Հովիկ Մխիթարյան | Տասնութամյան


Արթնանալով, առաջին պահին չհասկացավ, թե որտեղ է: Մահահոտ լռություն էր: Այդպիսի լռություններն էին նախորդում կամ հաջորդում ռմբակոծությունը: Մինչ ռմբակոծությունը լռությունը մահվան անհայտություն էր գուժում, ռմբակոծությունից հետո` մահվան իրականությունն էր հառնում: Արագ թոթափեց երազները… 10 տարեկան էր ու հեծանիվ էր քշում բակում: Իր ետևից մեծահասակներ էին ընկել ու փախչում էր, ինչքան ուժ ուներ պտտելով հեծանիվի ոտնակները… հանկարծ վայր ընկավ: Այդ հարվածից մարմինը ցնցվեց ու նա արթնացավ: Իրականությունը վերադարձավ մթնշաղի խորհրդավորությամբ ու միայնության սարսռեցնող զգացումով: Շարունակելով ձեռքերի մեջ պահել ամուր գրկած ավտոմատը, նա արագ ոտքի կանգնեց: Քնել էր` առանց բաց թողնելու զենքը: Մարմինը ջարդվում էր խոնավ գետնին պառկելուց: Նայեց շուրջբոլորը. միայնակ էր: Ընկերնե՜րը չկային: Հեռացե՞լ են, չնկատելով իր բացակայությունը… Առաջին պահին նա վախ զգաց, սակայն արագ կողմնորոշելով ու հիշելով թե որտեղ է` տասնութամյան վճռեց հետագա գործունեության ողջ ծրագիրը: Ծրագիրը բարդ չէր` արագ հասնել որևէ դիրքի և պարզապես կենդանի մնալ: Տարածքը ծանոթ էր: Այստեղ մարտեր են մղել ու ստիպել հակառակորդին փախուստի դիմել: Հաջորդ մոտակա դիրքից բավականին հեռու է: Եթե ռիսկի դիմի, փորձի զարտուղի, սակայն ավելի կարճ ճանապարհներով հասնել մոտակա դիրքերին, շատ վտանգավոր է: Մի փոքր շեղում և կարող ես հայտնվել թշնամական տարածքում ու գերի ընկնել: Անկանխատեսելի այս պատերազմում ընդամենը մի քանի ժամում երբեմն դիրքի փոփոխություններ են տեղի ունենում: Նա արագ ճանապարհ ընկավ: Մթությունն իր օգտին էր: Բոլոր դեպքերում կփորձի քայլել անտառին մոտ ճանապարհներով, հնարավոր վտանգների դեպքում այնտեղ թաքնվելու համար…Քայլում էր քարքարոտ ճանապարհներով, մտքում երգելով: Քայլում էր հնարավորինս արագ, առանց հանգստանալու, փորձելով հասկանալ, թե ինչպես եղավ, որ ընկերները չնկատեցին իր բացակայությունը: Նա քայլեց մինչև լուսաբաց, շրջանցելով կասկածելի տարածքները: Շատ ցուրտ չէր, իսկ քայլելը հաճելիորեն տաքացնում էր: Միակ տհաճությունը ճանապարհին թշնամիներին հանդիպելը կլիներ: Ուտելիքը նվազագույնն էր, որ մտահոգում էր նրան: Լույսը համարյա բացվել էր, երբ լսվեցին հրանոթների համազարկները: Դա չվախեցրեց նրան, որովհետև միայնակ զինվորին հազիվ թե մոլորված արկ գտներ: Դա դեմ էր պատերազմական կանոններին: Մի փոքր էլ քայլեց, երբ մոտակա ձորակում հանկարծ մարդկային անսպասելի շարժ նկատեց: Նա զգուշորեն թաքնվեց ծառերի ետևում և փորձեց աննկատ ետ գնալ, թաքնվել առանց կտրուկ շարժումների: Եթե մտներ անտառ, կմոլորվեր վերջնականապես: Հանդարտ սողաց առաջին իսկ մեծ փոսի մեջ: Ուրիշ տարբերակ չէր մնում բաց տեղանքում: Նկատեց դեպի իր կողմը եկողներին… այդպես էլ կար` թշնամական համազգեստով, ոչ մեծ խումբը դեպի իրեն էր շարժվում. կլինեին 5-6 հոգի: Եթե անցնեին առանց իրեն նկատելու, շատ անախորժություններից կխուսափեր և մարտի չէր բռնվի, ավելի լավ թե՛ իր և թե՛ նրանց համար: Նա սսկվեց և ուշադիր հետևում էր նրանց յուրաքանչյուր շարժին: Միայն պատահականությունը դեպի իրեն կբերեր նրանց… Այդ պատահականության անունը բնական պետք էր: Թշնամու զինվորները միզելու այլ տեղ չգտա՞ն… առաջինը շեղվեց խմբից և դանդաղ քայլեց դեպի իր կողմը, հենց այնտեղ, որտեղ ինքն էր. մնացածներն ավելի դանդաղ հետևեցին նրան… Տասնութամյան ընտրեց ամենահարմար դիրքը: Իր առավելությունը նրանց հանկարծակիի բերելն էր: Եթե միայն չտարածվեին, կկարողանար բոլորին միասին դիմավորել: Նա հարմարեցրեց զենքն ու լարված սպասում էր: Առաջինն արագ էր մոտենում, մյուսները` դանդաղ: Լսում էր սրտի զարկերը: Լարված մատներն ամուր սեղմված էին ձգանին: Այսքան մոտիկից դեռ թշնամի չէր տեսել: Սա իր առաջին դեմ-հանդիման մարտն էր լինելու, հետևակի միայնակ մարտ վեց հոգու դեմ: Միգուցե` վերջին մարտը: Նրա վերջին հույսն էլ մարեց, երբ տեսավ ուղիղ դեպի իրեն եկող զինվորին: Այս փոսն ամենահարմա՞րն էր կարիքները հոգալու համար… զինվոր, ուրիշ տեղ չգտա՞ր միզելու համար… Նա մի անգամ էլ ստուգեց զենքը: Ամենաճիշտը արագ ոտքի կանգնելը և դիմահար կրակելը կլինի, ընդ որում սխալվելը, վրիպելը հավասարազոր է մահվան: Մնում էր մոտ 20 մետր: Տասնութամյան աննկատ բարձրացրեց գլուխը, իրեն չէին նկատում: Երբ մնում էր մոտ 15 մետր, նա նշան բռնեց և կրակահերթ բաց թողեց ոչինչ չկասկածող զինվորների վրա, ովքեր գոռացին և փորձեցին փախչել, սակայն բաց տեղում էին և հեշտ չէր փախչելը… Ինքն էլ գոռաց և շարունակեց կրակել… առաջիններն ընկան մեկը մյուսի ետևից: Երկուսը, որ ավելի հեռու էին, վազեցին ինչքան ուժ ունեին դեպի մոտակա անտառը, զգալով մարտի անիմաստությունը… Տասնութամյա Արմանը չզբաղվեց փախածներով, իմաստ չուներ ավելորդ վտանգների դիմել: Արագ մոտեցավ ընկածներին: Երկուսը զոհվել էին, երկուսը կենդանի էին… Նա ավտոմատն ուղղեց դեպի սարսափահար իրեն նայող թշնամիները: Կենդանի մնացածներից մեկը մոտ 40 տարեկան սպա էր, մյուսն իր տարիքին էր: Նրանք միանգամայն անպաշտպան ընկած էին գետնին ու տնքում էին: Արագ հեռացրեց, ապա վերցրեց նրանց զենքերը: Ինչ պետք է աներ նրանց հետ, չգիտեր. դեռ երբեք այսպիսի իրավիճակում չէր հայտնվել… Շվարած կանգնել էր, չիմանալով անելիքը: Ո՞վ կհուշեր իրեն ինչ անել… -Ես բոլորովին չեմ կրակել, միջնորդ լեզվով, հանկարծ արագ արագ, շուտասելուկի նման վրա տվեց երիտասարդը, – ստուգի ավտոմատը, չեմ կրակել, խնդրում եմ մի սպանի, ես կռիվ չեմ ուզում… նրա սարսափահար աչքերում արցունքներ հայտնվեցին: Իր տարիքի տղա էր, մանկական դեմք ուներ ու սարսափահար աչքեր… ձեռքն ու ոտքն էին վնասվել կրակոցից, հանդա՜րտ հոսում էր արյունը: Մտքում փայլատակեց, թե ինչ ուրախությամբ են տանեցիներն այս տղային ճանապարհել բանակ, բարի վերադարձ մաղթել, ու սպասում են վերադարձին: Սրա համա՞ր էին ճանապարհել ծնողները, որ ամայի դաշտում, վիրավոր ու անպաշտպան, հայտնվի հակառակորդի ավտոմատի փողի տակ… -Ի՞նչ գործ ունես այստեղ, ինչի՞ համար ես եկել – հարցրեց, մի բան ասած լինելու համար, մինչև կհասկանար, թե ինչպես վարվի: -Ե՞ս… տնքաց վիրավորը, – չգիտեմ… -Սիրած աղջիկ ունե՞ս, – հարցրեց նա իր հասակակից վիրավորին, մտքում հազար ու մի որոշումներ մտմտալով: – Ունեմ,- ասաց տնքալով, – ես ֆուտբոլիստ եմ… – հետո, չգիտես ում դիմելով, հառաչեց. – ցավում է… -Ես էլ սիրած աղջիկ ունեմ, համարյա մեկ տարի չեմ տեսել, ինձ է սպասում, – չգիտես ինչու ասաց Արմանը, և ծնկի գալով սկսեց ուսումնասիրել թշնամու վերքերը: Ձեռքը, որ պետք է գրկեր իրեն սպասող աղջկան, վնասված էր… ոտքի վիճակն ավելի լուրջ էր. մոռացի տղա, ֆուտբոլ խաղալը: Նա նայեց տարեց զինվորին: Սպա էր… Սա լարված իրեն էր նայում: Որովայնից էր վիրավորվել: Իրեն հառված ապակյա աչքերում սարսափն էր անշարժացել, ապրել էր ուզում: -Հը՞, – նյարդային բղավեց Արմանը: Ինքն էլ չգիտեր ինչ է ուզում և դրանից ավելի էր լարվում: Ի՞նչ անի սրանց հետ: Հիմա, երբ իրեն վտանգ չի սպառնում, անօգնական ընկած թշնամիների տեսքը միայն խղճահարություն էր առաջացնում: Անսովոր զգացողություն էր` առաջին անգամ բղավեց սպայի վրա: -Զինվոր, ընտանիք ունեմ, չսպանես, խնդրում եմ, – աղերսեց սպան, – նկարները գրպանումս են: Ապա արագ, արյունոտ մատներով դժվարությամբ հանեց նկարները` կինն ու երկու երեխաներն էին… տանջահար, մահվան սարսափն անկյանք աչքերում սպան անթարթ իրեն էր նայում: Այդ տարեց, հասուն սպան ու տղամարդը կյանք էր աղերսում իրենից… տասնութամյա տղայից, ով սիրում էր հեծանիվ քշել ու գրկել Անահիտին, ով սիրում էր աշխարհն ու մարդկանց, ով սովոր չէր առանց մարտի, դիմահար մարդ սպանել: Ու ով սպասում էր այն օրվան, երբ տուն կվերադառնա ու կազատագրվի այս պատերազմի մղձավանջից: Իսկ այս սպա՞ն, տուն կվերադառնա՞ արդյոք նա, եթե… Նա կռացավ, վերքը խորն էր, սակայն ոչ մահացու, միայն արյունահոսության վտանգ կար: Ապա ոտքի կանգնեց մտամոլոր ու շվարած: Հարկավոր էր շատ արագ որոշում ընդունել: Վիրավորները տնքում էին և լարված իրեն նայում: Նա ցույց չտվեց իր հուզմունքը, ոչինչ չասաց, միայն մտքում անիծելով իրեն ու իր բախտը, իր իմացած գիտելիքներով կապեց երկուսի վերքերն էլ, խլեց նրանց հնարավոր բոլոր զենքերը. հեռախոսները վերցնելիս երկար մտածեց: -Աղջկան կասես` շնորհակալություն հայտնի մեկ ուրիշ զինվորի, որ քո պատվին խնայեց ընկերոջդ կյանքը: Ու հանկարծ բարկացած ավելացրեց. – կգնաս տուն ու հագուստդ կհանես, էլ զինվոր-զինվոր չխաղաս, հասկացա՞ր: Ֆուտբոլիստ չգիտեմ, բայց գոնե մրցավար կարող ես աշխատել, կամ ծայրահեղ դեպքում` մեկնաբան: Ասելիքն ավարտելով Արմանը նկարդային ծիծաղեց, ինքն իր սրամտությունից գոհ: -Խոստանում եմ, – դժվարությամբ ասաց երիտասարդ զինվորը: Արմանը շրջվեց դեպի տարեցը. -Կասես երեխաներիդ` որ մի տասնութամյա զինվոր խնայեց ձեր հոր կյանքը: Ու նորից հիստերիկ բղավեց. -Լսի ծերուկ, քո նման երեխաներ ունեցողների՞ն ես եկել սպանելու, ես քո տղայի տարիքին եմ համարյա: Այս ասելով, հազիվ զսպելով իրեն, նա մի կողմ տարավ ավտոմատի փողը և ասաց. -Կորեք ձեր տները, ձեր կռիվն ավարտված է: Երկրորդ անգամ ներում չի լինելու: -Խոստանում եմ, լավ տղա, – մի կերպ արտաբերեց սպան… Արմանը տեսավ տարեց թշնամու թրջված հագուստը. տակն էր միզել: Իսկ տանը կպատմի իր առասպելական մարտերից, թե ինչ անվախ էր ինքը ու ինչ մարտեր էր մղում: Երբ մի անգամ էլ նայեց տարեցի աչքերին, սա փախցրեց հայացքը… Տասնութամյան մի անգամ էլ ստուգեց պայուսակները, համենայն դեպս, հանկարծ թաքցրած զենք չլինի՞… հավի ճաշի պահածո գտավ, որ շատ էր սիրում… մնացածները չէին հետաքրքրում: Սկսեց ուսումնասիրել, ծանրութեթև անել, վերցնե՞լ թե՞ ոչ պահածոն: Հարցական նայեց վիրավորին, մոռանալով պատերազմական կանոնները… -Վերցրու, – թույլ ժպտալով ասաց երիտասարդը, – ես էլ եմ շատ սիրում: -Միայն մեկն եմ վերցնում, – ասաց 18-ամյա Արմանը, ցույց տալով պահածոյի տուփը: – Մինչև տեղ կհասնեմ, իսկ դուք սովից չեք մահանա: Նա արագ հեռացավ, այլևս բոլորովին ցանկություն չունենալով տեսնել կամ լսել նրանց: Կքել էր ավտոմատների ծանրության տակ: Զգուշորեն, անընդհատ նայելով շուրջբոլորը, քայլեց ևս մի քանի կիլոմետր: Գիտեր արդեն, թե որտեղ է մոտակա դիրքը, ծանոթ տարածքներ էին: Ահա վերջապես իրենց դիրքերը: Միայն թե իրեն թշնամու տեղ չդնեին ու չկրակեին: -Տղե՜րք, ձերոնցից եմ, չկրակեք, – հեռվից բղավեց տասնութամյան, ավելի արագացնելով քայլերը: -Մեր լեզվով հայհոյի, որ հավատանք, – պատասխանեցին դիրքերից: -Դե կորեք, – ասաց անզուսպ, հիստերիկ ծիծաղով… նա անսովոր նյարդային լարվածություն ու միաժամանակ տարօրինակ թեթևություն էր զգում: Ապա վազելով գլորվեց խրամատի մեջ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *