Lուսինե Lուսնթագ | Վագրաորս

Անտառապահի երկհարկանի խրճիթի երկրորդ հարկում, հաջող որսից հետո, տաք վառարանի մոտ քնած էին Մաքսն ու Դիման: Լռությունը խախտում էր Դիմայի բարձր խռմփոցը, որը նման էր մոտեցող գնացքի սուլոցին:
Օլեգն ու Սաշան դրսում, խարույկի մոտ նստած զրուցում էին:
– Վաղո՞ւց ես այս գործով զբաղվում,- ուղիղ Օլեգի աչքերի մեջ նայելով հարցրեց Սաշան:
– Վախենո՞ւմ ես հարգելիս,- ծիծաղեց Օլեգը՝ տագնապ զգալով նրա հարցի մեջ: Սաշան նոր մարդ էր իրենց խմբում ու առաջին անգամ էր որսի դուրս եկել:
– Ինչ թաքցնեմ `մի քիչ անհանգիստ եմ: Ինձ թվում է, ավելի ճիշտ զգում եմ, որ մայրը գալու է ձագի ետեւից,- աչքերը փախցրեց Սաշան:
– Մի վախեցիր, էստեղ պատահական մարդիկ չկան հարգելիս, բացի քեզանից, – քմծիծաղեց Օլեգը, – չեմ հասկանում քեզ ո՞նց է վստահել Իվանիչը, հը:
– Ես … ես …, -շփոթված կմկմաց Սաշան: Նրան խիստ վիրավորեց վախկոտ բառը: Ինքը երբեք վախկոտ չի եղել: Նա մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, լայն թիկունքով տղամարդ է, ժամանակից շուտ սպիտակած մազերով, իսկ դեմքին խորը սպին նրան չի թողնում մոռանալ բանակային կյանքը:
– Լավ, լավ մի հոգի վախկոտ կարելի է, – ծիծաղեց Օլեգը:
– Ծառայել եմ Աֆղանստանում, – քիչ լռելուց հետո խոսեց Սաշան, – այնտեղ ինձ համար միշտ գիշեր էր: Մթության համն ու հոտը գիտեմ, հավատում ես, – ձեռքի փայտը կրակը խառնելով դրեց խարույկի վրա, – հիմա կմտածես գժվել եմ, չէ: Գիշերը այնտեղ վառոդի համ ունի, որը օդի հետ գալիս լցվում է բերանդ, կանգնում կոկորդիդ ու առաջ չի գնում: Արյան հոտը մտնում է քթանցքներդ ու ամեն ինչից արյան հոտ ես առնում, անգամ կերածդ հացից է արյան հոտ գալիս:
Օլեգի առջեւ ուրիշ մարդ էր նստած՝ նոր հայացք, նոր ձայն` անծանոթ:
– Գիշերը այնտեղ սեւ չէր, չէ՜, կարմիր էր, մուգ կարմիր,- խորը հոգոց քաշեց Սաշան:- Մեջքիս միշտ զգացել եմ ինչ որ մեկի հայացքը, ոնց որ հիմա եմ զգում,- Օլեգը նկատեց, որ Սաշաի բիբերը լայնացած են,- աչքերը մեջքիս վրայով վազվզում էին վեր ու վար, խուտուտ տալիս, բայց ինչքան շրջվել եմ՝ մարդ չի եղել: Էդպես էլ չհասկացա մահացած մորս աչքերն էին, որ հրեշտակի նման ինձ էին պահպանում, թե թշնամու, որը սպասում էր հարմար պահի՝ մորթելու, ինչպես ընկերոջս մորթեցին, – բառերը դժվար էին դուրս գալիս կոկորդից:
Օլեգը զղջաց, որ անտեղի վիրավորեց Սաշային, բայց արդեն ուշ էր:
– Սովորել էի օրերով գիշերները չքնել՝ երբեք չգիտեիր, թե թշնամիդ որտեղից դուրս կգար: Այնտեղ բարեկամներ չկային, – ինքնամոռաց պատմում էր Սաշան, – նրանք օրվա մեջ մի քանի անգամ կերպարանափոխվում էին: Ատում եմ պատերազմը …

Սաշան երկար լռեց: Օլեգը չէր համարձակվում խախտել լռությունը: Առանց խոսքի էլ հասկանում էր, որ նրա մտքերը արյունոտ էին, մարդկային կարմիր արյունոտ: Մի պահ զգաց, որ զգում է այդ արյան հոտը: Սիրտը խառնեց: Առաջին անգամ էր, որ արյան հոտից սիրտը խառնում է : Երեւի նրանից է, որ մարդկային արյան հոտը սուր է, հասնում է ուղեղին ու …

– Ընկերոջս մորթեցին գիշերը,- ասաց Սաշան,- լավ տղա էր, հասնող, ընկերասեր, ընտանիքի միակ զավակը … Մորթեցին ու վերջ,- քիչ լռելուց հետո շարունակեց,- չկար մեղավոր, հասկանում ես, չկար, կռիվ էր: Այ սա տեսնու մ ես,- շրջվեց ու Օլեգին ցույց տվեց քունքից մինչեւ բերանը հասնող սպին,- մտանք մի գյուղ, որտեղ լսել էինք մոջախետների ջոկատ կար: Բոլոր տները ստուգելով անցնում էինք: Մի տուն մտանք` տեսարանը զարհուրելի էր: Կենդանի շունչ չկար: Մեծից փոքր սպանված էին: Մինչեւ հիմա աչքիս առաջ է արյունոտ բարուրը,- Սաշայի աչքերը լցվեցին, – շատ արյուն եմ տեսել, բայց այս մեկը չեմ կարողանում մոռանալ: Հետո իմացա, որ պատժել էին սովետական ​​վիրավոր զինվորներին օգնելու համար: Չհասկացա որտեղից մոտ տաս տարեկան տղա դուրս եկավ: Ուրախացա, որ փրկվել էր: Մոտեցա, գրկեցի, սեղմեցի կրծքիս ու չնկատեցի թե ինչպես հասցրեց դանակը քաշել դեմքիս: Ընկերս, որ կանգնած էր կողքիս, դանակը ձեռքից խլեց:

– Գնանք, գնանք մի երկու ժամ էլ մենք աչք փակենք: Շուտով լույսը կբացվի, – փորձեց Սաշային հիշողություններից կտրել Օլեգը:
– Դժվար է չէ լսելը: Բա ես ի նչ ասեմ, որ ապրել եմ, հը:
– Մարդիկ բնությունից շա՜տ բան ունեն սովորելու հարգելիս,- ձեռքը Սաշայի ուսին դրեց Օլեգը, – օրինակ վագրերը, եթե որսում են մեծ կենդանի, մինչեւ չուտեն, նորից որսի դուրս չեն գալիս: Այսքան տարի գազանների հետ եմ գործ ունեցել ու հասկացել եմ մի պարզ ճշմարտություն` մարդը ամենաանկուշտ ու ամենավտանգավոր կենդանին է: Վագրը ուտում է, որ ապրի, մարդը ապրում է, որ ուտի ու ուտելով էլ չի կշտանում: Գնանք, գնանք տուն, – Սաշային առաջ հրելով քայլեց Օլեգը:

* * *

Օլեգը հին որսորդ էր: Նա լավ գիտեր տեղանքը, ամեն ծառ ու թուփ, ամեն քար ու քարանձավ: Չնայած, որ բոլորել էր վաթսունը, սուր տեսողություն ու լսողություն ուներ: Նրա աչքից չէր վրիպում ոչ մի ոտնահետք: Կարող էր հետքերին նայելով ասել, թե ինչ կենդանի էր անցել ու քանիսն են եղել: Նրա հետ որսի դուրս եկողները իրենց անվտանգ էին զգում: Ասում էին նրա մեջ վագրի հոգի կա` հզոր ու անվախ: Երբ որսի ժամանակ դուրս էր գալիս վագրին դեմ դիմաց, վագրի երախն էր մտցնում նախօրոք պատրաստած հրացանը `փաթաթած հաստ վերնազգեստով ու առանց ժամանակ կորցնելու հատուկ պատրաստված փայտի օգնու յամբ`շրջում էր մեջքի վրա: Նա հսկայի ուժ ուներ: Ոչ ոք չէր համարձակվում գնալ վագրին ընդհառաջ, մինչեւ Օլեգը նրան գետնին չէր տապալում: Հետո հասնում էին, բռնում ետեւի ու առջեւի ոտքերից, արագ կապում ու տեղափոխում վանդակի մեջ: Օլեգը այդ ընթացքում կապում էր վագրի երախը, որը ոչ մի որսորդի չէր վստահում:

* * *

Սաշային թվաց, թե մեկը հետեւում է իրեն: Շրջվեց, մութ էր, ոչինչ չէր երեւում: Երկնքում աստղեր չկային, լուսնի լույսն էլ այնքան աղոտ էր, որ գրեթե չէր լուսավորում: Խարույկն էր, որ մոտակա տարածքը մի քիչ լուսավորում էր, այն էլ արդեն հանգցրել էին : Նա լսողությունը լարեց `ոչ մի շրշյուն: Սաշան խոր շունչ քաշեց ու մտավ դռնից ներս:

Դիման մեջքի վրա պառկած խռմփացնում էր: Օլեգը մոտեցավ նրան.
– Շուռ արի կողքի վրա, տունը փլեցիր:
Դիման տեղից չշարժվեց:

– Վեր կաց, – հրելով փորձեց արթնացնել նրան Օլեգը: Դիման աչքերը բացեց, փակեց ու կիսաքուն հարցրեց.
– Լույսը բացվել ա:
– Հա բացվել ա, չես տեսնում:
Դիման վեր կացավ, աչքերը տրորելով նստեց մահճակալին, նայեց պատուհանին:
– Բա ասում ես լույսը բացվել ա:
– Խռոցիցդ քնել կլինի, կողքի պառկիր, թող մենք էլ մի քիչ աչք կպցնենք, – բարկացած խոսեց Օլեգը:
– Ա, ես էլ ասում եմ ինչ ա եղել, – պառկեց կողքի ու աչքերը փակեց Դիման:
– Հլա սրան նայիր, – Սաշային Մաքսի կողմը ցույց տվեց Օլեգը, – էնքան հանգիստ քնած ա, ասես իրա ականջի տակ չի էս գնացքը գնում ու գալիս:
Իրականում նա ուզում էր Սաշայի մտքերը ցրել, որ նա կարողանար գոնե մի քիչ քնել ու հանգստանալ: Առավոտյան շատ գործ կար անելու: Ժամը տասնմեկին պետք է դիմավորեին Իվանիչի ուղարկած ուղղաթիռը:

Սաշան մոտեցավ պատուհանին: Մթության մեջ արագ անցնող ստվեր նկատեց:
– Վագրը եկել ա:
– Էս մթին ոնց էլ տեսար, – փորձեց կատակի տալ Օլեգը: Մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց:
– Այ այնտեղով անցավ, – խրճիթի դիմացի ծառի կողմը ցույց տվեց Սաշան:
– Թվացել է, ավելի լավ է պառկիր, մի քիչ քնիր, արդեն աչքիդ բաներ են երեւում: Վաղը շատ գործ ունենք, – ձեռքը թափ տալով գնաց քնելու Օլեգը:
Սաշան դեռ երկար ժամանակ կանգնած էր պատուհանի մոտ, բայց էլ ոչինչ չտեսավ: «Երեւի թվացել է» իրեն հանգստացրեց ու ինքն էլ գնաց քնելու:

* * *

Նոր լուսանում էր, երբ Օլեգին արթնացրեց Մաքսը:
– Վագրի մայրը ստեղա, ինչ ենք անելու:
– Ուր ա, – կիսաքուն հարցրեց Օլեգը:
– Դրսում ա, հո ներսում չի, – ծիծաղեց Օլեգի միամիտ հարցի վրա:
– Օլեգը նստեց մահճակալին, հետո միանգամից վեր կացավ ու մոտեցավ պատուհանին: Ձյուն էր գալիս: Մոտակա ծառերի ետեւում տեսավ վագրին, որը թաքնվել ու սպասում էր:
Օլեգը հագավ տաք մուշտակը, գլխին դրեց գլխարկը, վերցրեց հրացանն ու Մաքսին զգուշացրեց.
– Տնից դուրս չգաս:
Քիչ անց դրսից լսվեցին կրակոցի ձայներ, որից արթնացան Սաշան ու Դիման: Արագ հագնվեցին ու մոտեցան պատուհանին, որտեղ կանգնած էր Մաքսը:
– Ինչ է պատահել, – գրեթե միասին հարցրեցին Մաքսին:
– Վագրի մայրը եկելա ձագի ետեւից:
– Ուրեմն գիշերը չէի սխալվել, նա էր, – ասաց Սաշան:
– Տեսել էիր:
– Հա, մի պահ պատուհանից անցնող ստվեր տեսա, բայց էլ չերեւաց:

Օլեգը ներս մտավ, ձեռքով թափ տվեց վրայի ձյունը ու մոտեցավ պատուհանին: Վագրը չէր գնացել, փոխել էր թաքստոցը ու սպասում էր:

– Ինչ ենք անելու, – Մաքսն էր:
– Կփորձենք քշել, եթե չգնաց …

Սաշան ձեռքը թափ տվեց ու գնաց կողքի սենյակ: Օլեգը գնաց նրա ետեւից:
– Կվախեցնենք, կփախչի:
– Իսկ եթե չգնաց:
– Մի բան կմտածենք … Լսի դու ինչի համար ես ստեղ, հը, – չդիմացավ Օլեգը:
– Ես էլ չգիտեմ …

Տասնմեկն անց էր, երբ վայրէջք կատարեց Իվանիչի ուղարկած ուղղաթիռը: Դիման, Մաքսը ու Օլեգը դուրս գնացին: Սաշան մոտեցավ պատին ամրացված կիսատ հայելուն, բացեց օձիքը, շոշափեց աջ ուսագլխի կարմիր այտուցը: «Պիտի օղիով դաղել»,- մտածեց նա:
Դրսում լսվում էր որսորդների աղմուկը: Վագրի վանդակը դատարկ էր …

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *