Ամսագրերից դատելով` մեր ժամանակը բնորոշող գերխնդիրները երկուսն են` համակարգիչների հարձակումը
և երրորդ աշխարհի մտահոգիչ առաջընթացը: Իսկապեսս այդպես է, ինքս եմ համոզվել:
Նախորդ օրերի իմ ճամփորդությունը կարճատև էր` մեկ օր Ստոկհոլմում և երեք օր Լոնդոնում:
Ստոկհոլմում ես ժամանակ ունեցա շատ էժան գնով ծխեցրած հսկայական սաղմոն գնելու: Սաղմոնը կոկիկ փաթեթավորված էր, բայց ինձ ասացին, որ եթե ես ճամփորդում եմ, ապա ավելի խելամիտ կլինի այն որևէ սառը տեղում պահել:
Ասելը հեշտ է:
Բարեբախտաբար, Լոնդոնաբնակ իմ հրատարակիչը հյուրանոցում շքեղ համար էր պատվիրել և այնտեղ, բարեբախտաբար, բար-սառնարան կար: Երբ արդեն հյուրանոցում էի, այնպիսի տպավորություն ստացա, կարծես դիվանագիտական առաքելությամբ Պեկինում էի գտնվում: Հյուրանոցի նախասրահում Բոքսերների ընդվզումից փախած և իրենց ուղեբեռների վրա ծածկոցներով փաթաթված փախստականների ընտանիքներ էին քնած…
Հյուրանոցի աշխատողներից, որոնք, ի դեպ, բոլորը հնդիկներ ու մալազիացիներ էին, փորձեցի որևէ տեղեկություն կորզել: Նրանք ասացին, որ հենց նախորդ օրը այդ մեծ հյուրանոցը համակարգչային սիստեմ էր տեղադրել, որը անմիջապես երկու ժամ հետո վթարի էր ենթարկվել սխալ շահագործման պատճառով: Ուստի անհնար էր պարզել, թե որ սենյակն էր ազատ և որը` զբաղված: Ստիպված էի սպասել:
Երեկոյան մոտ համակարգիչը վերջապես վերանորոգվել էր, և ինձ հաջողվեց մտնել իմ սենյակ: Խիստ անհանգստացած` ես ճամպրուկիցս հանեցի սաղմոնը և փորձեցի գտնել բար-սառնարանը: Սովորաբար հյուրանոցների բար-սառնարաններում լինում է երկու գարեջուր, երկու հանքային ջուր, ոգելից խմիչքի մի քանի փոքրիկ շշիկներ, մրգահյութ և մոտ երկու տուփ ընդեղեն: Մինչդեռ իմ հյուրանոցի հսկայական բար-սառնարանում կար հիսուն շիշ վիսկի, ջին, Դրամբուե, Կուրվուազիե, Գրան Մարնիե և Կալվադոս, ութ շիշ Պերիե, երկու շիշ Վիթելուազ և երկու շիշ Էվիան, երեք միջին մեծության շամպայն, մետաղյա շշերով տարբեր տեսակի Ստաուտ, Պալե Ալե, հոլանդական և գերմանական գարեջրեր, իտալական և ֆրանսիական սպիտակ գինիներ, գետնանուշ, աղի ձողիկներ, նուշ, շոկոլադե սալիկներ և Ալկա Սելտզեր: Ու սաղմոնի համար այլևս տեղ չկար:
Ստիպված բար-սառնարանի ամբողջ պարունակությունը տեղափոխեցի պահարանի երկու տարողունակ դարակների մեջ, սաղմոնը տեղավորեցի սառցարանում և սկսեցի զբաղվել իմ գործերով: Հաջորդ օրը, երբ ժամը չորսին վերադարձա սենյակ, սաղմոնը սեղանի վրա էր, իսկ բար-սառնարանը կրկին թարմացված էր այս անգամ նույնիսկ ծայրահեղ թանկարժեք ապրանքներով: Բացեցի դարակները և տեսա, որ նախորդ օրվա ամբողջ թաքցրածս դեռ նույն տեղում էր: Զանգահարեցի հյուրանոցի ընդունարան և զգուշացրեցի, որ եթե սառնարանը դատարկ է, ապա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ սպառել եմ, այլ պարզապես սաղմոնը տեղավորելու համար դրա պարունակությունը տեղափոխել եմ դարակների մեջ: Ինձ պատասխանեցին, որ այդ մասին հարկ էր տեղեկացնել կենտրոնական համակարգչի օպերատորին և միայն գրավոր, քանի որ անձնակազմի մեծ մասն անգլերեն չի խոսում և անգլերենով ձայնային հրահանգներ ընդունել չի կարող, ունակ է կատարել միայն գրավոր ցուցումներ: Բացեցի մնացած երկու դարակները և բար-սառնարանի պարունակությունը տեղափոխեցի այնտեղ: Սաղմոնս կրկին վերգտավ իր սառը կացարանը: Հաջորդ օրը ժամը չորսին սաղմոնը կրկին սեղանի վրա էր և արդեն կասկածելի հոտ էր արձակում: Սառնարանը պարզապես պայթում էր շշերից և շշիկներից, իսկ չորս դարակները ոգելից խմիչքների անօրինական խանութի չհրկիզվող պահարան էին հիշեցնում: Զանգ տվեցի հյուրանոցի ընդունարան, ինձ ասացին, որ համակարգիչը կրկին սարքին չէ: Իջա ընդունարան և փորձեցի իմ դեպքը բացատրել պարանոցի վրա մազերը պոչիկ կապած մի անձնավորության, որն ինձ հետ խոսում էր այն բարբառով, որը (ինչպես ինձ հետո բացատրեց մարդաբան գործընկերս), օգտագորվել էր Կեֆիրիստանում և միայն այն ժամանակ, երբ Ալեքսանդր Մեծը սիրո կամուրջներ էր նետում առ Ռոսաննայ:
Հաջորդ առավոտյան գնացի հաշիվը ստորագրելու: Մի աստղաբաշխական գումար էր:
Այդ հաշվից կարելի էր եզրակացնել, որ երկու և կես օրում ես սպառել էի հեկտոլիտրերով Վյով Քլիքոտի, տասը լիտր հազվագյուտ ածիկներ պարունակող տարբեր տեսակի վիսկիներ, ութ լիտր ջին, քսանհինգ լիտր Պերիեր և Էվիան, ինչպես նաև մի քանի շիշ Սան Պելլեգրինո ու այնքան մրգային հյութ, որ բավական կլիներ կյանքի կոչելու UNICEF-ի կողմից հովանավորված բոլոր երեխաներին:
Փորձեցի բացատրել, բայց պղպեղաբույսից սևացած ատամներով ժպտացող աշխատողը վստահեցրեց, որ դրանք համակարգչի ցուցմունքներն էին: Խիստ վրդովված՝ փաստաբան (avocato) պահանջեցի, սակայն ինձ մանգո բերեցին:
Հրատարակիչս խիստ զայրացած է և համոզված է, որ ես իսկական մակաբույծ եմ: Սաղմոնն արդեն ուտելու ենթակա չէ: Իսկ զավակներս ինձ ասացին, որ հետայսու խմելս պետք է չափավորեմ։
Իտալերենից թարգմանությունը՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի