[վիրտուալ հայի առասպելը]
Տարածական երկու միավորները` Էկզոտիկ Բոմբեյն ու ծանոթ Միջանցահովիկը շրջանառվում են Աղասի Այվազյանի 2006 թվականին «Գարուն» ամսագրում տպագրված պատմվածքների խմբում, ապա և հեղինակի` կենդանության օրոք լույս տեսած վերջին «Մեղքով հղացածը» գրքում: Պատմվածքների խումբը սկսվում է «Հիշողություններ Բոմբեյի մասին» պատմվածքով և ավարտվում «Միջանցոհովիկ» էսսեով, որով և փակվում է տարածական ու իմաստային շղթան:
Ինչպես վերջին շրջանի գրեթե ամբողջ ստեղծագործության մեջ, և հատկապես «Երկրի վրայ զբաղմունքը» գրքում, այստեղ էլ Աղասի Այվազյանը շարունակում է իր հետազոտական-զննական աշխատանքը: Նպատակն ու առարկան սկզբում մարդն, ապա մասնավորման մեջ, նրանից ածանցվող մարդու հայ տեսակն է, կամ հակառակ շղթայով` սկզբում հայը ապա և մարդը:
Հեղինակը մարդուն փորձում է քննել երկու` ֆիզիկական և հոգևոր կեցությունների համադրությամբ: Ընդհանրության մեջ էլ ֆիզիկական և հոգևոր կեցույթների կոնկրետ արտահայտությունները պատմվածքներում համապատասխանաբար Բոմբեյն ու Միջանցահովիկն են:
Երկու աշխարհագրական-տարածական միավորները միջև ընկած գեղարվեստական տարածությունը միաժամանակ և կարել է դիտարկել, որպես բարեշրջության որոշակի ընթացք` ֆիզիկական մարդուց դեպի հոգևոր կեցություն, որն ինչպես Այվազյանի ամբողջ ստեղծագործության մեջ, այնպես էլ` այստեղ ասոցացվում է հայրենիքի գաղափարի հետ: Շարքում` պատմվածքից-պատմվածք մարդն անցնում է զարգացման բնական և հասարակական աստիճաններով և հասնում է հոգևոր կեցությանը` հայրենիքին: Տեքստերի գեղարվեստական իրականության մեջ, սակայն այս բարեշրջությունն իրացվում է, ոչ լիովին, քանի որ հեղինակի համար կարևորը ոչ թե գործողությունները, դիպաշարային զարգացումն ու պատումի գեղարվեստական ամբողջականությունն է, այլ արդյունքն ու ածանցվող բարոյախոսական եզրակացությունը, ինչի արդյունքում էլ պատմվածքների դիպաշարերն ու հերոսները առավելապես վերացարկված ու պայմանական են: Պատմվածքների դիպաշարը սեղմ է, պատումը հակիրճ, հերոսները ներկայացվում են ընդամենը մեկ հատկանիշի գերակայությամբ: Այս առանձնահատկություններով էլ քննվող պատմվածքները աղերսներ են դրսևորում գրական և ոչ գրական այլ ժանրերի, մասնավորապես քրիստոնեական առակի և խոհագրության հետ:
Պատմվածքախմբում էականություն է ստանում նաև պատմվածքների հերթականությունը: Յուրաքանչյուր պատմվածք, ավարտվում է որոշակի եզրակացություն-թեզիսով, սակայն ամենինչի հարաբերականության սկզբունքով` հենց հաջորդ պատմածքում թեզիսը հերքվում է հակաթեզով և այդպես շարունակ: Հեղինակը պատմվածքից-պատմվածք ընթերցողին, որոշակի խնդիրներ է առաջադրում, ինքը լուծում դրանք, ապա առաջադրում նորերը, հնարավություն տալով ընթերցողին ինքնուրույն քննել նյութը:
Պատմվածքախմբում բարեշրջության առաջին աստիճանը մարդկային բնական կեցությունն է: Առաջին պատմվածքը գրեթե վիրտուալ Բոմբեյի և վերացական ու իրական Բենիամինի բարդ ու հակասական հարաբերությունների իրացումն է: Հեղինակը այստեղ իրեն բնորոշ հետազոտական-փորձագիտական ոգով խորամուխ է մարդու ֆիզիկական կեցության շերտերի բացահայտմանն ու ներկայացմանը: Գրվածքը տարբեր ընթերցումներով, իմաստաբանական միտվածությամբ ու պարզունակ դիպաշարով կարող է մոտենալ էսսեին և միաժամանակ զգացմունքային գերլարված գեղարվեստական իրականությամբ ու ընդգծված ներքին ռիթմով ու կառուցվածքով համարվել արձակ բանաստեղծություն: Պատմվածքը կառուցված է ներքին բազմաշերտ բախումային համակարգով, որն ի վերջո հանգում է մարդ-մարդ, մարդ-բնություն, ավելի ընդհանուր բանական ու բնական կեցությունների հակադրությանը:
Բախումների առաջին շերտը` հերոսի` Բենիամինի ներքին երկատումն է, որի ակունքն ու հիմնապատճառը կրքի և վախի հակադրությունն է: Ընդորում, եթե կիրքը բնորոշ է նաև բնական տարերքին («Օվկինոսի ալիքները ափին էին զարնում, քիչ էր մնում Բենիամինին հասնեին և նրանց կիրքը հզոր էր, ազատ ազնվազարմ ու բնական» (էջ 57), ապա վախը միայն երկրային-մարդկայինի դրսևորում է, ինչն էլ հերոսի կործանման պատճառներից է: Մարդը անզոր է թե իր ներսի, և թե իրենից անկախ, ինքն իրենով գոյություն ունեցող բնական աշխարհի առջև: Հետագա զարգացման մեջ բնական գերհզոր կիրքը անխուսափելիորեն կլլում է հերոսին, նրան մղելով ազատության, ազատ սիրո ու կրքի. «Հնդկական կծուն քաղցրը` թանձրացնելով արյունը նեղում էին անոթներին, մազանոթներին, սեփական հրայրքի ընթացքի համար պատշաճ անցք էին որոնում, ելք էին փնտրում` կրակ կպած մարմնից մի կերպ դուրս պրծնելու ճիգերով» (էջ 56): Ազատության ճանապարհը փակում է բանականություն դարձած վախը, որն էլ ընդդիմանում է կույր տարերքին. «Բենիամինի կիրքը սկսեց մտածել: Երբ կիրքը սկսում է մտածել, հեշտանքը մտնում է նրա ծոցը: Մարմնի բոլոր մասերը ուշադրությունը դարձրեցին մտքի կողմը» (էջ 57): Կիրքն ու վախը հաջորդում են միմյանց: Զգացողությունների բախումը դուրս է գալիս Բենիամինից ու արձագանքվում նրանից սկսվող տարածության մեջ. «Բոոոմ-բեեեյ…Բոոոմ-բեեեյ…Բոոոմ-բեեեյ»:
Հեղինակը կառուցում է հերոսի ներքին բախումների մի շղթա, որտեղ վախը, կիրքն ու բանականությունը ղեկավարում են Բենիամինին: Վախով ու կրքով հերոսը միանում է բնությանը, արձագանքում օվկիանոսի ալիքների ձայնին, իսկ բանականությամբ` վերհիշում իր հասարակական կեցությունը և այդ ենթատեքստում էլ այլ կերպ նայում իրերին ու իրավիճակին: Բնական կույր տարերքով սկսվում, շարունակվում է և ավարտվում է Բենիամինի գոյությունը: Ընդորում հեղինակը չի հակադրում մարդուն և բնությանը այլ ցույց է տալիս նրանց միասնությունն ու նմանությունը: Շոգը փղի կիրքն է, ամենակործան ջրհեղեղը` օվկիանոսի, իսկ Բենիամինի կիրքը` Բոմբեյն Է:
Պատմվածքը վերածվում է մի հսկայական, կործանարար կրքի սկզբի, ընթացքի ու ավարտի մասին պատմության, ընդվորում, ավարտը հերոսի մահը չէ, այլ օվկիանոսի, այսինքն բնության հավերժական ու անվախճան կիրքը, որի անունն, ըստ Աղասի Այվազյանի «Բոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոմ-բեեեեեեեեեեեեեեեե-եեեեյ» է և այդ «աշխարհատարած կիրքը, յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրի վրա» է:
Զննման երկրորդ աստիճանում մարդու հասարակական կեցությունն է, որն էլ կառուցվում է արևմտյան քաղաքակրթության հիմնական` քրիստոնեական աշխարհայեցողության իմաստային սահմաններում: Այստեղ էլ ընդգծվում է նաև ոչ քրիստոնյա արևելք, որը նախորդ պատմվածքի Բոմբեյն էր, և քրիստոնյա արևմուտք հակադրությունը: Այս դեպքում մարդը քննվում է այդ արժեհամակարգի տրամաբանությամբ ու խորհրդանշաններով, որոնք են Ֆրանցիսկ Ասիզացին, Մարիամ Մագդաղենացին և այլք: Քրիստոնեական խորհրդանշանները և ածանցվող բարոյախոսությունը հեղինակը պրոյեկտում է տարբեր իրականությունների, տարբեր հերոսների վրա և ցույց տալիս ինչպես բարեգործության, նյութական բարիքներից հրաժարման, այնպես էլ` պոռնկության հնարավոր իմաստային ելևէջումները: Եթե պատմվածքներից մեկի հերոս Բերնարդը ժամանակների շղթայում ընկերանում է սուրբ Ֆրանցիսկ Ասիզացուն, ապա Ղափանցի Մարիամը, հասցնում է ընկերանալ Մարիամ Մագդաղենացուն, ապա կրկին վերադառնալ իր նախկին կեցությանը: Ժամանակներն ու իրականությունները փոխվում են, փոխվում են արժեհամակարգերն ու գնահատման չափանիշները սակայն մարդը մնում է նույնը և անընդհատ անցնում բարեշրջության նույն աստիճանները: Մարդն իր երկրային ժամանակի ամբողջ ընթացքում տարուբերվում է բնական ու բանական կեցությունների միջև ու գոյության ամուր հիմքեր փնտրում:
«Գողական բջիջ» պատմվածքի դատավորն արդեն մեկ չափանիշ ունի սեփական «ակադեմիան». «Այս մտքերը նորեն Դատավորի մարմնի «Ակադեմիայից» էին բխում: Նա վերլուծությամբ էր փորձում իր մոտ առկա մարդկային բոլոր թուլություների պատճառը թերևս արդարացումը գտնել» (էջ 60): Պատմվածքում դատավորի առջև նստած մեղադրյալը մեղավոր է այնքանով, որքանով համապատասխանում է մեղավորության վերաբերյալ դատավորի պատկերացումներին, որոնք էլ բխում են առանձին մարդկանց կեցությունների գոնե սկզբնական նույնության, ընդհանրության և միակտորության մասին այվազյանական փիլիսոփայությունից:
Այստեղ էլ` մասամբ աստվածաշնչյան «Մի դատիր, որ դատված չլինես» բարո-յախոսության միջնորդությամբ ածանցվում է սպասվող եզրակացությունը` դատավո-րը դատում է ամբաստանյալին, իր իսկ արատների համար և ընդհանրության մեջ դատում է իրեն. «…Որտեղ ձևավորվեց նրա կենսաբանական տեսակը մոր արգան-դում… Թե՞… Ի՞նչ մեղսակիր բջիջ էր, որ ազատվեց մնացած բջիջների բարոյական օղակապից և իշխող կազմվածքի վրա: …Դատելով այն բանից, որ մեր կազմախոսությունները իրենց հասունացման այսօրվա վիճակով նույնություն ունեն, ուրեմն մեր սկիզբը նույնպես նման է եղել…Մեր մանկությունը» (էջ 60): Արձակագիրը կրկին հետամուտ է վերջին շրջանի ստեղծագործության մեջ տևական` կեցության մեջ ոճրի ծագումնաբանությանն ու բարեշրջության ընթացքի քննությանը: Ոճրի կամ մեղքի ընթացքը զուգահեռվում է քաղաքակրթության զարգացման պատմությանը: Մեղքի տարեգրությունը սկսվում է մանկական կոնստրուկտորի մասերի գողությունից և հավերժ է ինչպես բարեգործությունը, կամ պոռնկությունը:
Մարդու, որպես հասարակական կենդանի տեսակի կայացման մյուս աստիճանը ամոթի առկայությունն է: Համանուն պատմվածքի հերոսներն արդեն որոշակի կոնկրետ իրականության մեջ են: Կոնկրետ ժամանակի ծնունդ է նաև պատմվածքի հերոս Սարգսի գործած մեղքն ու հիսուն տարի փայփայված ամոթը: Սարգիսը ռուս կնոջը վախեցնում է Ստալինի բեղերի հիշատակությամբ, սակայն ամաչում դրանից: Ինչից էլ ածանցվում է հնարավոր կռահումը, որ ի վերջո ժամանակն է նաև մեղքեր ծնում, իսկ ամոթը գործում է որպես մեղքի հնարավոր հակակաշիռ: Սակայն շարքի «Քրոնոս» վերնագրված առակում գրողը հերքում է մեղքի անատոմիայի քննության վրա ժամանակի ազդեցության թեզը` Ժամանակի անտարբերության հակաթեզով:
Բոմբեյից սկսած մարդու զննում ավարտվում է «Միջանցահովիկ» էսսեում հայի տեսակի սահմանումով. «Հայը ինչպես տեսնում եք, նույնպես մարդ է: Իր կազմվածքով նման է բոլորին: Բայց նա, այնուամենայնիվ առանձնահատուկ տեսակ է…Բացառիկ…Ոչ լավ և ոչ վատ առումով…Պարզապես նա բացառիկ է…Իր տեսակը այլևս չկա…Մեր մեջ ասած տակավին ուսումնասիրման աղերսով» (Էջ 65): Սակայն այս եզրակացությունը բարեբախտաբար չի վերածվում է ազգային սնափառության հերթական ու անպտուղ դրսևորման, այլ ծառայում Աղասի Այվազյանի պարականոն մարդաբանության` մարդ տեսակի ազգային կեցության մանրամասների բացահայտմանը:
Զուգահեռաբար սահմանվում է և հայրենիքի տեսլականը, որտեղ «վիրտուալ հայի կերպարն է հառնում հզոր մի միջոցով` կարոտախտի, երևեկայության, ցանկությունների, երազանքների և ազգային կրքերի ու տվայտանքների ուժով»: Հեղինակը կառուցում է Միջանցահովիկ-հայրենիքի առասպելը, որն էլ պատմվածքի վերջում պետք կազմաքանդվի «Այս փոքրիկ տեղանքում ստեղծվում ու քանդվում էր աշխարհը, այս փոքրիկ հատվածը ընդգրկում էր Հյուսիսային բևեռից մինչ Անտարկտիդա, Եվրոպայից մինչ Չինաստան, չորրորդ հազարամյակից մինչև քսանմեկերորդ դար, միկրո մեծությունից մինչև անվերջանալիություն, վերադարձ դեպի անցյալն ու թռիչք դեպի ապագան, ատելություն ու սեր, դատավարություններ ու ահաբեկչություններ…» (էջ 65):
Ինչպիսի՞ն է մարդը բարեշրջության վերջին աստիճանում, հոգևոր կեցության մեջ` հայրենիքում: Այս հարցին պատասխանելիս հեղինակը հանգում է մարդու, ի մասնավոր հայ տեսակի ձևավորման ընթացքի վրա կեցության կոնկրետ տարածքի` պայմանական հայրենիք-Միջանցահովիկի գործած ազդեցության վրա: Հենց այդ ազդեցությամբ էլ Աղասի Այվազյանը պայմանավորում հայ տեսակի ձևավորումը: Հայը ապրում է ամենուր, բայց «միջանցահովիկից» դուրս կորցնում է իր էությունը. «Մենք Աստծո մուրացկաններն ենք…Կյանք ենք մուրում, տեղ ենք մուրում հողագնդի վրա…Հավերժորեն միջանցահովիկում ենք գտնվում…Քամին մի կողմից բերում է մեզ ու տանում մյուս կողմից…Գցում է աշխարհի քունջ ու պուճախները…Եվ ամեն ծակուծուկից մենք հայ ենք պեղում» (էջ 67):
Միջանցոհովիկի առասպել-այլաբանությամբ փակվում է բնական կեցությամբ ու Բոմբեյով սկսված իմաստաբանական-էվոլուցիոն շղթան և ածանցվում ընդհանուր եզրակացություն-բանաձևը` հայը մարդ է, ինչպես բոլորը` հավերժական և ժամանակավոր մեղքերով, և հայը հայ է, որովհետև այս հայրենիքի ծնունդ է, և կշարունակի այդպիսի լինել քանի մնում է իր հայրենիքում. «Դուք ծվարել եք մեծ Միջանցահովիկում, որ Հայրենիք եք կոչում….Մի տխրեք այդ «Միջանցոհովիկի» կորստի համար…Թող կարոտախտը չմաշի ձեր սրտերը…Սիրում եմ ձեր համառությունը մնալ մեծ լեռան շուրջ, իմ արքայության ներքո, խոստովանում եմ, որ ձեզանից ավելի անձնվեր գոյության ես չեմ հանդիպել… »-ամփոփում է արձակագիրը:
«Այվազյանական ընթերցումներ-2008»
© Հայկ Համբարձումյան