Պոլ Վալերի | Հայացք ժամանակակից աշխարհին

Բանախոհության իռացիոնալ մակույկը

Բանաստեղծական աշխարհը համեմատելի չէ փիլիսոփայական հետազոտության կամ էսսեի հետ: Փիլիսոփայական խորհրդածությունը ցուցանում է աշխարհը, բանաստեղծական հորինաստեղծումն արարում է այն: Բանաստեղծի համար լեզուն նյութ է, որից նա իր առարկան է ստեղծում, փիլիսոփայի համար այն լոկ միջոց է, նրա նյութը մտքերն են:
20-րդ դարի Մտքի մեծագույն ողջահերձողներից մեկը՝ Պոլ Վալերին, հաճախակի է անդրադառնում բանախոհության և լեզվի փոխհարաբերակցության խնդրին, ստեղծագործող մարդու գործունեությունը բնութագրելով իբրև ինքն իրեն գրող մարմին, իսկ այդ երկուսի փոխգործակցության արդյունքը այլաբանորեն բնորոշելով ոչ այլ կերպ, քան հետևյալ պատկերաքանդակով. hոգի անունով նավը ճախրում ու խորտակվում է մարմին կոչվող օվկիանոսում:
Վալերին, ըստ էության, գրող է և միաժամանակ՝ մտածող, ով մեծագույն նշանակություն էր տալիս լեզվական գործոնին՝ վերջինիս գործածականության ճշգրտությանը հասնելու նպատակով, այս առումով, ի թիվս այլոց, Պիեռ Կառնապի հետ միասին, նախապատրաստելով լեզվի փիլիսոփայության ուղղությունը, որն անցնելով Վիեննական խմբակի միջով, մեր օրերում իր գագաթնակետին հասավ Նոեմ Խոմսկու ուսմունքում: Վալերին իր փիլիսոփայական մտորումներում մեծ ուշադրություն է դարձրել լեզվի հաղորդակցային գործառույթին, ինչի լավագույն համընդհանրացնող արտահայտությունն են նրա հետևյալ երկու ասույթները` Երկու բառերից հարկ է ընտրել նվազագույնը, ինչպես և` Փոխաբերությունն իբրև հայտնագործություն, այլաբանությունն իբրև ապացույց, բառախաղերն իբրև հիմնարար ճանաչողությունների տեղատարափ և ինքներս մեզ իբրև մարգարե ընկալելու չարիքը ծնունդ է առել մեզ հետ միասին: Սրանցով միանշանակ պատկերացում կարելի է կազմել գրող-մտածողի լեզվագիտական պատկերացումների մասին:
Վալերին նույն կերպ էր մտածում նաև ճանաչողության տեսության մեջ ցայսօր հույժ արդիական համարվող պատճառականության հարցի, աշխարհի բացատրության պատճառահետևանքային մոտեցման առնչությամբ: Երևույթների, իրադարձություների, մարդկային գործողությունների պատճառահետևանքային բացատրությունը ծնունդ է առել արարչագործության ժամանակներից: Աշխարհն ինքն էլ հենց այնպես չի առաջացել, այլ հետևանք է որոշակի դրդապատճառի` արարիչ աստծո արարչագործության: Այս տրամաբանությունն անցնում է Ծննդոց գրքից, անտիկ հունական փիլիսոփայության, էպիկուրյան ատոմիզմից, մինչև պատճառականության ուսմունքի մաթեմատիզացիայի (F=ma նյուտոնյան երկրորդ աքսիոմ) միջով, ընդհուպ մինչև Դեյվիդ Հյումի, Իմանուիլ Կանտի փիլիսոփայական համակարգերը, ներառելով ողջ 19-րդ դարը: 20-րդ դարասկզբին, սակայն, բնագիտության, գրականության և փիլիսոփայության մեջ սկսեցին վերանայել այդ տեսակետը: Մասնավորապես` քվանտային ֆիզիկայի հիմնադիր նախահայրեր Նիլս Բորը, Մաքս Պլանկը, Ալբերտ Այնշթայնը, Էռնստ Մախը, փիլիսոփաներ Վիլհելմ Դիլթայը, Լուդվիգ Վիտտգենշթայնը, գրողներ Պոլ Վալերին, Ռոբերտ Մուզիլը առաջիններից էին, որ կասկածի ենթարկեցին աշխարհի բացատրության պատճառահետևանքային մոտեցումը: Մասնավորապես Մուզիլը, Վալերին և Վիտգենշթայնը այն կարծիքին էին, որ նման պատկերացումը դուռ է բացում սնահավատությունների համար, քանի որ «պատճառակցական մտածողության դեպքում, ուզես թե չուզես, ամենուր պետք է ընդունես Աստծո ներկայությունը՝ որպես առաջին դրդապատճառի»:
Ֆրանց Կաֆկայի «Կերպափոխություն» գործում նկարագրվում է մարդուս կերպափոխությունը ճիվաղի` բզեզի, դրանով իսկ հարցականի տակ է դրվում պատճառականության մեր պատկերացումը, ասել է թե` էմպիրիկ աշխարհում իրադարձությունների բանական առնչակցությունը: Այս ելակետից մեկնելով՝ Պոլ Վալերին մարգարեանում է. դետերմինիզմը աշխարհը պատկերացնելու միակ եղանակն է: Ինդետերմինիզմը միակ եղանակն է այնտեղ գոյելու: Ընդսմին, Վալերին միստիկ է՝ առանց աստծո: Դետերմինիզմն իբրև պատճառակցական անհրաժեշտության արտահայտություն, նա դիտարկում էր որպես կանխատեսման անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախապայման, քանզի կանխատեսման համար պարտադիր անհրաժեշտությունը կա նաև նախասկզբնական վիճակի բավարար ճշգրիտ իմացության:
1904-05 թվականներին խմբագրելով իր «Հիշողություններ ուշադրության մասին» խորհրդածությունները, Վալերին ավելի ու ավելի է կենտրոնանանում մարդկային մտածական գործունեության հետազոտության վրա, փորձելով հասկանալ, թե ինչպես են միտքը և մտավոր ընկալունակությունը, իրենց մաթեմատիկական և ձևակաղապարային էությունից մղում ստանալով, այցելում մարդուս, մի խոսքով` քննում է մտքի ծննդյան երևույթը: Նա ելնում է այն կանխադրույթից, որ փիլիսոփայությունը պատկերացումների և մտակառույցների միասնություն է, որին մարդս առնչակցվում է` ասես զբոսանքի ելած միջոցին, մի որոշակի տևական ժամանակի ընթացքում մտմտալով ու որոճալով պատահականորեն այցելածի զառանցական վախճանը, ինչ էլ որ այն լինի:
Այսուհանդերձ Վալերին, Մուզիլի օրինակով, երես է թեքում այն գիտանքներից, որոնք դռները լայն բացած սպասում էին իռացիոնալիզմի հաղթարշավին, որի մեջ ընկել էին բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե իռացիոնալիզմի մեջ գտել էին մտածելու ու ապրելու իրենց համակած դժվարլուծելի խնդիրը: Նրա ողջ ստեղծագործությունն, այս իմաստով, ամբողջական տուրք է ռացիոնալիզմին, միաժամանակ, և դրանով իսկ` իրականության անօրինակ և ջախջախիչ սատիրա` ծաղրանմանակում: Սա այն համընդհանրական գիծն է, որն արտահայտված է նաև Լուդվիգ Վիտգենշթայնի երկերում: Այս երեքի (Վալերի, Մուզիլ, Վիտգենշթայն) համար ընդհանուրն այն էր, որ նրանք հրաժարվել էին զուտ փիլիսոփայության աշխարհճանաչողական գործիքակազմի ծառայություններից, և թեմայի փոփոխությամբ ու տարբեր գիտանքների միախառնմամբ մոտեցել էին ռացիոնալի, գիտականության և ստեղծագործ խորության իրենց նպատակներին: Էզոտերիկ իմաստով նրանց կարելի է նաև կոչել «անտեսանելիի փիլիսոփայության» որդեգիրներ և բոլոր երեքն էլ, անվիճարկելիորեն, առանձնահատուկ ձգտում և սեր են տածել ճշգրտության հանդեպ, մեծ կարևորություն հատկացնելով մաթեմատիկային և ընդհանրապես նորագույն բնագիտությանը:
Նշանավոր Պարոն Թեստի հեղինակը, որն իրեն հռչակում է սիրողական մեկը, ում համար փիլիսոփայությունը լոկ դրդիչի ‎գործառույթ է կատարում, և որի արդյունքներն հազվադեպ են հատում ուժավեկտորային պատրանքի սահմանը` լեզվի սովորական ‎գործառույթների զանցառումով պայմանավորված, խոսելով Դեկարտի մասին, նույնիսկ հասնում է այնտեղ, որ հայտարարում է, թե Cogito-ն նպատակաուղղված էր վերջ դնելու փիլիսոփայությանը, և դա՛ է հավանական պատճառը, որի համար Դեկարտը, ի թիվս այլ փիլիսոփաների, երջանիկ բացառություն է կազմում նրա աչքում:
Վալերիի օրագրային գրառումներում՝ Նոթատետրերում, հաճախակի են անդրադարձները մետաֆիզիկականի ու հասարակական կյանքի իրողությունների, եսի ու մենքի, օրախնդիր քաղաքականության առնչությամբ: Զորօրինակ. ողջ հասարակականը անդրենական է-և գրեթե ողջ անդրենականը` հասարակական է. աստվածությունը, արդարությունը, մեղսավորությունը և այլն-ինչը բացահայտում է, որ սրանք անըմբռնելի են-և այնքան դյուրին` հենց միայն մարդուս կողմից կործանվելու համար: Ես-ը ժխտում է նրանց և մենք-ը դրանց վերահաստատում է: Այն, ինչը ցնցում է այդ ժողովրդավար կոչված քաղաքականության մեջ, այն է, որ վերջինս բաղադրյալ մեծություն է և մարդկանց մղում է դառնալ ավելի զգայունակ, ավելի հավասար,- փոխանակ նրանց հարկադրելու դառնալ ավելի ուժեղ: Լավագույն քաղաքականությունն այն է, որն ուժեղացնում է: Սա, ըստ Վալերիի, ողջ քաղաքականություն կոչվածի բանալին է, որի առնչությամբ նա այն կարծիքին է, որ ամենայն պարզը կեղծ է, իսկ ողջ բարդագույնը` անգործածական:
Ժողովրդավար կոչված այդ քաղաքականության մեջ, ըստ Վալերիի, ցնցողն այն է, որ վերջինս բաղադրյալ մեծություն է և մարդկանց մղում է դառնալ ավելի զգայունակ, ավելի հավասար, փոխանակ նրանց հարկադրելու դառնալու ավելի ուժեղ: Լավագույն քաղաքականությունն այն է, որն ուժեղացնում է: Սա՛ է, ըստ նրա, ողջ քաղաքականություն կոչվածի բանալին:

Աշոտ Ալեքսանյան

 

Հայացք ժամանակակից աշխարհին

Չկա մի կուսակցություն, որ դաված չլինի սեփական հայրենիքին:
Ահա այն, ինչի առիթով ցանկացած կուսակցություն խուսափում է բացատրություններ տալ.
ա. յուրաքանչյուրն ունի իր մասնահատուկ ստվերները` իր պահեստային ուժերը
բ. արյունոտ դիակների գետնափորներն ու ամոթալի տենչանքների իր գաղտնի նկուղները
գ. թեթևամիտ խոսքերի ու անկշռադատ արարքների իր գանձերը,
դ. ինչը նա մոռացել է իր նպատակների մեջ և ինչը կուզենար մոռացության տալ:

Նրանք ձեռնպահ են մնում կյանքի կոչելուց այն, ինչի գոյությունն ապահովելու համար խոստումներ էին տալիս:
Իշխանության հետ նրանք իրար արժեն, իշխանությունից դուրս էլ նրանք արժեն իրար:
Պետք չէ տատանվել անելու համար այն, ինչը ամրապնդում է ձեր համակիրների մի մասի կախվածությունը ձեզանից և ինչը եռապատկում է մնացածների սերը ձեր նկատմամբ:
Այն, ինչը դուր է գալիս սեփական քաղաքական կուսակցության մեջ` տեսլականի (իդեալի) անորոշությունն է: Մյուսը, որ նույնքան հաճելի է աչքի առաջ ունենալ, առաջիկա խնդիրների որոշակիությունն է:
Ողջ քաղաքականություն կոչվածը հիմնվում է շահագրգիռ անձանց մեծամասնության անտարբերության վրա, առանց որի քաղաքականությունը երբեք չի կարող հնարավոր դառնալ:
Սկզբնական շրջանում քաղաքականությունը հանդես է գալիս որպես իրեն զննող աչքի հետ միախառնվելուց մարդկանց մի խմբին հեռու պահելու վարպետություն:
Հաջորդ փուլում` սրան ավելանում է վարպետությունը` մարդկանց հարկադրելու վճիռ կայացնել իրենց համար անհասկանալի բաների մասին:
Այս երկրորդ սկզբունքը զուգամիտվում է առաջինին:
Ահա և նրանց համակցման արդյունքներից մեկը. ընդհանուր ընտրական իրավունքի երկրներում գոյություն ունեն պետական գաղտնիքներ: Զուգակցումն անհրաժեշտ է և, արդյունքում, կենսունակ, բայց այն երբեմն մեծ փոթորիկներ է առաջ բերում, որը կառավարություններին ստիպում է առանց շունչ առնելու կամ ձեռքերը ծալելու շարունակ մանևրել: Իշխանությունը միշտ հարկադրված է իր սկզբունքների դեմ թիավարել: Նա կառավարում է սկզբունքից հնարավորին չափ աննշան շեղումով` բացարձակ լիիշխանության ուղղությամբ:

Բոլոր հասարակական կազմակերպվածքները պատրանքների պահանջ են առաջադրում:
Մի հասարակարգում համաձայնության են գալիս քաղաքացիների անհավասարության մասին: Մյուսում` նախօրոք պայմանավորվում և կազմակերպում են հավասարությունը:
Սրանք են այն նախապայմանները, որ հարկավոր են խաղը սկսելու համար: Հենց որ մեկը կամ մյուսը հաստատվում է, թե չէ, խաղն սկսվում է, որն անհրաժեշտաբար կայանում է անհատների կողմից անընդհատ ու հակընդդեմ գործողություններ ձեռնարկելու մեջ:
Հավասարների հասարակության մեջ անհատը գործում է ընդդեմ հավասարության: Անհավասարների հասարակարգում ամենամեծ թվով մարդիկ աշխատում են ընդդեմ անհավասարության:

Քաղաքական պայքարի արդյունքը ուղեղներում շփոթ առաջացնելն է, ամենամեծ կարևորության «խնդիրների» և արտակարգ միջոցառումների հասկացության կեղծումը:
Այն, ինչ կենսական կարևորություն ունի, փոխարինվում է նրանով, ինչը պարզապես կարող էր լինել: Ինչը ապագային է վերաբերում` օրվա խնդիր է հայտարարվում: Այն, ինչ հրատապ է ու անհետաձգելի` նրանով, ինչը շոշափելի է ու զգայելի: Այն, ինչ խորն է ու դանդաղընթաց է ենթադրում` նրանով, ինչը գրգռիչ է ու հրահրող:
Այն ամենը, ինչը գործնական քաղաքականությանն է վերաբերում, անհրաժեշտաբար մակերեսային է ու ոչ խորը:
Անկարելի է «քաղաքականություն անել» առանց սեփական կարծիք հայտնելու բոլոր այն խնդիրների առթիվ, որոնց մասին ոչ մի ողջախոհ մարդ չի կարող իրեն թույլ տալ ասելու, թե ինքը գիտի: Պետք է հիմար լինել կամ անսահման տգետ` համարձակվելու համար կարծիք հայտնել խնդիրների այն մեծամասնության առթիվ, որ առաջադրում է քաղաքականությունը:

Կարծիքներ

Ողջ կարծիք կոչվածը պարզագույն թարգմանություն-մեկնաբանությունն է հակընդդեմ կամ թշնամաբար ասված կարծիքի: Եթե գործողությունների դիմելը ամենահեշտերից մեկը չլիներ, ուղեղի ծուլությունը նրան դեպի հավերժանփոփոխության խաղադաշտը կառաջնորդեր:
Քաղաքական կամ արվեստական կարծիքը պետք է այնքան անսահմանորեն անորոշ լինի, որպեսզի մի և նույն արտաքին երևույթի, թվացողականության քողի տակ մի և նույն անհատը այն մշտապես իր նախատրամադրությանը և սեփական շահերին հարմարեցնել կարողանա. արդարացնել իր գործողությունը. «բացատրել» իր կատարած ընտրությունը, ընդունած որոշումը:

Ես ճանաչում էի մի տարօրինակ, զվարճալի արարածի, որը հավատում էր այն ամենին, ինչ կարդում էր մի որոշակի ամսագրում, և ոչ մի բանի, ինչը մեկ ուրիշում էր ընթերցում:
Դա օրիգինալ մեկն էր. ընդսմին` գաղջահոտող ու լճացած տեսակի:
Պատմաբանը անցյալի նկատմամբ կատարում է նույնը, ինչ որ խաղաթղթերով բախտ բացող գուշակուհին` ապագայի հանդեպ: Բայց հենց կախարդուհու նկատմամբ է ստուգման հարց բարձրացվում և ոչ պատմաբանի:
Քաղաքական բացահայտում:
…Մարդը բարձրանում է ամբիոն: Աղմուկ-իրարանցում, «չարացած ու անհաշտ» ընդդիմություն, ևն:
Սկսում է խոսել… Բանավե՞ճ է: Սակայն կամաց-կամաց մտքի աշխատանքն իրեն զգացնել է տալիս` ուշադրությունը գրավելով: Եվ հենց մտքի աշխատանքն է, որ բացահայտում է իրեն: Այլևս չկան հեշտ լուծումներ, պարզ բանաձևումներ, չկան քաղաքական ծրագրեր, չկա հնարավոր պառլամենտական մարտավարություն, չկան մտքի վայրկենական լուսաճառագումներ, հաղթական հակահարվածներ…
Այլ հորինաստեղծ ու ինքնավստահ հսկայական դժվարություններ. ապագան անհայտ, ներկան թյուր ճանաչված, տրամաբանությունը անբավարար, գիտելիքները թերի, խորաթափանցությունը պակասավոր, առարկան անբռնելի ու անորսալի, խոսքը կոպտատաշ, անվայելուչ, վճիռը միշտ պատահական… Այն ամենը, ինչ դիմակավորում է ճառասացի արվեստը, ինչպիսին որ այն կա մտքի մեջ, նույնական է բացահայտելիք առարկաների իրական խառնաշփոթին…

Իշխանություն և փող

Իշխանությունը և փողը անսահմանության գրավչությունն ունեն. մեկի կամ մյուսի, գործունեության այս կամ այն ընդունակության համար չէ, որ ցանկություն են ունենում դրանց անտեղիտալի տիրապետելու: Ոչ ոք խենթանալու աստիճան չի տենչում ողջամիտ կամ չափավոր իշխանության. Ո՛չ կառավարության կենսագործունեության իրականացումն է որպես պարզ ու հստակ, կանոնակարգված մասնագիտություն դիտարկվում, ո՛չ էլ փողը` որպես հստակագույնս որոշարկված առարկաների արժեք:
Սակայն հենց իշխանության անսահմանությունն է, որ մեծ ցանկություն է ծնում, որովհետև ես երբեք չգիտեմ, թե ինչ ցանկություններ կարող են իմ մեջ ծնունդ առնել: Ես երբեք չեմ տենչում այն, ինչը հաշվարկված է, և ուզում եմ գնել միայն այն, ինչը չկա վաճառքում:
Ահա թե ինչու բոլորը գերհզոր և մեծահարուստ մարդու մեջ միշտ էլ մի երջանիկ խաղամոլի են տեսնում: Մի արտակարգ հաջողակություն է ենթադրվում այդ մեծամեծ հարստությունների կուտակման սկզբնափուլում: Ո՛չ թափած ջանքը, ո՛չ էլ ավարտին հասցված տքնաջան աշխատանքի արդյունքը չի թվում, թե կարող է այդ Մեծությանն առաջնորդել, որ պատկերանում է այնկողմնային ու կատարյալ:
Վերջապես, իշխանության չարաշահման, գերազանցման հենց այդ բնազդն է, որ այնպես կրքոտությամբ երազել է տալիս իշխանության մասին: Իշխանությունն առանց գերազանցման կորցնում է իր հմայքը:

Պետությունը, այդ ԵՍ-ը
Խոսում է մարդը:
Չի կարելի, որ գայլը գառանն ուտի: Դա անբարոյականություն է… Որովհետև այդ ԵՍ պետք է գառանն ուտեմ:
Չի կարելի, որ մոլախոտը խեղդի բարի ցորնահասկին: Քանի որ այդ ԵՍ պետք է փշրեմ բարի հատիկը:
Այսպես է խոսում մարդը: Բայց, է՛լ ավելի բարձր, այսպես է խոսում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
Գայլը կախման մեջ է գտնվում գառից, որն էլ իր հերթին կախված է խոտից:
Խոտը միայն հարաբերականորեն է պաշտպանվում գայլի կողմից: Գիշատիչ կաթնասունը հովանավորում է խոտին, որն իրեն կերակրում է անուղղակիորեն:
Ծեր գայլերի միջև ճակատամարտը շատ ավելի դաժան է, ավելի խորամանկ ու նենգմիտ, բայց նրանում նաև հանդիսավորության պահ կա:
Հարևանների առկայությունը հավերժական քաղաքացիական պատերազմից խուսափելու ազգերի միակ երաշխիքն է:
Մեծ, աղմուկ հանած իրադարձությունները գուցե այդպիսիք են թվում միայն փոքրիկ ուղեղների համար: Ավելի լրջմիտ ուղեղների կողմից հենց անզգայելի, աննկատ ու տևականության դրոշմը կրող իրադարձություններն են, որ հաշվի մեջ են մտցվում:
Իրադարձությունները ծնունդ են առնում անծանոթ հորից: Անհրաժեշտությունը լոկ նրանց մայրն է:
Իրավունքը ուժերի միջնադադարն է:

Շարունակությունը՝ Այստեղ

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աշոտ Ալեքսանյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *