Ռուբեն Հովսեփյան |Խոսք գրված Սերգեյ Դովլաթով ֆիլմի համար

Ռուբեն Հովսեփյան

Ցեղասպանությանը, իրար կորցնելու սոսկալի իրողությանը ի հետեւանք, ամենուր հայ փնտրելու ազգային մեր սովորությունը երկար ժամանակ շրջանցել էր Սերգեյ Դովլաթովին։ Չէր նկատել եւ կամ, որ ավելի ճիշտ է, թույլ չէին տվել նկատել։ Նունիսկ նրանց, ովքեր գրական սերնդակիցներն էին Դովլաթովի, ովքեր համամիութենական հետաքրքրության բերումով, այս կամ այն չափով, տեղյակ էին, թե ինչ է կատարվում Մոսկվայում, Նեւայի ափերին, հարեւան երկրներում, Մերձբալթիկայում եւ կամ միջին ասիական տարածքներում։ 60-ական թվականները միայն Հայաստանում չէին երեւելի ժամանակներ. կայսրության բոլոր կողմերում էր ծիլ տալիս նոր գրականությունը։ Եւ ոչ միայն գրականությունը։ Բայց, գոնե գրականությունը տարածվում է հրապարակվելով. տպագրված գիրն է, որ կարող է դառնալ շատերի սեփականությունը։ Դովլաթովին չէին տպագրում, իսկ լրագրողական աշխատանքի նրա պտուղները գին ու արժեք չունեին նույնիսկ տեղական շուկաներում, էլ ուր մնաց արտահանվեին։ Մի հրապարակում, այսուհանդերձ, հասավ Հայաստան։ «Կրոկոդիլ» հանդեսում տպագրված նրա երգիծականն էր՝ պարկետի մանրատախտակներով խորովածի օջախ վառած լենինգրադցի հայերի մասին, որ աղմուկ հանեց մեզանում եւ ստիպեց, որ թե հանդէսը, եւ թե պատմվածքի հեղինակը, ներողության նման մի բան ասեն։ Բայց շատ արագ մոռացվեց այս միջադեպը եւ Դովլաթով անունը այլեւս չհիշվեց։ Այնինչ Նեւայի ափերին արդեն անհայտ անուն չէր Սերգեյ Դովլաթովը եւ եթե չէր էլ տպագրվում, ապա ընկերական շրջանակում ընթերցվում էին նրա պատմվածքները, եւ կամ պատմվում՝ նախ իր կողմից, հետո նաեւ՝ ընկերների։ Եւ, որ ամենատարօրինակն էր, թե բանավոր եւ թե գրի առնված պատմությունները, մեկը մյուսին չէին զիջում իրենց գեղարվեստականությամբ։
Այս ամենը մենք իմանում ենք հիմա, ուշացումով։ Եւ հիմա ենք ազգային մեր սովորությամբ փորձում նրա մեջ փնտրել հային եւ… չենք կարողանում։ Մայրն էր հայ, հայրը՝ հրեա էր։ Սկզբում հայ էր գրվում, հետո՝ հրեա, երբ հեռանում էր ՍՍՀՄ-ից։Նա այլեւս չէր կարողանում տեղավորվել Սովետական երկրում, որովհետեւ նրա տաղանդի դրսեւորումը վերջնականապես դեպի գրականությունն էր մղվել, իսկ գրականությունը, գոնե հեղինակի համար, դեռեւս գրականություն չէ, եթե ձեռագրի տեսքով մնում է գրադարակում։ Եւ որովհետեւ ինքը շատ նման էր իր ձեռագրերին, կամ ձեռագրերն էին իր նման, գրեթե նույնական էին, գրադարակում փակվածության իրողությունը միայն ձեռագրերին պետք չէ վերագրել։ Նա այլեւս աշխարհի քաղաքացի էր, եթե նույնիսկ չհաջողեր դուրս պրծնել գրադարակից։ Մենք նրա մեջ չենք գտնելու հային, որովհետեւ ինքն իր մեջ չի աճեցրել հայությունը։ Չի աճեցրել նաեւ հրեությունը։ Չի աճեցրել եւ ոչ մի ազգայնություն։ Իր իսկ խոստովանությամբ՝ նա ռուսաց լեզվի ազգությանն է պատկանում։ Միայն լեզվի։ Թերեւս, շատ լրջորեն, մի անգամ է դեմառդեմ հայտնվել ազգության խնդրի առաջ, երբ հանդիպել է Հրանտ Մաթեւսյանին եւ տեսել, զգացել, որ ազգությամբ հայը Հրանտն է, եւ ոչ թե ինքը ։ Չգիտեմ՝ցա՛վ է ապրել այդ հայտնությունից, նախա՛նձ, թե մի այլ զգացում, սակայն նախախնամությունը կատարել է իր գործը՝ Հրանտն իր ճանապարհով է շարունակել գնալ, Դովլաթովն՝ իր։ Հրանտն իր գրականությունն է ստեղծել, Դովլաթովն՝ իր։
Մենք նրա մեջ այլեւս պիտի չփնտրենք հային, պիտի ընդունենք նրան այնպիսին, ինչպիսին կա։ Իսկ կա՝ վիթխարի մի գոյություն, որի խոսքը սուր է, կտրուկ, բայց ոչ ցավեցնող, որի մոտեցումը իրականությանը ոչ կողմ է, ոչ դեմ, գրեթե Աստծո վերաբերմունք է՝ փոքր-ինչ շաղախված հումորով։ Եւ պիտի ընդունենք նաեւ, որ նա իրավմամբ թաղվել է այնտեղ, որտեղ պիտի թաղվեր՝ Նյու-յորքի հրեական գերեզմանատան հայկական մասում…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *