Պատկերացրու նայում ես աղջկա դեմքին ու հենց էն գլխից գիտես, որ նա երջանիկ չի լինելու: Անիծո՞ւմ ես, կռո՞ւմ ես բախտին, վա՞տն ես ուզում, տեսնո՞ւմ ես մի բան, տեսնում ես մի բան, բայց տեսնում ե՞ս որ: Պայծառատեսությո՞ւն: Փորձի՛ր, ասա նրան էդ մասին: Ասա.
_Բա՛րև, ասենք թե Արմինե, դու երջանիկ չես լինի, դե լավ, ցտեսությո՛ւն:
_Բա՛րև Աննա, ինձ թվում է դու երբեք երջանիկ չես լինի: Դե՛, լավ մնա:
_Բարև Անի, ո՞նց ես, ամեն ինչ լավ ա՞, գիտես, ուզում էի ասեի, որ դու երբեք երջանիկ չես լինի:
Վարդուհի, Նարինե, Կարինե, Մարիամ, Լիլիթ, Լիանա, Սոնա, Մերի…
Նա, իհարկե, չի համաձայնի քեզ հետ:
Օ՜, իհարկե, դու նրա թշնամին ես: Դու այնքան ես նրա թշնամին, որքանով որ ճիշտ ես: Դու այնչափով ես նրա թշնամին, որքանով նա համաձայն է քեզ հետ ու այնչափով ես նրա թշնամին, որքանով նա երբեք չի խոստովանի, որ ինքն էլ նույնն է զգում, ու նույնչափով ես նրա թշնամին, որքանով նա դա չի բարձրաձայնի անգամ հորը, մորը և ոչ մեկի հոգուն անգամ:
Երևանում քառասուն աստիճան շոգը մի շաբաթ է տվել է մարդկանց գլխին: Բռնքցամարտիկի ուղիղ հարված քթիդ ու մի քանի վայրկյան տևող թռիչք սեփական մարմնիցդ դուրս, ոտքերիդ տակից հյուսիս-հարավի փախուստ, վերև-ներքևի անհետացում Ֆեյրիի հրաշք բանաձևով, գիտակցությունդ ինքնաէվակուացվում է մարմնիցդ, որպեսզի անտեղյակ մնա հողեղեն մարմնիդ իջած բռունցքի հոդերի ու քթոսկրիդ բախումից վրա տված ստորացուցիչ ցավին: Մի քանի ակնթարթ բացակայում:
_Ընկեր Վարդանյան կարո՞ղ եմ մի րոպե դուրս գալ:
Չորրորդ դասարանում ես: Մաթեմատիկայի ստուգողական ես գրում: Խնդիրը, որը տվել են քեզ ու կողքիդ նստած դասընկերներիդ, նույնն է: Նրանք բոլորը պատասխանում են, լուծումն են գրում, հաշվարկ են անում ու տետրի վրա կռացած արագ-արագ խզբզում են: Դու նայում ես դիմացիդ տետրի քառակուսի վանդակներին ու չգիտես՝ ինչ պետք է գրել դրանց մեջ, որ կարողանաս էդ ամենից ճիշտ դուրս գալ: Բոլորը արդեն քսան րոպե է գրում են: Դու քսան անգամ փորձեցիր նայել հետևիդ ու դիմացիդ նստածների տետրի մեջ, բայց բան չհասկացար: Ինքդ պետք է լուծես, կոչվում է ինքնուրույն աշխատանք: Ինքդ պետք է դուրս գաս: Ստուգողական է: Զգում ես, որ կրծքադգալիդ մոտ մի բան ծանրանում է: Շոգ է դասարանում: Մնացել է մի քսան րոպե: Միզապարկդ խեղդում է: Դուրս ես ուզում: Խնդիրը մի քանի անգամ էլ ես կարդում: Գրված է շատ հստակ ու պարզ, առանց կետադրական սխալների, ուսուցչական խոշոր ու պատշաճ ձեռագրով: «Հաշվել մեքենայի արագությունը, եթե գիտենք, որ մեկնարկը եղել է առավոտյան ժամը յոթին, իսկ վերջնական կանգառը անհայտ է»: Մենք անցել ենք, որ միշտ պետք է հայտնիները մի կողմում հավաքել, իսկ անհայտները մյուս կողմում: Արագությունը նշանակում ենք X ով: Այն, ինչ հայտնի է, կբացահայտի այն, ինչը որ անհայտ է: Մեզ հայտնիի մեջ պետք է փնտրել անհայտի բանալին: Նման բաներ:
Մենք գիտենք, երբ է մեքենան շարժվել, մենք գիտենք, որ առավոտ էր, մենք գիտենք, որ մեքենան մերն էր ու մենք գիտենք, որ առավոտյան օդը սովորաբար մաքուր է լինում ու նաև գիտենք, որ առավոտյան սուրճ ենք խմում: Մենք գիտենք, որ մեքենան սլանում է, մենք գիտենք, որ մեքենան դուրս է եկել մեկնակետից ու սլանում է ու մենք գիտենք, որ մեքենան կանգ չի առնի, մինչև չհասնի վերջնակետին: Եթե կանգնի, էլ չի շարժվի: Մենք գիտենք, որ եթե դու երկար ճանապարհ գնալուց սրտխառնոց ես ունենում ու վարորդին ուզում ես ասել, որ մեքենան կանգնեցնի, որպեսզի ճանապարհի եզրին կռանաս ու հետ տաս մենք գիտենք, որ չես կարող անել, որովհետև տրված խնդրի պայմանների մեջ դա չի մտնում, մենք գիտենք, որ մեքենան սլանում է, սլանում է, մենք գիտենք, որ այն դուրս է եկել առավոտյան, որ մեքենան մերն է, ու որ այն սլանում է ու կանգել, կանգնել չկա, կանգնել չկա, որքան էլ քեզ վատ զգաս, պետք է դիմանաս, պետք է դիմանաս ու ձգես, մեքենան սլանում է անհայտ արագությամբ, մենք չգիտենք՝ ինչ արագությամբ ենք գնում, մենք չգիտենք, ուր պետք է հասնենք ու պետք է հաշվենք առավոտյան դուրս եկած մեքենայի արագությունը, որը ոչ մի դեպքում չի կանգնի, ոչ մի դեպքում չի կանգնի:
_Ընկեր Վարդանյան կարող եմ մի րոպե դուրս գալ:
_Հոպար, ստեղ մի տեղ մի րոպե պահի, վատ եմ:
_Ընկեր Վարդանյան կարո՞ղ եմ մի րոպե դուրս գալ:
_Ոչ չես կարող, ստուգողական է, դիմացի, չես հասցնի գրես:
_Չես կարող դուրս գալ: Դուրս գալ չկա:
_Հոպար ստեղ մի տեղ պահի վատ եմ:
Վարորդը չի շրջվում, քեզ չի նայում, նա շարունակում է քշել X արագությամբ: Երկու ելք կա:
Հետ տալ վրադ ու ամեն ինչ փչացնել:
Բացել մեքենայի դուռը ու դուրս նետվել:
Բաց տարածություն, անհայտություն, կանգնեցում ու դադար:
Հարված ճանապարհի եզրաքարերին, չտեսնված ցավ, կանգնեցում ու դադար:
Երևանում քառասունն անց աստիճան շոգը մի շաբաթ է իջել է ու տվել մարդկանց գլխներին: Հարվածից մի քանի կեսվայրկյան հետո իջած ցավից պաշտպանվելու համար գիտակցությունդ թողնում է մարմինդ: Քո հետ չի պատահել: Ավտոբուսում կողքդ կանգնած աղջկա հետ է պատահել: Նրա մեջքի հետևում կես միլիմետր հեռու կանգնած տղամարդու հետ է եղել, որի շնչառությունը իջնում է աղջկա ականջին ու վզին, իսկ տղամարդու գոտկատեղը համարյա դիպչում է աղջկա հետույքին: Ավտոբուսի հորիզոնական ձողից բռնված ու մյուս ձեռքով պլաստիկե տոպրակը պահող կնոջ հետ է պատահել, ում ափը քրտնել է գոլացած ձողը բռնելուց ու սոթ է տալիս:
Քո հետ չի եղել:
Գիտակցությունդ պաշտպանում է քեզ: Ես չեմ՝ դու ես: Դու ես՝ ես չեմ: Կատարյալ կիսաանջատվածություն իրականությունից: Ու մեկ շաբաթ կլինի արդեն:
Ավտոբուսում կանգնած ես երկու թրաշով երիտասարդ տղերքի դիմաց: Զգում ես նրանց մորուքից եկող ասֆալտի տապը: Դիմացիդ տղամարդու վերնաշապիկը քրտնել-կպել է մեջքին, իսկ գոտկատեղը համարյա դիպչում է իր դիմացը կանգնած աղջկա հետույքին: Կես միլիմետր: Փորձիր աղջկան ասա էդ մասին: Ասա՝ օրիորդ ձեր հետևի տղամարդու գոտկատեղը ձեր հետույքից կես միլիմետր է բաժանում: Ասա ու բոլորը քեզ կնայեն: Ասա ու հետևիդ երկու տղերքը քեզ կնայեն, հետո աղջկան, հետո տղամարդուն: Ասա՝ օրիորդ ձեր հետևի տղամարդու գոտկատեղը ձեր հետույքից կես միլիմետր է բաժանում: Ասա ու տղամարդը առաջին անգամ դա կնկատի: Ու ավտոբուսի ձողից քրտնած ձեռքով բռնված կինը կթողնի ձողն ու հետ կշրջվի, որ տեսնի ինչպես կարող է նման մի բան լինել:
Երանի նրանց ովքեր զարմանում են:
Երանի զարմացողներին:
Երանի նրանց, ովքեր ամեն օր զարմանում են:
Երանի նրանց, ովքեր առաջին անգամ զարմանում են ամեն օր տեսածի վրա:
Qui huc intrasti omissa spe.
Բարձրանում ես ավտոբուս, որը շարժվում է անհայտ արագությամբ, քանի որ վարորդը կապի մեջ է: Վարորդը կապի մեջ է նույն գծի մյուս վարորդների հետ: Նրանք օգտագործում են բջջային հեռախոսներ, որպեսզի ամբողջ երթուղու ընթացքում զանգեն իրար, կապի մեջ լինեն, ճշտումները ցանկացած գործի անհրաժեշտ պայմանն են, պետք է իմանալ գծի մյուս վարորդը, ով քեզնից տասնհինգ րոպե առաջ է մտել գիծ հիմա ուր է հասել: Եթե նա քեզնից մոտավորապես հինգ կանգառ առաջ է, ապա կարող ես հանգիստ գնալ ու կանգառներից մարդկանց հավաքել: Եթե քեզնից առաջ դուրս եկած վարորդը քշել է դանդաղ ու ընդամենը երկու կանգառ է առաջ, ուրեմն չպետք է նրա հետևից հասնես, քանի որ նա քեզնից առաջ պետք է հասնի գծի վերջին: Իսկ եթե նրանից անընդհատ երկու-երեք կանգառ հետ մնաս, ապա չես կարողանա մարդ հավաքել: Միջինում մեկ կանգառում անհրաժեշտ քանակի մարդ հավաքվելու համար անհրաժեշտ է մարդկանց տալ տասնհինգից-քսան րոպե ժամանակ:
Գարնանը ցանում ես, աշնանը հավաքում: Էսքանը:
Դրա համար վարորդը կապի մեջ է իրենից տասնհինգ րոպե առաջ դուրս եկած վարորդի հետ: Քանի որ մեր վարորդից հետո տասնհինգ րոպե հետո ևս մեկ վարորդ է գիծ մտել ու տասնհինգ-քսան րոպե հետո կանգառում լցված մարդկանց հավաքելով գալիս է, պետք է մեր վարորդը այնպես քշի, որ հաջորդից շարունակի պահպանել հինգ կանգառի տարածությունը: Այսինքն պետք է կապի մեջ մնալ իրենից հետո գիծ դուրս եկած վարորդի հետ:
Այնպես է լինում, որ քեզնից առաջ դուրս եկած վարորդից առաջ դուրս եկած վարորդը դանդաղ է քշում՝ մարդ է հավաքում ու քո առջևից գնացող վարորդը նրան է զանգում:
_Որտե՞ղ ես:
_Աբովյանի կանգառ: Պրոսպեկտ, Չարբախ, Մասիվ, Գազանանոց, Գայի արձան, Կայզերի մոտ, Աէրացիա, Ռայկոմ, Քանաքեռ, Շուկայի մոտ…
_Ո՞՜նց հլը տեղ ես:
Ավտոկայան, Դալմա, Քաղաքապետարան, Դեղատան մոտ, Ձկան խանութ…
_Ախպեր մարդ չկար, բա ինչ անեմ:
Դպրոցի դեմի կանգառը, Ժամացույցի գործարան, Շիրվանզադե, սպորտդպրոց…
Քո առջևից գնացողը դանդաղ է գնում ու այդպես շարունակ:
Պետք է կապի մեջ լինել, որովհետև երբեք վարորդը չի իմանա, երբ արագ գնա, երբ դանդաղ:
Նստում ես ավտոբուս ու չգիտես ինչ արագությամբ ես գնում: Հայտնիները մի կողմ՝ անհայտները՝ մյուս: Արագությունը նշակենք X ով:
Դրսում մոտեցիր մի աղջկա ու այնպես կանգնի, որ գոտկատեղդ նրա հետույքից կես միլիմետր լինի հեռու: Մոտեցիր փողոցում, սրճարանում, ռեստորանում, խանութում, համալսարանում մի աղջկա ու շնչիր նրա պարանոցին:
Հատուկ նման առիթի համար ծնված-մեծացրած հարվածը կիջնի դեմքիդ ձախ կիսագնդին, եթե աջլիկ է, կամ աջին, եթե ձախլիկ է: Այո, կյանքում հարվածը հաճախ հակառակ կողմից է գալիս: Երբեք չես իմանա ձախլիկ է, թե աջլիկ: Մինչև չխփի չես իմանա, որ կողմիդ բախտը բերեց:
Ավտոբուսի մեջ տղամարդը կանգնած է իր առջև կանգնած աղջկա հետևում ու շնչում է նրա պարանոցին ու ականջին, իսկ գոտկատեղը կես միլիմետր է հեռու նրա հետույքից: Վարորդը կապի մեջ է մտնում իրենից առաջ գնացած վարորդի հետ: Դանդաղացնում է ընթացքը: Կապի մեջ է մտնում իրենից հետո գիծ մտած վարորդի հետ: Արագացնում է ընթացքը: Երբեք չես իմանա ինչ արագությամբ է ընթանում: Հայտնիները մի կողմ: Անհայտները՝ մյուս: Ավտոբուսի արագությունը X է: Ու ոչ թե նշանակում ես X-ով, այլ X է: Դա հայտնի մեծություն է: Հետևումդ կանգնած թրաշով տղերքի, դիմացդ կանգնած տղամարդու, կողքդ կանգնած կնոջ ու նստարանի արանքում կանգնած մսազանգվածի մի գնդիկ ես քառասուն աստիճան շոգի բռունցքի տակ հունցվող: Պատուհանի դիմացը փակել է կնոջ դեմքն ու էլի մեկի թիակները: Փորձում ես ճեղք գտնել, դուրս նայել, բայց տղամարդու վիզը չի թողնում: Կռանում ես՝ աղջկա պայուսակն է: Չգիտես, երբ իջնես: Չգիտես՝ ուր եք հասել: Իջնելուդ կանգառը գուցե անցել ես: Գիտես, որ գծի վերջում հաստատ կկանգնի: Դա գիտես, հայտնիները մի կողմ: Նայում ես աղջկան, որի հետևում կանգնած տղամարդու գոտկատեղը կես միլիմետր է հեռու նրա հետույքից ու փորձում ես որսալ աղջկա հայացքը: Ասա՝ ձեր հետույքը համարյա դիպչում է տղամարդու գոտկատեղին: Աղջիկը շրջվում է ու նստարանին նստած կնոջից վերցնում պայուսակը: Դու նայում ես աղջկա դեմքին ու հենց էն գլխից հասկանում, որ նա երջանիկ չի լինելու:
Հասկանում ես, որ նրա հետույքը հետևի տղամարդու գոտկատեղից բաժանող կես միլիմետրը ամենափոքր տարածությունն է, որ կլինի երբևէ նրա հետույքի ու տղամարդու գոտկատեղի միջև:
Հասկանում ես, որ եթե փողոցում մոտենայիր ու գոտկատեղով կես միլիմետր հեռավորությամբ կանգնեիր նրա հետույքից՝ աջից կամ ձախից դեմքիդ հուժկու հարված կուտեիր:
Հասկանում ես, որ եթե մոտենայիր և ուղղակի ասեիր՝ բարև, ոչինչ չէր ստացվելու:
Հասկանում ես, որ նրա հետույքը հետևի տղամարդու գոտկատեղից բաժանող կես միլիմետրը ամենափոքր տարածությունն է, որ կլինի երբևէ:
Անգամ եթե մոտենայիր ու ասեիր տղամարդու գոտկատեղը իր հետույքից կես միլիմետր էր հեռու, բարև, մեկ է ոչինչ չէր ստացվելու:
Հասկանում ես, որ աղջկա հետույքն էր համարյա դիպչում տղամարդու գոտկատեղին: Հասկանում ես, որ աղջկա վիզն էր մոտ տղամարդու շնչառությանը:
Հայտնիները մի կողմ, անհայտները՝ մյուս: Ուզում ես դուրս գալ, բայց նախ պետք է հասկանալ՝ որտեղ ես:
Ավտոբուսը գնում է անհայտ արագությամբ, մենք չգիտենք ինչ արագությամբ ենք գնում, մենք չգիտենք ուր ենք հասել, որ հասկանանք՝ իջնենք, թե չէ ու սկսում ենք մտածել, որ երևի հաշվարկը պետք էր սկսել առավոտյան ամենառաջինը գիծ դուրս եկած ավտոբուսի արագությունից, որը չգիտենք, երբ է կանգնել, որը չգիտենք, երբ է հասել վերջին կանգառին: