Հրայր Խաչատրյան | Հայացքի քերականությունը

Մարդկային զգացմունքները հաճախ ավելի ուժեղ բորբոքվում կամ նվաղում են այլ օրինակներով, ոչ թե բառերով։ Անձնական մխիթարող զրույցից հետո ես որոշեցի ուղերձ գրել քեզ՝ բացակայիդ, իմ վերապրած աղետների մասին, որպեսզի համեմատելով դու հասկանաս՝ քո անհաջողությունները չնչին են ու ոչինչ, որպեսզի ավելի թեթև ու հանգիստ կրես քո աղետները։
 Պիեռ Աբելյար «Իմ աղետների պատմություն»

 

Օ՜ գիտակցություն իմ երևելի,
Տա՛ր ինձ հեռու սրտի ճիրաններից,
Թե չէ նրա երախում բնակվելը
Միշտ հղի է նոր հոգեմաշումներով:

***
Ես պատմություն եմ
Նիհար մարմնի ու դրա մեջ բնակվող մենության մասին:

***
Արձակագիր թե պոետ նույն բանն են ասում,
Բայց տարբեր կերպ են կռվում տիեզերքի հետ իրենց տողերում:

 

***
Միգուցե արևը սիրուն է,
Երկնքի և երկրի կենտրոնն է,
որտեղ բոլոր մոլորակները պարում են իր շուրջը,
Բայց նա լուսնի թախիծը չունի:

 

***
Պղծված հոգումդ մի գարուն էլ չհամարձակվեց բնակվել,
վախեցավ,
որ նա էլ մի օր աշուն կդառնա՝
թափված տերևներով: Քո օրերը, որ ինձնից հեռու են,
Ինչպես ճանապարհի կիլոմետրեր,
Դալուկ բույսի նման հանգչում են
Երկիր կոչվող անտառում:

 

***
Ամռան տաքությունը բավ չէր զիստերիդ,
Նոր կրակ էր պետք,
Պարզեցի ձեռքերս և նրանք հալվեցին ափերիս մեջ:

 

***
Աստծուն չէիր հավատում,
Դա դեռ ոչինչ,
Մարդկանց էլ նույնպես,
դա էլ մի կողմ,
Բայց երբ իմ աչքերը խոսեցին ցանկացած լեզվից սահուն,
և դու ասեցիր,
որ իմ քերականությունը քեզ պարզ չէ,
Երբեք չեմ ների քո նման անհավատին:

 

***
Տերև ընկավ ոտքիս տակ,
հիշեցի,
Որ ինձ էլ են ճզմել:

 

***
Իմ սիրտը,
որ կապտուկների թանգարան է,
Մարդիկ այցելուի կարգավիճակով գալիս են նայելու,
Թե ինչ կոլաժներից է այն բաղկացած:

 

***
Իմ տան գավիթում գրկաբաց ընդունել եմ բոլորին,
Սակայն ժամանակը ուրիշ հաշիվ ուներ,
Թողնում էր միայն նրանց,
Ով լսում էր իմ ձայնը լռության խորքից:

 

***
Թողություն տուր նրանց,
Ովքեր ցավեցրել են քեզ,
Նրանք քեզ չեն կպել,
Այլ փորձել են խոսել իրենց մասին,
Բայց նրանց լեզուն երկխոսության համար չէր:
Մի՛ տնտղիր,
Մի՛ սևացիր,
Գնա՛ քո ճամփով,
Պատրաստվի՛ր նոր հանդիպումների:

 

***
Ոտքերիդ արանքում նեղվածություն ու ցուրտ է տիրում,
Իմ մեջ էլ բորբոքված հոսանքն է շրջում,
Երկուստեք միայնություն է մեր մոտ.
Քեզ կրակ է պետք,
ինձ` հանգստություն:
Ե՛կ, օթևանեմ գրկումդ՝
Քշեմ քեզնից անտանելի ձմեռը:

 

***
Սենյակի բազկաթոռին կողքի պառկած ննջում էիր,
ցույց էիր տալիս ձգված հետույքդ.
Քնած էիր ու չնկատեցիր,
որ իմ մեջ էլ մի բան ձգվեց:

 

***
Ամեն տեղ ցեխ ու փիլիսոփայություն է,
Երկուսից պոկվել հնարավոր չէ,
Որովհետև մենք ստրուկն ենք
Մեդալի երկերեսանիության:

 

***
Հաճախ եմ հարցնում ինձ,
Թե երբ կբավարարեմ ծարավը քո,
Հետո հասկանում, որ ամեն անգամ`
Մսխելով քո մեջ պաշարս`
Մթերելով մինչև խորքերդ,
Էլի քիչ է ներսդ օվկիանոս սարքելու համար:

 

***
Պուրպուր շուրթերդ գայթակղության ընդերք են,
Ասես ժողովված լինի նրա մեջ տղամարդկային թուլությունը.
Ում համբուրես թմրամոլ կդառնա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *