Նոռան ճանճ է, Դոռան՝ մեղու։ Ու հիմա երկուսով դողացնում են բարմենի անարյուն հայացքից: Կես լիտր սպիրտը տարածվել է աչքերում ու վարագույրի պես փակել աշխարհը: Ամեն տարի այս օրը, կողպում է Բարի դռները, փակվում ու խմում: Չէ´, չի հարբում, ինչքան էլ խմի, դառնահամը կոկորդին կանգնում, կուլ չի գնում: Քսան տարի …
Հաջորդ բաժակը գլորեց: Սպիրտը կաթեց բարին: Նոռան սայթաքեց թափված սպիրտի մեջ, կորցրեց հավասարակշռությունը: Քանի՜ անգամ է սայթաքել, հետո նախատող հայացքների ու սողեսող շշուկների վրա դուռ փակելու փոխարեն, եկեղեցու գմբեթի շուրջ պտտվել, պտտվե՜լ, բաց օդանցքով սահել ներս, երկար նայել վառվող մոմերին, ու հնչող կիսաձայն աղոթքների տակ կուչ եկել Աստվածամոր նկարի շրջանակին: Չէ´, նկարին չի հանդգնի դիպչել, մոմի հոտը սիրո՜ւմ է: Նորից սայթաքեց, դառը ժպտաց. առաջին ամենացավոտը դեռ մզզում է անձրևային օրերին հիշեցումով՝ խուսափել մարդկանցից, մնալ ապահով հեռավորության վրա: Հաջորդ սայթաքումներն այդ հեռավորության խախտումն էին ընդամենը. միամիտ էր գուցե, կամ՝ հավատալ էր ուզում…
Լիզեց թաթը, քաղցր հեղուկը տաքացրեց մարմինը: Դոռան ուրի՜շ է: Դոռան ուղիղ քայլող է՝ միշտ. գլուխը բարձր, զավակներին պոչից շարում ու պարսով պտտվում են բակում: Անցած օրը լսեց, ինչպես եկեղեցու մուտքի մոտ նստած Սվետը թոռանը սաստեց.
– Մեղվին չվնասես, ազնվացեղ բզեզ է:
Դոռան ազնվացեղ է. ծնունդով, արյունով, անասելի ձգող ու միաժամանակ սաստող բան կա մեջը, բակում շարք կանգնած մեքենաների հայելիներն անգամ շիկնում են նրա արտացոլանքից, երանի՜ն լցվում է ծառերի երակներն ու հառաչում տերևներում:
Նոռային չեն նկատում, նկատելիս էլ՝ միայն զզվանքի արտահայտություն է դեմքներին, երևի դա էր պատճառը. որոշեց վերջակետ դնել: Թռավ-մտավ առաջին հարմար պատուհանից ու աչքերը փակ, արագացումով սլացավ դեպի գազօջախը. էլի թելը չկտրվեց՝ տանը վաղուց ոչ ոք չէր ապրում: Աղբամանն էլ չօգնեց. Ուր որ է պիտի կորչեր, անհետանար աղբակույտի մեջ, շուռ եկավ բզզոցից, իզո՜ւր…
Իզուր շուռ եկավ ու շուռ եկավ մինչ այդ իր պատկերացումներում գծած աշխարհը. Դոռան, իրենից քիչ այն կողմ, նույն աղբամանի եզրին՝ պատրաստ հագավիժելու: «Ինչուներ» չեղան, այդ օրը լուռ համաձայնությամբ երկուսն էլ բացահայտեցին. ուղիղն ու ծուռը հատվում են մի կետում՝ տեղատարափին:
Բարմենը մի բաժակ էլ դատարկեց, հողոտ մատները դողացին, աչքերի առաջ ճանճն ու մեղուն խառնվեցին տեղերով, դարձան չորսը, հետո ութը, հետո ճանճի աչքերը մեծացան, մեծացան … Աչքերն իրեն են նայում … Ինչո՞ւ հենց իր տան ճանապարհին՝ իր սրտի ճանապարհը կոտրվեց, ու ինքը դարձավ ուրվական՝ անցյալի անդունդում: Մնաց մի կետ անդունդից վեր, Սառան:
– Շտապում էր մոտդ,- քսան տարի քերթում է ներսից:
Աչքերն իրեն են նայում. ի՜նչ էլ անի, ուր էլ պտտվի:
Սպիրտը վառեց ներսը, կորավ անտակ անդունդում: Անդունդից վեր՝ Սառան: Մոտ, շատ մոտ, համարյա շոշափելի լսեց մաշկի տակ վազող քչքչոցը, գարուն եկավ. գարուն եղավ երազի պես՝ այնքա՜ն թափանցիկ…Գարունը խշխշաց պատուհանների տակ, ու հալվեց: Աչքերն իրեն են նայում. մեծացան, մեծացա՜ն ու հայտնվեցին պատուհանի ապակուն: Հետո անցնող բեռնատարի ստվերը փակեց արևը…
Բարմենի դեմքն այլայլվեց, ձեռքը բռունցքվեց, թափ առավ, Նոռան փակեց աչքերն ու սպասեց հարվածի:
… Դոռան ուղիղ քայլող է, մի´շտ, այս անգամ էլ բզզա՜ց ու մինչ հարվածի իջնելը Նոռային թափված սպիտի միջով հրեց մյուս կողմ: Հարվածն իջավ սեղանին՝ անհույս թնդյունով: Բարմենը նոր շիշ բացեց ու զանգեց հեռախոսով. «Կուշանա´մ, ինձ չսպասե´ս», հետո մի բաժակ էլ դատարկեց, ծխախոտ հանեց, մատների մեջ փշրեց , ճզմեց գլանակը: Գլուխն աքցանեց ձեռքերի մեջ, ճար լիներ գլուխն էլ գլանակի պես կճզմեր, կփշեր:
Սեղանը ցնցվեց, բարմենի ռունգերը լայնացել էին, շրթունքները շարժվում էին անձայն, հետո խոր ջրհորից հասնող ցավագար ոռնոցից ապակիները դղրդացին, դղդրացի՜ն… ցնցումները մարեցին:
Պատից այն կողմ Ջո Քոքերի «to me»-ն երկարե՜ց ու… կտրվեց:
Նոռան խիզախեց, դիպավ բարմենի ուսին, նայեց փակ աչքերին, որ քնի մեջ հոսում էին թաց հետքերով, կպավ ողջ մարմնով բլուզի գործվածքին ու հեկեկաց:
Դոռան չշարժվեց, մեղվական աչքերը միայն փայլեցին, կուլ տվեց անծպտուն արցունքները՝ Նոռայի սայթաքումների համար, բարմենի կորցրած սիրո ու գիշերով նրան սպասող անքուն պատուհանի համար, մի միայնակ շիրմաքարի համար. քամին պոկել, շաղ է տվել վարդի թերթիկներն ու ծածկել անունը: