ԷՐՈՏԻԿ ՀԱՅՐԵՆՆԵՐ

 

parthenon-athena-shield

Ընտրեց` Արքմենիկ Նիկողոսյանը

***
Ես ձագ ծիծըռնիկ պիտէի,
Զօրն ըզքո տունըն մտնուի.
Ան բարձր մօյտան չարտախդ`
Ես ի հոն բուն մը շինէի.
Ոնց որ մութն մթանայր`
Ցածնայի, ծոցըտ մտնուի.
Ոնց որ լուսն լուսանայր`
Բարձրանայի բունըս մտնուի:

***
Գիշերս ես ի դուրս ելայ,
Շատ աստղունք ու բարկ լուսնկայ.
Մէկիկ մի ղարիպ կտրիճ
Դռնէ-դուռ ընկեր` կու դողայ.
Հարսնուկ մ’ Աստուծոյ սիրուն,
Իւր կղպած դուռըն կու բանայ.
-Արե´կ, որ զքեզ ծոցս առնեմ`
Մինչոր քո կապան չորանայ.
Արի´, լուկ հանցկուն գնա,
Որ ծոցուս տէրըն չիմանայ.
Թէ չէ կսպանէ զքեզ,
Արիւնով ձեռվին լուանայ:

***
Դէմ առաւօտու լուսուն
Քուն անուշ գայ ադամորդոյն.
Բարակ սիրու տէր մարդիկ
Ինքն ու իր եարն մէն ի քուն.
Զերեսն երեսին դըրեր
Ու ձեռւին ի մէջ ծըծերուն.
Ամէն չըմաժեմ մարդու
Պաք կուտամ իր շըրթըներուն:

***
Քո ծոցդ է տիրոց մարան,
Քո ծծերդ է սաղմոսարան.
Երթամ, հաբեղայ լինամ,
Գամ ես` ի քո ծոցըտ կենամ.
Անչափ այբուբեն ասեմ,
Ինչօր գրկիտ տիրանամ:

***
Կարմիր ու ճերմակ երես.
Ամ քանի՞ դուն զիս պիտի էրես.
Քանի որ մէճլիս նստիս`
Ուներովտ հետ ինձ զրուցես.
Կոճկերտ ալ արձակ այնես
Ու ճերմակ ծոցտ ցըցընես.
Կու վախեմ թողուս, ելնես,
Ու ծոցէտ մահրում մնամ ես:

***
Առնեմ, զքեզ տուն տանեմ,
Մէջ երկու ծծիս տեղ շինեմ.
Ձգեմ քեզ զէրպապ տօշկիկ,
Ղատիֆէ բարձիկն ի վերայ,
Հագնեմ զիմ դեղին շանեն,
Զիմ շար շապկեկն ի վերայ.
Դեղեմ զիմ ծով-ծով աչերն,
Զիմ կամար ուներն ի վերայ.
Ի գամ քո դիմացն կանգնիմ,
Քո քաղցած աչւին կշտանայ:

***
Քո գունովն ինձ գինի պիտէր,
Խմէի ու հարբենայի.
Քո ծոցտ` Ադամա դրախտ,
Մտնէի, խնծոր քաղէի.
Քո երկու ծըծամիջին
Պառկէի ու քուն լինէի.
Ան ժամն ես հոգի պարտի
Գրողին, լուկ թող գայ, տանի…

***
-Քո ծոցդ է ճերմակ տաճար
Քո ծըծերդ է կանթեղ ի վառ.
Երթամ ես` ժամկոչ ըլամ,
Գամ լինեմ տաճրիդ լուսարար:
-Գնա, ծո, տղա տղմար,
Չի վայլես տաճրիս լուսարար.
Երթաս, դուն խաղով լինաս,
Ու թողուս տաճարս ի խաւար:
***
Սուտ է, որ կասեն, եղբարք,
Թէ ընտանի կաքաւ չի լինի.
Մէկիկ մ’ ես երէկ տեսայ,
Յերնէկ է զիր տէրն, որ ունի.
Իր օնքն էր ղալմով քաշած,
Իր բերանն շաքրով ի լի.
Զմեռելն ալ իր գիրկն առնու,
Ի ծոցուն հանէ կենդանի:

***
Ես տղայ ու դու տըղայ,
Սիրելնուս ատենն է հիմայ.
Մջկունտ ի յաղեղ նման,
Մանի յիս քաշեմ` նայ կու գայ.
Քո ծիծտ ի խաղող նման,
Որ առեր կրծոցտ ի վերայ.
Քո ծոցտ առաւօտ նման,
Քանի յետ բանամ` լուսանայ:

***
Զինչ եղէգն ի շամպի միջին
Կու ճոճայ, այն քո անձն է.
Քո մէջկտ է բարակ ‘ւ երկան,
Եւ պօյիկտ է սալւի, րովան.
Ջուր անմահութեան կասեն,
Այն ի քո ծոցըն կու բըխէ.
Երնէկ ես անոր կու տամ,
Որ դընէ զբերանն ու խըմէ:

***
Գիշերս ես դուրս ի ելայ`
Քիչ մի լուրջ ու քիչ գինով
Իմ եարըն ինձ դէմ դիպաւ`
Ծոցն ի լի կարմիր խնձորով.
Ձեռսըս տարայ այն տըւի.
Նայ կանչեց. «Տարաւ ճըղներով».
Մանկտիք, ձեր արևն ասեմ,
Գէմ չառի ես իրմէն ճորով:

***
Եկոյ զքեզ ի ծոցս առնում,
Տեղ շինեմ կրծոցս վերայ.
Ծոցս քեզ սեղան քաշեմ,
Ծիծըս բարձ` էրեսդ ի վերայ.
Կոճկիկըս թուլկիկ կոճկեմ,
Որ հոգիդ ի ծոցիկս ելնայ:

***
Լուսին` ջրբեր ո՞վ տեսեր,
Զարեգակն ու կուժն ի յուսին.
Կերթար, ճոճկտէր վզիկն,
Կու շողէր շամամն ի ծոցին.
Էն երկու ծըծին միջին`
Մարգարտէ հատիկ մի կա` ծին,
Ով զնա պագնել կարէր`
Կու հասնէր ինքն իւր մուրատին:

***
Թուխ աչք ու թուխ ունք ունիս,
Թուխ մազեր, կուլակտ ի հոգիս.
Շալայ կաճկտուր լինիս,
Թէ չի գաս գիշերն ի մօտ իս.
Թէ գաս գիշերն ի մօտ իս`
Նայ դնեմ երեստ երեսիս.
Երեստ երեսիս դնեմ,
Որ դպնու քոյ շունչդ իմ շնչիս:

***
Հա՜յ իմ փոքրիկ շամամ,
Քո ծոցուտ ամ ե՞րբ տիրանամ.
Քո ծոցտ է ի ծով նման,
Ծովն դեղ կասեն ի ջերման.
Փոքրիկ մըրտմիկ լինամ
Ու մտնում ու ծոցդ ու լողամ.
Ծովուտ ալ ի դուրս ելնում
Ուներուդ շուքն քնանամ:

***
Իր երկու ծըծին միջին
Կար կաքաւ, կար` կարկնչելով.
Քանի ձեռքս ի նես տարի,
Նայ ի դէմ գար կարկնչելով:

Գրանիշ հանդես [01-2011]

Share Button

8 Կարծիք

  • Գրանիշ says:

    Ըստ այս հավաքածուի հայ միջնադարյան իրականության մեջ էռոգեն մարմնամասերի ընկալումը բոլորում է` գիրկ, ծոց, ծըծեր “տեղանունների” շուրջ :), որոնք բոլորն էլ ենթադրաբար իգական են, տղամարդը միշտ վերցնողի և վայելողի դիրքերում է, հետաքրքիր փաստ, ինչը չես ասի ասենք սյոի էրոտիկ թանկաների մասին

  • Անուշ Մկրտչյան says:

    Իսկ կարելի՞ է նշել, թե որ ժամանակաշրջանին ու հեղինակին են պատկանում այս հայրենները: Իսկ եթե հայտնի չեն, ուրեմն այդպես էլ պետք է նշել:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հարգելի Անուշ:Առաջին` հայրենները, սակավ բացառություններով, հեղինակային չեն: Երկրորդ` հայրենները միջնադարյան գրականության ժանրեր են: Սրանք տարրական բաներ են, որ գրեթե բոլորը գիտեն: Եվ դրանով ամեն ինչ ասված է: Այդ պարագային` ձեր վրդովմունքը միանգամայն անտեղի է:

  • Անուշ Մկրտչյան says:

    Հարգելի Արքմենի՛կ, առաջինը՝ ես ձեզնից չեմ խնդրել տալ հայրենների սահմանումը, այդ տարրական բանը, ինչպես դուք ինքներդ նշեցիք, գրեթե բոլորը գիտեն: Պարզապես կարելի էր նշել, որ ձեր ծաղկաքաղում ընդգրկված հայրենների հեղինակներն անհայտ են, կամ, որ հստակ պարզ չէ թե հատկապես որ դարին են պատկանում: Ու ես բնավ չեմ վրդովվել: Քավ լիցի:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հարգելի Անուշ, իմ ասածի իմաստն էլ այն էր, որ եթե դուք գիտեք այդ տարրական բանը, ապա ձեր մոտ չպետք է այդ հարցը չպետք է ծագեր:

  • Անուշ Մկրտչյան says:

    Քանի դեռ կա գեթ մեկ հայրեն, որն ունի հեղինակ, բոլոր այն հայրենները, որոնք հեղինակային չեն, պետք է այդպես էլ նշվեն: Կապ չունի այդ մասին գիտի 1000 հոգի, թե` 10: Եվ դա ցանկալի է` արվի առանց ավելորդ գոռոզաբանությունների:

    Բացի դրանից, հարկավոր է ունենալ տարրական գիտական կոռեկտություն (որի մասին գիտեն գրեթե բոլոր գիտնականները) և տարրական հարգանք այն գրքի նկատմամբ, որտեղից քաղվել են տվյալ հայրենները, և նշել աղբյուրը: Քանի որ քեզ վրդովեցնում է բացի քո անունից այստեղ վերահրատարակված հայրեններին որևիցե այլ տարրական բնութագիր կցելու միտքը, գոնե գրքից կքաղեին անհրաժեշտ տեղեկություններ այս կայքն այցելող հարյուրավոր այցելուներ, այդ թվում` աշակերտներ, ովքեր հեռու են գրականությունից, սակայն կարող են մեկ հայրենով սիրահարվել ու ցանականալ իմանալ ավելին տեղում:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հարգելի Անուշ, կիսում եմ Ձեր մտահոգությունները:

  • Դավիթ says:

    Չգիտես ինչու` չակերտի մեջ առնված բառերը չի կարդում: Նույնը ուղարկում եմ նորից` առանց չակերտների:

    Ինչու հայերենում էրոտիկ-ի փոխարեն էրոսական չենք ասում, և, տարօրինակորեն, այդ բառը ներմուծելու փորձ անգամ երբևէ չի արվել: Չէ որ արմատում հենց հայերենում էլ կիրառվող ու հայերենի համար բարեհունչ էրոս-ն է: Ավելին, ունենք հունարեն արմատով ու -ական ածանցով բառաձևերի մի ամբողջ խումբ լեզվում ու բառակազմական այդ կաղապարի նաև հաստատված ավանդույթ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *