Սթիվեն Քինգ | Հինգերորդ Քայլը

Հարոլդ Ջեյմիսոնը՝ ժամանակին Նյու Յորքի աղբահանության բաժանմունքի գլխավոր ինժեները, վայելում էր թոշակի տարիները։ Իր ընկերների նեղ շրջանակից նա գիտեր, որ որոշները չեն վայելում, ուստի իրեն բախտավոր էր համարում։ Վերին Մանհեթենում մի ակրի չափ պարտեզ ուներ, որով կիսվում էր մի քանի այգեբան-գաղափարակիցների հետ, բացահայտել էր «Նեթֆլիքսը» և առաջընթաց էր գրանցել գրքերում, որոնք միշտ ցանկացել էր կարդալ։ Դեռ կարոտում էր կնոջը, որ հինգ տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղի զոհ էր դարձել, բայց այդ կայուն ցավից զատ՝ լիարժեք կյանք էր ապրում։ Ամեն առավոտ վեր կենալուց առաջ ինքն իրեն հիշեցնում էր, որ վայելի օրը։ Վաթսունութ տարեկանում նա սիրում էր մտածել, որ դեռ բավականաչափ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց չէր փորձում ժխտել, որ ճանապարհն արդեն սկսել էր նեղանալ։
Օրվա լավագույն մասը (եթե շատ ցուրտ չէր, չէր անձրևում ու ձյուն չէր գալիս) նախաճաշից հետո ինը փողոց դեպի Կենտրոնական պուրակ քայլելն էր։ Չնայած հետը հեռախոս ու էլեկտրոնային պլանշետ էր տանում (ավելին՝ արդեն կախվածություն ուներ դրանից), նա դեռ «Թայմսի» տպագիր տարբերակն էր նախընտրում։ Պուրակում նստում էր իր սիրելի նստարանին ու մի ժամ թերթի հետ անցկացնում՝ էջերը վերջից սկիզբ կարդալով, ինքն իրեն համոզելով, որ լրջից անցնում է ծիծաղաշարժի։
Մի առավոտ՝ մայիսի կեսերին, եղանակը զով, բայց նստարանին նստելու և թերթ կարդալու համար լրիվ համապատասխան, Ջեյմիսոնը նյարդայնացավ, երբ գլուխը թերթից բարձրացրեց ու տեսավ միջին տարիքի մի տղամարդու՝ իր նստարանի հակառակ ծերին նստած, չնայած տարածքում ազատ նստարան շատ կար։ Առավոտվա անձնական տարածքի զավթիչը քառասունն անց, հիսունին մոտ տղամարդ էր երևում, ոչ սիրուն, ոչ էլ տգեղ՝ կատարյալ անհետաքրքիր արտաքինով։ Նույնն էլ հագած շորերը՝ «Նյու Բալանսի» քայլելու կոշիկներ, ջինս, «Յանկի» կեպի ու «Յանկի» հուդի՝ գլխանոցը հետ շպրտած։ Ջեյմիսոնն անհամբեր, կողանցուկ հայացք նետեց վրան ու պատրաստվեց ուրիշ նստարան տեղափոխվելու։
– Մի գնացեք,- ասաց տղամարդը։- Խնդրում եմ։ Էստեղ նստեցի, որովհետև փոքրիկ լավության կարիք ունեմ։ Մեծ բան չի, բայց կվճարեմ։- Նա ձեռքը տարավ հուդիի կենգուրուի պարկին [1] ու քսանդոլարանոց թղթադրամ հանեց։
– Ես անծանոթ մարդկանց լավություն չեմ անում,- ասաց Ջեյմիսոնն ու վեր կացավ։
– Հենց դա է հարցը, որ մենք անծանոթներ ենք։ Լսեք ինձ։ Եթե մերժեք, խնդիր չկա։ Բայց խնդրում եմ, մինչև վերջ լսեք։ Դուք կարող եք…- նա մաքրեց կոկորդը, և Ջեյմիսոնը հասկացավ, որ տղան լարված է։ Գուցե ավելին, գուցե վախեցած։- Դուք կարող եք փրկել կյանքս։
Ջեյմիսոնը ծանրութեթև արեց, հետո նստեց։ Բայց որքան կարող էր՝ տղամարդուց հեռու՝ միաժամանակ երկու թուշն էլ նստարանին պահելով։
– Ձեզ մի րոպե ժամանակ կտամ, բայց եթե գժի տպավորություն թողնեք, կգնամ։ Ու փողը հեռու տարեք։ Չեմ ուզում, ոչ էլ կարիք ունեմ։
Տղամարդը նայեց թղթադրամին՝ ասես զարմանալով, որ դեռ իր ձեռքում է, ապա հետ խցկեց կենգուրույի պարկը։ Ձեռքերը դրեց ազդրերին ու Ջեյմիսոնի փոխարեն սկսեց ցած՝ ձեռքերին նայել։
– Ես հարբեցող եմ։ Չորս ամիս է՝ սթափ եմ։ Ավելի ճիշտ՝ չորս ամիս, տասներկու օր։
– Շնորհավորում եմ,- ասաց Ջեյմիսոնը։ Երևի սրտանց էր շնորհավորում, բայց հիմա էլ ավելի էր պատրաստ վեր կենալու։ Լքելու պուրակը, եթե կարիք լինի։ Տղամարդն ադեկվատ էր թվում, բայց Ջեյմիսոնը բավականաչափ ծեր էր՝ իմանալու համար, որ երբեմն գժությունը միանգամից չի ջրի երես դուրս գալիս։
– Երեք անգամ փորձել եմ, մի անգամ համարյա տարի ձգեցի։ Կարծում եմ՝ կարող է շահումի կտրոնը քաշելու վերջին հնարավորությունս լինի։ ԱԱ -ում [2] էլ կամ։ Դա…
– Գիտեմ՝ դա ինչ է։ Ի՞նչ է ձեր անունը, միստր Չորս-ամսվա-սթափ։
– Կարող եք ինձ Ջեքով դիմել, էդքանը հերիք է։ Ծրագրում ազգանուն չենք օգտագործում։
Ջեյմիսոնը դա էլ գիտեր։ «Նեթֆլիքսի» հաղորդումներում բազմաթիվ մարդիկ խմիչքի հետ խնդիրներ ունեին։
– Եվ ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, Ջեք։
– Առաջին երեք անգամը որ փորձեցի, հովանավոր չգտա ծրագրում, մեկին, որ քեզ կլսի, հարցերիդ կպատասխանի, որ քեզ կասի՝ ինչ անել։ Էս անգամ գտա։ Բաուերիի երեկոյան հավաքին մեկի հետ ծանոթացա, ու դուրս եկավ՝ ինչ էր խոսում։ Ու դե, ոնց էր իրեն պահում։ Տասներկու տարի սթափ, ոտքը պինդ գետնին, վաճառքի բաժնում էր աշխատում, ինձ պես։
Նա շրջվել ու Ջեյմիսոնին էր նայում, բայց հիմա հայացքը նորից դարձրեց ձեռքերին։
– Ժամանակին ուժեղ վաճառք էի անում, հինգ տարի շարունակ վաճառքի բաժնի ղեկավարն էի… դե, կապ չունի որտեղ, բայց մեծ տեղ էր, լսած կլինեք ընկերության մասին։ Սան Դիեգոյում էր։ Իսկ հիմա հինգ քաղաքների խանութներին ու բոդեգաներին շնորհավորական բացիկներ ու էներգետիկ ըմպելիքներ եմ ծախում։ Կարիերայիս հատակն եմ իջել։
– Բուն թեմային անցեք,- ասաց Ջեյմիսոնը, բայց առանց կոպտելու. իր կամքին հակառակ՝ մի փոքր տարվել էր պատմությամբ։ Ամեն օր չի, որ նստարանիդ անծանոթ է նստում ու եղած-չեղածը դուրս թափում։ Մանավանդ Նյու Յորքում։- Ես հենց պատրաստվում էի տեսնել՝ «Մեթսից» [3] ինչ կա։ Մրցաշարը լավ են սկսել։
Ջեքը ձեռքի ափով շփեց բերանը։
– Հավաքին հանդիպած տղան դուրս եկավ, և առաջին հանդիպումից հետո խիզախություն հավաքեցի ու խնդրեցի ինձ հովանավոր լինել։ Սա մարտին էր։ Նայեց ինձ ու ասաց՝ կհամաձայնվի, բայց երկու պայմանով. որ ինչ ասի, պիտի անեմ, մեկ էլ հենց զգամ՝ խմելս գալիս է, զանգեմ իրեն։ Ուրեմն ամեն գիշեր կոխած կպահեմ, ասացի, ինքն էլ թե՝ ուրեմն ամեն գիշեր կոխած պահիր, ու եթե չպատասխանեմ, ինքնապատասխանիչի հետ խոսիր։ Հետո հարցրեց, թե Քայլերով անցե՞լ եմ։ Գիտե՞ք՝ ինչ են դրանք։
– Մոտավոր։
– Ասացի՝ դրան հերթը չի հասել դեռ։ Ասաց՝ եթե ուզում եմ, որ իմ հովանավորը լինի, պիտի սկսեմ։ Ասաց՝ առաջին երեքը համ ամենահեշտն են, համ ամենաբարդը։ Միտքն էս է՝ «ինքնուրույն կանգ առնել չեմ կարող, բայց Աստծո օգնությամբ կարող եմ, ուստի թույլ կտամ Աստծուն օգնել ինձ»։
Ջեյմիսոնը փնչացրեց։
– Ասացի՝ Աստծուն չեմ հավատում։ Էս տղան, անունը Ռենդի էր, ասաց՝ թքած ունի։ Ասաց՝ ամեն առավոտ ծնկի իջնեմ ու Աստծուն, որին չեմ հավատում, խնդրեմ օգնի ինձ էս մի օրն էլ սթափ մնալ։ Ու եթե չխմեմ, մինչև քնելս ծնկի իջնեմ ու իմ սթափ օրվա համար Աստծուն շնորհակալություն հայտնեմ։ Ռենդին հարցրեց՝ պատրա՞ստ եմ անել դա, ասացի՝ հա։ Թե չէ կկորցնեի հովանավորիս։ Հասկանու՞մ եք։
– Հա։ Հուսահատ էիք։
– Շատ ճիշտ եք։ «Հուսահատության պարգև», ԱԱ-ում էդպես են ասում։ Ռենդին ասաց՝ եթե չանեմ աղոթքները, բայց ասեմ՝ իբր արել եմ, ինքը կիմանա։ Որովհետև երեսուն տարի անց է կացրել՝ ամեն ինչի մասին խաբելով։
– Ու արեցի՞ք։ Նույնիսկ Աստծուն չհավատալո՞վ։
– Արեցի, ու աշխատեց։ Իսկ Աստծո հանդեպ հավատս… ինչքան երկար եմ սթափ մնում, էդքան տատանվում է։
– Եթե պատրաստվում եք ինձ խնդրել՝ աղոթել ձեզ հետ, մոռացեք։
Ջեքը ժպտաց սեփական ձեռքերին։
– Չէ։ Դեռ անհարմար եմ զգում ծնկի իջնելու պահով, նույնիսկ երբ մենակ եմ։ Անցյալ ամիս՝ ապրիլին, Ռենդին ասաց՝ անցնեմ Չորրորդ Քայլին։ Էդ երբ բարոյական գույքագրում ես անցկացնում, մանրամասն ու առանց վախենալու գնահատում ես ինքդ քո բնավորությունը։
– Գնահատեցի՞ք։
– Հա։ Ռենդին ասաց՝ պիտի բացասականը գրառեմ, հետո թերթեմ էջն ու դրականը թվեմ։ Բացասականի վրա տասը րոպե գնաց։ Դրականի վրա՝ մի ժամից ավել։ Սկզբից լավ բան մտքիս չէր գալիս, բայց ի վերջո գրեցի «Գոնե հումորի զգացում ունեմ»։ Որն իրոք ունեմ։ Հենց դա գրեցի, էլի բաներ եկան մտքիս։ Երբ Ռենդիին պատմեցի, որ ուժեղ կողմերի մասին մտածելը բարդ է տրվում, ասաց՝ նորմալ է։ «Համարյա երեսուն տարի խմել ես,- ասաց։- Դա մարդու ինքնագնահատականի վրա լիքը կապտուկ ու սպի է թողնում։ Բայց եթե սթափ մնաս, կապաքինվես կապտուկներից»։ Հետո ասաց՝ վառեմ ցուցակները։ Ասաց, որ ինձ էդպես ավելի լավ կզգամ։
– Լավ զգացի՞ք։
– Զարմանալի է, բայց հա։ Մի խոսքով, եկանք հասանք Ռենդիի էս ամսվա առաջադրանքին։
– Ավելի շատ՝ պահանջին, ես կասեի,- ասաց Ջեյմիսոնը՝ թեթևակի ժպտալով։ Նա ծալեց թերթն ու մի կողմ դրեց։
Ջեքն էլ ժպտաց։
– Ոնց որ ըմբռնել եք հովանավոր-այցելու դինամիկան։ Ռենդին ասաց՝ ժամանակն է անցնելու Հինգերորդ Քայլին։
– Որն է՞լ։
– Ընդունել մեր սխալների էությունն Աստծո, ինքներս մեր ու մեկ ուրիշ մարդու առաջ,- ասաց Ջեքը՝ մատներով չակերտներ նկարելով։- Ռենդիին ասացի՝ լավ, ցուցակ կկազմեմ ու կկարդամ ձեզ համար։ Աստված էլ կարող է ականջ դնել։ Մի կրակոտ ցուցակով երկու նապաստակ։
– Ենթադրում եմ՝ չհամաձայնվեց։
– Չհամաձայնվեց։ Ասաց՝ լրիվ անծանոթ մեկին մոտենամ։ Սկզբից առաջարկեց՝ քահանայի կամ հոգևոր հովվի մոտ գնամ, բայց տասներկու տարեկանից ի վեր եկեղեցի ոտք չեմ դրել, վերադառնալու ցանկություն էլ չունեմ։ Ինչին էլ որ սկսում եմ հավատալ, դեռ չգիտեմ էլ, թե ինչ անուն դնեմ, եկեղեցու նստարանի օգնությանը հաստատ կարիք չունեմ դիմելու։
Ջեյմիսոնը, որ ինքն էլ եկեղեցի չէր գնում, գլխով արեց։
– Ռենդին ասաց. «ուղղակի Գրանթ Պարկում կամ Վաշինգթոն Սքուեյր Պարկում կամ Կենտրոնականում մեկին մոտեցիր ու խնդրիր, թող լսի սխալներիդ ցուցակը։ Խնդրանքդ քաղցրացնելու համար մի քանի դոլար ցույց կտաս, եթե պետք լինի։ Արա էնքան, մինչև մեկը համաձայնվի լսել»։ Ասում էր՝ դժվարը խնդրելն է, ու ճիշտ էր ասում։
– Ես էլ…- ձեր առաջին զոհն եմ արտահայտությունը եկավ մտքին, բայց Ջեյմիսոնը որոշեց, որ էդքան էլ արդար չէր լինի։- Առաջին մա՞րդն եմ, ում մոտեցաք։
– Երկրորդը։ Երեկ փորձեցի գործից դուրս մի տաքսու վարորդի հետ զրուցել, ասաց՝ գրողի ծոցը կորեմ։
Ջեյմիսոնը մի հին նյույորքյան անեկդոտ հիշեց. մի եկվոր Լեքսինգթոն պողոտայում մի մարդու է մոտենում ասում՝ ինձ կասե՞ք՝ ոնց Սիթի Հոլ գնամ, թե՞ միանգամից գրողի ծոցը գնամ։ Ջեյմիսոնը որոշեց, որ «Յանկի» հագուկապով տղամարդուն գրողի ծոցը չի ուղարկի։ Մինչև վերջ կլսի ու մյուս անգամ իր ընկեր Ալեքսի հետ (ևս մի թոշակառու) ճաշի սեղանին խոսելու հետաքրքիր նյութ կունենան։
– Լավ, շարունակեք։
Ջեքը ձեռքը տարավ հուդիի պարկը, թղթի կտոր հանեց ու բացեց։
– Երբ ես չորրորդ դասարանում էի…
– Եթե ձեր կյանքի պատմությունն եք պատմելու, գուցե ամեն դեպքում ինձ տաք էդ քսանդոլարանոցը։
Ջեքն ազատ ձեռքը տարավ գրպանը (մյուսով մեղքերի ցուցակն էր բռնել), բայց Ջեյմիսոնը ձեռքը թափ տվեց։
– Կատակ եմ անում։
– Հաստա՞տ։
– Հա։ Բայց եկեք շատ չձգենք։ Ութ անց կես պայմանավորվածություն ունեմ։- Սա սուտ էր, և Ջեյմիսոնն ուրախությամբ հիշեց, որ ինքը խմիչքի հետ խնդիրներ չունի, որովհետև ըստ իր դիտած հեռուստահանդիպումների՝ անկեղծությունը շատ կարևոր է, եթե նման խնդիր ունես։
– Արագ-արագ պատմեմ, հասկացա։ Ուրեմն։ Չորրորդ դասարանում մի երեխայի հետ բռնցքակռվի բռնվեցի։ Շրթունքն ու քիթը արնոտեցի։ Երբ հասանք տնօրենի սենյակ, ասացի, որ մորս վատ բառով էր հիշել։ Սա ժխտեց, իհարկե, բայց երկուսիս էլ տուն ուղարկեցին՝ ծնողներին ուղղված երկտողով։ Իմ դեպքում՝ մենակ մորս, հայրս մեզ թողեց, երբ երկու տարեկան էի։
– Իսկ էդ վատ բառի պահո՞վ։
– Խաբել էի։ Անհաջող օր էր, ինձ էլ թվաց, որ ավելի լավ կզգամ, եթե էս տղայի հետ կռիվ անեմ, չէի սիրում սրան։ Չգիտեմ՝ ինչի չէի սիրում, երևի մի պատճառ կար, բայց չեմ հիշում՝ ինչ էր։ Բայց դեպքը սկիզբ դրեցի ստերի շարանի։
– Ավագ դպրոցում սկսեցի խմել։ Մայրս սառցարանում մի շիշ օղի էր պահում։ Մեծ կում էի անում, հետո վրան ջուր ավելացնում։ Վերջը բռնեց ինձ, ու օղին անհետացավ սառցարանից։ Գիտեի՝ որտեղ էր պահել՝ սալօջախի ամենավերևի դարակը, բայց հետո էլ ձեռք չտվի։ Արդեն մեծամասամբ ջուր էր, էսպես թե էնպես։ Գրպանիս փողն ու տան գործերի դիմաց վարձատրությունս խնայեցի ու մի հարբեցող բիձուկի տվեցի, որ ինձ շշեր առնի։ Չորս հատ առնում էր, մեկը պահում իրեն։ Ես խրախուսեցի նրա խմելը։ Հովանավորս է էդպես ասում։
Ջեքն օրորեց գլուխը։
– Չգիտեմ՝ ինչ եղավ էդ տղու հետ։ Ռալֆ էր անունը, բայց իմ մտքում ինքը Ձախորդ Ռալֆն էր։ Երեխեքը դաժան էլ են լինում։ Ով իմանա, գուցե մեռել էր, ես էլ օգնել եմ սպանելու հարցում։
– Շատ մի խորացեք,- ասաց Ջեյմիսոնը։- Համոզված եմ, որ առանց այ-թե-ինչ-կարող-էր-լինել հնարելու էլ լիքը մեղավոր զգալու բան ունեք։
Ջեքը բարձրացրեց հայացքն ու ժպտաց։ Երբ դա արեց, Ջեյմիսոնը նկատեց, որ աչքերում արցունքի կաթիլներ կային։ Չէին գլորվում, աչքերից կախվել էին։
– Հիմա էլ Ռենդիի պես եք խոսում։
– Դա լա՞վ է։
– Երևի։ Կարծում եմ՝ բախտս բերել է, որ գտել եմ ձեզ։
Ջեյմիսոնը հասկացավ, որ ինքն էլ բախտավոր է զգում, որ իրեն գտել են։
– Է՞լ ինչ ունեք ցուցակում։ Ժամանակը գնում է։
– Տեղափոխվեցի Բրաուն ու ավարտեցի գերազանցիկի դիպլոմով, բայց հիմնականում ստերի ու խարդախությունների գնով։ Լավ էր ստացվում մոտս։ Ու, այ սա շատ կարևոր է, ավարտական տարվա ուսումնական խորհրդատուս կոկայինի էր հագել։ Չխորանամ, թե ոնց եմ պարզել, ոնց ասացիք, ժամանակը գնում է, բայց պարզեցի ու հետը գործարքի մեջ մտա. լավ հանձնարարականներ մի կի կոկայինի դիմաց։ Գումարած, իհարկե, ապրանքի փողը, ինքը պիտի տար։ Բարեգործությամբ չէի զբաղվում։
– Կի, այսինքն, կիլո՞,- հարցրեց Ջեյմիսոնը։ Հոնքերը բարձրացել, հասել էին համարյա գլխի մազերին։
– Հա։ Խցկեցի հին «Ֆորդիս» պահեստային անիվն ու Կանադայի սահմանով ներս մտցրի։ Ինձ պահում էի իբրև քոլեջի ցանկացած այլ ուսանող, Տորոնտոյում զվարճանում ու սեքս էի անում, բայց սիրտս գժի պես դմփդմփում էր, համոզված եմ, արյան ճնշումս էլ կարմիր գծին էր հասել։ Դիմացիս ավտոն ոտից գլուխ հանվացրին, իսկ ես բոլորի միջով սուսուփուս անցա, հենց վարորդականս ցույց տվի։ Էն ժամանակ, իհարկե, ամեն ինչ ավելի հեշտ էր։- Նա դադար տվեց, ապա ասաց,- կոկայինի կիի համար էլ ավել փող վերցրի։ Մնացորդը գրպանս դրի։
– Բայց ինքներդ կոկային չէի՞ք օգտագործում։
– Չէ, իմը չէր։ Առիթից առիթ մի բաժին ներս էի անում, բայց իրականում ուզածս հացահատիկային ալկոհոլն էր, հիմա էլ։ Շեֆերիս խաբում էի, բայց ի վերջո բռնվեցի։ Քոլեջի պես չէր, ու մարդ չկար, ում կոկային կբերեի։ Համենայնդեպս, ոչ ոքի չգտա։
– Իսկ ի՞նչ էիք անում, ավելի կոնկրետ։
– Վաճառքի թղթերն էի կեղծում։ Չկայացած հանդիպումներ էի հորինում, որ դուրս գամ չափից ուժեղ խումարի պատճառով աշխատանքի չեկած օրերիս տակից։ Ծախսերի թղթերն էի կեղծում։ Առաջին գործս լավն էր։ Անթիվ հնարավորություններ։ Որոնք ես քամուն տվեցի։
– Որ ինձ հանեցին, որոշեցի, որ իրականում տեղանքը փոխելու կարիք ունեմ։ ԱԱ-ում դրան ասում են «աշխարհագրական բուժում»։ Երբեք չի աշխատում, բայց ես չգիտեի դրա մասին։ Հիմա պարզ է թվում. եթե Բոսթոնի ինքնաթիռում սրիկա ես նստեցնում, Լոս Անջելեսում էլի սրիկա է դուրս գալիս։ Կամ Դենվերում։ Կամ Դե Մոյնում։ Երկրորդ գործս քաքմեջ արեցի, էդքան լավը չէր, ինչքան առաջինը, բայց էլի լավն էր։ Սան Դիեգում էր։ Ու որոշեցի, որ պիտի ամուսնանամ ու նորմալ կյանքով ապրեմ։ Այ դա կլուծի խնդիրս։ Մի աղջնակի հետ ամուսնացա, որ ինձնից ավելիին էր արժանի։ Երկու տարի տևեց, ես էլ ծերից ծեր խաբում էի խմելուս մասին։ Չկայացած բիզնես հանդիպումներ էի հորինում, որ բացատրեմ՝ ինչի եմ ուշ տուն եկել, գրիպի գոյություն չունեցող ախտանշաններ էի հորինում, որ բացատրեմ՝ ինչի եմ գործի ուշ գնում կամ ընդհանրապես չեմ գնում։ Կարող էի արժեթուղթ առնել էն անանուխի հոտով բերանի հեղուկներ արտադրող ընկերություններից մեկից՝ «Ալթոիդզ», «Բրես Սեյվերզ», բայց կուտը կուտե՞ր։
– Երևի չէ,- ասաց Ջեյմիսոնը։- Լսեք, արդեն վերջին մո՞տ ենք։
– Հա։ Եվս հինգ րոպե։ Խոստանում եմ։
– Լավ։
– Վեճեր կային, որ գնալով վատթարանում էին։ Իրեր էին սկսում շպրտվել, ու ոչ միայն նրա կողմից։ Օր կար, կեսգիշերին էի տուն եկել՝ հարբածի գարշահոտը վրաս, ու սա հարձակվեց։ Դե գիտեք, ամենօրյա մրթմրթոցն էր, ու ամեն ինչ ճիշտ էր ասում։ Տպավորություն էր, որ վրաս թունավոր տեգեր է շպրտում, ու ոչ մեկը չէր վրիպում։
Ջեքը նորից ձեռքերին էր նայում։ Բերանն անկյան տակ էնպես էր ծռվել ներքև, որ մի պահ Ջեյմիսոնը նրան նմանեցրեց Էմեթ Քելիին՝ հայտնի տխրադեմ ծաղրածուին։
– Գիտե՞ք՝ մտքիս ինչ եկավ, որ կինս գոռում էր վրաս։ Գլեն Ֆերգուսոնը՝ էն տղան, որ չորրորդ դասարանում ծեծել էի։ Թե ինչ հաճելի էր, ոնց որ թարախապալարից թարախը ճզմել-հանելը։ Մտածում էի՝ ինչ լավ կլիներ կնոջս էլ ծեծեի, ու էս անգամ ոչ ոք ինձ տուն չէր ուղարկի՝ ծնողներին ուղղված երկտողով, որովհետև մայրս մեռավ Բրաունի համալսարանն ավարտելուցս մի տարի հետո։
– Վաու,- ասաց Ջեյմիսոնը։ Ինքնակոչ խոստովանության մասին իր լավ տրամադրվածությունը չքացավ։ Փոխարենը եկավ անհանգստությունը։ Նա համոզված չէր, որ ուզում էր լսել շարունակությունը։
– Թողեցի դրան,- ասաց Ջեքը։- Բայց բավականաչափ վախեցած էի հասկանալու համար, որ խմիչքի հետ մի բան պետք էր անել։ Ու առաջին անգամ փորձեցի ԱԱ-ն, էնտեղ՝ Սան Դիեգոյում։ Սթափ էի, երբ վերադարձա Նյու Յորք, բայց երկար չտևեց։ Նորից փորձեցի, նորից երկար չտևեց։ Երրորդ անգամն էլ չգնաց։ Բայց հիմա Ռենդին կա, ու էս անգամ միգուցե ստացվի։ Մասամբ նաև ձեր շնորհիվ։- Նա մեկնեց ձեռքը։
– Դե, խնդրեմ,- ասաց Ջեյմիսոնն ու սեղմեց Ջեքի ձեռքը։
– Մի բան էլ,- ասաց Ջեքը։ Շատ ամուր էր բռնել։ Նայում էր Ջեյմիսոնի աչքերին ու ժպտում։- Ես իրոք թողեցի կնոջս, բայց մինչև գնալս էդ քածի բուկը կտրեցի։ Խմելը չթողեցի, բայց ինձ ավելի լավ զգացի։ Ոնց որ Գլեն Ֆերգուսոնին ծեծելուց էի լավ զգում։ Իսկ էն հարբեցող ծերուկը, որ ասում էի։ Դրան քացահարելուց էլ էի ինձ լավ զգում։ Չգիտեմ՝ սպանել եմ դրան, թե չէ, բայց մի լավ տփեցի։
Ջեյմիսոնը փորձեց հետ քաշել ձեռքը, բայց Ջեքը շատ պինդ էր բռնել։ Նրա մյուս ձեռքը նորից «Յանկի» հուդիի գրպանում էր։
– Ես իսկապես ուզում եմ խմելը թողնել ու չեմ կարող Հինգերորդ Քայլը լրիվությամբ անել, մինչև չխոստովանեմ, որ ինձ ոնց որ իրոք դուր է գալիս…
Տաք, սպիտակ լույսի շերտ հիշեցնող մի բան սահեց Ջեյմիսոնի կողոսկրերով, և երբ Ջեքը հետ քաշեց կաթկթուն սառցահատ դանակը՝ հերթական անգամ ձեռքը խցկելով հուդիի գրպանը, Ջեյմիսոնը հասկացավ, որ չի կարողանում շնչել։
– … մարդկանց սպանելը։ Բնավորության թերի գիծ է, գիտեմ, ու հավանաբար՝ իմ գործած սխալների սխալը։
Նա ոտքի կանգնեց։
– Շնորհակալ եմ, սըր։ Ձեր անունը չգիտեմ, բայց ինձ շատ օգնեցիք։
Նա քայլեց դեպի Կենտրոնական պուրակի արևմտյան հատվածը, ապա շրջվեց ու նայեց Ջեյմիսոնին, որ հուսահատորեն փորձում էր ձեռքը մեկնել «Թայմսին»… ասես «Արվեստ և Ժամանց» էջն արագ աչքի անցկացնելը կարող էր փրկել ամեն ինչ։
– Էս գիշեր կաղոթեմ ձեզ համար,- ասաց Ջեքը։

Թարգմանությունը անգլերենից՝ Յուրի Սարգսյանի

[1] Նկատի ունի հուդիների առջևից կարված, երկու կողմից բաց գրպանը։

[2] Անանուն ալկոհոլիկների միություն՝ ընկերակցություն, որ միավորում է խմիչքից կախվածություն ունեցող անձանց և օգնում ազատվել հարբեցողությունից։

[3] «Նյու Յորք Մեթսը» պրոֆեսիոնալ բեյսբոլի ամերիկյան ակումբ է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *