***
-Էլի բանաստեղծությու՞ն ես գրում,-
հարցրեց պատուհանագոգին կանգնած խետվտուն թիթեռը։
-Չէ, ի՜նչ բանաստեղծություն,- ասացի,- պարզապես նայեցի թևերիդ,
հիշեցի անցած օրերից մեկը և օրս դարձյալ արև հագավ։
Բանաստեղծությունը ո՞րն է։
Պարզապես մայիսյան հետկեսօր է,
Արևը հավերժական սեր է խոստանում պատուհանի ապակուն
և մերժվում է անդրադարձով,
մի թռչնակ ինքն իրեն մոռացած՝
երգում է մի ուրիշ թռչնակի համար,
պատուհանիս տակ բալենին է ծաղկել
և ծաղիկները պարզաջրում է արևով․․․
Չէ՜, ի՞նչ բանաստեղծություն և ի՞նչ սեր։
Սովորական հետկեսօր է
և սենյակս լվացվում է արևով,
ես մի հին ու մոռացված երգ եմ հիշել սիրո մասին
և նայում եմ թիթեռի ծաղկազարդ թևերին։
Չէ՜, ի՞նչ բանաստեղծություն,
Բանաստեղծությունը ո՞րն է։
***
Արևն առել է կայծկլտուն կրծքին,
Երկնքի համար դարձել անկողին,
Լիճն առավոտվա աղոթքն է անում,
Ես փառք եմ տալիս լիճ ստեղծողին:
Մեղուն թաղվել է ծաղիկի սրտում,
Սեր ու նեկտար է կաթեցնում հողին,
Առավոտն ուսիս խփում է լույսով,
Ես փառք եմ տալիս լույս ստեղծողին:
Երգ է աշխարհը, ղողանջ է զանգի,
Սիրո ղողանջ է լեռների կողին,
Ես լուռ հալվում եմ այդ ղողանջի մեջ
Եվ փառք եմ տալիս լեռ ստեղծողին:
Եվ ոտք եմ դնում իմ նոր օրվա մեջ,
Օրս շարում եմ իմ կյանքի տողին…
Այս առավոտն է, թողեք վայելեմ
Եվ նորից փառք տամ կյանք ստեղծողին:
***
Իմ ցավագար մարմինը փռում եմ ժամանակի պարանին
և ի՞նչ եմ հավաքում, չգիտեմ:
Հառաչանք ու լա՞ց,
թե՞ փառք եմ տալիս Աստծուն,
Դարձյալ չգիտեմ:
Ամռան երեկոն իջնում է այնպես,
ինչպես խնձոր գողացող տղան է
մոտենում այգու ցանկապատին:
Իսկ լիճը մնչում է զույգը գտած վարուժնակի նման:
Ես իմ ցավոտ մարմինը հանձնում եմ գիշերվան
և սպասում եմ լուսաբացին:
Լուսաբացն ի՞նչ է.
Ընդամենը մի կաթիլ՝ ժամանակի ծովում,
բայց ես ուզում եմ ձուլվել նրան:
Հետո ի՞նչ, որ նրա կուսական սավանը ճմրթվում է հառաչանքից:
Իմ մեղսոտ մարմինը
փռում եմ ժամանակի պարանին
և արևագալի հետ ցողոտվում եմ այնպես,
ինչպես մեղուն է լողանում նեկտարով
իր մահից առաջ:
***
Չգրված բանաստեղծություններս
այսօր մրմռում են կտրված մատների նման
և հոգուս մեջ արնածոր՝ հույս են փայփայում,
թե մի օր անպայման կծնվեն:
Օրն այդ անպայման ամառային կլինի և ճայերը լճի վրա ճչալով
աչքալուսանք կտան աշխարհին.
-Բա չգիտե՞ք,
Աստծո անձեռակերտ գմբեթի ներքո
հրաշք-բառեր են ղողանջելու շուտով…
Չգրված բանաստեղծություններս
այսօր մրմռում են անպատեհ հայտնված մեջքացավի նման
և ինձ խոշտանգում են նրա համար,
որ գիշերվա ու քնի գերին եմ դարձել և ոչ թե իրենց:
Իսկ ես հաստատ գիտեմ,
որ չգրված տողն ավելի լավն է գրվածից,
Քանզի չգրված ամեն բան գլուխգործոց է Աստծո փեշի մեջ
և թղթի վրա ընկնելիս
լղոզվում է չապրած օրվա նման,
ձանձրացնում է չսիրած կնոջ պես
և թղթի երեսը չանգռում է
երես տված կատվի նման:
Ես այսօր ողբում եմ իմ չծնված զավակներին,
որոնցից ամեն մեկը մի-մի աշխարհ էր,
և անպայման՝ հանճարեղ՝
չծնված բանաստեղծության նման:
***
Հիշողության թելից արտույտներ են կախվել
Գարնան կանաչ դաշտում՝ մեր հին գյուղի ծայրին
Եվ խրխինջը ձիու ինձ իմ միջից հանել,
Հոշոտում է օրվա հիշողությամբ վայրի:
Դու՝ մազերդ արձակ, քո գառներն ես բերել,
Ես մի հովիվ տղա՝ համր ու անխոս կանգնած,
Արտույտները մի բեռ կապույտ երկինք մանել,
Ընծայում են օրվան՝ անձեռակերտ բանվածք:
……………………………………………………………………………
Հիշողության թելը բարակ ու նուրբ այնպես,
Քո մազերը արձակ և աչքերդ՝ խնդուն:
Ես ի՞նչ անեմ, ասա, իմ օրերից հոգնած,
Հիշողության թելից բռնած գնամ մեր տո՞ւն:
Բայց մեր տունը ախր երազի մեջ մնաց,
Ավեր ու բակ մնաց՝ հիշողության մերան:
Դու չիմացար, լավս, որ մի պատի վրա
Ո՛չ տանիք են դնում, ո՛չ էլ կաղնի գերան:
***
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ․․․
Հ․ ՍԱՀՅԱՆ
***
Երկինքներից իջա ինքնակործան թափով,
Քո ուռենու համար գարնան անձրև եղա,
Կործանեցի ես ինձ, որպեսզի դու ապրես,
Անմեղադիր եղիր, եղա՝ ինչ որ եղա։
Հազար անգամ չափած ձևս սխալ եղավ
Եվ կտրեցի սխալ։ Շոր տվողին մեղա,
Եվ ապրեցի այսպես՝ կոտորակված բախտով,
Անմեղադիր եղիր, եղա՝ ինչ որ եղա։
Ամռան շոգին ես հեզ, անուշ զեփյուռ դարձա,
Քեզ արևս տվի, ծովիս բոցը՝ լեղակ,
Բայց հեռացար հանկարծ ինձ ավազին թողած,
Անմեղադիր եղիր, եղա՝ ինչ որ եղա։
Սուր դանակ էր կյանքս, սրված էր հենց իմ դեմ,
Ես քեզ համար ամրոց՝ վաղուց-վաղուց պեղած,
Հոգիս մեղք է, նայիր՛, սրսփում է մեղքից,
Անմեղադիր եղիր, եղա՝ ինչ որ եղա։
***
Կյանքս երակ-երակ պատառոտող քամի,
Դու որտեղի՞ց եկար առավոտվա ժամին։
Եկար այնպես մեկեն, անձև ու անմարմին,
Որ իմ օրը գամես քո տատանվող կայմին։
Որ մարմնիս մեջ էլի փոթորիկներ խաղան,
Երազներս նորից մանր-մանր աղան։
Դու որտեղի՞ց եկար տառապանքի քամի,
Եկար սիրտս բռնած՝ առավոտվա ժամին։
Ծիածանս էլի հազար կտոր արիր
Եվ սլացար հեռու քո սլացքով վայրի։
Դու որտե՞ղ ես ապրում, խելապակաս քամի,
Որ երազ ես խեղում առավոտվա ժամին։
***
Քո մասին այնքան երգեր են գրել,
Աշո՛ւն,
Որ ես ուզում եմ քեզ նայելով լռել:
Գրել են մեկը մեկից լավ, մեկը մեկից գեղեցիկ,
Մեկը մեկից հուզիչ:
Իսկ ես ո՛չ նրանցից ճոխ լեզու ունեմ,
Ո՛չ ավելի խելոք գլուխ:
Մի սիրտ ունեմ խենթացած,
Որ թպրտում է քո ամպամած օրվա տրոփյունի հանգույն:
Ես մի մենավոր ուռենի եմ ճանապարհի եզրին
և անցնող մեքենաները անխնա հարվածում են ճյուղերիս:
Ես պտղած մասրենի եմ,
Աշո՛ւն,
Քարափի եղջյուրից կախված
և բերքս արդեն ոչ ոքի պետք չէ…
Ծուխ եմ ժամանակի աչքերից ելնող,
Երգ եմ վաղուց երգված ու մոռացված:
Հիմա ելնում եմ երկինքներն ի բաց,
Իջնում եմ անդունդները հոգու, բայց ինձ ոչ ոք չի լսում:
Ես քո մասին ի՞նչ գրեմ,
Աշո՛ւն,
Երբ ունեցածս ընդամենը մի սառած սիրտ է ու մի տաք գլուխ:
Ես իմ սիրտն եմ բացել քո առաջ և ասում եմ.
-Տե՛ս:
Միայն դու ես տեսնում, որ սիրտս նման է
Ուշ աշնանը բացված փոքրիկ մանուշակի:
Նեկտար քաղիր սրտիցս,
Աշո՛ւն:
Ճաքած, քաղցր նուռ է սիրտս,
Աշո՛ւն,
Բացել եմ բոլորի առաջ ու չգիտեմ՝
Ինձ ո՞վ է պոկելու ճյուղից:

