Հրաչյա Բեյլերյան | Բանաստեղծություններ

Հրաչյա Բեյլերյան

Այստեղ, այս վայրում
դեղին է քամին,
որ մեր բիբերին ավազ է կախել,
խշշացող ավազ` որպես արտասուք:
Անապատի մեջ մահն է բնակվում:

Այստեղ, այս վայրում
կանաչ է քամին,
որ խցանել է ակունքները մեր
քարաքոսերով ու մամուռներով:
Մահը եղինջ է բիբերում աճած:

Այստեղ, այս վայրում
բողբոջ է տալիս մահն ինչպես քրտինք,
փռվում է մահը` որպես շամանդաղ,
սակայն ապրում է,
մի սիրտ է ապրում փշալարի մեջ:

 

***
Հեծկլտաց իմ ներսից գազան մի ընտանի –
Աչքերում հեռուներ։
Եվ արյուն էր ոթում ծաղիկն իմ բերանի,
Որ Բառ պիտի լիներ։

Թե թակոցներն հատու՝ դռներին մենության –
Տրոփն են իմ վերքի,
Էլ ո՞վ է հանդգնում բարբառել լռությամբ,
Լռել բառընդերքից։

Էլ ո՞վ է հանդգնում անէության մատնել
Այս մոլապարը հին։
Այսքան քարերի մեջ հիմա ինչպե՞ս գտնեմ
Ագռավաքարը իմ։

Թեև մենք հասու չենք՝ ճակատագիրը մեր
Ինչ թելից են մանում,
Նա, ով լույս է տվել, մեր լույսը խլելով –
Իրեն է թալանում…

Թող չճարվի կոկորդ. մեկ է՝ չի ընդհատվել
Դեռ Ձայնն անապատի։
Եվ նույնն են քարերը, որոնք պիտի նետվեն
Ու հավաքվեն պիտի…

Մի անհնար մորմոք խաղաղ կմեռանի –
Իմ ընդերքում գամված։
Թող որ արյուն ոթի ծաղիկն իմ բերանի –
Բառը – ի խաչ հանված։

 

ՁԱՅՆԸ

Նորից ձյուն է եկել,
աչքերիս սպիտակուցները ծեփել է
դաշտին:

Լուսին,
քո սառույցի տակից
ճառագում է սիրտդ` որպես
ոսկե խնձոր:

Հիմա,
ձյուներից հունցված մի ծաղիկ
կբացի իր սառցե ափը,
միջից կապույտ բոցով
ձայնը կհամբարձվի երկինք –
ու կխոցվի այնտեղ
մի թռչնակերպ աստղ…

 

ԽՈՀ

Անձրև կա աշնան կոպերում խոնավ.
Եղյամ է դրել մշուշը լուսնին:
Կեցության ծովում մարմինները` նավ –
Լողում են` թե երբ ով ուր կհասնի:

Օտար մի ձայն է հորդում անցյալից.
Գուցե անցյա՞լն է այդ ձայնից հորդում:
Մենք ազատում ենք անցյալը բառից –
Հուշերն ապրում են լուսնի ոլորտում:

Հասունանում են պտուղներն այդպես,
Չեն ուզում մնալ ճյուղերին գերի:-
Ծանոթ իրերը խորթանում են մեզ,
Կամ գուցե թե մե՞նք – ծանոթ իրերին:

Եվ մեզ լքում են բառերը ծանոթ.
Եվ մենք լքում ենք ծանոթ բառերին:
Մեր մարմինները` կավակերտ անոթ –
Պահում են ներսում արձագանքը հին:

Պահում են… Ու մենք դառնում ենք նորից
Աշնանը փարվող ծառեր վարանոտ,-
Ճերմակ սափորներ անցած օրերի,
Արձագանքների կավակերտ անոթ:

 

ԾՈՎ

Լողում է ծովում լուսնի մեդուզան
Փայլով լպրծուն:
Աստղաքորոցներն հասնում են ինձ ու
Մարմինս խոցում:

Կեղծ փայլերի մեջ գուցե ճշմարիտ
Լո՞ւյս է առկայծել:
Բայց ո՞վ է սփռել ջրերի վրա
Աստղերի խայծեր:

Իսկ ծովի խորքում գոյավորվում են
Բուստե այգիներ,
Ուր թափառում են ջրահեղձների
Անհայտ հոգիներ:

Նրանց վտառը ելնում է խեցու
Փեղկերի միջից:
Ծովն իր հառաչը հանձնում է բուստե
Լռության կիրճին:

Այնտեղ թաղված են արտա-գոյության
Ոլորտներ բազում,
Քանզի լույսը կար, եւ խաւար նմա
Ոչ եղեւ հասու:

Իսկ ալիքները փայլում են` ծեգի
Մատներին շարված
Եվ ափ են նետում ջրահեղձ մարմինն
Անցած գիշերվա:

 

ԳԵՏԸ

Գետը ճանապարհներ չի որոնում
և հոսում է բնազդի հունով
դեպի իր մանկությունը:
Գետը` կապույտ երակ ձմռան մարմնի վրա.
ձկների շնչառությունն է
նրա երկայնքով բարձրացող գոլորշին:

Երբ մառախուղը կամրջի տակով
իր ուռկանը քաշի`
ցանցի մեջ ճայեր կթպրտան,
ցանցի մեջ աստղեր կթպրտան
և մի սիրտ:

 

ԱՅԼԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մեր դեմքին իրենց աղն են թողնում
տարվա եղանակներն` անցած ու կրկնվող,
որպես օրվա լույս, որ հպվում է մաշկին
ու գծում այնտեղ հետքը ժամանակի:
Բայց գալիս է օրը,
լույսը պայծառանում է իր ներսից:
Ճերմակ հարթության մեջ բազմանում են
կույր թռչուններ` որպես հիշողության կորուստ,
որպես դիպվածներ, որ մեզնից անջատվել
ու գտել են իրենց բնակության սաղմը:
Ճանապարհներն այս են ու շավիղներն այս են,
որ մեր ափերի մեջ բանտարկել ենք ուզում,
երբ սեղմած ենք պահում բռունցքները:
Բայց ճանապարհները շարունակվում են մեր երակներով,
բայց շավիղները մազանոթների մեջ են թափանցում:
Եվ մեզ չնչին են թվում
մեր թողած բոլոր ոտնահետքերը,
քանզի հավատում ենք, թե մենք ենք
միացնում հուշը աստղի փայլին,
մառախուղը մթնոլորտ է բերում,
որ մենք շնչենք մի ուրիշ միջավայր,
իսկ ծիածանի շերտը հենց մեր ձայնն է,
որ թրթռում է անձրևի կտրվածքում:
Եվ մենք բնակություն ենք հաստատում
մեր ձայնի մեջ, ինչպես հայրենիքում,
այնտեղ թեթև է թողությունը` տերևի պես,
որ պոկվել է իմացության ծառից,
քանզի ինչ էլ լինի` մեր մեջ
հասունանում են ապրված օրերը` որպես պտուղ,
և ծառերին իջնում է մանրանկարչի աշունը,
նորից խիղճը դառնում է թափանցիկ,
լույսը` ոսկեջրած, և իրիկունը` պանծալի:

 

***

Երբ Մորփեոսը խուլ հառաչում է
Մոռացումների խոր անդունդներում,
Ժամանակի մեջ այլևս ոչ մի ակնթարթ չունենք:-
Հանգուցյալները պայծառատես են մեր երազներում:

Նրանք գալիս են, ինչպես մշուշի փաթիլն է գալիս,-
Դիմակների տակ մի գաղտնիք պահած` ցնորք-ժպիտով:
Այդ փաթիլները հիշատակներ են դառն ու խնկելի,
Եվ չկա անցյալ, և չկա հետո…

Գետնաքարշված ենք չորս տարերքներով, և վերջինը` բոց.
Մենք հայտնվել ենք մարդ-արարածի այսանենգ դերում:-
Լսվում է կրկին տիեզերական խորունկ մի տնքոց,-
Մնջանդորրն իրեն աշխարհ է բերում:-

Ի՞նչ է ակնարկում երազը` մուժի փաթիլի մեջ թաց.
Կա՞ այլուրեքից առաքվող ներում:
Եվ ո՞վ սթափվեց, և ո՞վ ընկրկեց, ո՞վ էր` սրսփաց,-
Հանգուցյալները պայծառատես են մեր երազներում:

Գալիս են այնպես, ճակատագիրն է ինչպես մեզ հասու
Ապտակով կենաց, այլ ոչ թե` հերքող:
Ինչպե՞ս հեկեկամ, երբ արցունքներս ի ներս են հոսում,
Եվ ես ասում եմ. «Տե՛ր, որդի՜ն եմ Քո»:

 

***
***
Գնա,
Մենակ գնա,
Դուրս եկ վրիպական
Սիրո այս փակուղուց

Ո՞ւմ անկումով ես փորձության
Մատնել ինքնությունդ,
Եվ ո՞ւմ սերն է,
Որ այսքան մահացու խայթ ունի:

Գնա,
Մենակ գնա:
Թող մշուշը հոշոտի
Ամիսն այս նոյեմբեր,
Եվ ծառերը դառնան իրենց մահարձանը:
Եվ շենքերը արվարձանի
Մառախլապատ լաթերի մեջ
Մանեկեններ դառնան առանց հովանոցի –
Նկարված աչքերով մանեկեններ,
Որոնք թեև սովորել են խոսել,
Բայց չունեն հիշողություն,
Թեև կոկիկ են հագնված,
Բայց զգեստի ներսում չունեն հոգի,
Որն ուզում է դուրս սպրդել
Վրիպական սիրո այս փակուղուց:

Գնա,
Մենակ գնա:
Եվ մի վերջին տերև ուղիղ դեպքի
Ջրափոսը կհամբարձվի:
Եվ շենքերը մառախլապատ արվարձանի
Կհամբարձվեն երկինք,
Որտեղից մի օր բեկվել են
Այս երկրային նոյեմբերի արցունքի մեջ:

Իսկ երկինքը –
Չունենալով համբարձվելու էլ ոչ մի տեղ –
Կհամբարձվի ուղիղ դեպի
Աստղաբույրը սաղմնավորվող,
Դեպի արյունը
Զառամյալ մշուշի
Դեպի նոյեմբերի մառախլապատ արվարձանը,
Դեպի անկումը, որով
Փորձության են մատնում ինքնությունդ,
Դեպի սերը, որը, սակայն,
Խայթ ունի մահացու…

Եվ երկինքը կհամբարձվի ուղիղ
Դեպի ծնունդը քո:

 

ԿԱՅԱՐԱՆ

Հակվում ես նկարագրության.-
Շուռ տված ճամպրուկի պեպենոտ մեջքին
Երեք երիտասարդ խաղաթղթերով
Ապտակներ են տեղում:
Սպասասրահի գմբեթի տակ ձայներն
Ուռչում են, ինչպես բաղնիքում:
Ժխորը ներծծվել է հորանջոցով:
Ծխի լեզուները հոսում են իրար մեջ,
Ինչպես դրսի մառախուղը, որ լիզում թ
Էլելտրասյուների, կամրջակների ու ռելսերի
Մետաղը` ցուրտ ու դառնահամ:
Հակվում ես խարհրդածության.-
Այս մառախուղը հպվո՞ւմ է այն խնձորենուն,
Որ քո մանկության բակում տնկեցիր մի օր,
Իսկ մի ուրիշ օր նրա պտուղով գայթակղվեցիր:
Դուրս ես գալիս կառամատույց:-
Մի երկաթուղային բանվոր ձեռքի մուրչով
Թփթփացնում է գնացքի ծնկոսկրերից ներքև,
Ինչպես նյարդերի բժիշկ,
Հետո լապտերով խցկվում է վագոնի տակ`
Հետևից քարշ տալով երեք ստվեր:
Մշուշի մեջ կայարանը` մի ուրվական,
Ու քաղաքը` մի ուրվական:
Մշուշի ծալքերում ժամանակը կոծկվում
Ու երբեմն առկայծում է լապտերասյուներից:
Ձեռքդ տանում ես ականջիդ.
Ժամացույցդ տկտկում է ցավող ատամի պես:-
Այս աշունը շատ ձգձգվեց
Երկարաշունչ ու տաղտկալի մելոդրամի նման:
Հակվում ես ընդհանրացումների.-
Կայարանից ձգվող բոլոր ուղիները
Նախօրոք գծվել են` որպես ճակատագիր
Ափերի մեջ մեր ձեռքերի:
Նրանք քեզ կհասցնեն` ուր էլ որ կամենաս,
Բացի այն վայրից, ուր մի մի օր թողեցիր
Ժանգոտ ու առակագրի պես իմաստուն
Մի վառարան ու ձեր զրույցները երկարաձիգ,
Թողեցիր աստղաբաշխության մի ձեռնարկ,
Որի մեջ սահմանվում էր գիշերն ըստ դիրքերի,
Թողեցիր լվացքի պարանը` սենյակով մեկ ձգված,
Որի վրա շարվում էր ճանճերի բազմակետը,
Խնամքով ծալված թողեցիր
Մի զույգ թևեր:
Հակվում ես խոստովանության.-
Արծաթաջրված էր քո խղճուկ քնարը հովվերգական:
Եվ դու ամեն օր դիտում էիր նախիրի
Վերադարձը, ինչպես հեռուստացույցը քո:
Հետո նայում էիր լիալուսնի ծաղկատար դեմքին,
Եվ ներհուն էր լույսը օրվա,
Օրհնյալ էին գիշերները, երբ ուղիղ քո
Գլխավերևում պսպղում էին սառցակալած
Ձնագնդերն աստղերի:
Հակվում ես համեմատության.-
Սա մի բնապատկեր է` քիչ փոփոխված.
Ահա մի թունավոր մարգագետին էլելտրական,
Որտեղ վագոնների նախիրն է արածում:
Եվ շոգեքարշը` մի պողպատյա ցուլ,
Որը նախիրի մեջ ծանր կանգնել ու որոճում է մուժ,
Ու ործկում է հոգեվարքի ճիչեր:
Բայց դու գիտես գինը նրա համբերության.-
Նա քեզ պիտի տանի, նա քեզ նախիրի հետ պիտի տանի`
Տարբեր կայարանների մեջ մաս-մաս բաժանելու:
Հակվում ես… Բայց շչակն է սուլում:
Ժամանակն է: Այլևս չես հակվում ոչ մի բանի:
ՍԱՂՄՈՍ

Ձյուներ է կրակում շամբուտը լճափին.
մայրամուտը երեք եղեգնիկ է այրում:
Չեչոտ գետաքարին արյան նման
բոցկլտում է մի կարմրախայտ.-
լուսին լողակավոր, լուսին թեփուկավոր,
շարժվող լուսին:

Դու այստեղ ես արդեն,
երեք աղբյուրներից ակունք առնող
գիշեր,-
քո հոսքի մեջ` հեռվում
ահա նշմարվում է լեռան աստղը`
քամուց կախված.
մառախուղը շամփրող երեք ճառագայթներ,
օշինդրի թանձր բույր:

Եվ մշուշի բրդից
ծնվում է գառը մատաղի.
ինչ զնգուն է նրա արյունը ալ:
Գիշեր, կապույտ է արյունդ,
թունդ է Սերը կամարներից ներքո:

 

ՇԱՐԺՎՈՂ ՀՈՒՇ

Երբ քո ձայնի իմացությամբ ես լեցուն,
Խաղաղությամբ ես բաժանվում օրերից,
Միանում ես մանկությանդ ոսկեձույլ,
Ետ ես բերում քո անունը բոլորից:

Այդպես ձայնդ մաքրվում է անցյալով.
Մի պսակ է իջնում նրա դողի մեջ:
Միտքն է տեսնում իրեն պատած լույսը պերճ`
Որպես աստղ, որ ապրում է իր փայլով:-

Որպես աստղ, որ իր փայլի մեջ իջել,
Որոնել է իր ուղեծիրը հանգած,
Երբ մոխրացնող ճառագայթն է ընդմիջել

Հայեցումը: Աստղը` ծաղիկ հեռավոր,
Հուշն է շարժվել ծաղկափոշու մեջ հանկարծ`
Որպես բացվող եզերքների ուղևոր:

 

 

ՔԱՅԼՈՒՄ ԷԻ…

Իսկ կարկուտից հետո,
երբ երկինքը դատարկվել էր
աստղերից,
ես քայլում էի գյուղում`
լուսնին թևանցուկ:

Ոչինչ իրական չէր,
բացի լռությունից,
որ այնպես ուզում էր
հաղորդակցվել:

Ահա մի գոյություն`
փետուրի պես թեթև,
մի ձեռք,
որ կախվել է մշուշներում,
մոխիրներում` բոցկլտացող
մի սիրտ:

Ինձ էլ ոչինչ, ոչինչ պետք չէ:
Գիշերը կհարթի իր ճանապարհը:
Կապրի ժամանակը:
Տևողությունը կլցվի իմաստներով:
Եվ մեկը կխելոքանա անշուշտ:

Երբ տուն վերադառնամ,
Վառարանիս միջից
ինձ հյուր կգա
քամին:

 

ՄԻԱՄԻՏ ԵՐԳ

Լիճը նայում է ձկան հայացքով.
Նախնական հոգին ջրերն են կրում:
Քայլում է մութը ծանր ընթացքով
Ու ծղրիդներ է դաշտի մեջ սփռում:

Մութը քայլում է անխոս ու անձև,
Եվ նավարկում է գյուղը մշուշում,
Եվ ծվարել է աստղը եռաթև
Կույր եկեղեցու գմբեթի խորշում:

– Ծղրիդներ, լացեք ձայնով կանացի,
Մի քիչ իմաստ եմ ձեր ձայնին խառնում:
Հետո բացվում է մշուշի խեցին,
Լուսատտիկն է մարգարիտ դառնում:

 

***
Մի ագռավ թրով սրբեց երկնքից լիալուսինը,
Նայեցիր նրա սև լուսարձակին,
Հետո կուրացար ձյուների նման:
Թեթև ձեռնոցներ` փափուկ մատներին ճառագայթների:
Մթում կախվել է մշուշոտ ձեռքը,
Ձեռքը քո գլխին իջել է վերից:

Ամեն ինչ կանցնի,
Ձմեռը կանցնի,
Կմխիթարվեն աստղերը մի օր:

Լապտերասյուներ – ձմռան մշուշում,
Սև-սև աստղեր են սյուներից կախված:
Հոգոցի նման ծանր է գիշերը
Ու թեթևացնող:

 

ԲԱՌԸ

Բառն ազատիր ապաստանից,
Ձայնիդ վրա ձայն ագուցիր.
Մաքրազերծիր քո սնարից
Դիմապատկերդ մտացիր:

Իր պտուղը գիտի ամեն
Քամի, կարկուտ, անձրև ու ձյուն:
Եվ գալիքի հուշերն անմեղ
Քո անցյալն է տարտամ հյուծում:

Սակայն խոսքդ հնարամիտ
Կեղծ է հնչում, երբ իբրև գող
Սքողել ես ուզում ձայնիդ
Մտապատկերը որբացող:

Աստեղային հուշեր ցանիր,
Անբարբառը թող դառնա բառ –
Թող ազատվի ապաստանից,
Անմահանա թող տիրաբար…

Բառն ազատիր ապաստանից.
Ձայնդ – միակ մի մենաստան: –
Եվ մի ձգտիր ապաստանի,
Մահն է, քանզի, անապաստան:

Շարվածքը՝ Սարգիս Զաքարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *