Ալիռեզայի հետևից ճամփա ընկավ: Ցտեսություն էլ չասաց: Երբ հասել էին դռան շեմին, Ալիռեզան ասաց.
– Մեղքն իմն էր: Դուք վերադարձեք: Էդպես ճիշտ չէ:
– Չէ, պարոն: Շունչս չի հերիքում: Ամեն երեկո նույն պատմությունը: Այս կինը սիրում է մտավորականների ու արվեստագետների հետ շփվել: Սիրում է խոսել մշակույթից: Ես նրա համար մի խեղճ մարդ եմ: Շատ ջանաց ինձ արվեստի մի գործի մասը դարձնել: Կինոռեժիսուրա: Նկարչություն: Գրել: Ընկերներին ասաց, թե ես դաշնամուր եմ նվագում և հանճարեղ ընդունակություններ ունեմ:
– Մայրս էլ էր կարծում՝ ես հանճար եմ: Մի մեծ բանաստեղծ եմ: Սակայն, ճիշտն ասած, բանաստեղծություններս բանի պիտանի չեն: Ոչ ինձ են պետք, ոչ էլ մարդկանց:
Պարոն նշանածը տեղում քարացավ. չէր սպասում այդպիսի խոսքեր: Ասաց.
– Ես մտածում էի՝ արվեստագետների համար մեծագույն հաճույքը ուրիշներին գովելն ու փառաբանելն է:
– Ես էլ էի նույնը մտածում: Սակայն վերջերս կարծիքս փոխվել է: Տարիքս առել եմ: Անտարբեր եմ դարձել գործի հանդեպ: Որ ի՞նչ: Մարդկանց գովելն ինչի՞ս է պետք: Իհարկե, մինչև հիմա որևէ մեկն ինձ չի գովել ու փառաբանել: Ո՞ր մի արվեստագետն է երջանիկ եղել, որ ես լինեմ: Դժբախտությունն այն է, որ չեմ հավատում ոչնչի:
– Երազանքս էստեղից գնալն է: Թվում է՝ բանտարկված եմ: Հենց դրա համար էլ ուզում եմ ամուսնանալ Զիբայի հետ: Որովհետև Կանադայի անձնագիր ունի: Կարող եմ հետը Կանադա գնալ: Բայց այս երեկո տեսա, որ կյանքը մի կնոջ հետ, որին չեմ սիրում, դժոխք է: Այն էլ՝ Կանադայում: Ես հրաժարվեցի ամուսնությունից ու Կանադա գնալու բարիքից: Դրա համար Ձեզ եմ պարտական: Եթե այս խոսակցությունները չլինեին, աչքերս փակ էին մնալու: Չէ՛: Հարկավոր է մի ուրիշ միջոց գտնել: Գոնե մի ուրիշ կին:

            Ալիռեզան խորը փոսում էր: Օրերն անցնում էին երկմտանքով, վարանումով ու զղջումով: Նյարդեր չուներ՝ մտածելու Զիբա խանումի և օտար երկիր գնալու մասին: Իրեն պատկերացրեց Կանադայի մինուս քսան աստիճան ցրտին, ու սիտը սառեց: Հիսուն տարեկանը վատ տարիք էր: Ալիռեզան ո՛չ ընկեր ուներ, որի հետևից նայեր, ո՛չ էլ մի հորիզոն իր առաջ: Տանն էր մնում և ծխում ծխախոտը ծխախոտի հետևից: Քունը փախուստի լավագույն միջոցն էր: Ապրում էր իր երազներով, որ խառնիխուռն պատկերների հավաքու էր: Մորուքը երկարել էր, մազերից հոտ էր գալիս: Արտահագուստներով էր քնում և սարսափում ցնցուղի տակ կանգնելու մտքից: Այսպիսի մտածմունքների մեջ էր, երբ բջջայինը զանգեց: Ծանոթ արվեստագետն էր: Իր համար վատ լուր ուներ: Գրող ընկերը կաթված էր ստացել:
Ալիռեզան իրեն շտապ հիվանդանոց գցեց: Գրող ընկերը վերակենդանացման բաժանմունքում էր: Ինչ-որ մեկն արգելեց իրեն հանդիպել նրան: Գոլսահարը՝ նրա տան սպասուհիին, մի փոքր հեռվում կանգնած էր: Լռելյայն լալիս էր: Իր փոքրիկ աղջկան էլ էր բերել: Բուժող բժիշկը հույս չուներ, թե գրողը ոտքի կկանգնի: Իրավացի էլ էր, քանի որ գրողը նույն գիշերը մահացավ: Մի գրոշ անգամ չուներ: Հիվանդանոցի ու Բեհեշթ-Է Զահրա գերեզմանատան ծախսերը Ալիռեզան իր վրա վերցրեց: Հոգեպահուստի կեսը ծախսեց, իսկ մյուս կեսով գրողի՝ վեց ամիս չվճարած տան վարձը տվեց:
Ալիռեզան տեղյակ չէր իր ընկերոջ ներքին կյանքից: Նրա ազգականներին էլ չէր ճանաչում: Սպասուհուց հարցրեց: Նա էլ ոչինչ չգիտեր: Քո՞ւյր, եղբա՞յր, հորեղբա՞յր: Գոլսահարը գլուխը տարուբերեց: Ասաց, որ հինգ տարի է՝ գրողի տանն է աշխատում, երբեք չի տեսել՝ մեկը նրա տուն գա:
Ալիռեզան ու երիտասարդ կինը, Ասալաքի ձեռքից բռնած, գրողի հուղարկավորությանը գնացին և դարձան նրա մոխացման վկան:
Հաջորդ օրը Ալիռեզան պայմանավորվեց գրողի տանտիրոջ հետ, որ հանձնի տունը: Բանալին Գոլսահարի ձեռքն էր: Ինքն ու աղջիկն էլ էին եկել: Գոլսահարն իրերը հավաքեց: Գրողը չուներ ոչինչ՝ բացի մի ներքնակից, մի քանի մութաքայից, մի հին գորգից ու տան մանր-մունր իրերից, որ բոլորը Ալիռեզան տվեց թաղի հավաքարարին: Գրադարանը դատարկ էր: Գրողը հավանաբար մի ծանոթի էր նվիրել կամ վաճառել էր: Իր գրվածքների հետքն էլ չկար: Գոլսահարը բանալին տվեց տանտիրոջը, և դուրս եկան:
– Ինչ-որ տեղ ե՞ս գնում,- հարցրեց Ալիռեզան:
Գոլսահարը ներքև նայեց: Գլուխը տարուբերեց ու ասաց.
– Ամուսինս անհետացել է: Ասում են՝ մեռած է: Ուրիշ մեկն էլ չունեմ:
– Ես 20 եմ ստացել: Ուզում եմ ցույց տալ պարոնին,- ասաց աղջնակը:
Գրողին նկատի ուներ: Ալիռեզան ասաց.
– Կարող ես ինձ ցույց տալ:
– Դու տուն ունե՞ս:
– Ասա՛ «Դուք»: Ճիշտ խոսիր,- մայրը նկատողություն արեց:
– Ուզո՞ւմ ես տեսնել իմ տունը: Շատ փոքր է, մկան բնի չափ է:
– Կատու է՞լ ունես:
Ալիռեզան սկսեց լաց լինել: Աղջնակին գրկեց, այտերը համբուրեց ու ասաց.
– Մի՛ վհատվիր: Սրանից հետո դասերդ ինձ հետ կպատրաստես: Լա՞վ, ցույց տուր՝ մինչև որտեղ ես կարդացել:
Աղջնակը հանդարտվեց: Մոռացավ, որ գրողը մահացել է: Հորանջեց և գլուխը հենեց Ալիռեզայի ուսին: Երբ Գոլսահարը վերադարձավ, տեսավ՝ Ալիռեզան գետնին անշարժ նստած է, և իր աղջիկը՝ նրա գրկում քնած:
Ալիռեզան կամացուկ ասաց.
– Թող քնի: Տեղը հարմար է: Դուք էլ մի բան պատրաստեք՝ ուտենք:
– Պիտի գնանք: Մթնում է:
Ալիռեզան գլխի չընկավ՝ ինչու տխրեց:
– Ասա ցիր՝ գնալու տեղ չունես:
Գոլսահարը գլուխը կախեց ու ասաց.
– Պիտի ավտոբուս նստենք, Դեմավենդ գնանք: Այնտեղ՝ շրջանի գյուղերում, մի եղբայր ունեմ: Նոր է եկել Աֆղանստանից:
Աղջնակն արթնացել էր: Նստեց ու պլշած կողքերը նայեց:
Մայրն ասաց.
– Վեր կաց. պիտի գնանք:
Աղջնակը վեր կացավ, սակայն տխուր էր: Խռպոտ ասաց.
– Պետք է դասերս սովորեմ:
– Ճիշտ է ասում: Էստեղ մնացեք: Ձեզ համար տեղ կա: Էս երեխի դպրոցն ու դասերն ի՞նչ կլինեն:
– Էս երեխեն դպրոց չի գնում: Մենք՝ աֆղաններս, աշխատելու թույլտվություն չունենք: Մեր երեխաներն էլ դպրոց չեն գնում:
– Բա այդ քսանները ո՞ր մի ուսուցչուհին է նրան նշանակել,- հարցրեց Ալիռեզան:
Գոլսահարը ժպտաց ու ասաց.
– Մեր կողքի տանն էր սովորում: Այն բոլոր «կեցցես»-ներն էլ ես էի օրագրում նշանակել: Պարոնն էլ էր տեղյակ: Ոչինչ չէր ասում:
– Էստեղ մնացեք: Սրանից հետո ես կդասավանդեմ նրան:
– Ուրեմն, թույլ տվեք տունը մաքրել,- ասաց երիտասարդ սպասուհին և հայացք գցեց կողքերը: Որոշեց սկսել խոհանոցից:
Ալիռեզան Ասալաքին ասաց.
– Գիրքդ բեր: Այս տարի պիտի գերազանցիկ լինես: Նույն կերպ՝ մյուս տարի: Հաջորդ տարի էլ պիտի գերազանցիկ լինես: Մտածիր՝ ինչքան մրցանակներ ես ստանալու:
Աղջնակի աչքերը երջանկությունից բոցկլտացին: Գիրքը բաց արեց ու սկսեց կարդալ: Քաղցր բարբառ ուներ և որոշ բառերի վրա հապաղում էր: Լեզուն էր կապվում:
Դասագիրքը կարդալուց հավեսը փախած՝ հարցեց.
– Կցանկանա՞ք՝ Ձեզ համար աֆղաներեն մի բանաստեղծություն ասեմ:
– Հա, ասա:
Գոլսահարը եռանդագին ափսեներն էր լվանում և կաթսաները դասավորում: Ալիռեզան աչքերը փակեց: Ասալաքի մանկական մրմունջը, խառնված խոհանցի ձայներին (հասարակ մի կյանքի հանդարտ ձայներ), ինչպես մի ջերմ ու հոգեպարար զգացում մարմինը սողոսկեց, և սրտի խորքում ինչ-որ մի բան ղողանջեց:

        

[1] Ազրայիլ – մահվան հրեշտակը իսլամում:

[2] Զիբա պարսկերենում նշանակում է գեղեցիկ: Օգտագործվում է նաև որպես հատուկ անուն:

[3] Իրանում հասարակական տրանսպորտը հատուկ սահմանաբաժան գիծ ունի, որն առանձացնում է կանանց տղամարդկանցից: Տղամարդիկ առջևում են նստում, կանայք՝ գծի հետևում: Հերոսը երգիծանքով դա է համեմատում Նոյյան տապանի հետ:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *