Մհեր Արշակյան | Հերման Հեսսեն և «Ծառերը»

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Փոխգրախոսություն

Հեսսեն ծառերի մասին ասում է`
նրանք նման են միայնակներին:

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
մենք ձեր հավակնությունները չունենք:

Հեսսեն ծառերի մասին ասում է`
նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ:

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
մեր վերջավորությունը դուք եք:

Հեսսեն ծառերի մասին ասում է`
ոչինչ ավելի սրբազան, ավելի օրինակելի չէ, քան՝ գեղեցիկ,
հաստաբուն ծառը:

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
ձեր աչքերը բանախոս են, ձեր միտքը` արտասվախառն անապատ,
որտեղ մենք միայն եկող օրերի հիշողություն ենք:

Հեսսեն ծառերի մասին ասում է`
ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի ճշմարտությունը:

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
այս մարդը լռել գիտի մեզնից անդին:

Հեսսեն ծառերի մասին ասում է`
միանգամյա է նրանց կերպարանքը և ջղերը նրանց մաշկի:

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
ձեր խաղաղությունն անապատաստան է, ձեր մարմինը`
փոխանցիկ վերքերի արվեստանոց:

Հեսսեն լսում է, թե ինչպես է ծառն ասում`
իմ ուժը հավատն է, ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին,
ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին,
որ ամեն տարի ինձնից են ծնվում։

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
մենք ոչինչ չգիտենք, որովհետև մենք չգիտենք սպանել:

Հեսսեն ծառերի մասին ասում է`
ծառերը երկար մտքեր ունեն` երկարաշունչ և հանգիստ,
քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան` մենք։

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
դուք մտքերով եք զոհաբերվում,
քանզի դուք Աստծուց տարանջատվել եք
իմաստների փոխհրաձգությամբ:

Հեսսեն ծառերի մասին ասում է`
ով սովորի ծառերին ականջ դնել,
էլ չի ցանկանա ծառ լինել։
Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։

Ծառերը Հեսսեի մասին ասում են`
ձեր ինքնությունը չի փոշոտվում ժամանակավորությամբ,
որն այս աշխարհից չէ, ով հանճար:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *