Արման Գասպարյան | Ուխտագնացություն

Առաջին րոպեները ֆիզիկական մարմնում ամենատհաճն են։ Անիծված լինի հերթապահությունն էլ, հերթապահություն սահմանողն էլ. ամեն անգամ սա առաջին օրգանական միտքս է։ Լավ է, գոնե մտքերս չեն կարդում, դրանք (առայժմ) միայն իմն են։

Սվարգայում չկան ֆիզիոլոգիական երևույթներ` ցավ, սրտխառնոց, գլխապտույտ, սեփական ծանր, տաք մարմնի զգացում, մարմնական տարբեր զգացողությունների այդ զզվելի ներթափանցումը գիտակցության մեջ, որոնք հատուկ են Դրսին։ Սվարգայում թեթև ես, մեծամասամբ` երջանիկ ու խիստ հետաքրքրված ամեն ինչով։ Դրսում մարմնիդ կարիքները շեղում են ցանկացած հետաքրքրությունից։

Ատում եմ ֆիզիկական աշխարհը, բայց ատելությունը շատ խորն եմ թաղել։ Արևիկն ամեն հերթապահությունից առաջ ասում է. «Աշոտ, էս գործը բոլորիս պարտականությունն է, բոլորս ենք անում, բայց մենակ դու ես, որ ամեն վերադառնալուց մի քիչ պակասում ես, ամեն հետ գալուց մի բան կորցնում ես»։ Ես էլ կատակով պատասխանում եմ, որ Դրսում օրգանական սիրուհի ունեմ ու որ գիտակցությանս մի մասը միշտ թողնում եմ, որ սիրուհուս սպասարկեմ։ Ծիծաղում է, բայց կասկածամտությամբ։

Դրսում հերթապահում են Սվարգայի բոլոր բնակիչները։ Ավելի ճիշտ, համարյա բոլորը` բացի Ավագներից։ Չորս միլիարդ գիտակցությունից քսան միլիոնը քսանչորս ժամ անցկացնում է Դրսում, ապա` վերադառնում Սվարգա` հերթափոխը հանձնելով մյուս քսան միլիոնին։ Ստացվում է, մոտավորապես յուրաքանչյուր 200 օրը մեկ ես հերթապահ եմ։ Թվում է` 200 օրը բավարար ժամանակ է հերթապահության մղձավանջը Սվարգայի վիրտուալ տաք ծոցում մոռանալու համար, բայց արթնացումները, մարմնի տհաճ զգացումը, բերանի դառնահամը, թուքը կուլ տալը, որովայնային ծակոցներն ու մնացած զզվելի ավելորդությունները, որոնք հիմա պարուրել են գիտակցությունս խիտ սարդոստայնի նման, հետապնդելու են ինձ վիրտուալում մինչև հաջորդ հերթապահությունը։

Բայց ես արդեն հաշտվել եմ։

Ֆիզիկական աշխարհը մարդկային գիտակցության գոյության լավագույն փաթեթավորումը չի։ Փորձում եմ նստած դիրքի բերել ծանր մսակույտը, որ պիտի ժամանակավոր ապաստան դառնա իմ տառապող գիտակցության համար։ Երրորդ անգամից ստացվում է. ոսկորները ճտճտում են, մտքում հայհոյում եմ Արևիկի հաշտվողականությունն էլ, կյանքս էլ, գոյության այս ձևն էլ։ Զարմանալի է, որ մեր նախնիները հազարամյակներով ապրել ու մեռել են էս վիճակում` գիտակցությունը քարշ տալով այս գարշահոտ ոսրա-մկանային պարկերում։

Վիրտուալում մանուկ հասակից ստիպում են հարգել, անգամ` սրբազան սարսուռով վերաբերվել Դրսին։ Ասում են` ֆիզիկական աշխարհը հրաշք է, էլ ավելի հրաշք է կյանքը։ Երբ երեխա էի, կրթական ծրագիրն ամեն օր հղկում էր իմ գիտակցությունը` փորձելով կատարելության հասցնել Դրսի նկատմամբ խորը ակնածանքը, վերացնել կասկածի կամ սկեպտիցիզմի տեսքով ցանկացած անհարթություն։ Բայց վիրտուալում ծնված գիտակցության համար Դուրսը չափազանց օտար է` զուտ ծրագրային միջոցներով անհրաժեշտ հարգանք սերմանելու համար։ Սվարգայում ծնվածի գիտակցության մեջ ֆիզիկական աշխարհի նկատմամբ ատելությունն այնքան խորն է նստած, որ անգամ կոդի մակարդակով այն հնարավոր չէ արմատախիլ անել։

Կրթական ծրագիրն ասում էր. «Դրսում ամեն ինչ ենթարկվում է էնթրոպիային` կարգուկանոնից ձգտելով քաոսի, իսկ կյանքը ֆենոմենալ է, որովհետև իր կարգուկանոնի համար շրջակա միջավայրից հավաքում է ու շրջակա միջավայր է նետում այդ նույն քաոսը»։ Իբր դա պիտի ինձ հիացներ։ Բայց ես մինչև հիմա հիշում եմ միայն այն սարսափը, որ ապրեցի մարդկային արարածների սնվելու ու արտաթորման համակարգերն առաջին անգամ ուսումնասիրելիս։ Ինչպե՞ս էին ապրում այդ վիճակում` ամեն օր, ամեն վայրկյան։

Ոտքի կանգնելը ստացվում է առաջին փորձից։ Սենյակի կաթնագույն, թույլ լուսավորված պատերն ընկրկում են, միջավայրն` ընդլայնվում։ Աչքերով տեսնելը խիստ տարբերվում է վիրտուալ տեսողությունից։ Իհարկե, երկու դեպքում էլ գործ ունենք վիզուալ պատկերների հետ` երկրաչափական մարմիններ, գույներ, շարժումներ, բայց վիրտուալում տեսադաշտը շատ ավելի լայն է, տեսանկյունը հնարավոր է փոխել մի ակնթարթում, ընդ որում` այն սահմանափակված չէ ֆիզիկական պայմաններով։ Դրան հակառակ, Դրսի օրգանական աչքերը դանդաղ են շարժվում, տեսադաշտը նեղ է, ինֆորմացիան` սուղ։ Գույները, կամ դրանց սուբյեկտիվ ընկալումը` քվալիան, շատ ավելի աղքատիկ է։ Նույնը կարելի է ասել մյուս զգայարանների մասին։

– Հերթապահ համար 67.42.84, – լսվում է Ինդրայի մետաղական ձայնը, – Անցեք դիագնոստիկ սենյակ:

Դրսում մենք անուններ չունենք։ Իմաստ էլ չունի մեկօրյա հերթապահության համար օգտագործվող ֆիզիկական մարմնին անուն տալը։ Այն ընդամենը ժամանակավոր տրանսպորտային միջոց է, որում հուսալիորեն (իրո՞ք) փակված գիտակցությունը կարող է փոխազդել ֆիզիկական աշխարհի հետ ու վերադառնալ Սվարգա։ Մարմինները բուծվում են Երկիր մոլորակի ֆաբրիկաներում։ Յուրաքանչյուր խմբաքանակ` քսան միլիոն մարմին, կարող է ծառայել մի քանի տասնամյակ. երբ հերթապահի գիտակցությունը վերադառնում է վիրտուալ աշխարհ, մարմինը արագ վերանորոգվում է, լիցքավորվում ու պատրաստվում ընդունել մյուս հերթապահին։

Ես, ավելի ճիշտ` 67.42.84 համարը կրող կենսաբանական ռոբոտը, որի ուղեղում ես նստած եմ, դանդաղ քայլում է միակ դռան ուղղությամբ։ Դուռը անձայն սահում է մի կողմ։ Մյուս սենյակում նույն մշուշոտ կաթնագույն լուսավորությունն է։ Մեջտեղում` հսկայական սեղան` շրջապատված ռոբոտացված մանիպուլյատորներով։ Առաջին հերթապահության ժամանակ քիչ էր մնում վախից փախուստի դիմեի, բայց սա արդեն իմ 34-րդ հերթապահությունն է։ Ամեն ինչ սովորական է դարձել։ Մոտենում եմ ու պառկում սեղանին։ Մանիպուլյատորները սկսում են ժամանակավոր մարմնիս ֆունկցիոնալ վերլուծությունը։

Իմ տրանսպորտային միջոցը արխայիկ մարդկային օրգանիզմի կրճատված, օպտիմալացված տարբերակն է։ Այն զուրկ են առաջնային ու երկրորդական սեռային հատկանիշներից, մարսողական ու արտազատման համակարգերից։ Ակտիվ օրգաններից են միայն կենտրոնական նյարդային համակարգը, արյունատար համակարգը, թոքերն ու սիրտը, այսինքն` այն ամենն, ինչ անհրաժեշտ է 24 ժամ ակտիվ գոյություն պահպանելու համար։

– Երեքն էլֆերին լուսավոր ու վեհ
Թզուկներին յոթը քարե ամրոցում
Ինը մեզ, մարդկանց, որ պետք է մեռնեն
Մեկը իշխանին բազմած խավարում

Ահեղ Մորդորում, ուր լույս էլ չկա։

Մեկը, որ իշխի, մեկը, որ գտնի,
Մեկը որ խավար բոլորին բերի

Ահեղ Մորդորում, ուր լույս էլ չկա*

Թարգմանությունը՝ Լևոն Մկրտչյանի

Դանդաղ արտասանում է Ինդրան, իսկ ինձ կրող մարմնի լսողական համակարգը որսում է օդի տատանումները, նյարդային իմպուլսները փոխանցվում է ֆիզիկական ուղեղին, որտեղ դրանք ենթարկվում են բարդ վերլուծության, հաստատվում են լեզվաբանական ասոցիատիվ կապերը։ Ինձ կրող մարմնի կրծքավանդակը, թոքերը, շնչափողը, լեզուն ու բերանային համակարգը գործի են անցնում։ Ես սկսում եմ կրկնել Ինդրայի խոսքերը` զգալով, թե ինչպես է օդը խզզոցով դուրս գալիս կոկորդից, ինչպես են ձայնալարերը տատանվում։ Այլ հերթապահների հետ շփումներն անխուսափելի են, իսկ Դրսում դրա միակ ձևը վերբալ կապն է. ոչ մի տելեպատիա, ինչպես Սվարգայում։ Ոչ մի նուրբ էլեգանտություն։ Միայն չոր մոլեկուլյար մեխանիզմներ։

Մանիպուլյատորները ստուգում են մարմնի ռեֆլեքսները, արյունատար համակարգը, նյարդային իմպուլսները, ուղեղում նեյրոնների միջև կապերի ամրությունը։

Հերթապահությունն ինքնին ոչ մի կիրառական նշանակություն չունի։ Համակարգչային կլաստերները, որոնք ապահովում են Սվարգայի վիրտուալ սիմուլյացիայի ու այնտեղ բնակվող գիտակցությունների գոյությունը, սպասարկում են միլիոնավոր ռոբոտներ. նանոչափերի մեքենաները գտնում ու վերացնում են խոտաններն առանձին տրանզիստորների մակարդակում, ավելի խոշորները վերահսկում են էլեկտրական ցանցերը, սնուցման ու հովացման համակարգերը, էլ ավելի մեծերը կարող են տեղափոխել ամբողջական կլաստերներ։ Սպասարկող ռոբոտներին վերահսկում ու վերանորոգում են այլ ռոբոտներ, վերջիններիս` այլ ռոբոտներ։ Արդյունքում, ձևավորվում է վերահսկողության ու վերանորոգման փակ շղթա, որի յուրաքանչյուր էլեմենտի աշխատունակությունը ամեն ակնթարթ դիագնոստիկայի է ենթարկում Ինդրան` արհեստական բանականությունների բարդագույն ցանց, որում նույն սկզբունքով մի ալգորիթմը հսկում է մյուսին, մի նեյրոցանցը` մյուսին։ Կարելի է ասել, որ Ինդրան մեր հովանավորն է ու մեր աստվածը։

Դիագնոստիկան ավարտվում է։ Ոտքի եմ կանգնում ու քայլում եմ պահարանի ուղղությամբ։ Այն լուռ բացվում է։ Ներսում կապտա-դեղնավուն սկաֆանդրն է։

Մարդկային գործոնն ամբողջ համակարգում հասցված է զրոյի։ Լուսնային պահեստարաններում կազմ-պատրաստ սպասում են այլ ռոբոտներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են մեկի փոխարեն երեք գործող շղթա ձևավորել։ Լուսնի ավտոմատացված ֆաբրիկաներում հավաքված պաշարներն էլ բավարար են նոր ռոբոտների արտադրության համար։ Անգամ ֆաբրիկաների ռոբոտների համար կան պահուստային տարբերակներ։

Դանդաղ հագնում եմ ծանր սկաֆանդրը, ստուգում թթվածնի քանակությունը։ Ինչո՞ւ են վիրտուալում ապրող մարդիկ պարտադիր հերթապահում Դրսում, եթե իրենցից ոչինչ կախված չէ։ Պատասխանը մեկն է` հերթապահությունը սահմանված է ֆիզիկական իրականության, արմատների հետ կապը չկորցնելու համար։ Երբ մարդկությունը հասկացավ, որ Երկիր մոլորակն այլևս պիտանի չէ օրգանական կյանքը պահպանելու համար ու անհրաժեշտ է փախուստի դիմել վիրտուալ իրականություն, հույսը, որ ապագայում հնարավորություն կլինի կրկին վերադառնալ ֆիզիկական իրականություն, այն ջահն էր, որ առաջնորդում էր մարդկանց։ Ինձ համար դա անհասկանալի է. ես ծնվել ու ամբողջ կյանքս ապրել եմ Սվարգայում, իմ գիտակցությունը սինթեզել են մեքենաները, իմ ամբողջ փորձառությունը, իմ տունը վիրտուալում է։ Օտար ու թշնամական Դրսում ես ինձ երբեք չեմ զգացել ինչպես տանը։

Այլ կարծիքի են առաջին սերնդի մարդիկ։ Նրանք, ովքեր կյանքի մի մասն անցկացրել են ֆիզիոլոգիական մարմիններում, ապա` հիմնել Սվարգան։ Մեր հազարամյա Ավագները, ում իմաստությունը կասկածի տակ չի դրվում, որոնք սահմանել են հերթապահությունն ու գրել ֆիզիկական արմատների նկատմամբ ակնածանքով լի կրթական ծրագրերը։ Նրանց համար Դուրսը սրբազան օրրան է, հայրենիք, ուր մի օր պարտադիր վերադառնալու ենք։ Երկիրն այլևս կորսված է, բայց վիրտուալ միջավայրում գիտական հետազոտությունները, փոփոխական հաջողություններով, շարունակվում են։ Աստերոիդներով ու գիսավորներով Մարսն ու Վեներան ռմբակոծելը ոչինչ չտվեց։ Մարսի միջուկում ջերմամիջուկային ռումբի պայթեցումը միայն շեղեց մոլորակի ուղեծիրը` այն աստիճանաբար հեռացնելով Արեգակից։ Վեներայի մթնոլորտից ածխածին կլանող կայանն աշխատեց, սակայն թույլ մագնիսական դաշտն այն բնակելի դարձնելու որևիցե հույս չի թողնում։ Բայց Ավագները շարունակում են ջանքերը։

Մտնում եմ շլյուզ, պողպատյա ծանր դուռը հետևիցս փակվում է։ Պոմպերը հեռացնում են օդը, ինչից հետո միայն բացվում է արտաքին դուռը։ Քայլում եմ դեպի տիեզերական անդունդը։ Տհաճ զգացողություններն անցել են։ Հայտնվում եմ սև դատարկությունում լողացող հսկա հարթակի վրա, կոշիկների մագնիսական տակացուները ինձ պահում են բաց տարածություն թռնելուց։ Հերթապահների համար ոչ մի բեքափ. Ավագների որոշումն է։ Դրսում հերթապահելն ուխտագնացություն է, ու եթե այնքան անզգույշ ես, որ ֆիզիկական իրականությունը քեզ սպանում է, ուրեմն մեռնում ես հավերժ ու անվերադարձ։ Իմ ամբողջ գիտակցությունը, ես` ամբողջությամբ, հիմա այս մսի կտորի մեջ եմ։

Հարթակը` ահռելի արևային մարտկոց, ունի մոտ 2կմ քառակուսի մակերես։ Այն հիշեցնում է տիտանական չափերի ակադեմիական գլխարկ. վերևում ուղղանկյուն մարտկոցն է, տակը` համակարգչային կլաստերը` պատված հսկայական ռադիատորներով, որոնց միջոցով համակարգչի ավելորդ ջերմությունը դուրս է բերվում ջերմային ճառագայթման տեսքով։

Հարթակից բացվող տեսարանը ոչինչ է Սվարգայի հիասքանչ միջավայրերի համեմատ։ Լուսաֆիլտրերը, որոնք պետք է թույլ չտան ինձ կուրանալ Արեգակի լույսից, աշխատում են արհեստական բանականության ու հայացքի վերահսկման համակարգերով ու մգեցնում են սաղավարտը միայն այն հատվածներում, ուր ընկնում են լույսի ուղիղ ճառագայթները։ Ոչ շատ հեռվում նշմարվում է մյուս հարթակները, հետո` էլի, ու էլի` մարգարտահատիկներով շաղ տված սև աստառի վրա։ Բայց այդ մարգարիտները շարված են ոչ քաոտիկ ձևով, ինչպես ավելի աղոտ նշմարվող հեռավոր աստղերը. միմյանցից 60 կմ հեռավորության վրա մի քանի միլիարդ հարթակ ձևավորում են Դայսոնի մասնակի գունդ, որում յուրաքանչյուր հարթակ ազատ տեղաշարժվում է ռոբոտացված մեքենաների օգնությամբ ու կրում հերթական համակարգչային կլաստերը` մեր վիրտուալ աշխարհի որևիցե էլեմենտ։ Պատկերացում անգամ չունեմ, թե դրանցից որում էին իրականացվում իմ գիտակցության հաշվարկները։ Նախկին ժամանակով մտածելիս օրգանական սիրտս ճմլվում է. մոլեկուլային նեյրոմեդիատորների հերթական զզվելի ազդեցությունը։

– Ի՞նչ կա, եղբայր, – լսում եմ սկաֆանդրում մարդկային ձայնը։ Խնդրեմ, դեռ տասը րոպե էլ չի անցել, ինձ գտավ հերթական միայնակ հերթապահը։

– Սովորական հերթապահություն, ոչ մի լավ բան, – միացնում եմ բազկիս ամրացված համակարգիչը` ազդանշանի ուղղությունը պարզելու համար։ Հարևան հարթակից է։ Սքանավորում եմ մոտակա հարթակները. ևս 33 մարդ, ոչ ոք չի ուզում կապ հաստատել։ Ես էլ չեմ շտապում։ Անհրաժեշտ է արագ վերապրել 24 ժամն ու հեռանալ այս դժոխքից։

– Ես քեզ հասկանում եմ, – ծիծաղում է, – 66.52.97, իսկ դո՞ւ։

– 67.42.84, – մեխանիկորեն արտասանում եմ։ Ո՞վ գիտի, միգուցե Սվարգայում ծանոթներ ենք, անգամ` ընկերներ։ Դրսում ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում, այստեղ բոլորն ինկոգնիտո են։ Իրական անունը հայտնելը սպառնում է արտաքսմամբ. Ավագների հերթական որոշումն է։

– Ինձ մնացել է մի քանի ժամ, կուզե՞ս զրուցենք, – զգույշ հետաքրքրվում է անծանոթը։ Լռում եմ։ Զրույցի բռնվելու տրամադրություն չկա։

Հարթակները միմյանց կապված են լազերային ճառագայթման ֆոկուսացված տարածման-ընդունման համակարգով։ Մոտ հարթակների միջև հեռավորությունը չնչին է, հետևաբար` համակարգչային կլաստերները միմյանց հետ աշխատում են բավականին ճշգրիտ համաձայնեցված, ինչը չի կարելի ասել միմյանցից հեռու հարթակների մասին։ Այդ պատճառով, Սվարգայի յուրաքանչյուր միջավայր հաշվարկվում է միմյանց մոտ հարթակներում, իսկ մի միջավայրից մյուսն անցնելը երբեմն բավականին երկար ժամանակ է խլում, եթե մյուսը սիմուլացվում է հեռվում գտնվող հարթակների խմբում։ Ես երբեք չեմ բողոքել երկարատև ուղևորություններից։

– Էստեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, – շարունակում է զրուցակիցս, – բացի, երևի, Սերմնազատումից, – Շարունակում եմ լռել, – Բռնցրած կա՞ս Սերմնազատումը։

– Մի քանի անգամ,- զրուցակցիս ձայնը նույն իմն է, մենք կլոններ ենք, բայց իմ գլխում իմ ձայնը մի փոքր այլ կերպ է հնչում։

– Փառահեղ տեսարան է, – նշում է 66.52.97-ը, բայց ես համաձայն չեմ, – իր ֆիզիկական պարամետրերով լրիվ հիշեցնում է բազմաբջիջ կենդանիների, նաև` օրգանական մարդկային արարածների արխայիկ ֆիզիոլոգիական պրոցեսները, որոնք անհրաժեշտ էին արուի ԴՆԹ-ի կեսը էգի ԴՆԹ-ի կեսի հետ խառնելու ու նոր կյանք ստեղծելու համար, ինչը ժամանակակից մարդու տեսանկյունից խիստ վուլգար, անգամ` գռեհիկ տեսք ունի, – նորից ծիծաղում է, – Լրիվ նույն կերպ, միկրոզոնդերը ահռելի քանակությամբ արտադրվում են մասնագիտացված նանոֆաբրիկաներում, լցվում պահեստարաններում ու սերմնազատման ընթացքում լազերային իմպուլսի ազդեցությամբ ժայթքում տիեզերական արգանդի խորքերը, նկատե՞լ ես, – ես լռում եմ, նա` շարունակում, – զարմանալի է, որ կենսաբանական քաոտիկ, խոտաններով ու տարատեսակ աղտեղություններով լի գոյությունը թվային մաքուր գոյությամբ փոխարինած մարդկությունը ֆիզիկական աշխարհում գլխավոր առաքելությունն իրականացնելիս իմիտացնում է իր նախկին կենդանական գոյության առանձնահատկությունները։

Ավագներն ուղղակի տառապում են ֆիզիկական գոյության, կյանքի արարման ու մահվան նոստալգիկ զգացումներով։ Նրանց համար մարմնական հեղուկներով ու հոտերով սեքսը շատ ավելի նախընտրելի է օրգազմի մաքուր գիտակցական զգացումից, նրանք ստիպում են կլաստերներին պարբերաբար սիմուլացնել այդ պրոցեսները` ահռելի ռեսուրսներ ծախսելով։ Բնականաբար, իմ այս մտքերը բարձրաձայն չեմ ասում։

– Սերմնազատման մեջ ոչ մի էրոտիկ բան չկա, – նետում եմ։

– Ո՞նց չկա, – զվարթ հարցնում է զրուցակիցս, – մենք գլուխներս թաքցրել ենք վիրտուալում, բայց ահռելի ֆիզիկական անդամով անընդհատ թափ ենք տալիս Տիեզերքի ուղղությամբ։

Իհարկե, զրուցակցիս նկարագրությունը չափազանցված է։ Երբ երկու հազար տարի առաջ որոշվեց, որ մարդկության միակ փրկությունը վիրտուալ միջավայրում ապրելն է, Ավագները համարեցին, որ դրանով մեր առաքելությունը Տիեզերքում չի ավարտվում։ Այո, մեր պատճառով անհետացել է Երկրի ամբողջ կենսաբազմազանությունը, բայց մեր բարոյական պարտքն է, ըստ Ավագների, անել ամեն բան՝ կյանքը Տիեզերքում տարածելու համար։ Մաքուր ցինիզմ. վերացնել կյանքի, հնարավոր է, միակ օրրանը դիտարկելի Տիեզերքում, վերածվել կյանքի լրիվ այլ տեսակի ու հայտարարել, թե մեր պարտքն է կյանքով բեղմնավորել ամբողջ Գալակտիկան։ Արդյունքում ընտրվեց Սերմնազատման տարբերակը։

Երկիր մոլորակի ամբողջ մակերևույթը պատված է ահռելի նանոֆաբրիկաներով, յուրաքանչյուրի բարձրությունը հասնում է մոտ մեկ կիլոմետրի, իսկ շինությունները միմյանց գրեթե կպած են։ Եթե Մերկուրի մոլորակի զանգվածի մոտ կեսը ծախսվել էր համակարգչային կլաստերների կառուցման համար, ապա մյուս կեսն ամբողջությամբ ուղղվեց Երկիր. շատ ավելի հեշտ էր Երկիր բերել Մերկուրիի բեկորները, քան փորձել ծանր մետաղներ արդյունահանել մայր մոլորակի խորքերից։ Երկրի ընդերքի ջերմությամբ սնվող ֆաբրիկաներում արտադրվում են Ֆոն Նեյմանի զոնդեր։ Դրանք մի քանի հազար ատոմից բաղկացած, հատուկ կառուցվածքով նանոմեքենաներ են, որոնք, իրենց կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, կարող են ռեպլիկացվել գրեթե ցանկացած միջավայրում։ Նանոզոնդի կառուցվածքով պայմանավորված է ինքնառեպլիկացման ու մի քանի միլիոն ռեպլիկաների միանալու արդյունքում Առաջնային սաղմի ձևավորման ծրագրի իրականացումը։ Իսկ Առաջնային սաղմը պայմանավորում է միլիարդավոր ծրագրեր` սկսած մոլորակի ռեսուրսներն օգտագործելով տեղում արդյունաբերական պրոցեսներ սկսելուց ու տերաֆորմինգից մինչև մոլորակի ընդերքի ուսումնասիրություն, ու, ամենակարևորը, տեղի ռեսուրսներով կյանքի նոր տեսակների ստեղծում, վերահսկելի կամ անվերահսկելի, տարբեր արագությունների էվոլյուցիայի կազմակերպում և այլն։ Դա արդեն որոշում է Առաջնային սաղմը` ելնելով մոլորակի առանձնահատկություններից։

– Զարմանում եմ, որ Սերմնազատմանը մինչև հիմա հավատում են, – շարունակում է 66.52.97-ը, ու ես հասկանում եմ, որ զրուցակիցս վտանգավոր մոտեցել է հերետիկոսության սահմանին, – Մարսի, Վեներայի, Յուպիտերի ու Սատուրնի արբանյակների վրա փորձերը ցույց տվեցին, որ Առաջնային սաղմերից այն կողմ պրոցեսը չի շարժվում։

– Տերաֆորմինգ չստացվեց, որովհետև կամ տեղի ռեսուրսները բավարար չէին, կամ էլ տեխնոլոգիաները դեռ զարգացած չէին, – առարկում եմ, – Նանոզոնդերի ստրուկտուրան անդադար կատարելագործվում է։ Հիմա Առաջնային սաղմերն արդեն կարող են տեղում կառուցել կայաններ, որոնք մեծ հավանականությամբ կարող են տերաֆորմինգ սկսել, ուղղակի ոչ Արեգակնային համակարգի մարմինների պայմաններում։ Չնայած, ապագայի ավելի կատարելագործված Սաղմերը միգուցե կարողանան Տիտանը վերածել երկրային դրախտի, – չեմ հասկանում, ինչու եմ վեճի բռնվում, – Նույն Տիտանի վրա Առաջնային սաղմը ստացել է բարդ մոլեկուլային ռեպլիկանտներ։

– Ահա, որոնք հետագայում կվերածվեն մեթանային հիմքով սքանչելի միաբջիջների, – ծաղրում է հարևանս։

– Ինչո՞ւ ոչ։ Նանոզոնդերի ու Առաջնային սաղմերի առավելությունն այն է, որ դրանք կարող են տեղում, տեղի պայմաններից ու էլեմենտների քանակից ելնելով` տարբեր հիմքերով կյանք կառուցել, ոչ միայն ածխածնային ու ոչ միայն ԴՆԹ կրիչով։

– Տեսականորեն, – շարունակում է 66.52.97-ը, ես էլ սկսում եմ նյարդայնանալ, – իսկ եթե պայմանները կյանքի համար աղետալի լինեն, Սաղմը միշտ էլ կարող է տեղի ռեսուրսներով համակարգչային կլաստերներ կառուցել ու բնակեցնել իմ ու քո նման թվային մարդկանցով։

Սա արդեն ակնհայտ հերետիկոսություն է։

Յուրաքանչյուր 10 տարին մեկ Երկիր մոլորակի բոլոր ֆաբրիկաներում արտադրված նանոզոնդերը, մի քանի քվադրիլիոն միավոր, լազերային ճառագայթների ուղեկցությամբ նետվում են Տիեզերքի խորքերը բոլոր ուղղություններով։ Դա հենց Սերմնազատումն է։ Լազերների միջոցով յուրաքանչյուր նանոզոնդ հավաքում է նախնական 0.1c արագություն ու սլանում դեպի անհայտը։ Ամեն ինչ որոշում է քանակն ու վիճակագրությունը։ Նանոզոնդերի զգալի մասը կամ կոչնչանա տիեզերական փոշու հետ բախումից, չնայած դրանց կառուցվածքն այնպիսին է, որ անգամ ուժգին հարվածներն ու ստրուկտուրալ փոփոխությունները շատ չեն ազդում ֆունկցիոնալության վրա։ Մի մասը կշարունակի անդադար թռիչքը կամ կգտի իր վերջը որևիցե աստղի ֆոտոսֆերայում։ Կլինեն զոնդեր, որոնք կհայտնվեն մոլորակների մակերևույթին։ Մի մասը կանհետանա գազային հսկաների փոթորկող ընդերքում, մի մասն էլ կգտնի պիտանի պայմաններ ու կփորձի նոր կյանք ստեղծել։ Ամեն դեպքում, մենք դրա մասին չենք իմանա։ Նանոզոնդերի կառուցվածքում հետադարձ կապի հնարավորություն չկա։

66.52.97-ի հայտարարությունից անջատողականության հոտ է գալիս։ Սվարգայում իր խոսքերն անհետևանք չեն մնա։

– Ըհը, եղբայր, հիմա կմտածես, թե ես հենց նոր ստորագրեցի իմ դատավճիռը, – շարունակում է հարևանս։

– Դա իմ գործը չէ, – կտրուկ պատասխանում եմ ես։ Վիրտուալում ժամանակ առ ժամանակ բռնկվում է անջատողական երկու տրամադրություն։ Ֆիզիկալիստները գաղտնի հավաքներ են կազմակերպում ու քարոզում վիրտուալի կապանքներից շուտափույթ ազատում ու վերադարձ բնական վիճակի։ Նրանց առաջնորդը նախկին Ավագ Ազերուս Քոփսն է, իսկ գործիքը` ահաբեկչությունը. վիրուսային ծրագրերով առանձին ենթակառուցվածքների ոչնչացում, անմեղ գիտակցությունների ջնջում, դիվերսիոն գործողություններ, որոնց նպատակն է ցույց տալ վիրտուալի խոցելիությունը։ Ֆիզիկալիստների կողմից բռնության դրսևորումները տեղի են ունենում առկայծումներով. ահաբեկչական մի քանի գործողություն, հետո, չնայած իրենց պաշտպանության միջոցներին, Ինդրան արագ հայտնաբերում ու ոչնչացնում է մեծ մասին։ Բացի Քոփսից։ Վերջինս փախուստը մեջ է, բայց իր տրակտատները, որ սպասելու ու համբերության մասին Ավագների դոկտրինը ոչ այլ ինչ է, քան թուլության դրսևորում, պարբերաբար հայտնվում են ինֆորմացիոն դաշտում։

Մյուս շարժումը սոլիպսիստներն են` բաղկացած գիտակցություններից, որոնք ծնվել ու մեծացել են վիրտուալում։ Այս շարժումը շատ ավելի թույլ է, ոչ ագրեսիվ, ու սահմանափակվում է վիրտուալի առավելությունների ու ֆիզիկական աշխարհի բազում վտանգների մասին թռուցիկներով, Ավագներին ուղղված բաց նամակներով և այլն։ Հաշվի առնելով սոլիպսիստների խաղաղ բնույթը, վիրտուալի մեծ խորհրդում նրանց երեք պատգամավորական մանդատ է տրամադրված` կարծիքների բազմազանության ապահովման (ապահովման տպավորության) համար։ Հետաքրքիր է, որ չնայած նպատակներով ու աշխարհայացքով Ավագները շատ ավելի մոտ են ֆիզիկալիստներին, վերջիններիս նկատմամբ իշխանությունները առավել անհանդուժող են։ Հավանաբար, պատճառը նրանց ագրեսիվ ու աբսոլյուտիստական վարքագիծ է։

– Դա անխտիր մեր բոլորի գործն է, – զրուցակիցս առանձին շեշտում է ամեն բառը, – խոսքի ազատությունը վիրտուալում, այլախոհության համար պատիժները վերաբերում են բոլորիս։ Ինչ-որ մեկը պետք է դրա մասին խոսի, բայց միայն խոսքերը բավարար չեն։

66.52.97-ի տոնայնությունն ու ինքնապահպանման բնազդի ի սպառ բացակայությունը անհանգստացնում են։ Հերթապահներին մինչև Դուրս գալը լիարժեք սքանավորում են։ Այդ դեպքում, ինչպե՞ս կարող էր ֆիզիկալիստը հայտնվել այստեղ։

– Այս օրը դու դեռ երկար կհիշես, եղբայր,- շարունակում է նա,- նրանք, ովքեր ապրելու են ավելի լավ, ավելի ազատ աշխարհում, կհիշեն, թե ինչ արեց իրենց համար Իգնասիո Նավարը։

Անունը դրսում հնչեցնելը մահապատիժ է։ Դա նշանակում է, որ մուտքը վիրտուալ այլևս փակ է 66.52.97-ի համար, իսկ մոտավորապես 24 ժամ հետո նա կսկսի դանդաղ ու ցավոտ մեռնել` մարմնի ռեսուրսների սպառման պատճառով։ Իսկական ֆիզիկալիստ, պատրաստ գաղափարի համար զոհաբերել թե իրեն, թե ուրիշներին։ Բայց ի՞նչ է պատրաստվում անել։

– Ես մահվանից չեմ վախենում։ Հատկապես, եթե այդ մահը ծառայելու է մարդկության վերածնունդին, – զգալով, որ պետք էր վաղուց անել ու հայհոյելով ինքս ինձ` հրամայում եմ համակարգչիս սքանավորել հարևան հարթակը։ Ոչ մի տարօրինակ բան. 66.52.97-ը կանգնած է հարթակի գրեթե եզրին` ձեռքերը խաչաձև տարածած։ Հրամայում եմ համակարգչին կրկին սքանավորել, բայց մոլեկուլյար ճշգրտությամբ։

– Սքանավորումը չի օգնի, եղբայր, – հայտարարում է 66.52.97-ը, – արդեն բանը բանից անցել է։

– Ի՞նչ ես փորձում անել,- հարցնում եմ` անիծելով համակարգչին դանդաղության համար,- ի՞նչ իմաստ ունի հիմարություն անելը։

Զրուցակիցս թունոտ ծիծաղում է.

– Դու երևի գիտես, թե որտեղից ենք մենք հայթայթում ռեսուրսները նոր կլաստերների, նոր ռոբոտների կառուցման համար։

Իհարկե, գիտեմ։ Աստերոիդների գոտին անսպառ ռեսուրսների շտեմարան է։ Այնտեղից արդյունահանումը շատ ավելի հեշտ է ու արագ, քան մոլորակի խորքերից։

Սքանավորումը դեռ չի ավարտվել։ Փորձում եմ ժամանակ շահել։

– Ռոբոտներն աստերոիդները մոտեցնում են Լուսնի ուղեծրին, որտեղից էլ արդեն ռեսուրսները տեղափոխվում են ֆաբրիկաներ։

Ռոբոտների նոր սերունդները, դրանց արտադրությունն ու սպասարկումը, լիցքավորումն ու ծրագրավորումն իրականացվում են լուսնային ֆաբրիկաներում։

– Իսկ ի՞նչ կլինի, եթե արգելակող ռոբոտները շարքից դուրս գան,- հարցնում է 66.52.97-ը, ու իմ մեջքով սառը հոսանք է բարձրանում (էլի մարմնական տհաճ զգացում)։ Աստերոիդների փոխադրմամբ զբաղվում են երեք տեսակի ռոբոտներ. առաջինները մի շարք պայթյուններ են իրականացնում` երկնային մարմնի ուղեծիրը փոխելու համար, երկրորդները պայթյունների հերթականությամբ ճանապարհին անընդհատ շտկում են հետագիծը։ Բայց ամենակարևորը երրորդ տեսակի ռոբոտներն են` արգելակողները, որոնք պետք է աստիճանաբար նվազեցնեն աստերոիդի արագությունն ու դուրս բերեն այն Լուսնի ուղեծիր։

Եթե արգելակող ռոբոտները շարքից դուրս գան, աստերոիդն ուղղակի կհարվածի Լուսնին։ Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս է հնարավոր շարքից դուրս բերել արգելակող ռոբոտները։ Առանց սպասելու սքանավորման արդյունքներին, անջատում եմ կոշիկների մագնիսները ու նետվում առաջ` հայտնվելով դատարկ տարածության մեջ՝ մի պահ կորցնելով կողմնորոշումը։ Ռեակտիվ պայուսակը ավտոմատ միանում է, պլազմայի հոսքը դադարեցնում է իմ անկանոն պտույտն ու ես սլանում եմ հարևան հարթակի ուղղությամբ։ Ինչ էլ ծրագրի իմ հարևանը, անգամ եթե դա բլեֆ է, ես նրան պետք է կանգնացնեմ։ Ֆիզիկալիստները, հավանաբար, գտել են Սվարգային վնասելու նոր միջոց. լուսնային ենթակառուցվածքների վերացումը մեզ լրիվ անպաշտպան կթողնի, ու միայն ժամանակի հարց է, թե երբ գործող ռոբոտների շղթան շարքից դուրս կգա, իսկ փոխարինողներ չեն լինի։

– Դու երևի ինքդ քեզ հարց ես տալիս` ինչպես,- հանգիստ արտաբերում է 66.52.97-ը, – Ավագները մեզ տվել են բաց տարածությունում թռչելու հնարավորություն, ոչ միայն հերթապահության տաղտկալի ժամերը ավելի հետաքրքիր անցկացնելու համար, այլև որպեսզի ավելի լավ զգանք ֆիզիկական իրականությունը,- սքանավորումն ավարտվում է։ Համակարգիչը հուշում է, որ զրուցակցիս սկաֆանդրի թևին ամրացված ստրուկտուրան ավելորդ է, նախատեսված չէ պրոտոկոլներով։ Ինչո՞ւ է Ինդրան լռում։ Զգում եմ, թե ինչպես եմ փշաքաղվում,- ուղղակի պետք է Սերմնազատման ժամանակ լինել ճիշտ տեղում ու ճիշտ պահին, որսալ նանոզոնդերից գոնե մեկը։

– Շան որդի՜, դու մեզ բոլորիս կսպանե՜ս, – բղավում եմ` փորձելով քամել առավելագույն արագություն ռեակտիվ քարշուժից։

– Չես պատկերացնում, ինչ հեշտ է ստանալ Առաջնային սաղմ միակ նանոզոնդից, – ուշադրություն չդարձնելով` շարունակում է 66.52.97-ը, – Էլ ավելի հեշտ է Սաղմին ծրագրավորել` արտադրելու կոնկրետ ֆունկցիոնալությամբ նոր նանոզոնդեր։

Թայմերը ցույց է տալիս, որ հարթակին հասնելուն մնացել է չորս րոպե։ Ինդրան լռում է։

– Օրինակ, նանոզոնդեր, որոնք արագացում ստանալով հարթակի կապի լազերից ու ինքնուրույն շտկելով հետագիծը` կմոտենան կոնկրետ աստերոիդի ու շարքից կհանեն արգելակող ռոբոտները։

Անզորությունից քիչ է մնում խելագարվեմ։

– Դու մեզ բոլորիս կսպանե՜ս, անասո՜ւն, – կոկորդս պատռվում է, մարմինս դողում է։ Ինչո՞ւ Ինդրան չի միջամտում։

– Ի՞նչ ես ասում, – նորից ծիծաղում է, – Ես մեզ բոլորիս փրկում եմ, – համակարգիչը ցույց է տալիս, որ 66.52.97-ը ինքն է թռչում հարթակից ու սլանում է իմ ուղղությամբ, – երկու հազար տարվա սուտը ի վերջո պետք է դադարեցվի, – բախմանը մնում են հաշված վայրկյաններ։ Տեսնում եմ, թե ինչպես է կապտա-դեղնավուն սկաֆանդրը սրընթաց մեծանում, ինչպես է Արևի լույսն արտացոլվում սաղավարտից։ Չեմ հասցնում շունչ քաշել, երբ մենք բախվում ենք` պտտվելով տիեզերական պարում։ Ես շարունակում եմ լուտանքներ թափել։

– Այ ֆիզիկալիստական կեղտ, էս ի՞նչ արեցիր, – պատռում եմ կոկորդս, – Սվարգան վերացնելով ինչի՞ ես հասնելու։

Դիմացի սաղավարտից ինձ է նայում որևիցե անհատականությունից զուրկ, մանեկենային դեմքը։ Ես գիտեմ, որ դա իմ դեմքն է։

– Վերացնե՞լ, – զարմանում է 66.52.97-ը, – հակառակը, ես փրկում եմ Սվարգան։

– Աստերոիդով Լուսինը ռմբակոծելո՞վ, – բղավում եմ։

– Լուսնի մասին խոսք չի գնացել։

– Բա ինչի՞, – առանց պատասխանի` ճշմարտությունը ծանր մուրճով հարվածում է գլխիս։ Աչքերիս դիմաց սևանում է։ Երկի՜րը։ Ֆիզիկալիստների ու Ավագների սրբությունը։ Նանոզոնդերի արտադրության միակ վայրը։ Միակ տեղը, որտեղ հնարավոր կլինի ապագայում մարդկային մարմիններ արտադրել։

– Սերեսի ընթացքն անկասելի է, – հանգիստ շարունակում է Իգնասիո Նավարը, – Արդեն մոտ հարյուր տարի այն զգուշորեն, դանդաղ փորձում են մոտեցնել Երկրին, որպես լրացուցիչ ռեսուրսների աղբյուր։ Նանոզոնդերը շուտով տեղ կհասնեն։ Դրանք այնքան շատ են, որ ոչ մի սքան չի կարողանա գտնել բոլորին։ Հերիք է մեկը հասնի Սերեսին, ու կբազմանա այնքան, որ ոչ մի արգելակող ռոբոտ չի կարողանա անգամ մոտենալ աստերոիդին։

– Իսկ առանց արգելակողների այն կսլանա ուղիղ Երկրի վրա, – շշնջում եմ։

– Հարվածը կջնջի մոլորակի վրայից ամեն բան, ինչ կարող էր մարդկությանը դուրս բերել Սվարգայից, – Իգնասիոն ոգևորված է` չնայած իրեն սպասող մռայլ ապագային, – մենք վերջապես կհրաժարվենք վիրտուալը լքելու հիմար մտքերից։

– Սոլիպսիստ, – ասում եմ ես` ու ուժգին հրում դիմացինիս` ինքս էլ իներցիայով հետ թռչելով։ Նա անգամ չի էլ միացնում ռեակտիվ շարժիչները` գլորվելով դեպի անդունդը, – հնարավոր է՝ դու սխալվում ես։ Հնարավոր է, – նայում եմ հեռավոր աստղերին, – մեր տարածած սերմերը այնտեղ` հեռվում, նոր կյանքի սկիզբ են դրել։ Հնարավոր է, նրանք մի օր դուրս գան Տիեզերք ու գտնեն մեզ` իրենց արարիչներին։ Դուրս բերեն մեզ մեր սքանչելի վանդակից, մեր մոռացությունից։

Ապա` չսպասելով պատասխանի` անջատում եմ կապն ու ուղղվում դեպի իմ հարթակը։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *