Հովհաննես Գրիգորյան | Սահմանաբաժան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մի տեսակ խառնվել է ընթացքը պատմության,
և մեկ արագանում, մեկ էլ դանդաղում է պտույտը
երկրագնդի.
և սկսում ես լրջորեն կասկածել` չլինի՞ թե
երկնային համակարգիչն է
վարակվել վիրուսով,
և խառնվել են ծրագրերն անհուսորեն –
ձմռան կեսին անձրևներ են տեղատարափ
ձյան սովոր երկրներում,
իսկ այնտեղ, ուր ձմեռ չի եղել երբևէ,
արդեն քանիերորդ գիշերուզօրն է ինչ ձյուն է տեղում
անպարկեշտ առատությամբ…
Գետերը կորցրել են իրենց հուները դարավոր
և հոսում են քաղաքների ոչ միայն արվարձաններով, այլև
մայրուղիներով կենտրոնական` խախտելով
փողոցային երթևեկության կանոնները տարրական,
և նույնիսկ կանգ չառնելով լուսաֆորի
կարմիր ազդանշանի առաջ…
Չենթարկվելով բոլոր օրինաչափություններին, իրար
ետևից աշխարհը ցնցում են հարյուր տարվա համար
նախատեսված երկրաշարժերն ահավոր` մեկ
հարթավայրերում աշխարհի մի ծայրի և մեկ էլ
լեռնոտ ու աղքատ մի երկրում, որտեղից որտեղ
հայտնաբերելով այն աշխարհի մի խուլ անկյունում…
Շփոթահար են հատկապես սոցիոլոգները, ի հեճուկս
որոնց մարդկությունն սկսել է խառնիխուռն բազմանալ
և այնպիսի արագությամբ, որ շուտով, հատկապես
Չինաստանում և Հնդկաստանում, մարդկային բազմության
կուտակումներից և խցանումներից մայթերն ազատելու համար
ստիպված են լինելու մարդկանց պարտադիր
համարակալել ավտոների նման, և մի օր թույլատրել
կենտ համարներին դուրս գալ տանից,
հաջորդ օրը` զույգ… Սակայն
խնդիրն այն է, որ այդ մարդկանց զգալի մասը և
հատկապես կենտերը, անտունիներ են` ծնվում,
հասունանում և ընտանիքավորվում են բաց
երկնքի տակ, պարզապես փողոցներում, և նրանց
տանից դուրս չթողնելու համար նախ պետք է
ապահովել բնակարանով, գոնե մեկ սենյականոց,
թեկուզ և առանց կոմունալ հարմարությունների…
…Սակայն ամենասարսափելին այն է, որ մարդկանց
մի փոքրիկ խումբ մեր բոլորի աչքի առաջ
հարստանում է կատաղի արագությամբ և ուշ չէ այն օրը,
երբ նրանցից մեկը,թերևս գարնանային մի գեղեցիկ
առավոտ, փոխանցումով, բայց առավել
հավանական է` կանխիկ գումարով կգնի
բոլոր մայրցամաքներն
իրենց կղզիներով ու թերակղզիներով, հրվանդաններով
ու նեղուցներով, գետերով ու լճերով,և օրինական կարգով
ու դատական կատարածուի օգնությամբ,
չուլուփալասները կտա շալակներս ու հաշվի չառնելով
կենտ ես թե զույգ,
ռադ կանի բոլորիս մոլորակից մեր հայրենական…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *