Հովիկ Մխիթարյան | Վահագնի – Գլենդոն


Ժամանակն անշարժանում է ինքնաթիռի մեղմ բվվոցի, այլ աշխարհների, տիեզերական անընդգրկելի տարածությունների մեջ: Ինքնաթիռի առաստաղին մեղմ առկայծող մանր, լուսե աստղիկները տարրալուծում են ճանապարհորդության խորհրդավոր մեղեդին և հաճելի հիշողության վերածում։ Հսկայական «Բոինգը» կատաղի արագությամբ ճեղքում է երկրային հսկայական տարածությունները:
Վախի մասին այստեղ ընդունված չէ խոսել և նա լավագույն ընկերը չէ: Վախեցողները քնաբերի պատկառելի չափաբաժին են ընդունել և երազների թմբիրի մեջ մեղմ սուլելով՝ սպասում են թռիչքի երանելի ավարտին:
Այդ բարձրությունից աներևակայելի արագությամբ գահավիժող ինքնաթիռից հիշողությունները կցրվեն, կվերանան տիեզերական անհունում: Արթուն ուղևորները լուռ են վախենում, թեպետ վախենալն անիմաստ է, քանի որ վթարի դեպքում փրկվելու հնարավորությունները 0–ի են հավասար և հույսը հրեշտակների ձեռքով միանգամից դրախտ ընկնելն է: Ահա թե ինչու ինքնաթիռներում մարդիկ երազում են, ընկնում հաճելի խորհրդածությունների մեջ ու մտածում Աստծո մասին։
Անկանխատեսելի վտանգը համերաշխ միաբանության մեջ է միավորում ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներին, որպեսզի անբացատրելի հույսով միմյանց նայեն: Մեկի ներկայությունը ոգևորում է և հուսավառում մյուսին: Երեխաների ներկայությունը․․․ պայծառ ուրախություն է՝ վտանգը թերևս կողքով անցնի և ճակատագիրը խնայի բոլորին:
Ինքնաթիռով ճանապարհորդությունն իր հմայքներն ունի: Առանց շփվելու, զրուցելու զգում ես բոլորի ներկայությունը: Այստեղ բոլորին միավորում է սիրելիների կարոտը և նրանց վերստին տեսնելու ուրախությունը, համատեղ սնվելու աշխուժությունը, նույն զուգարանի մոտ հերթ կանգնելը: Շատերի կյանքի մի մասն անցնում է ինքնաթիռի՝ 10 000 մետր բարձրության վրա և ժամում 1000 կմ արագությամբ սլացող խենթ փոխադրամիջոցի ընկերակցությամբ:
Ճանապարհորդությունը սկսվում է, երբ մեղմ ու հաճելի երաժշտության ներքո բարձրաձայն հնչում է խիստ զգայական աղոթքը: Մեր զգացումներին համահունչ և ինձ համար միանգամայն անծանոթ լեզվով աղոթքից հասկանում եմ միայն Աստված բառը, ինչից խոր հուզում եմ ապրում: Ուղևորների մեծ մասը չի հասկանում բառերը, բայց հասկանում է հոգին, օդաչուների հույզերն ու աղերսն այն Էակին, ում պատասխանատվությանն է հանձնված հազարավոր մարդկանց կյանքերը: Օդաչուները բոլորից լավ գիտեն, թե ինչ վտանգների է ենթակա մետաղե այս հսկա թռչունը էլ ավելի հսկայական տիեզերական տարածություններում: Միաբանված եղբայրության գեղեցիկ ռիթմերի մեջ, ինքնաթիռն ընթացք է վերցնում… դեպի հեռավոր Ավստրալիայի ափերը:
Վահագնի-Կիրովական-Երևան հիշողությունների բեռը հանձնում եմ հեռավոր Բրիսբենին ու Մաքքային, Մորունբային ու Գլենդենին: Կյանքի՝ խորհրդավոր ու անկառավարելի ղեկն անորոշ ընթացք է վերցնում իմ հիացած հայացքի առաջ… Աշխարհն ամփոփվում է մի քանի հարյուր գրամ գորշ զանգվածի մեջ։
Գյուղական ճանապարհներից մանկական տպավորություններ են ծորում: Արևի գոլ ճառագայթների շոյանքից մեղմ ու անգիտակից ուրախություն է բուրում։ Պապիս ձեռքից վերցնում ենք փոքրիկ դույլերը և մեծ եղբորս հետ միասին գնում գյուղամեջ՝ ջուր բերելու: Ջուրն այստեղ հրաշք է և ամեն տուն աղբյուր չունի: Քայլելիս թեյնիկից ջուրը կաթկթում է, չորանում ու անէանում գյուղական փոշոտ ճանապարհներին: Հազվադեպ հանդիպող մեքենաներն, ուժգին հռնդյունով ահավոր փոշի հանելով, սլանում են մեր կողքով: Սա հարևանի աշխույժ տղան նեղացնում է մեզ ամեն հնարավոր առիթներով: Նրա համար հաճելի է հաղթել քաղաքից եկած տղաներին՝ երկուսին միանգամից: Խլում է մեր դույլերը և ջուրը թափում ճանապարհին: Մարտահրավեր է նետում քաղաքի «ինտելիգենտ» տղաներին: Բայց մանկական հոգին զգում է համերաշխության հրավերը ու մի օր մտերմանում ենք: Ապացուցելու ոչինչ չունենք, ներզգացողությամբ հասկանալով, որ այդ տղան շատ վաղ է հրաժեշտ տալու կյանքին ու մնալու մեր հիշողություններում:
Երկնքում ծիծեռնակների սլացիկ սահքին զուգընթաց տեսիլքներ են մնացել երբեմնի աշխույժ գյուղական առօրյայից: Գյուղը գահավիժել է ժամանակի նենգ հարվածներից։ Անվերջ թվացող գյուղական ճանապարհները սեղմվում են և անհետանում կյանքի արագընթաց հորձանուտում, հեռանում թախծոտ հայացքների ներքո և սուզվում անսահման հորիզոնի մեջ: Կյանքն անվերջանալի է թվում, իսկ հայրական այգու գույները, ընկույզի հսկա ծառի ծփացող տերևները երաժշտություն են հորինում մեր հայացքների առաջ, գծագրում ապագայի հեռավոր անուրջները՝ աննկարագրելի գեղեցիկ ու հուսավառ: Այգին անդրադարձնում է տերևների, ծառերի ու թփերի նուրբ եզրագծերը, թռչունների երկնային լեզուն, արձագանքելով անվախճան, բամբակյա ամպերի սահքին։
Գյուղը պարզ է ու անպաճույճ, աղքատության մեջ իրենց ազնվությունն ու միապաղաղության դատապարտվածությունը չգիտակցող մարդկանցով: Դատապարտվածությունն այգու ներքևում գտնվող ինքնաբուխ գերեզմանն է՝ անցավորության մշտական հիշեցումով, որից մեր ուրախությունը բոլորովին չէր նվազում: Ամռանը գերեզմանների վրա տանձ է կաթում: Մենք հավաքում ենք, որպեսզի հարևանի աշխույժ տղան խլի մեզնից և ասի, որ դա ինքն է պահել մեկ ուրիշի համար: Մենք չենք նեղանում, որովհետև հավատում ենք, և որովհետև այնքան շատ են տանձերն ու այնքան անվերջանալի՝ մեր կյանքի վայրկյաններն ու օրերը…
Ինքնաթիռը շարունակում է ճեղքել անսահմանության կուրծքը, ինչին անտարբեր, կողքիս նստած իտալացի ծեր տիկինը հաճույքով ուտում է այն ամենը, ինչ մատուցում են հորինովի ժպիտներով ուղեկցորդուհիները: Նա ամեն տարի անվախ քրքրում է երկնային տարածությունները՝ թոռներին գրկելու համար: Մի քանի ջերմացնող համբույրը կմեղմի մեծ ճանապարհորդության բոլոր անհարմարությունները: Իսկ ես չեմ կարողանում ուտել սննդի այն մեծ քանակությունը, որ մատուցում է ավիաընկերությունը: Հյուրասիրում եմ ծեր տիկնոջը և մենք բարեկամանում ենք։ Երկար ճանապարհորդության դժվարություններից մեզ փրկում է հիշողությունների բեռը, որ միակ զենքն է տիեզերական անհունի անհուսության դեմ պայքարում․․․
Մարդկային մտքի աննշան հյուլեն՝ ինքնաթիռը, անվախ բախում է անսահմանության դուռը, բացելու համար փոքրիկ, ճաշակով ու պարզակենցաղությամբ թաթախված Մորունբա քաղաքի դռները: Լուռ քաղաքի, իր համեստ մարդկանցով, հասուն աշխարհընկալումով:
Տարօրինակ է իրիկնային Մորունբան մարդկանցից չվախեցող եղնիկներով, շատախոս կակադուներով ու կենգուրուների ստվերներով: Փոքրիկ քաղաքն աչքի է ընկնում իր լռությամբ, միայնակ ու հազվադեպ անցորդներով, որոնք միայնությունից ու ջերմության անբավարարությունից մղված մեծ սիրով ողջունում են իրար: Պարզակենցաղ, կոպիտ հասարակ սպասքով ռեստորանում առատ ընթրիք են անում: Չխկում են բաժակներն անկեղծ, միմյանց ներկայությունից ջերմացած սրտերով, որ երբեք չտխրեն ու չվիրավորեն միմյանց: Տխրությունից, միայնությունից, աշխարհի կտրվածածությունից ծնված հույզերը ամուր միաբանում են մարդկանց։
Հինավուրց Հայաստանից եկածներս ու պատմությունից հոգնածներս սիրով ողջունում ենք այնքան մոտ ու այնքան հեռու արևային Մաքին ու Արիանային, Բրենդոնին, ճերմակ մաշկից մինչև թուխ ու մուգ մաշկով երեխաներին: Ժպիտներն անպակաս են, ճառագող ատամներով ու միանման։ Մեր ներկայությունը ցնծություն է պատճառում պարսիկ խոհարարին և նրա ջերմ գրկախառնությունը օրերի հայտնության մեջ եղբայրության ճանապարհներն է բացում, հմայում սիրո օրհնյալ արվեստով։ Դեգերում ենք մեծ ու փոքր քաղաքներում՝ Մելբուռնում և Վանաձորում, Բրիսբենում և Երևանում, Վահագնիում և Գլենդոնում:
Վանաձորում հիշողությունները շնչում են նախկին Կիրովականի թվացող անշարժությամբ: Անսովոր իրադարձությունների սպաումներով նիրհող քաղաքն իր հսկա ներուժով, հյուրասեր քաղաքի մեղմ տխրությամբ այլևս չունի նախկին անհոգ ուրախությունը: Քաղաքը կենդանանում է հիշողության յուրաքանչյուր բջիջի մեջ, դառնում ապագայի տեսիլք և չարդարացվող երազանք: Երազանքները դառնում են Երևանյան ապագա և վազքի լարվածության ուրախություն, մարդու՝ նրանց բոլորի և նրանցից մեկը լինելու պարզ հույսն ու բավականությունը․․․
Հիշողություններն իրականություն են դառնում Գլենդոնի խելահեղ անշարժության մեջ պայթող իրադարձությունների ուժգնությամբ ու խենթ լռությամբ: Կանաչի մեջ թաղված կյանքի հևքով, աշխատանքային հարահոսի մեջ կյանքն անցկացնելու անմտությամբ: Փոքրիկ քաղաքում լռությունը դառնում է թաքնված կիրք և չլսված, չասված բառեր ու խուժում գիտակցության բոլոր անկյունները: Խուժում է լողավազանում մերկ մարմինների՝ սրբիչով փաթաթված լինելու խաբկանքի անզորությամբ, երեխային մերկ, ի տես բոլորի կերակրելու ցանկալի մեղսավորությամբ, բարակիրան և գեր մարմինների առատությամբ:
Կյանքն անբացատրելի ցնցումներով հոսում է գյուղաքաղաքներում ու հսկա քաղաքներում` իրականության միակ ու եզակի նրբությամբ: Նա դառնում է անպատմելի, չլսված ուրախությունների ու քնքշությունների հույս՝ ապագայի տեսլականով, սիրո բերկրալի հևքով: Անհեթեթ արագությամբ կրկնում ենք աշխարհի պատմությունը և նմանակում մեկս մյուսիս:
Մեր էության գոյությունը տարածության մեջ բազմազան երանգներ է ստանում: Այլաբանություն են դառնում տերևները, ծառերն ու ժպիտները: Միանմանության խաբկանքի մեջ այլ են շրշյուներն ու բառային արտաբերումները, մանկության ժպիտներն ու հոգու ցոլքերը: Այնքան տարբեր են և այնքան միանման կյանքի հեռավոր ու մոտ, համամարդկային քնքշության ու եղբայրության ռիթմերը, իմաստավորված՝ յուրաքանչյուր մեկի հույզով ու երազանքով, որով գրում ենք աշխարհի միակ պատմությունը։
Վերջին անգամ անցնում եմ հեռավոր Մակքայ քաղաքի պարզ գերեզմանոցի սպիտակ, փոքրիկ գերեզմանաքարերի կողքով: Համեմատում եմ Վահագնիի՝ այգու ծայրամասից սկսվող ինքնաբուխ գերեզմանոցի հետ և ցնցվում մարդկային կյանքի խորհրդավոր նմանության ու ճակատագրով կապվածության, սիրելու և սիրվելու ազատության պարգևի գիտակցությունից։
Կյանքի անցավորության թախիծն անցնում է Վահագնի-Գլենդոն ուղեգծով և մտերմացնում մարդկանցս՝ անցավորների ու կենդանի էակների, կյանքի հանդեպ սիրո հարգանքով:
Խորհրդավոր բզզոցով ինքնաթիռն այլևս չի վախեցնում հակառակ ուղղությամբ իր ընթացքի մեջ: Նա ամենաապահովն է՝ հիշողություններն իրեն հանձնելու համար: Ամենուր՝ Վահագնիից մինչև Գլենդոն, պայծառ հույզերի և կյանքի տխրությունն ու ուրախությունն ընկալելու համար: Հեռավոր աշխարհների, հեռավոր եղբայրակիցների հանդեպ անորոշ կարոտով, անզոր անվախճան սիրո հանդեպ։ Ամենու՛ր փափագելի և անհասանելի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *