Պատառոտված ծածկոցի նման մի բան (պարզ չէր երևում երեկոյան խավարի մեջ) կառչել էր ծառի բարձր ճյուղերից և մեղմորեն ծածանվում էր քամուց։ Մյուս ծառը շուռ էր եկել և տապալվել թփերի մեջ։ Ամենուրեք տերևներ ու կոտրված ճյուղեր էին։ Մտածում էի պատերազմի մասին, ավերածությունների և կորուստների մասին, որոնք կրել էի մանուկ ժամանակ, և լուռ նայում էի պարտեզին, մինչև տատիկս պատմում էր, թե ինչպես էր ուժեղ փոթորիկն այդ առավոտ վրա հասել Կագոշիմային։
Մի քանի օրից պարտեզը կարգի բերվեց, իսկ կոտրված ծառը դարսվեց պատի մոտ՝ բոլոր ճյուղերով և թափված տերևներով։ Միայն այդ ժամանակ առաջին անգամ նկատեցի քարե արահետը, որը թփերի մեջով տանում էր դեպի պարտեզի խորքում վեր խոյացող ծառերը։ Այդ թփերի վրա կարելի էր նկատել վերջերս պատահած հարձակման հետքերը․ ամբողջովին ծաղկած էին, դրանց սաղարթը թարմ էր և տարօրինակ գույներով ներկված․ կարմիրի, նարնջագույնի և մանուշակագույնի երանգներով, նման բան երբևիցե չէի տեսել Տոկիոյում։ Ընդհանուր առմամբ՝ պարտեզն այլևս այն քարուքանդ եղած տեղը չէր, որը մի ակնթարթ տեսել էի ժամանելուս օրը։
Տան վերանդայի և քարե արահետի միջև հարթ տարածություն կար՝ պատված ճիմով։ Այնտեղ ամեն առավոտ՝ մինչև արևի ամբողջությամբ ծագելը, պապիկս փռում էր իր փոքրիկ, ծղոտե գորգը և մարմնամարզությամբ էր զբաղվում։ Արթնանում էի պարտեզից լսվող ձայներից, արագ հագնվում և դուրս էի գալիս վերանդա։ Այնուհետև նկատում էի պապիկիս՝ վաղորդյան արևի ճառագայթների ներքո շարժվող ուրվապատկերը՝ լայն կիմոնո հագած։ Նա եռանդուն կերպով կորանում և ուղղվում էր, իսկ երբ տեղում վազում էր, քայլքը թեթև էր։ Նստում և հանգիստ սպասում էի՝ հետևելով այդ ամենօրյա գործողություններին։ Վերջիվերջո արևն այնքան էր բարձրանում, որ անցնում էր պատի մյուս կողմն ու լուսավորում պարտեզը, և վերանդայի՝ ինձ շրջապատող ողորկված բոլոր տախտակները ծածկվում էին արևի ցոլքերով։ Այնուհետև վերջապես պապիկիս դեմքը խոժոռվում էր, և վերջինս սկսում էր ձյուդոյի շարժումներ անել․ արագ պտույտներ, քարացած դիրքեր և ամենակարևորը՝ գետնին տապալելու վարժություններ, որից յուրաքանչյուրն ուղեկցվում էր կարճատև ճիչով։ Հետևելով նրան՝ պարզ տեսնում էի անտեսանելի հակառակորդներին, որոնք չորս կողմից հարձակվում էին պապիկիս վրա միայն նրա համար, որպեսզի անձնատուր լինեին նման խիզախության առաջ։
Ամեն վարժանքից հետո պապիկս քարե արահետով քայլում էր դեպի պարտեզի ամենախորքը, որպեսզի մոտենար ամենամեծ ծառին, որն աճում էր պատի մոտ։ Մի քանի վայրկյան լրիվ անշարժ կանգնում էր դրա առաջ։ Այնուհետև կտրուկ ճիչ արձակելով՝ հարձակվում էր ծառի վրա և փորձում էր ազդրին գցել այն։ Չորս կամ հինգ անգամ կրկնում էր հարձակումը՝ ամեն անգամ մի քանի վայրկյան տևող մտախոհ լռությունից սկսելով, ասես այդ կերպ կարողանալու էր անակնկալի բերել ծառին։
Հենց որ պապիկս ներս էր մտնում՝ հագուստը փոխելու, իջնում էի պարտեզ և փորձում կրկնել շարժումները, որոնք հենց նոր էի տեսել։ Ամեն բան ավարտվում էր նրանով, որ բարդ սցենարներ էի հորինում այդ շարժումների շուրջ․ սցենարներ, որոնք միշտ միևնույն սյուժեի տարատեսակներն էին։ Դրանք միշտ սկսում էին նրանից, որ ես և պապիկս գիշերը տուն էինք վերադառնում Կագոշիմայի երկաթուղային կայարանի հետևում գտնվող ծառուղով։ Մթության մեջից ինչ-որ մարդիկ էին դուրս գալիս, և մենք ստիպված կանգ էինք առնում։ Նրանց առաջնորդը՝ հարբած, անփույթ խոսքով տղամարդը, մի քայլ առաջ էր գալիս և պահանջում, որպեսզի նրանց հանձնեինք մեզ մոտ եղած գումարը։ Պապիկս կամացուկ զգուշացնում էր նրանց, որ պետք է թույլ տային մեզ անցնել, հակառակ դեպքում վատ բան էր նրանց հետ կատարվելու։ Այդ պահին մթության մեջ ծիծաղ էր լսվում, կեղտոտ, չար ծիծաղ։ Ես և պապիկս փոխանակվում էինք անհոգ հայացքներով, այնուհետև մեջք մեջքի տված էինք կանգնում։ Հետո ամեն կողմից նրանք սկսում էին մոտենել՝ անսահմանափակ քանակությամբ։ Եվ այնտեղ՝ պարտեզում, ես կազմակերպում էի նրանց ոչնչացումը․ ես և պապիկս ներդաշնակ թիմ էինք, մեկը մյուսի հետևից վնասազերծում էինք նրանց։ Վերջիվերջո՝ ուշադրությամբ զննում էինք մեր շուրջն ընկած մարմինները։ Հետո պապիկս գլխով էր անում, և շարունակում էինք մեր ճանապարհը։ Իհարկե, դրա հետ կապված ոչ մի անպատեհ հուզմունք ցույց չէինք տալիս և տուն էինք վերադառնում՝ առանց որևէ բան քննարկելու։
Լինում էին պահեր, երբ ճակատամարտի ամենաթեժ պահին Նորիկոն՝ տատիկի և պապիկի տան աղախինը, նախաճաշելու էր կանչում ինձ։ Հակառակ դեպքում կավարտեի ծրագիրս այնպես, ինչպես պապիկս էր անում․ կմոտենայի ծառին, կենսական կարևորություն ունեցող մի քանի վայրկյանը լուռ կկանգնեի, այնուհետև համապատասխան հանկարծակիությամբ կգրկեի այն։ Երբեմն այնպիսի սցենար էի խաղում, ասես զարմացած պապիկիս աչքի առաջ իսկապես արմատախիլ էի անում ծառը և նետում այն, որպեսզի գլորվեր թփերի մեջ։ Բայց այդ ծառը շատ ավելի ամուր էր, քան այն, որը կոտրել էր ուժեղ փոթորիկը, և նույնիսկ յոթը տարեկան տղա լինելով՝ հասկանում էի, որ այդ սցենարն ամենաանհավանականն էր, և չէր պատկանում մյուսների հավանականության կատեգորիային։
Չեմ կարծում, թե պապիկս առանձնապես հարուստ էր, բայց նրա տանն ապրելը շատ հարմարավետ էր թվում ինձ, հատկապես այն պայմաններից հետո, որոնք տեսել էի Տոկիոյում։ Նորիկոյի հետ խանութներ էինք գնում՝ խաղալիքներ, գրքեր և նոր հագուստ գնելու, բացի այդ՝ այնտեղ կային բազմաթիվ տարբեր ուտելիքներ, ու թեև այժմ դրանք սովորական են, այն ժամանակ կյանքումս առաջին անգամ էի փորձում այդ ուտելիքները։ Տունն ընդարձակ էր թվում, չնայած որ դրա մի մասն այնքան վնասված էր, որ անհնար էր այնտեղ ապրել։ Մի անգամ՝ ժամանելուցս շատ չանցած, տատիկիս հետ շրջում էինք ամբողջ տնով, որպեսզի ցույց տար նկարներն ու զարդաքանդակները, որոնք զարդարում էին սենյակները։ Ամեն անգամ, երբ ինչ-որ նկար ինձ դուր էր գալիս, մատով ցույց էի տալիս և հարցնում․ «Այս մեկը պապի՞կն է նկարել»։ Վերջիվերջո՝ չնայած որ հավանաբար նայել էինք տանը կախված մեծաթիվ նկարներից յուրաքանչյուրը, պարզվեց, որ ոչ մեկն էլ պապիկիս աշխատանքներից չէր։
-Բայց ինձ թվում էր, թե Օջին հայտնի նկարիչ է, – ասացի ես։ – Որտե՞ղ են նրա նկարները։
-Գուցե կցանկանա՞ք ինչ-որ բան ուտել, Իչիրո՛ սան։
-Օջիի նկարնե՜րը։ Հենց հիմա բերե՛ք դրանք։
Տատիկս զարմացած ինձ նայեց։
-Հետաքրքիր է, – ասաց նա։ – Կարծում եմ Իչիրոյի մորաքույրն է պատմել նրան պապիկի մասին։
Նրա պահվածքում ինչ-որ բան ստիպեց լռել ինձ։
-Հետաքրքիր է, թե էլ ինչ է պատմել նրան Իչիրոյի մորաքույրը, – շարունակեց նա։ – Իսկապես հետաքրքիր է։
-Միայն ասել է, որ Օջին հայտնի նկարիչ է եղել։ Ինչո՞ւ այստեղ չկան նրա նկարները։
-Էլ ի՞նչ է պատմել քեզ , Իչիրո՛ սան։
-Ինչո՞ւ այստեղ չեն նրա նկարները։ Ինձ պատասխան է հարկավոր։
-Կարծում եմ հանել են դրանք, – ժպտաց տատիկս։ – Մեկ ուրիշ անգամ կփնտրենք։ Բայց մորաքույրդ ասում էր, որ դու էլ ես տարված նկարչությամբ։ Ասել է, որ դու շատ տաղանդավոր ես։ Եթե խնդրեիր պապիկիդ, Իչիրո՛ սան, համոզված եմ, որ նրա համար պատիվ կլիներ սովորեցնել քեզ։
-Ես ուսուցչի կարիք չունեմ։
-Ների՛ր, ուղղակի առաջարկեցի։ Իսկ հիմա գուցե կուզե՞ս մի բան ուտել։
Այնուամենայնիվ՝ պապիկս սկսեց ինձ օգնել նկարել՝ առանց իմ խնդրելու։ Մի անգամ՝ մի շոգ օր, նստած էի պատշգամբում և փորձում էի ջրաներկերով ինչ-որ նկար ստանալ։ Նկարը շատ վատ էր ստացվում և բարկանալով արդեն պատրաստվում էի փչացնել այն, երբ պատշգամբ եկավ պապիկս, բարձը դրեց կողքիս և նստեց։
-Չեմ խանգարի քեզ, Իչիրո՛, – կռացավ, որպեսզի նայեր նկարը, բայց ես փակեցի այն ձեռքով։ – Լա՛վ, – ասաց նա ծիծաղելով, – կնայեմ, հենց որ ավարտես։
Նորիկոն թեյ բերեց, լցրեց և հեռացավ։ Պապիկս շարունակում էր գոհունակությամբ նստել՝ թեյ խմելով և իր պարտեզին նայելով։ Նրա ներկայությունը շփոթեցրեց ինձ և ձևացրի, թե աշխատում էի նկարիս վրա։ Սակայն մի քանի րոպե հետո հուսահատությունը նորից համակեց ինձ, և վրձինս շպրտեցի պատշգամբի մյուս կողմը։ Պապիկս դեպի ինձ թեքվեց։
-Իչիրո՛, – միանգամայն հանգիստ կերպով ասաց նա, – ամենուրեք ներկ ես շաղ տալիս։ Եվ եթե Նորիկո սանը տեսնի, շատ կբարկանա քեզ վրա։
-Ինձ համար միևնույն է։
Պապիկս ծիծաղեց ու ևս մեկ անգամ կռացավ՝ տեսնելու նկարս։ Նորից փորձեցի թաքցնել այն, բայց նա մի կողմ տարավ ձեռքս։
-Այնքան էլ վատ չէ։ Ինչո՞ւ ես բարկանում։
-Վերադարձրո՛ւ։ Ուզում եմ պատռել այն։
Պապիկս այնպես պահեց նկարը, որպեսզի չկարողանայի հասնել դրան, և շարունակեց ուսումնասիրել։
-Ամենևին էլ վատ չէ, – մտախոհ ասաց նա։ – Պետք չէ այդպես արագ հանձնվել։ Տե՛ս, Օջին մի փոքր կօգնի քեզ։ Դրանից հետո փորձի՛ր ավարտին հասցնել այն։
Վրձինը, տախտակների վրայով սահելով, մեզանից մի քիչ հեռու էր ընկել, և պապիկս ոտքի կանգնեց, որպեսզի բարձրացներ այն։ Գետնից վերցնելով՝ մատների ծայրերով դիպավ վրձնի եզրին, ասես ուզում էր բժշկել այն, այնուհետև վերադարձավ և նստեց։ Մի որոշ ժամանակ լուռ ուսումնասիրում էր նկարը, ջրի մեջ թրջեց վրձինը, հետո դրանով դիպավ երկու կամ երեք գույնի։ Այնուհետև մեկ սահուն հպվելով՝ վրձինով, որի վրայից ջուր էր կաթում, անցկացրեց նկարիս ամբողջ մակերևույթի վրայով, և դրա վրա հայտնվեցին փոքրիկ տերևների հետքեր․ ցոլքեր ու ստվերներ, ծալքեր ու փնջեր, և այդ ամենն ընդամենը մեկ թեթև շարժումով։
-Ահա՛։ Հիմա դո՛ւ փորձիր և ավարտի՛ր։
Ուժերիս ներածին չափով փորձում էի տպավորված չերևալ, բայց նման սխրագործությունը չէր կարող չբորբոքել իմ խանդավառությունը։ Հենց որ պապիկս սկսեց նորից թեյ խմել ու նայել իր պարտեզին, վրձինը թաթախեցի ներկի և ջրի մեջ ու փորձեցի կրկնել այն, ինչին հենց նոր ականատես էի դարձել։
Մի քանի հաստ գծեր հաջողվեց անցկացնել նկարիս վրայով։ Պապիկս տեսավ դա և տարուբերեց գլուխը՝ կարծելով, թե փորձում էի ջնջել նկարս։
Սկզբում մտածեցի, թե ուժեղ փոթորիկի պատճառով էր տունն այդպես ավերվել, բայց շատ չանցած պարզեցի, որ մեծամասամբ պատերազմի պատճառով էր։ Պապիկս հենց այդ հատվածի վերականգնմամբ էր զբաղվում, երբ ուժեղ փոթորիկը պոկել տարել էր փայտամածները և քանդել պապիկիս կառուցածի մեծ մասը։ Պատահածի հաշվով առանձնակի դժգոհություն չէր հայտնում և ժամանումիցս հետո դեռ մի քանի շաբաթ սովորական ընթացքով աշխատանքներ էր տանում տան այդ հատվածում․ հավանաբար օրական երեք-չորս ժամ։ Երբեմն բանվորներ էին գալիս՝ նրան օգնելու, բայց հիմնականում մենակ էր աշխատում՝ մուրճով հարվածելով կամ որևէ բան սղոցելով։ Ոչ մի շտապողականություն չկար այդ հարցում։ Տան մյուս հատվածում բավականին շատ սենյակներ կային, բացի այդ՝ առաջընթացին մշտապես խանգարում էր շինանյութի պակասը։ Երբեմն օրերով կարող էր սպասել մի տուփ մեխի կամ փայտի որոշակի կտորի։
Միակ սենյակը, որն օգտագործվում էր տան վնասված հատվածում, լոգասենյակն էր։ Այն շատ դատարկ էր․ հատակը բետոնից էր՝ դրանում փորված ջրանցքներով, որոնցով ջուրը հոսում էր դեպի արտաքին պատը, իսկ պատուհանները նայում էին դեպի դրսի խճաքարերն ու փայտամածները, այնպես որ թվում էր, թե ինչ-որ կից շինության ներսում էիր, այլ ոչ թե հիմնական տանը։ Բայց մի անկյունում պապիկս փայտե արկղ էր կառուցել, որի մեջ կարելի էր երեք-չորս ոտնաչափ եռման ջուր լցնել։ Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, վարագույրի մյուս կողմից կանչում էի պապիկիս, երբ բացում էի այն, տեսնում էի, որ սենյակը գոլորշիով է լցված։ Այնտեղ չորացած ձկան հոտ էր գալիս, որը, ինչպես ես էի կարծում, համապատասխանում էր տարեց տղամարդու մարմնին, իսկ պապիկը պառկած էր լինում լոգարանի մեջ՝ մինչև վիզը տաք ջրի մեջ ընկղմված։ Եվ ամեն գիշեր կանգնում էի այդ գոլորշիով լի սենյակում ու զրուցում էի նրա հետ, և հաճախ այնպիսի բաների մասին, որոնց մասին այլևս ոչ մի տեղ չէի հիշատակի։ Պապիկս լսում էր և զուսպ, քաջալերող պատասխաններ էր տալիս գոլորշու ամպերի մյուս կողմից։
-Այժմ սա քո տունն է, Իչիրո՛, – ասում էր նա։ – Հեռանալու կարիք չկա, մինչև որ չմեծանաս։ Եվ նույնիսկ այդ ժամանակ հնարավոր է ցանկանաս այստեղ մնալ։ Ոչնչի մասին մի՛ անհանգստացիր։ Բացարձակ ոչնչի։
Նման մի երեկո լոգասենյակում ասացի պապիկիս․
-Ճապոնացի զինվորները լավագույն մարտիկներն էին պատերազմի ընթացքում։
-Մեր զինվորները, անկասկած, ամենավճռականն էին, – ասաց նա։ – Հավանաբար ամենախիզախն էին։ Շատ քաջ զինվորներ էին։ Սակայն նույնիսկ լավագույն զինվորները երբեմն պարտություն են կրում։
-Որովհետև թշնամիները չափից շատ են։
-Որովհետև թշնամիները չափից շատ են։ Եվ որովհետև թշնամիներն ավելի շատ զենք ունեն։
-Ճապոնացի զինվորները կարող էին շարունակել կռվել, նույնիսկ երբ ծանր վիրավոր էին, այնպես չէ՞։ Որովհետև նրանք լի էին վճռականությամբ։
-Այո՛։ Մեր զինվորները կռվում էին, նույնիսկ երբ ծանր վիրավոր էին։
-Օ՛ջի, նայի՛ր։
Այնտեղ՝ լոգասենյակում, սկսեցի խաղալ մի զինվորի, ով շրջապատված էր թշնամիներով և ձեռնամարտի էր բռնվել նրանց հետ։ Ամեն անգամ, երբ փամփուշտը դիպչում էր ինձ, մի պահ կանգ էի առնում, այնուհետև շարունակում էի կռվել․ «Այո՜, այո՜»։
Պապիկս ձեռքերը հանեց ջրից և սկսեց ծափահարել։ Ոգևորվելով շարունակեցի կռվել․ ութ, ինը, տասը փամփուշտ։ Երբ մի պահ կանգ առա, որպեսզի կարգավորեի շնչառությունս, պապիկս շարունակեց ծափահարել և ինքն իրեն ծիծաղել։
-Օ՛ջի, գիտե՞ս, թե ով եմ ես։
Նորից փակեց աչքերը և ավելի խորն ընկղմվեց ջրի մեջ։
-Զինվոր ես։ Շատ խիզախ ճապոնացի զինվոր։
-Այո՛, բայց ո՞վ եմ։ Ո՞ր զինվորն եմ։ Նայի՛ր, Օ՛ջի։ Գլխի կընկնես։
Ձեռքս հպեցի վերքերիս և վերսկսեցի մարտը։ Փամփուշտների մեծ քանակությունը, որը դիպել էր կրծքավանդակիս և փորիս, ինձ ստիպեց հրաժարվել ավելի բուռն գործելաձևից։
-Այո՜, այո՜։ Ո՞վ եմ ես, Օ՛ջի։ Գուշակի՛ր։ Գուշակի՛ր։
Այնուհետև նկատեցի, որ պապիկս բացել էր աչքերն ու գոլորշու մեջից հայացքը հառել էր վրաս։ Այնպես էր նայում, ասես ուրվական լինեի, այդ պատճառով սկսեցի դողալ։ Ես կանգ առա և նույնպես հայացքս հառեցի նրան։ Այնուհետև նա նորից սկսեց ժպտալ, բայց տարօրինակ արտահայտությունը մնաց աչքերում։
-Բավական է, – ասաց նա՝ նորից պառկելով ջրի մեջ։ – Թշնամիները չափից դուրս շատ են։ Չափից դուրս շատ։
Շարունակում էի քարացած մնալ։
-Ի՞նչ պատահեց, Իչիրո՛, – ասաց նա և սկսեց ծիծաղել։ – Ինչո՞ւ հանկարծ լռեցիր։
Չպատասխանեցի։ Պապիկս նորից փակեց աչքերն ու հառաչեց։
-Ի՜նչ սարսափելի բան է պատերազմը, Իչիրո՛, – հոգնած կերպով ասաց նա։ – Սարսափելի բան։ Բայց հոգ չէ։ Հիմա դու այստեղ ես։ Սա քո տունն է։ Անհանգստանալու կարիք չկա։
Մի երեկո՝ ամռան կեսին, երբ եկա ընթրելու, տեսա, որ հավելյալ սպասք էր դրված։ Տատիկս ցածրաձայն ասաց․
-Պապիկդ հյուր ունի։ Նրանք շուտով կգան։
Մի որոշ ժամանակ ես, Նորիկոն և տատիկս սպասում էինք՝ սեղանի շուրջ նստած։ Երբ սկսեցի ցույց տալ անհամբերությունս, Նորիկոն ասաց ձայնս ցածրացնել։
-Ջենտլմենը նոր է եկել։ Չսպասե՛ս, որ այսքան շուտ կավարտեն։
Տատիկս գլխով արեց։
-Կարծում եմ՝ շատ ասելիք կունենան միմյանց այսքան տարիներից հետո։
Վերջապես պապիկս եկավ իր հյուրի հետ։ Վերջինս հավանաբար մոտավորապես քառասուն տարեկան (այն ժամանակ թյուր պատկերացումներ ունեի մեծերի տարիքի մասին), ամրակազմ տղամարդ էր՝ այնպիսի սև հոնքերով, որ թվում էր, թե դրանք թանաքով էին նկարված։ Ճաշելու ընթացքում պապիկիս հետ շատ էին խոսում անցյալի մասին։ Ինչ-որ անուն էր հիշատակվում, պապիկս կրկնում էր այն և լուրջ կերպով գլխով անում։ Շատ չանցած հանդիսավոր մթնոլորտ տիրեց սեղանի շուրջ։ Հենց որ տատիկս սկսեց շնորհավորել հյուրին նոր աշխատանքի կապակցությամբ, վերջինս ընդհատեց նրան։
-Ո՛չ, ո՛չ, տիկի՛ն։ Դուք շատ բարի եք, բայց մի՛ շտապեք։ Հանդիպումը դեռ նշանակված չէ։
-Բայց ինչպես որ նշեցիր, – միջամտեց պապիկս, – իրական մրցակիցներ չունես։ Անկասկած, բոլորից շատ ես համապատասխանում այդ պաշտոնին։
-Չափից ավելի բարի եք, սենսե՛յ, – ասաց հյուրը։ – Բայց ամենևին որոշված չէ։ Ինձ մնում է միայն հուսալ և սպասել։
-Եթե մի քանի տարի առաջ լիներ, – ասաց պապիկս, – կկարողանայի բարեխոսել քեզ համար։ Բայց չեմ կարծում, որ այժմ իմ խոսքն ինչ-որ կշիռ ունի։
-Իսկապես, սենսե՛յ, – ասաց հյուրը, – ծայրահեղ անարդար եք Ձեր հանդեպ։ Ձեր նվաճումների տեր մարդը պետք է միշտ հարգանքի արժանանա։
Դա լսելով՝ պապիկս սկսեց բավականին տարօրինակ կերպով ծիծաղել։
Ընթրիքից հետո հարցրի տատիկիս․
-Ինչո՞ւ է Օջիին սենսեյ անվանում։
-Ժամանակին ջենտլմենը պապիկիդ աշակերտն է եղել։ Ամենաշնորհալին։
-Այն ժամանակ, երբ Օջին հայտնի նկարի՞չ էր։
-Այո՛։ Այս ջենտլմենը հրաշալի նկարիչ է։ Պապիկիդ լավագույն աշակերտներից մեկն է։
Հյուրի ներկայությունը նշանակում էր, որ զրկվելու էի պապիկիս ուշադրությունից, այդ պատճառով տրամադրությունս փչացավ։ Հաջորդող օրերին խուսափում էի նրանից, որքան կարողանում էի, և հազիվ թե մի քանի բառ էի փոխանակել նրա հետ։ Եվ մի օր՝ ցերեկը, պատահաբար մի խոսակցություն լսեցի, որը տարվում էր վերանդայում։
Պապիկիս տան վերին հարկում արևմտյան ոճի բարձր աթոռներով և սեղաններով մի սենյակ կար։ Սենյակի պատշգամբի պատուհանները դեպի պարտեզն էին նայում, իսկ վերանդան երկու հարկ ներքևում էր։ Ես զվարճանում էի այդ սենյակում և մի որոշ ժամանակ ականջի պոչով լսում էի ներքևից եկող ձայները։ Այնուհետև խոսակցության ընթացքում ինչ-որ բան գրավեց ուշադրությունս (ինչ-որ առոգանություն), և դուրս եկա պատշգամբ՝ ականջ դնելու։ Անկասկած, պապիկիս և նրա հյուրի միջև տարաձայնություններ կային․ խոսքն ինչ-որ նամակի մասին էր, և հյուրը ցանկանում էր, որպեսզի պապիկս գրեր այն։
-Իհա՛րկե, սենսե՛յ, – ասում էր տղամարդը, – դժվար թե անխելքություն լինի իմ կողմից։ Երկար ժամանակ մտածում էի, որ կարիերաս ավարտվել էր։ Անկասկած, Սենսեյը չէր ցանկանա, որ ճնշված լինեմ այն ամենով, ինչ կատարվել է անցյալում։ – Մի պահ լռություն տիրեց, այնուհետև հյուրը նորից սկսեց խոսել, – Խնդրում եմ, սխալ չհասկանա՛ք ինձ, սենսե՛յ։ Ինչպես միշտ հպարտանում եմ, որ անունս կապում են Ձեր անվան հետ։ Դա ուղղակի կոմիտեին գոհացնելու համար է, ոչ մի ուրիշ բան։
-Ուրեմն դրա համար ես եկել ինձ տեսնելու, – պապիկիս ձայնն ավելի շատ հոգնած էր հնչում, քան բարկացած։ – Ահա թե ինչու ես եկել այսքան ժամանակ հետո։ Բայց ինչո՞ւ ես ուզում ստել քո մասին։ Այն ամենը, ինչ արել ես, արել ես հպարտությամբ և հիասքանչ կերպով։ Լինի սխալմունք, թե ոչ, մարդ չպետք է ստի իր մասին։
-Բայց, սենսե՛յ, հավանաբար մոռացել եք։ Հիշո՞ւմ եք Կոբեում անցկացրած այն երեկոն։ Կինոշիտա սանի պատվին կազմակերպված ճաշկերույթից հետո կատարվածի՞ մասին։ Այդ երեկո բարկացաք ինձ վրա այն պատճառով, որ համարձակվել էի չհամաձայնել Ձեզ հետ։ Մի՞թե չեք հիշում, սենսե՛յ։
-Կինոշիտայի պատվին կազմակերպված ճաշկերո՞ւյթ։ Վախենամ, որ ոչ։ Ինչի՞ շուրջ էինք վիճել։
-Վիճել էինք, քանի որ ես համարձակվել էի ենթադրել, որ դպրոցը միանգամայն սխալ ուղի էր բռնել։ Չե՞ք հիշում, Սենսե՛յ։ Ես ասացի, որ մենք չպետք է մեր տաղանդը նման կերպ օգտագործեինք։ Եվ Դուք զայրացաք։ Չե՞ք հիշում այդ ամենը, Սենսե՛յ։
Նորից լռություն տիրեց։
-Օ՜, այո՛, – վերջիվերջո ասաց պապիկս, – հիմա հիշեցի։ Չինական արշավի ընթացքում էր։ Խիստ կարևոր ժամանակներ էին երկրի համար։ Անպատասխանատվություն կլիներ աշխատել այնպես, ինչպես մինչև այդ էինք աշխատել։
-Բայց ես միշտ համամիտ չեմ եղել Ձեզ հետ, Սենսե՛յ։ Եվ այնքան էի դրա պատճառով անհանգստանում, որ որոշեցի ուղիղ Ձեր դեմքին ասել այդ ամենը։ Միակ բանը, որ խնդրում եմ հիմա, այդ փաստն ընդունելն է կոմիտեի առաջ։ Ուղղակի գրեք, թե ինչ տեսակետ ունեի ամենասկզբում, և թե ինչպես էի այնքան հեռուն գնացել, որ համարձակվել էի բացեիբաց չհամաձայնել Ձեզ հետ։ Կարծում եմ՝ ոչ մի անխոհեմ բան չկա այդտեղ, Սենսե՛յ։
Եվս մեկ դադար եղավ, հետո պապիկս ասաց․
-Քանի որ ժամանակին անունս մեծարվում էր, շատ առավելություններ ես ունեցել։ Այժմ աշխարհն այլ կարծիք ունի իմ մասին, և պետք է ընդունես դա։
Որոշ ժամանակ լռություն էր, այնուհետև ինչ-որ շարժում և բացվող վարագույրների ձայն լսվեց։
Ընթրիքի ընթացքում ընդհարման նշաններ էի փնտրում պապիկիս և հյուրի միջև, բայց երկուսն էլ անթերի քաղաքավարություն էին ցուցաբերում միմյանց հանդեպ։ Այդ երեկո գորորշիով լցված լոգասենյակում հարցրի պապիկիս․
-Օ՛ջի, ինչո՞ւ այլևս չես նկարում։
Սկզբում լուռ էր, հետո ասաց․
-Երբեմն երբ դու նկարում ես և կարծում ես, որ ինչ-որ բան այնքան էլ լավ չի ստացվել, բարկանում ես, այնպես չէ՞։ Ուզում ես պատռել նկարներդ, և Օջին ստիպված է լինում կանգնեցնել քեզ։ Այդպես է, չէ՞։
-Այո՛, – ասացի ես և սպասեցի։ Նրա աչքերը շարունակում էին փակ մնալ, խոսում էր դանդաղ և հոգնած ձայնով։
-Նույնը պապիկիդ մոտ է կատարվում։ Բաներ կային, որ այնքան էլ լավ չէին ստացվում, և նա որոշեց մի կողմ դնել այդ ամենը։
-Բայց դու միշտ ասում ես ինձ, որ չպատռեմ նկարներս։ Միշտ ստիպում ես ավարտին հասցնել դրանք։
-Իրավացի ես։ Բայց դու դեռ երիտասարդ ես, Իչիրո՛։ Դեռ շատ ավելի լավ կարող ես նկարել։
Հաջորդ առավոտ, երբ արևն արդեն ծագել էր, դուրս եկա վերանդա՝ պապիկիս հետևելու։ Հենց որ նստեցի, հետևումս ինչ-որ ձայն լսվեց, հայտնվեց հյուրը՝ մուգ գույնի կիմոնո հագած։ Ողջունեց ինձ, և երբ ոչինչ չպատասխանեցի, ծիծաղեց և անցավ կողքովս դեպի վերանդայի ծայրը։ Պապիկս տեսավ նրան և դադարեցրեց վարժանքը։
-Օ՜, այսքան շուտ ես արթնացել։ Հուսամ՝ չարթնացրի քեզ։
Պապիկս կռացավ, որպեսզի փաթաթեր ծղոտե գորգը։
-Ամենևին, Սենսե՛յ։ Հրաշալի եմ քնել։ Բայց խնդրում եմ, իմ պատճառով կանգ մի՛ առեք։ Նորիկո սանն ասել է ինձ, որ ամեն առավոտ՝ լինի ամառ թե ձմեռ, մարզվում եք։ Հիանալի է։ Ո՛չ, իսկապես։ Այնքան տպավորված էի, որ որոշեցի շուտ արթնանալ և ինքս տեսնել։ Չեմ ների ինձ, եթե Սենսեյն իմ պատճառով խախտի իր կարգուկանոնը։ Սենսե՛յ, խնդրում եմ։
Վերջիվերջո՝ պապիկս շարունակեց մարզվել (վազում էր տեղում)՝ բացահայտ դժկամությամբ։ Գրեթե միանգամից կանգ առավ և ասաց․
-Շնորհակալ եմ, որ ըմբռնումով ես մոտենում, բայց այս առավոտվա համար կարծում եմ բավական է։
-Բայց Սենսե՛յ, այս փոքրիկ պարոնը հուսախաբ կլինի։ Լսել եմ, որ նրան շատ են դուր գալիս Ձեր՝ ձյուդոյի վարժությունները։ Այնպես չէ՞, Իչիրո՛ սան։
Ձևացրի, թե չէի լսում։
-Ոչ մի վնաս չի լինի, եթե այս առավոտ բաց թողնի դրանք, – ասաց պապիկս։ – Եկեք մտնենք տուն և սպասենք նախաճաշին։
-Բայց ես նույնպես հուսախաբ կլինեմ, Սենսե՛յ։ Հույս ունեի, որ կվերհիշեմ Ձեր վարպետությունը։ Հիշո՞ւմ եք, մի անգամ փորձում էիք ձյուդո սովորեցնել ինձ։
-Իրո՞ք։ Այո՛, կարծես թե հիշում եմ նման բան։
-Այդ ժամանակ Մուրասակին էլ էր մեզ հետ։ Եվ Իշիդան։ Յոկոհամայի այն մարզասրահում։ Հիշո՞ւմ եք, Սենսե՛յ։ Որքան էլ որ փորձում էի գետնին գցել Ձեզ, արդյունքում ես էի մեջքի վրա հայտնվում։ Այնքան ճնշված էի դրանից հետո։ Դե՜, Սենսե՛յ, Իչիրոն և ես ուզում ենք նայել, թե ինչպես եք մարզվում։
Պապիկս սկսեց ծիծաղել և բարձրացրեց ձեռքերը։ Անճոռնի կերպով կանգնել էր իր գորգի կենտրոնում։
-Իրականում արդեն վաղուց թողել եմ լուրջ մարզումները։
-Գիտե՞ք, Սենսե՛յ։ Պատերազմի ընթացքում ես էլ եմ բավականին հմտացել։ Շատ էինք մարզվում ձեռնամարտում, – այդ ասելով՝ հյուրը հայացք գցեց վրաս։
-Համոզված եմ, որ լավ մարզել են քեզ բանակում, – ասաց պապիկս։
-Ինչպես արդեն ասացի, իսկական հմուտ եմ դարձել։ Բայց եթե նույնիսկ նորից հայտնվեմ Սենսեյի դիմաց, համոզված եմ, որ նույն ճակատագրին եմ արժանանալու։ Մի ակնթարթում մեջքի վրա կհայտնվեմ։
Երկուսն էլ ծիծաղեցին։
-Համոզված եմ, որ անթերի մարզավիճակում ես, – ասաց պապիկս։
Հյուրը նորից շրջվեց դեպի ինձ, և ինչ-որ տարօրինակ ժպիտ նկատեցի նրա հայացքում։
-Բայց Սենսեյի փորձի առաջ ցանկացած տեսակի մարզավիճակ դատարկ բան է։ Համոզված եմ, որ նույն ճակատագրին եմ արժանանալու, ինչ այն մարզասրահում։
Պապիկս շարունակում էր կանգնած մնալ իր գորգի վրա։ Այնուհետև հյուրն ասաց․
-Խնդրում եմ, Սենսե՛յ, չեմ ուզում խանգարել Ձեզ։ Մարզվե՛ք այնպես, ասես ես այստեղ չեմ։
-Ո՛չ, իսկապես։ Այս առավոտվա համար բավական է, – պապիկս մի ծնկի վրա իջավ և սկսեց փաթաթել իր գորգը։
Հյուրը ուսով հենվեց վերանդայի կողափայտին և հայացքը դեպի երկինք բարձրացրեց։
-Մուրասա՜կի, Իշի՜դա․․․ այժմ այդ ամենն այնքան վաղուց է թվում։
Թվում էր, թե ինքն իրեն էր խոսում, բայց բավականաչափ բարձր, որպեսզի պապիկս լսեր։ Վերջինս մեջքով էր դեպի մեզ և շարունակում էր փաթաթել գորգը։
-Այժմ նրանք բոլորը չկան, – ասաց հյուրը։ – Դուք և ես, Սենսե՛յ։ Միայն մենք երկուսս ենք մնացել այն ժամանակներից։
Պապիկս կանգ առավ։
-Այո՛, – առանց շրջվելու ասաց նա։ – Այո՛, ողբերգական է։
-Այդ պատերազմը ժամանակի զուր վատնում էր։ Սխալմունք, – հյուրը հայացքը հառել էր պապիկիս մեջքին։
-Այո՛, ողբերգություն է, – կամացուկ կրկնեց պապիկս։ Տեսա, թե ինչպես էր հայացքը հառել գետնին՝ առջևը դրված կիսափաթաթած գորգին։
Հյուրը հեռացավ հենց այդ օրը՝ նախաճաշից հետո, և այլևս երբեք չտեսա նրան։ Պապիկս դժկամությամբ էր պատմում ինձ նրա մասին և միայն այն ամենը, ինչ արդեն գիտեի։ Բայց ես մի քանի բան իմացա Նորիկոյից։ Հաճախ էի ուղեկցում նրան, երբ գնում էր՝ մթերքներ գնելու, և այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ էլ հարցրի
-Նորիկո՛, այդ ի՞նչ Չինական արշավ էր։
Նորիկոն հավանաբար կարծեց, թե «ուսուցողական» հարց էի տվել, քանի որ նույն գոհունակ, համբերատար կեցվածքով պատասխանեց, որն ընդունում էր այն ժամանակ, երբ հարցնում էի, օրինակ, թե ինչ է պատահում գորտերի հետ ձմռանը։ Մինչև Խաղաղօվկյանոսյան պատերազմը, ինչպես բացատրեց նա, ճապոնական բանակը բավականին հաջող արշավ էր անցկացրել Չինաստանում։ Հարցրի, թե արդյոք ինչ-որ վատ բան չէր պատահել այդ ընթացքում, և Նորիկոն առաջին անգամ հետաքրքրությամբ լի հայացք գցեց վրաս։ Ո՛չ, ոչ մի վատ բան էլ չէր եղել, բայց այդ ընթացքում շատ բանավեճեր էին լինում։ Մինչև հիմա էլ մարդիկ ասում էին, որ պատերազմ չէր լինի, եթե բանակը չներխուժեր Չինաստան։ Նորից հարցրի, թե արդյոք բանակը սխալ էր գործել, երբ ներխուժել էր Չինաստան։ Նորիկոն կրկնեց, որ ոչ մի վատ բան չկար, ուղղակի շատ վեճեր էին բռնկվում այդ հարցի շուրջ։ Պատերազմը վատ բան է, հիմա դա գիտեին բոլորը։
Ամառվա ընթացքում պապիկս սկսեց ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել ինձ հետ, այնքան շատ, որ գրեթե դադարեցրել էր տան վնասված հատվածի վերանորոգումը։ Նրա քաջալերման շնորհիվ հետաքրքրությունս գունանկարչության և ուրվանկարչության հանդեպ վերաճեց իրական խանդավառության։ Միօրյա զբոսանքների էր տանում ինձ, և նպատակակետ հասնելով՝ նստում էինք արևի ներքո, իսկ ես նկարում էի գունավոր մատիտներով։ Սովորաբար մարդկանցից հեռու գտնվող ինչ-որ տեղ էինք գնում, երբեմն խիտ խոտածածկով ու հիասքանչ տեսարանով բլրի լանջին էինք բարձրանում։ Կա՛մ գնում էինք նավաշինարան, կա՛մ՝ ինչ-որ նոր գործարանի շինհրապարակ։ Իսկ տուն վերադառնալիս տրամվայի մեջ ուսումնասիրում էինք բոլոր ուրվանկարները, որոնք արել էի այդ օրվա ընթացքում։
Օրերն առաջվա պես սկսում էին նրանից, որ դուրս էի գալիս վերանդա՝ նայելու, թե ինչպես էր մարզվում պապիկս։ Բայց արդեն նոր գործառույթ էինք ավելացրել առավոտվա սահմանված կարգի մեջ։ Երբ պապիկս ավարտում էր գորգի վրայի վարժությունները, կանչում էր ինձ․
-Դե՜։ Արի տեսնենք, թե ինչքան ես ուժեղացել այսօր։
Եվ ես իջնում էի վերանդայից, մոտենում էի նրա գորգին և այնպես էի բռնում նրա կիմոնոյից, ինչպես որ ցույց էր տվել․ մի ձեռքով բռնում էի օձիքից, մյուսով՝ թևքից՝ մինչև արմունկը։ Այնուհետև փորձում էի գետնին գցել նրան, ինչպես սովորեցրել էր պապիկս, և մի քանի փորձերից հետո ինձ հաջողվում էր մեջքի վրա պառկեցնել նրան։ Թեև հասկանում էի, որ պապիկս թույլ էր տալիս գցել իրեն, բայց հպարտությունը համակում էր ինձ, երբ հասնում էի նպատակիս։ Սակայն պապիկս հետևում էր, որ ամեն անգամ է՛լ ավելի ջանք գործադրեի՝ հաջողության հասնելու համար։ Եվ ահա մի առավոտ որքան էլ որ ջանում էի, պապիկս չէր հանձնվում։
-Դե՜, Իչիրո՛, մի՛ հանձնվիր։ Սխալ ես բռնել կիմոնոն, այնպես չէ՞։
Ուղղեցի բռնելաձևս։
-Լա՛վ էր։ Նորի՛ց փորձիր։
Շրջվեցի և նորից փորձեցի։
-Համարյա։ Պետք է ազդրդ ամբողջությամբ գործածես։ Օջին հաղթանդամ տղամարդ է։ Միայն ձեռքերով ոչնչի չես հասնի։
Եվս մեկ անգամ փորձեցի, բայց պապիկս առաջվա պես չէր մատնվում։ Վհատվելով հանձնվեցի։
-Դե՜, Իչիրո՛, դե՜։ Այդպես հեշտ մի՛ հանձնվիր։ Եվս մեկ անգամ։ Ամեն բան ճի՛շտ արա։ Ահա։ Դե՜, հիմա ես անօգնական եմ։ Գցի՛ր։
Այս անգամ պապիկս ոչ մի դիմադրություն ցույց չտվեց և կրունկիս վրայով գլորվելով՝ ընկավ մեջքի վրա։ Փակ աչքերով պառկել էր գորգի վրա։
-Թույլ տվեցիր, որ անեմ դա, – խոժոռվելով ասացի ես։
Պապիկս չբացեց աչքերը։ Ծիծաղեցի՝ կարծելով, թե մահացած էր ձևանում։ Պապիկս շարունակում էր լռել։
-Օջի՞։
Բացեց աչքերը և նկատելով ինձ՝ ժպտաց։ Դանդաղ նստեց՝ դեմքի շփոթված արտահայտությամբ, և տրորեց ծոծրակը։
-Դե՛-դե՛, – ասաց նա։ – Այ սա իսկական նետում էր, – դիպավ ձեռքիս, բայց միանգամից նորից տրորեց վիզը։ Այնուհետև սկսեց ծիծաղել և ոտքի կանգնեց։ – Իսկ հիմա նախաճաշելու։
-Չե՞ս գնալու ծառի մոտ։
-Ոչ այսօր։ Այս առավոտ այնպես արեցիր, որ արդեն բավական է Օջիի համար։
Հսկայական հաղթանակի զգացումը համակում էր ինձ․ առաջին անգամ, ինչպես ինձ էր թվում, իսկապես գցել էի պապիկիս՝ առանց վերջինիս թույլտվության։
-Պատրաստվում եմ ծառի հետ վարժվել, – ասացի ես։
-Ո՛չ, ո՛չ, – պապիկս մի ձեռքով մոտեցրեց ինձ իրեն, իսկ մյուսով շարունակում էր տրորել վիզը։ – Հիմա գնա՛ և նախաճաշի՛ր։ Տղամարդիկ պետք է սնվեն, հակառակ դեպքում կկորցնեն իրենց ուժը։
Աշնան սկիզբ վերջապես տեսա պապիկիս գործերից։ Տան վերևի հարկի արևմտյան սենյակում օգնում էի Նորիկոյին դասավորել գրքերը, երբ նկատեցի, որ պահարանում դրված արկղի մեջից դուրս են ցցվել մի քանի մեծ ծալված թղթեր։ Հանեցի դրանցից մեկն ու հատակին դնելով՝ բացեցի։ Ֆիլմի ազդագրի էր նման։ Փորձեցի ավելի ուշադիր ուսումնասիրել, բայց այնքան երկար ժամանակ էր ծալված եղել, որ չէի կարողանում ուղիղ պահել այն, որ չծալվեր։ Նորիկոյին խնդրեցի բռնել մի ծայրից, իսկ ինքս գնացի դեպի մյուսը։
Երկուսով նայում էինք ազդագրին։ Վեր բարձրացրած թրով սամուրայ էր պատկերված, իսկ հետևում ծածանվում էր ճապոնական բանակի դրոշը։ Նկարը մուգ կարմիր ֆոնին էր նկարված, ինչը տհաճ զգացումներ էր առաջացնում ինձ մոտ՝ հիշեցնելով վերքերի գույնի մասին, որոնք ստացել էի, երբ ընկել և վնասել էի ոտքս։ Մի անկյունում թավատառ կանձի հիերոգլիֆներ էին պատկերված, որոնցից միայն մեկն էր ինձ ծանոթ, որը կարդացվում էր «Ճապոնիա»։ Նորիկոյին հարցրի, թե ինչ էր գրված ազդագրի վրա։ Վերջինս ուսումնասիրում էր մյուս հատվածը և բավականին մտախոհ կերպով կարդաց․ «Վախկոտ խոսակցությունների ժամանակը չէ։ Ճապոնիան պետք է առաջ գնա»։
-Ի՞նչ է սա։
-Մի բան, որ արել է պապիկդ։ Շատ վաղուց։
-Օջի՞ն, – հիասթափված հարցրի ես, քանի որ այդ ազդագիրն ամենևին դուր չէր գալիս ինձ, և հետո միշտ երևակայել էի, թե պապիկիս գործերը բոլորովին այլ բնույթի էին։
-Այո՛, շատ վաղուց։ Ահա այստեղ՝ անկյունում, նրա ստորագրությունն է։
Թղթի ներքևում այլ գրություններ ևս կային։ Նորիկոն շրջեց գլուխն ու սկսեց կարդալ։
-Ի՞նչ է գրված, – հարցրի ես։
Նորիկոն լուրջ դեմքով շարունակում էր կարդալ։
-Ի՞նչ է գրված, Նորիկո՛։
Վերջինս բաց թողեց թղթի մի ծայրը, և այն, գլորվելով ձեռքիս վրայով, փակվեց։ Փորձեցի նորից ուղղել թուղթը, բայց Նորիկոյին այլևս հետաքրքիր չէր։
-Ի՞նչ է գրված, Նորիկո՛։
-Չգիտեմ, – նա վերադարձավ գրքերին։ – Այն շատ հին է։ Մինչպատերազմյան ժամանակաշրջանի է։
Այլևս չպնդեցի և որոշեցի ավելին իմանալ՝ ինքս հարցուփորձ անելով պապիկիս։
Այդ երեկո սովորականի նման գնացի լոգասենյակ և ձայն տվեցի վարագույրի մյուս կողմից։ Պատասխան չկար, ավելի բարձր ձայն տվեցի։ Այնուհետև գլուխս հպեցի վարագույրին և սկսեցի ականջ դնել։ Թվում էր, թե ներսում տարօրինակ կերպով լուռ էր։ Մտածեցի, թե պապիկս իմացել էր, որ տեսել էի ազդագիրն, ու բարկացել էր վրաս։ Այնուհետև ինչ-որ վախ համակեց ինձ, քաշեցի վարագույրն ու ներս նայեցի։
Լոգասենյակը լցված էր գոլորշիով, և մի պահ չէի կարողանում ոչինչ տեսնել։ Այնուհետև նկատեցի, որ պապիկս պատի մոտ էր և փորձում էր դուրս գալ լոգարանից։ Գոլորշու մեջ կարողանում էի տեսնել միայն, թե ինչպես էր փորձում դուրս հանել մարմինը լոգարանից՝ սեղմելով արմունկը և ուսերը։ Դեմքը կախ ընկած էր և գրեթե դիպչում էր լոգարանի եզրին։ Քարացած էր, ասես չէր կարողանում շարունակել շարժվել, և մարմինը փակվել էր ինքն իր մեջ։ Վազեցի նրա մոտ։
-Օ՜ջի։
Պապիկս անշարժ էր։ Պարզեցի ձեռքս ու դիպա նրան, բայց արեցի դա այնպիսի զգուշությամբ, ասես վախենում էի, որ ուսը կարող էր կոտրվել, և նա նորից ջուրը կընկներ։
-Օ՛ջի, Օ՛ջի։
Շտապ կերպով սենյակ մտավ Նորիկոն, այնուհետև՝ տատիկս։ Նրանցից մեկը մի կողմ քաշեց ինձ, և նրանք երկուսը սկսեցին պայքարել պապիկիս հետ։ Ամեն անգամ, երբ փորձում էի օգնել, հրամայում էին մի կողմ անցնել։ Մեծ դժվարությամբ դուրս բերեցին պապիկիս լոգարանից, ինչից հետո հրամայեցին դուրս գալ սենյակից։
Գնացի իմ սենյակ և սկսեցի ականջ դնել տանը տիրող աղմուկին։ Անծանոթ ձայներ էի լսում և ամեն անգամ, երբ բացում էի դուռն ու փորձում էի դուրս գալ, ինչ-որ մեկը բարկացած հրամայում էր ինձ վերադառնալ անկողին։ Երկար ժամանակ չէի կարողանում քնել։
Հաջորդող օրերի ընթացքում ինձ թույլ չէին տալիս տեսնվել պապիկիս հետ, իսկ նա դուրս չէր գալիս իր սենյակից։ Ամեն առավոտ բուժքույր էր գալիս և ամբողջ օրը մնում էր։ Բոլոր հարցերս միշտ նույն պատասխանին էին արժանանում․ պապիկս հիվանդ էր, բայց շուտով ապաքինվելու էր։ Բնական է, որ բոլոր մարդկանց նման պապիկս էլ կարող էր ժամանակ առ ժամանակ հիվանդանալ։
Շարունակում էի ամեն առավոտ շուտ արթնանալ և դուրս գալ վերանդա՝ հուսալով, որ պապիկս ապաքինվել էր, և որ նորից տեսնելու էի, թե ինչպես էր մարզվում։ Երբ չէր հայտնվում, շարունակում էի այնքան մնալ պարտեզում, մինչև որ Նորիկոն չէր կանչում նախաճաշելու։
Այնուհետև՝ մի երեկո, ասացին, որ կարող էի մտնել պապիկիս սենյակ։ Զգուշացրին, որ կարճ ժամանակով կարող էի տեսնել նրան, և երբ ներս մտա, Նորիկոն նստեց կողքիս, ասես պատրաստ էր ամեն վայրկյան ինձ դուրս հանելու, եթե ինչ-որ բան այն չանեի։ Բուժքույրը նստած էր սենյակի հեռավոր անկյունում, իսկ սենյակից քիմիական նյութերի հոտ էր գալիս։
Պապիկս պառկած էր մի կողքի վրա։ Ժպտաց ինձ, թեթևակի տարուբերեց գլուխը, բայց ոչինչ չասաց։ Զգացի պահի պաշտոնականությունը և զսպեցի ինձ։ Վերջիվերջո՝ ասացի․
-Օ՛ջի, շուտով կլավանաս։
Պապիկս նորից ժպտաց, բայց ոչինչ չասաց։
-Երեկ թխկի եմ նկարել, – ասացի ես։ – Քեզ համար եմ բերել։ Կթողնեմ այստեղ։
-Տո՛ւր տեսնեմ, – կամացուկ խնդրեց նա։
Մեկնեցի նկարս։ Պապիկս վերցրեց այն և մեջքի վրա շուռ եկավ։ Երբ դա արեց, Նորիկոն անհանգիստ շարժվեց կողքիս։
-Լա՛վ է, – ասաց պապիկս։ – Հիասքանչ աշխատանք է։
Նորիկոն արագ պարզեց ձեռքն ու վերցրեց նկարը նրանից։
-Այստե՛ղ թող այն, – ասաց պապիկս։ – Այն կօգնի ինձ շուտ ապաքինվել։
Նորիկոն նկարը դրեց նրա կողքի տատամիի վրա և դուրս հանեց ինձ սենյակից։
Շաբաթներ անցան, բայց ինձ այդպես էլ թույլ չտվեցին տեսնել նրան։ Առաջվա պես շուտ էի արթնանում՝ հուսալով պարտեզում գտնել նրան, բայց այնտեղ չէր, և օրերս դարձան անտանելի երկար ու դատարկ։
Մի առավոտ, երբ սովորականի պես պարտեզում էի, վերանդայում հայտնվեց պապիկս։ Պատրաստվում էր նստել, երբ մոտ վազեցի և գրկեցի նրան։
-Դե՜, ինչո՞վ էիր զբաղվում, Իչիրո՛։
Մի փոքր ամաչելով զգացմունքներիս դրսևորումից՝ հավաքեցի ինձ և նստեցի նրա կողքին մի այնպիսի դիրքով, որը, ըստ իս, հարիր էր տղամարդուն։
-Ուղղակի զբոսնում էի պարտեզով, – պատասխանեցի ես։ – Մաքուր օդ էի շնչում նախաճաշից առաջ։
-Պարզ է։
Պապիկիս աչքերը թափառում էին պարտեզով՝ ասես ուսումնասիրելով յուրաքանչյուր թուփն ու տերևը։ Այդ ժամանակ արդեն վրա էր հասել խորը աշունը, երկինքը մոխրագույն էր, իսկ պարտեզը՝ լի թափված տերևներով։
-Ասա՛ ինձ, Իչիրո՛, – ասաց նա՝ աչքը չկտրելով պարտեզից։ – Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս։
Մի պահ մտածեցի և ասացի․
-Ոստիկան։
-Ոստիկա՞ն, – պապիկս հայացքը թեքեց ինձ վրա և ժպտաց։ – Այժմ դա՞ է իսկական տղամարդու աշխատանքը։
-Պետք է ջանասիրաբար պարապեմ, որպեսզի հաջողության հասնեմ։
-Պարապե՞ս։ Ի՞նչ պետք է պարապես, որպեսզի ոստիկան դառնաս։
-Ձյուդո։ Մի քանի անգամ առավոտյան պարապել եմ։ Նախաճաշից առաջ։
Պապիկս կրկին պարտեզին նայեց։
-Իսկապես, – կամացուկ ասաց նա։ – Իսկական տղամարդու աշխատանք։
Մի որոշ ժամանակ նայում էի պապիկիս։
-Օ՛ջի, դու ի՞նչ էիր ուզում դառնալ, երբ իմ տարիքին էիր, – հարցրի ես։
-Երբ քո տարիքի՞ն էի։ – Մի քանի ակնթարթ շարունակեց նայել պարտեզին, հետո ասաց, – Դե՜, երևի թե ուզում էի նկարիչ դառնալ։ Չեմ հիշում մի ժամանակահատված, որ ուրիշ բան կցանկանայի դառնալ։
-Ես նույնպես ուզում եմ նկարիչ դառնալ։
-Իսկապե՞ս։ Արդեն շատ լավ ես նկարում, Իչիրո՛։ Քո տարիքում ես այդքան լավ չէի նկարում։
-Օ՛ջի, նայի՛ր։
-Այդ ո՞ւր, – հետևիցս բղավեց նա։
-Օ՜ջի, նայի՜ր։ Նայի՜ր։
Վազեցի պարտեզի մյուս ծայրը և կանգնեցի պապիկիս ծառի դիմաց։
-Այո՛, – գրկեցի ծառի բունը և ազդրով հպվեցի դրան։ – Այո՛։ Այո՛։
Բարձրացրի հայացքս և տեսա, որ պապիկս ծիծաղում էր։ Բարձրացրեց երկու ձեռքերն ու ծափահարեց։ Ես նույնպես ծիծաղեցի՝ համակված երջանկությամբ, որ պապիկս վերադարձել էր ինձ մոտ։ Այնուհետև շրջվեցի դեպի ծառն ու ևս մեկ մարտահրավեր նետեցի դրան։
-Այո՛։ Այո՛։
Վերանդայից լսվում էին պապիկիս ծիծաղի ելևէջներն ու ծափահարությունները։
Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

