Հավելյալ հիշողություն
Հիշում եմ.
Երկինքը բացվեց անպատեհ.
Աստված սուրբ գրքերն էր
Թերթում զարմացած։
Հիշում եմ.
Սեղմեցի կոճակը՝
Ու Նեղոսը գժված
վեր ու վար էր անում,
Ձկները շշմած փսխում էին,
Գետը լիքն էր չասված բառերով…
Հիշում եմ.
Ծառերից կախված դիակներ էին
(Ծաղկած դիակներ)
Մեռած կամ դեռ դրա հակառակը,
Գլուխները վար էր,
Աչքերն ու սիրտը բռերում պինդ սեղմած,
Մեռած էին, կամ էլ դրա հակառակը,
(Իսկ դրա հակառակն անպայման ողջը չի),
Ես հավատում էի, որ ծառերը ջրեմ,
Հասնելու են, ընկնեն գետնին,
Օրերով ջրում էի, մինչև մեկը,
Անկարևոր մեռելի համեստությամբ
Ատամների արանքից թույլ արտասնեց.
-Միզապարկս շատ է սեղմում, թարգի…
Առավոտ լուսո ծառի տակ
Որթնած դիակներ էին, անտերև, անպոչ,
Որ ոչ մեռել էին, ոչ էլ դեռ ողջ…
Հիշում եմ.
Ջրային թագավորությունում
Ամեն ինչ ներդաշնակ ու սիրուն էր,
Մինչև իսկ աչք փակեցի
Իշխան ուտող շնաձկան վրա,
Բայց չներեցի ջրահարսների ու
Գորտերի՝ նույն դասը
Կիսելու փաստը,
Ու «մատ արեցի»
Վերջին թագավորությանը ևս…
Հիշում եմ.
Գրկել էր զինվորական սապոգը,
Ծիծաղում էր ու լացում,
Լացում էր ու ծիծաղում,
Չիմացա՝ որից ավելի շատ,
Հետո սառեց ու քարացավ,
Բայց սապոգի մեջ ոտքի մատները
Դեռ շարժվում էին իներցիայով…
Հիշում եմ.
իմ բոլոր երազները
Հիշում եմ…
***
Թանկ ու էժան (լինում է),
մոտիկ ու հեռու,
Մեծ ու փոքր, ժամանակին և անժամանակ,
Կուշտ կամ սոված գնացած բոլոր մեռելներին՝
Մինչ այս ու հետայսու չասված ցավակից տողերի տեղակ.
Վիճակագրություն չկա,
Բայց ենթադրություն կա
Որ բառարաններն ամենից շատ
Բացվում են մահախոսական գրելիս,
Ամենագեղեցիկ ու կատարյալ բառերը
Ասվում են ձեզ, երբ էլ չեք կարող լսել…
Որովհետև միայն երբ չեք շնչում
Այդ ժամանակ եք սիրելի բոլորին։
Բոլորը հիշում են ձեզնից մի-մի տող,
Բոլորը խմում են ձեր մասին մի-մի թաս,
Հետո հերթով սառում են բոլորը,
Նախ դուք, ապա՝ հույզը, հետո աչք…
Բոլորս մոռանում ենք գերսուտը՝ «միշտ հիշելու»,
(Եթե միշտ հիշեինք,
Չէինք հնարի հիշելու
Հատուկ օր ու կարգ),
Եվ ուրեմն
Ցավակցություն են
Իմ բոլոր չգրված
Բանաստեղծությունները՝
Որոնք ամենակատարյալն են,
Ձեր մասին է իմ լռությունը
Ու ձեզ եմ ամփոփում իմ բազմակետերում …
Ես, որ սովորաբար մտածում եմ
Խոսելուց հետո,
Ցավակցելիս ամենաերկարն եմ մտածում,
Ու այդպես էլ լուռ եմ մնում՝
Խոսքով ցավ կիսելու մեջ
Ինձ անզոր զգալով։
Ես խեղճանում եմ անասելի,
Դառնում անզոր,մի բուռ,
Ես կորցնում եմ բառերս…
Իմ՝ դեռ ողջ ու առողջ,
Մեծ ու փոքր,
Թանկ ու էժան(լինում է)
Հեռու և մոտիկ
Հարազատներ՝
Մի մեռեք, խնդրում եմ,
Մի թողեք խեղճանամ…
***
Տեսություններից
Ամենաանհավանականը
Անձրև է խոստանում.
Հիշեցնում խոստումը՝ անձրևով գնացածների…
Որ պիտի հաղթեն ու հետ գան…
Զգացմունքներից ամենամարդամոտը,
Ամենածերն ու անդավաճանը
Աչքերիս մեջ իր ամրոցն է
Հյուսում շյուղ-շյուղ,
Ու ցուցանակ կախում վրան՝
«կարոտ»
Անձրևից մինչև հավերժություն…
Մաշված ծնկներով
Խաղաղության աղոթքներ եմ
Կախում ամպերից,
Որտեղ ճոճվում են բազում
Կանացի աչքեր՝ խաղաղապահ՝
Փոթորիկների,
Երկրաշարժերի,
Պատերազմների
Վախից փոս ընկած,
Շներին հատուկ Հավատարմությամբ՝
Հույսին չլքող աչքեր,
Երբեք չթացացող,
Խորն ու մինչև պռունկը
Սպասումով լցված։
Աչքեր, որոնք ասես
Պարտքի գիտակցությամբ
Հաջորդ պատերազմի սյունն են քանդում՝
Տաշեղ-տաշեղ,
Ցավ ու ցասում իրար խառնած
Կանացի աչքեր են դրանք,
Որ ոչ միայն հնազանդ են,
Այլև տեր են
Դարին…
***
Պատերազմն ավարտվեց սահմանին՝ բոլորի աչքերը չոր են.
Վիթխարի ջրվեժ են՝ բացված դեպի ներս,
Մեկմեկու աչքալույս են ասում՝ թե ոտքերը զույգ են,
Թե դիակ են թաղում, այլ ոչ ՝ հույսը անտես…
Պատերազմն ավարտվեց սահմանին՝ անունը մտավ տնետուն,
Մի կիսատ ժպիտ մնաց՝ խեղանդամ խաղաղություն,
Թե չեկան՝ հետմահու երգ դարձան,
Թե եկան՝ «մեղք» դարձան՝ չեկողի որդու աչքին…
Պատերազմն ավարտվեց սահմանին
Անսահման պատերազմ ծնվեց սրտերում
Օրհնանքի սովոր լեզուն՝ անիծեց,
Հաց ու հույս չկար տներում…
Հետո Արև եղավ, հետո Աստված ու Հաց,
Միոտանի աղոթք եղավ, ու կարոտ ՝ նյարդը բաց,
Աստված լռեց մի պահ, ցավն ու ձայնն էլ լռեց,
Երբ զոհվածի այրին՝
«պատերազմող» ծնեց…
***
Կներեք,
Բայց ես երազիս
Երբեք չեմ տեսել սփյուռքի «աճեցրած» սարը,
Եվ անգամ մտովի՝ ոչ մի կաթիլ
Կարոտաարցունք չեմ խառնել
Կապույտ Սևանին…
Ես չգիտեմ՝ ինչ ասել է
Հայրենասիրություն,
Բայց տնկել եմ այգի՝
Ու հիացած նայել կանաչող
Ծառերին՝ որ իմ տան դիմաց են,
Որը հայրենիքիս մեջ է…
Ես երբեք չեմ կիսել
Արարատը չտեսած
Անդրանիկի ցավը
Ում դեռ մանկուց էնդրյու են կանչել
Ու փուչիկներ լցրել
Գլխի մեջ՝ հայրենիքի մասին։
Չգիտեմ, ես Արարատը սիրելու
Ճիշտ ձևը չգիտեմ…
Երևի Արարատն էդպես սիրելն էլ
բնավորության հարց է…
***
Իմ մասին
Պատմելով՝
Ինձ ճանաչելուց
Շեղում եմ քեզ..
Ճանաչիր ինձ,
Մանրակրկիտ ապրիր
Լռությունս,
Եվ հաստատեմ՝ քոնն եմ…
Շատ տաղանդավոր ու յուրահատուկ բանաստեղծուհի ես , կեցցես:
Հպարտանում են Սվետա ջան, որ քեզ ճանաչում եմ։
Շատ, շատ շնորհալի Սվետա… Էնքան բնական ես գրում, էնքան խաղաղ, առանց ճռճռոցի ու սիրուն,, որ ուրախ եմ քեզ ճանաչելուս համար: Շատ գրիր..