Հակոբ Մովսեսի «Շարական» ժողովածուի և Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» վեպի անորսալի զուգահեռները
Ինչն է միավորում այս երկու գիրքը՝ իմ մտապատկերում:
Առաջինը մեկ տարի շարունակ տարբեր օրեր, տարբեր տեղեր վերընթերցել եմ, մյուսը մտահղացվել, ծնվել ու այս կերպարանքն է ստացել մեր ընտանիքում, և պարտավորության բերումով կարդացվել մի քանի անգամ:
Եվ, ուրեմն` խորքային իմաստով ընդհանրականը աշխարհին նայելու, Հայաստանը սիրելու, գրականությամբ հայրենիքը սիրելու երկու եղանակն է՝ պոեզիայով և արձակով:
Ուզում ես գրել հայրենիքը, սակայն ճիշտը Հայաստանն է, այս Հայաստանը, քանզի հայրենիքը նաև երեկն է ու վաղը, Հայաստանը այսօրն է, մեր բաժին Հայաստան-հայրենիքը, ուր ապրում ու յուրովի ու շատ տարբեր արձանագրում են փառաբանության շարականի Հակոբ Մովսեսը և դժվար հայրենիքի՝ «Ուր է իմ եղբայրը» հարցի պահանջատեր Հովհաննես Երանյանը:
Արքայական կապույտի երանգները
Հակոբ Մովսեսի «Շարականը» ամբողջական ու ուժգին հնչող փառաբանություն է Հայաստանին: Ձոներգողը հիշատակում կամ ակնարկում է, որ «կան կուպր ու ձյութ, գոսն տիրույթներ», սակայն դրանց մասին լռում է, իբրև երրորդական բաներ: Հայաստանը սիրում է մանրամասն՝ հացի տաշտից սկսած, ճաշակում նրա կաթնովը, ձվածեղն ու խավիծը` իբրև մանուկ Հիսուսին բերած նվերներ, այդքան ծիսական, նվիրական ու սրբագործված: Արարիչն այս երկրում հայտնվում է տարբեր անուններով` և սրբազնացնում առօրյա թվացող գործերը: Մերթ տնամերձը ոռոգող Արտատեր է, կամ Տանուտեր ու Երկնքի մենատնտես, երբեմն էլ «Աստված կապում է հացթուխի իր գոգնոցը »:
Հեղինակը Հայաստան աշխարհում ճամփորդում է «բառերի սովը հագեցնելու » բացատրությամբ, ու այդ երթն իրականանում է « ողջերի ու մեռյալների » (Ջեյմս Ջոյս) ամբողջական աշխարհում:
Ամբողջական հայրենիքի որոնումներում մեկ էլ քեզ գտնում ես Ղամշլի քաղաքում պանդխտելիս, Սիսականում ուխտագնաց, Աշոցք գավառի կամարակապ դաշտերում, Արմավիրի այգիներում ու Այրիվանքի պատերի տակ, Նորատուսի մամռակալ խաչքարի առաջ, կամ Էրզրում սուրբ քաղաքի գորգագործներին, Լանջիկ գյուղի մղկտացող սրինգներին, Աշոցք գավառի ճչացող ամպերին հետամուտ: Այստեղ Արմավիրի այգիներում լսվող ձայն կա և «մեռյալների ծարավ խումբ` հավաքված ջրհորի շուրջը` ամեն կեսգիշերի »:
Առանձնակի հիշատակվում է Արմավիրի մի ոտքի վրա կանգնած արագիլների աղանդը սյունակյաց (հավանաբար ակնարկվում է Սիմոն Սյունակյաց ինքնակա սուրբը):
Այս ոգեղեն ու երազային հայրենիքում անգամ փուշը՝ ասեղնաբույժ է, ինչպես Հակոբ Մնձուրու համար էր իր ծննդավայրում տասնամյակներ առաջ տեսած օձը՝ հարազատ ու կարոտի արժանի . « Տեսնես ինչ եղավ, որ հանդիպել էի 1913 թվականին »:
Հայաստանը մանրամասն գովաբանելու նույն ծնծղա- մեղեդին է հնչում, մեղմանում կամ ուժգնանում տողատակերում`իբրև անանուն գրիչի մեկնաբանություն:
Ինչպես հայկական մանրանկարի ընդհանրական գորգի շքեղ, անհամեմատելի գույների մեջ առկայծում-առանձնանում է կապույտը՝ արքայական կապույտը, այնպես էլ Հակոբ Մովսեսի շարականի հատորյակը կապույտ արքայության մեջ է Կապույտն առատության եղջյուրից իր երանգներով է լուսավորում-գունազարդում ամեն իր ու գործողություն: Այստեղ փչում են կապույտ քամիներ, հոսում բիլ ջրեր, քերականների ձեռքերի մատիտներն են կապույտ, լուրթ տանիքներ են, լազուր դաշտ ու լաջվարդ դուռ, կապույտ աղ, օդի պարաններին էլ փռփռում են լազուրի բեհեզներ: Լազուրի ոսկեդար է, կապույտի թելերը հայրենիք ներկրող նավատորմներ, աչքից հեռու լուրթ ջրեր, կապույտի թելերը ոլորող իլիկ, երկնային միգամած կալեր ու կառավարական կապույտ ատյաններ:
Մովսեսի շարականի երկրում չեն մահանում, ասես երկինք են վերափոխվում՝ «Շատ է բարձրացել, գուցե խճճվել է, լազուրին է բախվել, կապույտի թելերից է կախվել»:
Հակոբ Մովսեսի ինքնատիպ ներշնչանքի աղբյուրը մանկությունն է և գեղեցիկը: Մանկությունից եկած ու սրբազնացած պատկերներ են ավագ եղբոր դիզած դեզը, կորնգանի ոսկեգույն արտերը, Ախուրյանի կարկուտի ամպերը, Արմավիրի լճակներն ու մառանները, հացի տաշտի բարձրացող թթխմորը, բաղարճի գնդերը, կաթնատու անսսունի ձմեռային քարաղը, վարսակն ու գարին: Իմացությունից է բխում Մոմիկին ու նրա որդիներին Աստծուց տրված Եղեգնաձոր գավառի, Նորատուսի խաչքարի, Նարեկացու մատյանի (առանց անունը տալու՝ «հնագույն մատյաններում եմ կարդացել ») պաշտամունքը:
Կարդալիս քեզ զգում ես հողեղեն դիրքից լուրթ արևի մեջ երկնքին նայելիս ու վերերկրայինին առնչվելիս՝ բարձր, գեղեցիկ, անհավանականորեն հեռու ու միստիկ, ասես առաջին անգամ առնչվում ես անհունին:
Ինչու է այս ամենը ինձ հուզում, և թվում է, այս իրերը տեսել եմ, վերհուշ դարձած սրբազնությամբ, լավագույն ժամանակի, երբ մանուկ ես ու դժվարությամբ ու դանդաղ պտտում ես երկանքի ծանր քարերը ձավար աղալու համար, որպեսզի երեկոյան ճաշի հավաքվի ողջ ընտանիքը՝ դաշտից, դպրոցից ու մանկապարտեզից:
Ես հիմա էլ սիրում եմ Արմավիրի արագիլների աղանդը սյունակյաց:
Ժպտացող արքայի և չպարտվելու գիրք
Մովսեսի պոեզիայի հայրենիքում կատարյալ վերացարկված է կենցաղը՝ անգամ խոտի դեզը, թթխմորն ու հացի դաշտը:
Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» արձակ գրքում ամեն ինչ առարկայորեն կոնկրետ ու ներկա է՝ անգամ տեսիլքը, երեքի պատվիրակությունը երկինք, եռագլուխ վեցոտանի ձին, պատգամը, մի վատ թվի ջրամույն եղածների հոգիները:
Երկու գիրքն էլ կարող ես կարդալ ցանկացած հատվածից:
Իսկ ինչն է միավորում ՝ որոնումը: Ասես մշուշի մեջ գնում են տեսնելու- որոնելու, պոեզիայի գրքում՝ աննյութեղեն պահեստներում ի պահ տրվածը, մյուսում…
Արձակ գրքում համրացած մայրը փնտրում է զոհված տղային, հայրը որոնում է հայրենիքը փրկելու ուղիներ, եղբայրը հետամուտ է փոքր եղբոր դատին, քույրն ուզում է փոխել իր կյանքն ու քարացնել ժամանակը, երբ բոլորը միասին ու ամբողջական էին, և ոչ մեկին ոչինչ չի սպառնում: Բոլորը միասին, ասես մշուշում խարխափելիս, որոնում են իրենց տունն ու ընտանիքի անդամներին, հայրենիքը:
Երկիրը վտանգված է ներսից ու դրսից, նաև՝ խորքից, և պիտի ընդլայնել երկրի արդարության սահմանները: Օգնությունը պիտի գա երկնքից՝ խոստումի տեսքով և ներսից ու ներքևից ՝ ինքնամաքրումի և մաքառումի: Հարկ է արձանագրել լքված երկրի- փողոցի բնակիչներին, տունը մաքրել ներսում մահացածներից, կենդանացնել:
Ասես ընկղմված լինես խորը ջրերի մեջ, և շերտ-շերտ քեզ հպվելով անցնում են մերթ սառը, տաք, ֆանտաստիկ, կենցաղային, վերերկրային, առեղծվածային, անհասկանալի, անբացատրելի հոսանքներ, պատմություններ, սիմվոլներ, մտածումներ: Սիմվոլներ՝ տարտամ, դժվար բացատրելի, երևակայական, մտազգացական, առասպելական…
Դրանք ոխերիմ բարեկամի ձեռքսեղմում են, աշխարհի հզորների հպարտ ուշադրություն, փոքր խմբակի անել, զինված ու հատու ընդվզում, և այրող հարց՝ «Ո՞ւր է իմ եղբայրը»:
Ինքնասպանությունից կյանք դարձող քույրը, արտասահմանից ընտանիք վերադարձած եղբայրը, համրությամբ, լքել-անհետանալով դաժան հայրենիքի դեմ ընդվզող մայրը, տանը միայնակ մնացած հայրը ելքեր են փնտրում դատարկվող հայրենիքից, մանկության խառը հուշերի հորձանքից:
Ուզում են զառանցագին ջանքերով փրկել մի Հայաստան, որը կարիք ունի արդարություն, ժպտացող արքայի, և այս նպատակի համար երկնքի հովանավորության, աստղերի ճիշտ դասավորության՝ չար մտքերի ու գործերի խորտակումով, ուժեղների հիշողության վերարթնացումով, որպեսզի երկիրը փրկվի և մարդիկ պարտված չհեռանան:
Փրկության հույսը միաժամանակ պիտի գա վերևից՝ պատգամի տեսիլով և ներքևից՝ ընդվզումի, օգնություն կգա արյան հիշողությունը, ջրամույն եղածների անսփոփ հոգիները (որոնցից մեկը հավանաբար- հաստատապես շահած հարևանի նախնին է):
Եվ բոլոր այս առասպելական պատմություններն ու կերպարները բերվում են առօրյա կենցաղի դաշտ, միանում մեկ հոգետանջ երազի ու երազանքի, միահյուսվում մեկ ընտանիքի պատմության շուրջ:
Այստեղ երբեմն հիանում են «իրենց գտնված վայրի աներևույթ հմայքով», և տեսնում անընդգրկելի հեռուն, ապրում «անսպասելի, անպարփակելի հրճվանք», բայց նրանք ընդամենը երեքն են, երեք ընտրվածները: Նրանք երկնքից իրենց երազանքներն իրականացնող արքա են խնդրում, ժպտացող արքա, որը կանցնի բոլոր փորձությունների միջով:
Սա՝ ընտրյալենրի համար, իսկ ընդհանրապես և բոլորի համար՝ «սըռ ձմռանը՝ ձյուն ու ցուրտ, գարուն-աշնանը՝ անանցանելի ցեխ, ամռանը՝ խարկող, հալեցնող արև»: Այս հայրենիքում հարևան երկրից վտարվածներ կան, նորվեգական տնակներ, գյուղական կրպակ-խանութ: Այստեղ թեև ապրում են, բայց նախանձում են հաշմանդամի թոշակ ստացողին, մահացողին՝ որ հիմա մեռած չենք, իբր ապրում ենք…
Թեև ապրում են, բայց ատում են նախագահին, գյուղապետին, սակայն իրենց ձայնը նվիրում նրանց, կան ու չկան՝ առանց երազանք ու իղձ: Չապրող, ճարպահոտ մարդկանց, մեծ ու փոքր տների երկիր, ոչ տեր կա, ոչ էլ հեռացած տերն ունի վաճառելու հույս: Կողպված պատուհանների թախիծ, վանող այգի, պարիսպ ունենալու երազանք, եղեգնուտից զատվելու-ազատագրվելու տասնամյակների ջանք, ու սովից, ցրտից, թշնամու կամ յուրայինի հրե գնդակից զարկվելու վտանգ: Դուռ, որը պիտի գոցել, որպեսզի «օձը մեյդան չելնի, ու սաղիս վերջը բերի»: Հոգեմաշ հարցերը վերջ չունեն՝ «Դու իմ տղային չես տեսել », «Ուր է իմ եղբայրը, ով գնացել էր բանակ հայրենիքը թշնամուց պաշտպանեու, բայց ընկավ յուրայինի ձեռքով »: Անպատասխան հարց՝ «Հայրենիք, ինչու խժռեցիր իմ զավակին»: Հանուն պետության հզորացման մարդուն կյանքից զրկելու պատգամ չկա, և նա, որ սովոր էր հաղթել թշնամուն, նույնացրեց օտարին ու յուրայինին:
«Հանցագործը, որը սպանում է զինվորին, սովորական մարդասպան չի, հայրենիքի դավաճան է, թշնամու լրտես: Ինչ է, ինքը պիտի գա ու ասի, որ ես եմ արել: Դուք պետք է գտնեք հանցագործին՝ երկոտանի գայլ-գազանից սարսափելի, այս երկրի մարմինը հոշոտող». զինվորի պապն է նամակներ հղում նախագահին:
Իրար են միանում սպանված զինվորի ու նախկին նախագահի թաղման թափորները՝«Ինչ ասեմ աղջկան, որ սիրելու էր քեզ: Ինչ պատասխան ես տամ քո որբ զավակներին, որոնք չծնվեցին: Մատղաշ իմ շիվ, ջահել տնկի… Իմ հայր, իմ եղբայր, իմ որդի: …Քսան գարուն չբոլորած տղես, իմ հոգի, իմ մասնիկ, իմ սփոփանք, իմ երկրին գուշակված ապագա… Ողբում էր պահանձված արքայամայրը մունջ»:
«Ինչու ես խժռում զավակներիդ, երկիր… Ով սպանեց որդուս, ինչի լափեցիր իմ խեղճ բալին, երկիր. Ողբում էր արքայահայրը արվարձանի գերեզմանոց տանող ճանապարհին»:
Իսկ կախարդական շրջանակից պիտի դուրս գալ մի աստվածային հրաշքով, և չար գործերին միտվածներն անգամ կօժանդակեն այս փրկությանը: Նաև՝ մունջ ընդվզողները, զենքը ձեռքներին դիմադրողները, ցնորվելու ճանապարհին հայտնվածները, ուղեկորույս, խարխափող գյուղը, փոշոտ հայրենիքի փոշոտ ճանապարհի սակավ բնակիչները: Որպեսզի չլինեն երեքգլխանի և վեցոտանի ձիու աքացուց մեռնող զինվորներ, որ երեքգլխանի և վեցոտանի ձին չվնասի ազատություն բերող արքային
Արքա, որը կհնազանդեցնի եռագլուխ վեցոտանուն, կլռեցնի նրա աշխարհակործան խրխինջը, , կսփոփի ջրամույն եղածների հոգիները:
Նոր արքան չի սպանելու, հնազանդեցնելու է:
Ու երկիրը կփոխվի, որպեսզի պարտված չհեռանանք:
1 «Կեռնեխին նայելու տասներեք եղանակ » Ուորլըս Սթիվընսի (1879-1955) բանաստեղծության վերնագիրը ձևափոխել էր Ֆոլքները՝ իբրևւ աշխարհին նայելու տասնչորսերորդ եղանակ
2 Հակոբ Մովսես «Շարական » Անտարես 2016թ
3 Հովհաննես Երանյան «Մեղքի պարան » Անտարես 2017թ
4 Գրքում հաշվի է առնվել նաև լավ խմբագրի խորհուրդը՝ հանել գյուղապետարանի գլխին ոխերիմ բարեկամի փողփողացող դրոշի հատվածը, իբրև վտանգավոր սահմանագիծ: