Պոլ Վալերի | Հայացք ժամանակակից աշխարհին

Սկիզբը՝ Այստեղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողջ քաղաքականությունը ներգրավում է (և ընդհանրապես անտեսում է, որ ինքը ներգրավում է) մարդու որոշակի գաղափար, և անգամ որոշակի կարծիք տեսակի ճակատագրի վերաբերյալ, մի ամբողջ մետաֆիզիկա, որն ընթանում է ամենակոպիտ զգայականությունից մինչև ամենահանդուգն միստիկան:
Կան հաղթանակներ ինքնին և հաղթանակներ դիխվածային/պատահմամբ: Ինքնաբերաբար /ըստ պատահականության բերումով:
Խաղաղությունը վիրտուալ /կեղակարծ հաղթանակ է, համր, շարունակական, հնարավոր ուժերի՝ ընդդեմ հավանական ընչաքաղցությունների:
*
Չէր լինի ճշմարիտ խաղաղություն, եթե բոլորը բավարարված լինեին: Ասել է, թե որ չկա հաճախ իսկական խաղաղություն: Կան /լինում են միայն իրական խաղաղություններ, որոնք լինում են, պատերազմների պես, լոկ ըստ նպատակահարմարության:
Պայմանագրերից միայն նրանց հետ հաշվի կնստեն, որոնք կկնքվեն հետին մտքերի միջև:
Ողջն ինչ արդարացվելիք/հնարավոր է, ասես զուրկ է ամենայն ապագայից:

*
Ոմանք հրճվում են իրենց կամքը հակառակորդին պարտադրելուց: Երբեմն դա հաջողվում է անել: Բայց դա կարող է վատ ցանկություն լինել: Ոչինչ ինձ ավելի բարդ չի պատկերանում, քան որևէ ազգի իսկական շահերը որոշարկելը, ինչը չպետք է շփոթել նրա ցանկությունների հետ: Մեր ցանկությունների կատարումը միշտ չէ, որ մեզ հեռացնում է մեր կորուստից:
Պատերազմը, որի արդյունքը պայմանավորված էր միայն ռազմի դաշտում անհավասարությմբ/պատճառով, և այդպիսով չի ներկայացնում հակառակորդների հզորությունների ամբողջական անհավասարությունը, առկախված պատերազմ է :

ԱԶԳԵՐ

Բնավ հեշտ բան չէ պատկերացնել այն, թե ինչ ասել է ազգ: Ամենապարզ և ամենաուժեղ բնութագծերը խուսանավում են երկրի այն մարդկանցից, որոնք անտարբեր են այն ամենի հանդեպ, ինչն իրենք մշտապես տեսել են: Անծանոթը, ով ընկալում է նրանց, չափազանց ուժեղ է ընկալում և չի զգում միջանձնական կապակցումների և անտեսանելի փոխադարձության այդ որակակազմը, որի միջոցով իրագործվում է միլիոնավոր մարդկանց խորը միության առեղծվածը:
Այսպիսով, կան որևէ տրված ազգի առնչությամբ սխալվելու երկու մեծազոր եղանակներ:
Ընդսին՝ ընդհանուր առմամբ ազգի բուն գաղափարը թույլ չի տալիս այն հեշտությամբ ընդ-բռնել: Միտքը շեղվում է այս գաղափարի ամենատարբեր կողմերի միջև: Այն տատանվում է սահմանման չափազանց տարբեր կաղապարների միջև: Հազիվ է այն կարծել, որ ինքը գտել է իրեն գոհացնող բանաձևը, հենց ինք էլ անմիջապես առաջարկում է նրան որոշակի առանձնահատուկ դեպք, որի մեջ նա մոռացել էր ներփակվել:
Այս գաղափարը մեզ ևս ծանոթ է գործածականության մեջ և ներկայանում է զգացական դաշտում, որ այն բարդ է կամ անորոշ է խորհրդածության առումով: Բայց ամեն ինչ այսպես է մեծ նշանակություն ունեցող բոլոր խոսքերի պարագայում: Մենք հեշտությամբ ենք խոսում իրավունքի, ռասայի, սեփականության մասին: Բայց ի՞նչ է իրավունքը, ի՞նչ է ռասան, ի՞նչ է սեփականությունը: Մենք դա գիտենք և չգիտենք:
Այսպիսով, բոլոր այս հզոր հասկացությունները, միաժամանակ և՛ վերացական, և՛ կենսական, երբեմն նաև մեր միջի այնքան զորավոր և այնքան մեծազդեցիկ կյանքով, բոլոր այս եզրույթները, որոնք բաղադրվում են ժողովուրդների և պետական գործիչների մտքերում, մտածումներ, ծրագրեր, դատողություններ, որոշումներ, որոնք կանխորոշում են մարդկանց ճակատագրերը, բարգավաճումը կամ ավերմունքը, կյանքը կամ մահը, անորոշ ու անմաքուր խորհրդանիշերն են բանախոհության համար… Եվ մարդիկ, այնուհանդերձ, երբ նրանք գործառում են իրար մեջ այս անսահմանելիները, մեկը մյուսին շատ լավ են հասկանում: Այս հասկացությունները, հետևաբար, հստակ և բավարար են մեկի և մյուսի համար. մթագնած և ասես անսահմանորեն տարբերակված յուրաքանչյուրի մեջ՝ առանձին-առանձին/վերցրած:

*
Ազգերն օտար են մեկը մյուսի նկատմամբ, ինչպես որ միմյանց հանդեպ խորթ են տարբեր բնավորություն, տարիք, հավատալիքներ, բարքեր և այլևայլ կարիքներ ունեցող էակները: Նրանք նայում են միմյանց հետաքրքրությամբ և մտահոգությամբ. ժպտում են, կեղծավորում, սքանչանում որևէ պստլիկ մանրամասնով և ընդօրինակում այն, նողկում են ամբողջից, կեղեքվում են խանդից կամ արհամարհանքից փքվում: Որքան էլ անկեղծ լինի երբեմննակի փոխհաղորդակցվելու և միմյանց հասկանալու նրանց ցանկությունը, երկխոսությունը մթագնում է և մշտապես դադարում է մի որոշակի կետում: Ես չգիտեմ, թե ինչ անանցանելի, այլև անհաղթահարելի սահմաններ կա դրա խորացման և տևականության առումով:
Չկա մեկը, որ ներքուստ համոզված չլինի, որ հենց ինքն է ինքնին և ինքն իր մեջ գերագույն ազգը, անվախճան ապագայի ընտրյալը և միակը, որ կարող է հավակնել, ինչպիսին էլ լինի տվյալ պահին իր վիճակը, իր թշվառությունը կամ թուլությունը, ինքզինքը վերագրող առերևույթ վերացարկումների բարձրագույն առաջընթացին: Յուրաքանչյուրն ունի կռվաններ անցյալում կամ հնարավորի դաշտում. ոչ ոք չի սիրում սեփական դժբախտություններն իբրև իր օրինական երեխաները դիտարկել:
Ելնելով այն հանգամանքից, որ նրանք մյուսների հետ իրենց բաղդադում են ըստ ծավալային ընդգրկման կամ քանակակազմի հարաբերակցությամբ, կամ նյութական առաջընթացով, կամ բարքերով, կամ ազատությամբ, կամ հասարակական կարգով և կամ մշակույթի և բանախոհական ոլորտի ստեղծագործություններով,- և անգամ ըստ հիշողությունների ու իղձերի,- ազգերն անհրաժեշտաբար գտնում են դրդապատճառներ իրենց նախընտրություն տալու: Իրենց խաղացած հավերժական մրցախաղում, նրանցից յուրաքանչյուրն իր խաղաթղթերն է ձեռքում պահում: Բայց այդ խաղաթղթերից որոշները իրական են և կան, որ երևակայածին են: Կան ազգեր, որոնք իրենց ձեռքում ունեն լոկ միջնադարյան կամ հնադարյան կռվաններ`մահացած և հարգամեծար արժեքներ, մյուսները հաշվում են իրենց գեղարվեստի գործերը, իրենց բարքերը, իրենց տեղական երաժշտությունը, իրենց շնորհները կամ ազնվազարմ պատմությունը, որոնք նրանք նետում են գորգին՝ իրական երեքնուկների ու իրական սրատերև ձարխոտերի միջև:
Բոլոր ազգերն ունեն ինքզինքը անբաղդադելի համարելու ներկա, կամ անցյալ, կամ ապագա հիմնավորումները: Եվ իսկապես նրանք այդպիսիք են: Հայեցողական քաղաքականության դույզն-ինչ դժվարություններից մեկը բնավ էլ այս մեծ միավորումները բաղդադելու անհնարինությունը չէ միայն, միավորումներ, որ իրար հետ չեն շփվում և միմյանց վրա ներազդում են սոսկ իրենց բնութագրերի և արտաքին ազդակների միջոցով: Այլ այն էական փաստը, որ կազմավորում է նրանց, նրանց գոյության սկզբունքը, ներքին կապը, որն իրար է շաղկապում մի ժողովրդի անհատներին և սերունդներին, նույն բնույթը չունի տարբեր ազգերի մեջ: Երբեմն ցեղը, երբեմն լեզուն, երբեմն տարածքը, երբեմն հիշողությունները, երբեմն շահերը տարբեր կերպ են սահմանում կազմակերպված մարդկային համախմբումի ազգային միասնությունը: Նմանօրինակ խմբավորման հիմնարար պատճառը միանգամայն տարբեր կարող է լինել մեկ ուրիշի պատճառից:
*
Հարկ է հիշեցնել բարգավաճող ազգերին, որ բնության մեջ չկա մի ծառ, որը տեղակայված լինելով լույսի, հողի և տեղանքի լավագույն պայմաններում, ի զորու է աճել և ընդարձակվել անվերջանալիորեն:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պատմությունը ամենավտանգավոր արտադրանքն է, որը բանականության քիմիան երբևէ մշակել է: Դրա հատկությունները լավագույնս հայտնի են: Այն երազել է տալիս, այն արբեցնում է ժողովուրդներին, շղթայում է նրանց կեղծ հիշողություններով, չափազանցնում է նրանց բնազդները, բորբոքում է նրանց հին վերքերը, խաթարում է նրանց հանգիստը, նրանց առաջնորդում է դեպի վեհանձնության/մեծազորության զառանցանքը կամ մղձավանջը հետապնդումների, դարձնելով ազգերին դառնապատիր, ամբարտավան, անտանելի և փուչ:
Պատմությունն արդարացնում է այն, ինչ ցանկանում ես: Այն բնավ ոչինչ չի սովորեցնում, քանզի այն բովանդակում է ամենայն ինչ և տալիս է օրինակներն ամեն ինչի:
Ինչպիսի՜ գրքեր են գրվել, որ որպիսի՜ վերնագրերով. Այսինչի Դասը, Այնինչի Խորհուրդները: … Չկա ավելի ծիծաղելի բան կարդալու, մանավանդ իրադարձություններին հաջորդած իրադարձություններից հետո, քան այդ գրքերը, որոնք մեկնաբանում էին ապագայի կտրվածքով:
Աշխարհի ներկայիս իրավիճակում պատմությամբ գայթակղվելու վտանգը շատ ավելի մեծ է, քան երբևէ եղել է:
Մեր դարաշրջանի քաղաքական երևույթներն ուղեկցվում են և խճճվում են ծավալային սանդղակի անօրինակ փոփոխության պատճառով, կամ ավելի շուտ իրերի կարգի փոփոխությամբ պայմանավորված: Աշխարհը, որին մենք սկսում ենք պատկանել, մարդիկս և ազգերը, չունի կերպարանք, որ նման լինի մեզ ծանոթ աշխարհին: Պատճառների համակարգը, որը հրահանգավորում է մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը, այսուհետ տարածվելով ողջ մոլորակով մեկ, այն հնչեցնել է տալիս ամբողջապես յուրաքանչյուր ցնցումի դեպքում. այլևս չկան տեղական հարցեր, այլևս չկան ավարտուն հարցեր, որ կարող են ավարտվել որևէ կետում:
*
Պատմությունը, ինչպիսին այն նախկինում էին ընկալում, ներկայացվում էր որպես զուգահեռ ժամանակագրական աղյուսակների միասնություն, որոնց միջև երբեմն դիպվածային լայնակի հատող գծեր էին ցուցանշված այս ու այնտեղ: Համաժամանակեցման որոշ փորձեր արդյունքներ չէին տվել, մանավանդ որ դա նրանց անօգուտության ինչ-ինչ դրսևորումը չէ: Թե ինչ էր տեղի ունենում Պեկինում Կեսարի ժամանակաշրջանում, կամ ինչ էր տեղի ունենում Զամբեզիում Նապոլեոնի ժամանակ, կատարվում էին մեկ այլ մոլորակի վրա: Սակայն մեղեդային պատմությունն այլևս հնարավոր չէ: Բոլոր քաղաքական թեմաները խճճվել են, և յուրաքանչյուր դեպք, որ պատրաստվում է ինքնածավալվել, անմիջապես նշանակությունների բազմազանություն է ձեռք բերում՝ համաժամանակյա և անքակտելի:
Ոմն Ռիշելիյեի կամ ոմն Բիսմարկի քաղաքականությունը կորսվում է և կորցնում է իր իմաստը այս նոր միջավայրում: Հասկացությունները, որ նրանք գործածում էին իրենց նախագծերում, նպատակները, որ նրանք կարող էին առաջարկել իրենց ժողովուրդների հավակնություններին, ուժերը, որոնք երևութանում էին իրենց հաշվարկներում, այս ամենն առ ոչինչ է դառնում: Քաղաքականությունների մեծագործությունը եղել է և դեռ շարունակում է ոմանց համար մնալ տարածքի նվաճումը: Հարկադրանք գործադրելով՝ ահավասիկ ցանկալի հողը խլվում էր որևէ մեկից, և դրանով ամեն ինչ ասված էր: Բայց նրանք, ովքեր տեսնում են լոկ այդ ձեռնարկումները, որոնք ավարտվում էին վեհաժողովային քննարկմամբ, որին հաջորդում էր մենամարտը, որին էլ դաշնագիրն էր հետևում, այդպիսիք ապագայում անխուսափելիորեն հանգելու են այնպիսի անխուսափելի ընդհանրացումների, որ ոչինչ տեղի չի ունենալու, քանի դեռ ամբողջ աշխարհը չի խառնվել դրան, և որ մենք երբեք չենք կարողանա կանխագուշակել կամ սահմանափակել անգամ անմիջական հետևանքները, ինչի մեջ ներքաշվել ենք մենք մեր իսկ հրահրմամբ:
Անցյալի մեծ կառավարությունների ողջ հանճարեղությունն այլևս սպառված է, դարձել է անզոր և նույնիսկ անգործածական քաղաքական երևույթների բնագավառում կապերի ընդլայնման և ծավալման համար, քանզի այլևս չկա հանճար, ոչ իսկ մեծազորություն՝ բնավորության և մտքի, ոչ նույնիսկ բրիտանական ավանդույթներ, որոնք կարող են այսուհետ ևս ինքնախաբեությանը տրվել կամ սեփական ճաշակին համապատասխան ձևափոխելու իրավիճակը և մարդկային մի ողջ տիեզերքի հակադարձումները, որին հին պատմական երկրաչափությունը և հին քաղաքական մեքենան այլևս բնավ պիտանի չեն:
Եվրոպան հիշեցնում է ինձ մի օբյեկտ, որն հանկարծ փոխատեղվում է շատ ավելի գերբարդ մի տարածք, որտեղ բոլոր նշանները, որ ծանոթ էին նրան, և որոնք առերևույթ նույնն են մնացել, ենթակա են դառնում միանգամայն տարբեր կապակցումների: Մասնավորապես, կանխատեսումները, որոնք կարելի կլիներ իրագործել, ավանդական հաշվարկները դարձել են ավելի ապարդյուն, քան երբևէ եղել են:
Վերջին պատերազմի հետևանքները մեզ ակնհայտորեն ի ցույց են դնում իրադարձություններ, որոնք նախկինում որոշարկված են եղել երկար ժամանակի համար և դրանց լուծման նպատակով կանխորոշել են ընդհանուր քաղաքականության դիմագիծն ու իրերի ընթացքը տարիների հեռահաշվարկով, ի հետևանք կուսակցությունների թվաքանակի աճի, թատրոնի ընդարձակման, շահերի բազմաբարդման, որ ասես իրենց եռանդուժը մսխած լինեն, մեղմված կամ հակընդդեմ դարձած իրենց անմիջական հետևանքների բերումով:
Ակնկալվում է, որ նման վերափոխումները կդառնան կանոն: Որքան մենք ավելի առաջ ընթանանք, այնքան հետևանքներն ավելի քիչ կհստականան, այնքան ավելի քիչ կանխատեսելի կդառնան, այնքան ավելի քիչ կլինեն քաղաքական գործողությունները և նույնիսկ ուժային միջամտությունները, մի խոսքով՝ բացահայտ և անմիջական գործողությունը, կլինեն այն, ինչ նրանք ակնկալում են, որ լինեին պիտի: Ծավալումները, տարածականությունները, առկա զանգվածները, դրանց կապերը, տեղորոշման անհնարինությունը, հակազդման օպերատիվությունը ավելի ու ավելի կպարտադրեն մի քաղաքականություն՝ ընթացիկից շատ տարբեր:
Քանզի արդյունքները դառնում են այնքան արագ անհաշվարկելի իրենց ծնող պատճառների առումով, և նույնիսկ իրենց պատճառների ներհակության բերումով, թերևս կարելի է այսուհետ ծայրահեղ, վտանգավոր և խելացնոր մի բան համարել իրադարձության փնտրտուքը, այն վերարտադրել փորձելը կամ նրա վերարտադրությունը խանգարելը: Թերևս քաղաքականության ոգին կդադարի մտածել իրադարձություններով, սովորույթ, որն ըստ էության կապված է պատմության հետ և նրանով պայմանավորված: Դա չի նշանակում, որ այլևս չեն լինի փառապանծ իրադարձություններ ու պահեր տևական ժամանակի համար: Այդպիսիք կլինեն և անթիվ-անհամար… Բայց նրանք, ում գործառույթն է սպասավորել դրանք, նախապատրաստել կամ կանխարգելել դրանք, անպատճառ շատ ավելի փորձառություն կունենան դրանց հետևանքներին կանխատեսելու առումով: Դրա համար բավական կլինի ցանկությունը և իշխանությունը միավորելու գործարար ծրագիրը: Վերջին պատերազմում ոչինչ այնքան չոչնչացավ, որքան կանխատեսման պահանջմունքը: Այդուհանդերձ, պատմական գիտելիքների պակաս կարծես թե չպետք է լիներ, ինձ այդպես է թվում:
*
Մարդու մասին, իրերի և կյանքի և նրա արժեքի մասին առավել հոռետեսական դատողությունը լավագույնս համապատասխանում է այն գործողությանն ու լավատեսության պաշարին, որը պահանջվում է: – Սա եվրոպական է:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *