Մեր հարևան Ալեքսը անհանգիստ երեխա էր դեռ փոքր ժամանակից: Նա տարբերվում էր թաղի մյուս երեխաներից ոչ միայն իր երկար խոպոպներով, այլ նաև հայացքի խորությամբ ու բոցավառվող աչքերով: Հասկացաք, չէ՞. հայացքը խորանում, թափանցում էր, փնտրում ու պեղում էր, ու հենց գտնում էր, աչքերը փայլում էին ու բոցավառվում, ինչպես բռնկված կրակը մութ գիշերում: Ալեքսը փոքրուց որոշել էր կարդալ աշխարհը, ուսումնասիրում էր ամեն ինչ ու դա նրա մոտ ստացվում էր: Ես նկատի ունեմ՝ նա կարողանում էր հասկանալ: Ինչպես Մոցարտը, որ հինգ տարեկանում գիտեր երաժշտական բոլոր հնարքները՝ հայտնի չէ՝ ինչպես, այդպես էլ Ալեքսը յոթ-ութ տարեկանում հասկանում էր այն, ինչին գրողներն ու փիլիսոփաները երկար տարիների անքուն գիշերներով էին հասել: Բայց Ալեքսը երեխա էր, և այդ ամենը դեռ չէր ծանրացրել նրան. նա այնքան տրտում ու ծանրախոհ չէր, ինչպես այդ բոլոր գրողներն ու փիլիսոփաները:
Դեռ լույսը չբացված՝ Ալեքսը փախչում էր տնից: Թաղի մյուս երեխաները՝ նույնպես: Ալեքսը տանում էր նրանց արևածագը նայելու: Փախչում էին քաղաքի ամենաբարձր կետը՝ մեռյալ հովիտը, ու դիտում, թե ինչպես է բացվում օրը: Հետո անմիջապես վերադառնում էին տուն, մինչ կարթնանային ծնողները: Նորից հավաքվում էին կեսօրին, գնում հովիտ:
Իրենց մեծերի տեղ էին դնում, ընտանիքներ կազմում: Ալեքսը երկու կին ուներ ու մի շուն: Ամենասիրունիկ աղջիկը՝ երկարածամ Լիլիթը, Ալեքսի կանանցից էր: Բայց դա երկար չտևեց: Մթնոլորտը բորբոքվեց, երևում էր՝ ամեն ինչ ձեռից գնում է: Արևածագին Ալեքսը ժողով հրավիրեց, հավաքվեցին բոլոր երեխաները՝ ամբողջ ցեղը, շուրջ տասնհինգ հոգի: Որոշեցին, որ այսուհետ ամեն շաբաթ նոր ընտանիքներ են կազմելու: Մթնոլորտը հանդարտվեց, բոլորը հանգստացան: Հաջորդ շաբաթ Ալեքսը զիջեց Լիլիթին ու հովտում քայլելով՝ մաքուր օդի ու անդորրավետ բերկրության մեջ՝ սպասում էր իր հերթին, երբ Լիլիթը նորից իր հետ կլիներ: Իսկ մինչ այդ, ժամանակ էր անցկացնում իր մյուս կանանց հետ, որոնք, ինչպես հասկացավ նա, ամենքն իրենց բնորոշ յուրահատկությունն ունեին:
Աղջիկները, դառնալով նրանց կինը, թույլ էին տալիս շոյել մազերն ու համբուրել այտը: Բայց դա երկար չտևեց: Երեխաներից մեկը բերանբացություն արեց ու մատնեց գաղտնիքը թաքնված ցեղի մասին: Ծնողներն արգելեցին երեխաներին շփվել Ալեքսի հետ, ու երբ Ալեքսը, դեռ լույսը չբացված, կրկին փորձեց համոզել նրանց, նրանք գնացին ալեքսենց տուն ու ասացին՝ ձեր տղան հիվանդ է, կռվեցին ինչպես հարկն է ու դուրս եկան: Դուրս գալով շենքի առաջ՝ բղավեցին՝ այդ տղան հիվանդ է: Սուրճի շուրջ բամբասելիս շշնջում էին՝ այդ տղան՝ Ալեքսը, հիվանդ երեխա է: Կողքի շենքից մի քանի հոգի ևս գիտեին, որ երկար մազերով, խոպոպներով այդ տղան հիվանդ է, ու արգելեցին իրենց երեխաներին մոտենալ նրան:
Ալեքսը դրանից դասեր քաղեց: Ես գիտեմ, որովհետ նա գալիս ու ամեն բան պատմում իր ինձ: Ասենք, ես ինքս էլ ամեն ինչ տեսնում եմ. որոշ բաներ էլ ինձ պատմում են ցողն ու թռչունները:
Ինչպես ասացի, այդ պատմությունից Ալեքսը դասեր քաղեց: Նա արդեն չէր խոսում ընդհանուրի հետ, այլ ջոկջոկում էր առանձին անհատների ու գողանում նրանց հոտից: Այդպես տասնմեկ տարեկանում նա ընկերացավ Մառայի հետ, ով նույն դասարանում էր սովորում, բայց տասներկու տարեկան էր: Նրան դուր էին գալիս Ալեքսի մազերը: Մառան համարձակ էր ու կտրուկ, ուներ հուր ցայտող աչքեր, որոնք ցնցող ներգործություն էին ունենում երեխաների ու Ալեքսի վրա, երբ կարճ շորտերի հետ բոբիկ ոտքերին կեդեր էր հագնում: Նա խաղում էր Ալեքսի խոպոպների հետ ու թողնում, որ նա գրկի իրեն, մատով հպվի ոտքին ու լսում էր նրա կցկտուր պատմությունները: Հետո նրանք փախչում էին գիշերվա չորսին, նստում խուլ մթության, զովության մեջ, ու թողնում, որ լռությունը ներծծվի, լռությունը մաքրի բառերը, նախորդ օրվա դասերը, այդ օրվանը, հաջորդ օրվանը, դասամիջոցին երեխաների աղմուկը, հեռուստացույցի ձայնը: Ու Ալեքսն ասում էր՝ ներծծվեց, հիմա ազատ ենք:
Մի ամիս հետո Մառան ձանձրացավ, դասարանում ասաց, որ Ալեքսը հիվանդ է: Բոլորն ասացին, որ Ալեքսը հիվանդ է: Դասղեկը եկավ ալեքսենց տուն ու ասաց, որ նա դասերը վատ է սովորում, վիճում է ուսուցիչների հետ, մազերը երկար են: Ու նա պղտորում է մյուս երեխաներին: Հարևաններն ասացին՝ նա հիվանդ Ալեքսն է: Հորաքույրն ու հորաքրոջ ամուսինը պատժեցին Ալեքսին՝ ծեծեցին ու ամռանը ստիպեցին գնալ ճամբար:
Առաջին ամառը, ճամբարում բոլորը գովեցին նրան ու շնորհակալություն հայտնեցին ծնողներին նման խելոք ու համեստ երեխա դաստիարակելու համար: Երկրորդ ամառ Ալեքսը հավաքեց ճամբարի բոլոր երեխաներին ու փախավ լեռներ: Արևածագին ժողով հրավիրեց ու խոսեց կյանքի, աշխարհի, մարդու ու քամու մասին: Խոսեց աստծո մասին, իսկ երեկոյան նրանց բռնեցին: Բոլորին վերադարձրին ճամբար, Ալեքսին հեռացրին: Հորաքույրը ծեծեց:
Տասնչորս տարեկանում նրան սկսեցին հաճախակի նեղացնել. շենքում, դպրոցում, փողոցում, որտեղ նրան ճանաչում էին կամ որտեղ նա երկար էր մնում: Նա ընկերացավ մի քանի տղաների հետ ու սկսեց պաշտպանվել: Տասնվեց տարեկանում նրան էլ չէին նեղացնում: Նա հեռացավ բոլորից:
Տասնյոթ տարեկանում նա ընդունվեց համալսարան, սկսեց ֆինանսներ սովորել: Նա լսեց փողի, արժեթղթերի ու հաշվապահության մասին: Լսեց բանկերի ու կազմակերպությունների մասին: Գործամոլներ ու բանկիրներ՝ այն մարդիկ, որ շտապում են միշտ, բայց երբեք տեղ չեն հասնում, ամեն ամիս սեմինարներ էին անցկացնում ու համալսարանի ղեկավարությունը դահլիճը լցնում էր ուսանողներով: Նրանք խոսում էին աշխատատեղերի ու ճիշտ մասնագետներ արտադրելու մասին: Խոսում էին տնտեսության ու զարգացման մասին: Ալեքսը փախչում էր պատկերասրահ ու գրկում բաքոսուհուն: Ապա երկար նայում էր մի այլ գործի՝ կքանստած աղջկա արձանին, որը ցույց էր տալիս ժամանակը, իմաստնությունը, մերկությունը: Նա սիրահարվեց արձանին ու մի հավերժություն սիրեց նրան: Աղջիկներից մեկն ասաց, որ նա հիվանդ է ու առաջարկեց իրե՛ն սիրել: Ալեքսը սիրե՛ց նրան, իսկ հետո նորից փախավ արձանի մոտ՝ ասելով, թե արձանի մեջ ավելի շատ կյանք կա: Աղջիկն ամեն ինչ պատմեց դասախոսին ու ասաց, որ նա հիվանդ է: Դասախոսը կանչեց Ալեքսին ու ասաց.
– Արձանն ի՞նչ է, քար, ցեխ, մարմար:
Ալեքսն ասաց.
– Իսկ դուք ի՞նչ եք, թվեր, տոկոսներ, կարծրատիպեր:
Ու քանի որ նա հարբած էր գնացել դասի, անկեղծացավ ու ասաց՝ ինչ մտածում էր: Դասընկերները հասկացան՝ Ալեքսը հիվանդ է:
Տասնութ տարեկանում ճնշումը մեծացավ: Նրան նեղում էին, բայց ոչ ֆիզիկապես: Ճնշում էր ամեն ինչ՝ դասերը, հարևանները, պատերը, աշխարհի կառուցվածքը, պայմանականությունները: Ալեքսն էլ չէր կարողանում համոզել, որովհետև նրանք երեխաներ չէին: Ժողովները դադարեցին, մնաց միայն խոպոպները:
Երբ նա դարձավ տասնինը, արևածագին սիրահարվեց մի ծաղկի ու երկու աղջկա: Ալեքսը թաքցրեց, որ հիվանդ է, ու երկու աղջիկները փոխադարձ սիրեցին նրան: Սիրեցին՝ բայց իրենց ձևով: Շուտով Ալեքսը ձանձրացավ նրանց սիրուց ու որոշեց իր ձևով սիրել: Նա վճռեց նրանց փախցնել հոտից ու անցավ գործի: Առաջինում ձախողվեց, երկրորդին՝ հաջողվեց: Մերին ուրիշ էր, օտար էր: Մերին դատարկ էր ու պատրաստ լցվելու: Ալեքսը լցրեց նրան: Երկու ամիս նրանք սիրեցին իրար, ինչպես հեթանոս: Հետո Մերին լքեց նրան ու ամուսնացավ, ինչպես քրիստոնյա:
Ալեքսն ուշանում էր դասերից կամ չէր գնում, գիշերվա չորսին նստում էր մեռյալ հովտում ու սպասում մինչև ներծծվի, մինչև վերստին ազատ կլինի: Կարդում էր բանաստեղծություններ, ոչ թե որ սովորի, այլ որ չմոռանա այն, ինչ գիտեր յոթ-ութ տարեկանում: Նստում էր մենակ կամ հոտից գողացված իր ավարների հետ:
Քսան տարեկանում Ալեքսը վճռեց վերջ տալ խաղերին, վերջ տալ մանևրելուն ու բաց ճակատով դուրս եկավ մարտի:
Քսանմեկ տարեկանում նրան տարան գժանոց:
Քսաներկուսում նրան դուրս գրեցին, խուզեցին խոպոպները ու տարան բանակ:
Քսանչորս տարեկանում նա վերադարձավ, քսանհինգում աշխատանքի անցավ: Աշխատում էր բանկում իննից-վեցը: Ամեն օր գնում էր գործի, ի վերջո մտերմացավ կոլեգաների հետ: Նրան աշխատանքի էին ընդունել պայմանով, որ ամիսը մեկ պետք է այցելի հոգեբույժին: Այցելում էր: Ի վերջո ավելի մտերմացավ կոլեգաների հետ: Կոլեգաները բոլորն ամուսնացած էին ու երեխաներ ունեին. բացի Մարինեից: Նրանք տանում էին մանկապարտեզ իրենց երեխաներին ու վերցնում մանկապարտեզից: Տղամարդիկ գոռում էին իրենց կանանց վրա, կանայք գոռում էին երեխաների վրա, երեխաները՝ ավելի թույլ երեխաների: Ալեքսին խորհուրդ էին տալիս ամուսնանալ, որ հիփոթեքով մի լավ տուն վերցնի: Հիմա դա էր սեր համարվում: Ալեքսը լուռ լսում էր, երեկոյան այցելում հոգեբույժին, առավոտյան՝ կրկին աշխատանքի:
Աշխատավայրում մի տեսակ նյարդայնություն կար:
Նրանք սովորել էին դպրոցում, հետո՝ համալսարանում, ձեռք էին բերել արժեքներ ու չափանիշներ, այժմ ունեին կայուն աշխատանք ու կայուն ընտանիք: Ամեն ինչ արվել էր ըստ կարգի, բայց երբեմն, մութ գիշերներին կամ արևածագին, Ալեքսին թվում էր, թե ոչ մի բան էլ կարգին չէր:
Նա շարունակում էր այցելել հոգեբույժին:
Տղամարդիկ ժամը մեկ դուրս էին գալիս ծխելու նյարդային ու ասում էին՝ համբերությունները չի հերիքում: Հաճախորդները գալիս էին բանկ ու բողոքում: Ալեքսն ու կոլեգաները սպասարկում էին հաճախորդներին, սպասում օրվա վերջին: Կոլեգաներով կանգնում էին դրսում ու զրուցում: Խոսում իրենց ընտանիքից, արժեքներից ու աչք ածում բոզերին:
Քսանինը տարեկանում Ալեքսն ամուսնացավ Մարինեի հետ, հիփոթեքով մի լավ տուն վերցրեց, ամեն օր գնում էր աշխատանքի, քնում ու արթնանում երբ պետք էր, հավատում էր այն ճշմարտություններին, որ տեսնում էր շուրջը: Ամեն ինչ անում էր ինչպես կարգն է:
Ժամանակի ընթացքում հարևանները նկատեցին դա ու դա նկատեցին շատերը:
Բոլոր հարևաններն ասացին՝ Ալեքսը բուժվել է: Ամռանը հավաքվեցին հին դասընկերներով ու վերջում նրանք շշնջացին՝ Ալեքսը բուժվել է: Նյարդաբանը ասաց, որ Ալեքսը բուժվել է: Վերջապես հոգեբույժն ասաց՝ Ալեքսն ապաքինվել է:
Բոլորն ասում են՝ Ալեքսը բուժվել է, բայց ես այդպես չեմ կարծում: Ես ալեքսենց շենքի ծառն եմ, արդեն հարյուր տարեկան: Ամեն ինչ տեսել եմ ու տեսնում եմ, չհաշված այն, ինչ ինձ պատմում են թռչուններն ու ցողը: Ու ես կարծում եմ, որ Ալեքսը չի բուժվել: Ընդհակառակը՝ նա միայն հիմա է հիվանդացել: Հիվանդացել է քաղաքակրթությամբ, համակարգով, կարծրատիպերով, հանգստությամբ, աշխարհով: Նա հիվանդացավ, դարձավ հերթական հիվանդը ձեր ախտոտ մարդկային աշխարհի, և այժմ, նրա աչքերը բոցավառվում են, ինչպես չը՛բռնկված կրակը մութ գիշերում: