Ելենա Այդինյան | Երեսուներկու

Երեսուներկու:
Երեսուներկու:
Երկար բառ է:
Ավելի երկար, քան տասներկուսն ու քսաներկուսը:
Տաս-ներ-կու: Երեք վանկ:
Քը-սա-ներ-կու: Չորս վանկ:
Ե-րե-սու-ներ-կու: Արդեն՝ հինգ:
Հետո քառասուներկուսը նույնպես հինգ կլինի:
Իսկ հետո հիսուներկուսն ու վաթսուներկուսը նորից չորս կդառնան՝ կարծես թափ հավաքելով
յոթանասուներկուսի վեցի համար:
Երեսուներկուսները տարբեր են լինում:
Լինում է երեսուներկու, երբ ճանապարհն արդեն գծված է:
Երբ արդեն որոշել ես,
Կամ քո փոխարեն որոշել են,
Կամ որոշել ես, որ այն, ինչ քո փոխարեն որոշել են, իսկական քեզ համար է:
Կամ քեզ համար չէ, բայց ավելի լավ չի լինելու:
Պլան Բ:
Իսկ լինում է երեսուներկու, երբ դեռ կանգնած ես խաչմերուկում:
Արդեն հինգ վանկերի բեռը ուսերիդ է, բայց մարմինդ դեռ չի զգում:
Դեռ թվում է, որ վանկերը կարևոր չեն:
Երեսուներկուս է լինում, երբ մտածում ես միայն մարմնիցդ դուրս պրծած մարդկանց մասին:
Երեսուներկուս էլ է լինում, երբ մտածում ես՝ եթե երբևէ մարմնիցդ մարդիկ դուրս պրծնեն, ի՞նչ ունես իրենց տալու:
Սեր կտաս:
Բայց սերը հերի՞ք է:
Կանգնած ես խաչմերուկում, բայց զգում ես, որ խաչմերուկը փոխվում է:
Առաջվա մարդիկ կերպարանափոխվել են, պնդացել են ընկույզի նման, շարժումները դանդաղել են:
Որովհետև նրանց համար էլ կա երեսուներկու, երեսունվեց, երեսունութ…
Ու իրենց երեսուներկուսից հասկանում ես, որ ինքդ՝ խաչմերուկում կանգնած, թույլ ես տվել, որ երեսուներկուսը պարզապես սահի մոտովդ, քեզ հրելով անցնի. դու իր հետ չես եղել, իր մեջ չես եղել:
Կա երսուներկու, որ մարմնիդ վրա դաջում է երեսուներկուսից յուրաքանչյուրը: Դեմքդ դարձնում է երեսուներկու, լուրջ, գործունյա կամ մտահոգված երեսուներկու:
Երեսուներկուս էլ կա, որ պատյանդ խղճում է, ու այն դրսից քսաներկուսի տեղ են դնում:
Բայց որ երեսուներկուսի մասին իմանում են, կիսահիացմունք, կիսակարեկցանք են ապրում: Կարծես մտածում են, որ ինչ-որ բանից ուշացել ես:
Ափսոս՝ ուշացել ես:
Իսկ դու չես զգում, որ ուշացել ես: Թմրած նայում ես շուրջդ, տեսնում ես՝ ինչպես է շուրջդ մեջդ դատարկում:
Երեսուներկու կա, որ ծայրահեղ հույզեր այլևս չի ապրում: Տեղավորվել է հույզերի թույլատրված շրջանակի մեջ:
Երեսուներկուս էլ կա, որ հույզը քեզ աստառի կողմն է շրջել, բայց դու մտածում ես, որ վերջին անգամն է:
Եվ երեսուներկուս էլ կա, որ աչքիդ առաջ փոխում է քարտեզը, քայքայում այն սահմանները, որ քեզ անսասան էին թվում: Ու հասկանում ես, որ սահմանը սահմանում է. դու ինքդ սահմանով էիր սահմանված:
Սահմանը անհարցադրելի էր թվում, տրված էր, հաստատուն էր:
Սահմաններն էլ են ունենում երեսուներկու, վաթսուներկու, ութսուներկու:
Գերմանիայից անցնել Շվեյցարիայի սահմանով երեսուներկուսի համար ֆիզիկական տեղաշարժ է նշանակում, ութսուներկուսի ու նրա ծնողի համար՝ փրկություն:
Երեսուներկուսը չի հիշում, որ սահմանը կարող էր այլ լինել:
Գիտի, բայց չի հիշում:
Նախորդ սահմանների փլվելու ժամանակ գիտակից չէր:
Հետո իմացավ:
Իր շուրջ սահմանները քայքայվում են, իր գլխում՝ պնդանում:
Ու ինքը, կարծես, չկա:
Կորած է ժամանակների միջև:
Կանգնած է դարպասի մոտ, փորձում է այն բաց պահել, բայց անցուդարձի մեջ չէ:
Դռներն է պահում:
Ժամանակը ետ ու առաջ է անում նրա մոտով: Ինքն էլ իր հինգ վանկերն է կրում:
Ու կանգնելու է այնտեղ, մինչև որ պատը կփլվի նրա վրա:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *