Խաչիկ Գրիգորյան | Հոգվույս թևանիկներ

Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյանի

***
Նախշավոր քո զգեստը
մոլախոտերին ու եղինջներին խոնարհում է մերկ ծնկներիդ առաջ,
սա տեսնում
և նվաստանում է քամին,
և ծարավում է անանձրև ամպը,
և բնությունը լվանում է ձեռքերը՝
թոթվելով ցողերը
ծաղկուն կրծքերիդ երաշտ ճոթերի վրա.
այդ ո՞վ ես դու,
որ մոլախոտերն ու եղինջները
սկսել են անիծել իրենց սեփական ծնունդը,
իսկ սրբագործ բնությունը,
բան ու գործը թողած, անվերջ լվացվում է
ծաղկուն կրծքերիդ երաշտ ճոթերի վրա։
Ես քեզ համար կերպաս եմ գնել՝
ամբողջ աշխարհը գահընկեց անելու համար։

 

 Տարակուսանք

Երբ շրթներկդ թարմացնելու կգնաս,
ես թաքուն հետաքրքրությամբ
աչքերիս կդնեմ
սեղանի վրա մոռացած օպտիկական ակնոցդ
ու կտխրեմ՝ սրճարանի պատուհանից դուրս նայելով։
…եթե սրա միջոցով գովում ես իմ թարթիչները,
ես ինչո՞ւ եմ շրթներկդ այդքան լղոզված տեսնում։

 

***

Բաժակների ցամքած հատակում
մնացած լիմոն. քոնն է,
սև սուճի ճաքճքած մրուր, որ իմն է։

Դու մատներովդ կավիրես մրուրե պատկերը՝ չնայված բախտս,
փրփրաջրին կլուծես դառնահամ մրուրը,
կպլպլացնես, կչորացնես.
մի՞թե այսպիսով շան բախտ չես բացի իմ համար.
տեղ֊տեղ եղունգներիդ տակ մնացած անտանելի մրուրը
դու շատ տանելի ես համարում։
Բաժակիդ հատակում խեղդված լիմոնը քաղցր համ ուներ։

 

***

Դաշնամուրիս պատմել եմ իմ խանդի մասին.
Նա լուռ գաղտնությամբ լսել ու երգել է։
Քո թավջութակի աղեղը մի՞թե բզիկ֊բզիկ չի եղել…
դաշնամուրս վշտակից է թավջութակիդ։

 

***

Անաստված մարդ է,
այս անգամ մի քիչ շատ է խուզել մազերդ,
ու՞մ ես վճարել, որ հատակից ավլեն ցիրուցան մատնահետքերս։

 

***
Մատներիս արանքում՝ ծխախոտ
մտքումս՝ չծխելու հրաման.
Ես ենթակա չեմ։
Թոքերումս դղրդյուն
Գրպանումս դատարկ տուփ
Ներսումս՝ ամոթ՝
ավելի վնասակար, քան ծխելն է։
Հայացքդ առողջություն է,
համ, բույր․
համբույր՝
խեղդվելով էլ լինի։
քո լռությամբ դու գնալով մոխրամանից էլ օրինակելի կդառնաս։

 

***
Սերենադ չերգվեց քո համար,
միևնույն է, դու ես Երևանի սիրուն աղջիկը,
զգուշավոր եմ, որովհետև
քո տունը պատշգամբ չունի,
որ քեզ նեղացնեմ՝ ի՞նչ պիտի անեմ։

 

***
զանգ առաջին

կբացեմ տանս դուռը,
ծիր կաթինոտ ոտքերդ չմաքրես ներս գալուց.
տանս օրհնություն է պետք…

զանգ երկրորդ

դու կլսես անկիրք գուդոկները,
ես կհասունացնեմ մեր զրույցի սպասումը.
միշտ է սպասումը խորհրդավոր ու գեղեցիկ։

զանգ երրորդ` ժամերգության
ես կխաչակնքվեմ
ու ես տեր կլինեմ
իսկ դու՞

 

***

Մեկ էլ թե՝ կոշկակար դարձա…
ես կկողպեմ կրպակիս դուռն ու ներսից կասեմ․
«փերիները բոբիկ են ման գալիս»
սպիտակ, մարմարե շղարշով կհագցնեմ մարմինդ՝
թե դերձակ դարձա։
Թե վարսահարդար դարձա՝ կհյուսեմ վարսերդ
ու կդասեմ հին հայկական աստվածուհիների շարքում, որպես՝ հավատքի։
Ինչ-որ զարդախանութից քո ընտրած զարդը թե լինեմ,
քո ճերմակ ու փափուկ պարանոցին անարտաշունչ փայլ կշնչեմ միայն…
կամ թե լինեմ այդ զարդախանութի հասարակ վաճառականը,
գուցե հետաքրքրվե՞մ պարանոցովդ որպես զարդ։

Քեզ մնում է շղարշով պատվել,
մերկացնել ոտքերդ,
հյուսել մազերդ.
իսկ ինձ ի՞նչ է մնում, եթե ոչ՝
պոկել զարդախանութիս ազդագիրն ու
թանգարան կառուցել։

 

***
Մտովի ազատ արձակված այդ երկու ճերմակիկները
աստծո ականջին
ինչ ասես, որ չեն փսփսում։
Աստված կրակն է ընկել.

Մենք երբեք չենք մնում անպատասխան,
անարձագանք չենք մնում,
չէ՞ որ հավատում ենք…
և միտքը, որ մեր երկու աղունիկները թռչում են և վերջ,
պատկերացրու՝ մեր սիրո մասին վերևներում ի՜նչ լեգենդներ են պատմում մենք֊ի կատարելության մասին
և տանիքը, որի բառասկզբում շուտով կավելանա «ընդ» մասնիկը,
ինձ մեծ պատրաստության է տանում
փորձառու աղավնապահ դառնալու,
սուլելու,
ծափ տալու
թռվռալու։

աստված չթողնի՞ գնա։

 

***
Երբ լռում եմ, իմ փոխարեն երգում են մեր երգերը.
ու ես հանգիստ եմ…
երբ փակում եմ աչքերս,
մթի մեջ վառվում են մեր անցնելիք ճանապարհների լապտերները.
ու ես հավատում եմ…
երբ օդս չի հերիքում, ես ծաղկավաճառի դիմաց շնչում եմ քեզ համար ընտրած ծաղիկների հոտը.
ու նույնն եմ մնում…
երբ մենակ եմ, ես կանչում եմ մեր աղունիկներին եւ աղոթում եմ…
ու դու գալիս ես…
ու ես մենակ չեմ…
դու միշտ սպասում ես, երբ ես հեռու եմ․
-Ես ամենամոտն եմ Քեզ։

 

***
Վերեւի մի ամբողջ տիեզերքը քեզ խոստովանքի կուղարկեմ,
աստղերը կպատմեն քո հանդեպ իմ պաշտամունքի մասին
ու դու քեզ հաղթած կհամարես արեւից.
երկրի չորս տարրերը, լավ, մի ամբողջ բնություն մեզ ամենամոտն են պահում իրար։
իմ քաղցրի միակ պակասը դու ես…
սպասում եմ մի տոպրակ` Քեզ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *