Ռիմա Աբրամովիչ | Հայելուց այն կողմ

Ներածություն

Ո՞վ եմ ես: Ո՞վ է ուրիշը: Ի՞նչն ինձ օտար թվում իմ մեջ: Ի՞նչն է ինձ հարազատ թվում օտարի մեջ:

Այս լուսանկարչական շարքը նվիրված է «նույնություն / ինքնություն եւ տարբերություն / այլություն» թեմային, այլ բառերով՝ սեփական «ես»-ի եւ «օտար»-ի ճանաչման փորձին: Այս լուսանկարները էսթետիկ կադրեր չեն, այլ սեփականի և օտարի մետաֆորա:

Հայելին ծառայում է այստեղ որպես ինքնաընկալման եւ ինքնաներկայացման միջոց:

«Նույնություն / ինքնություն եւ տարբերություն / այլություն»

Ի՞նչ է «ինքնություն»-ը: Ի՞նչ է «այլություն»-ը: Որտե՞ղ է ավարտվում «ինքնությունը», եւ որտե՞ղ սկսվում «այլությունը» : Ի՞նչ կապ ունեն այս երկու երևույթները:

Այս տերմինները կոնցեպտուալ միահյուսվում են. «տարբեր լինել»-ը ենթադրում է նաեւ «նույնական» լինել, եւ հակառակը: Այսինքն՝ նմանությունը ենթադրում է տարբերություն, իսկ տարբերությունը՝ նմանություն: (Ռաբլե, 1998)

Իդենթիթետը ամենաընդհանուր կերպով առարկայի ինքնին նույնական լինելն է: A-ն նույնական է A-ին: Ինչ վերաբերում է սուբյեկտի, այսինքն՝ անձին իդենթիթետին, ապա ինքնությունն այն է, ինչ իմ գլխում տարբերում է ինձ մնացածից: Ինքնությունն այն է, ինչ ես կամ: Սակայն ո՞վ եմ ես, եւ ի՞նչը ինչպես հասկանալ:

«Տարբեր»-ը ոչ թե «օտար»-ն է, այլ երկու նմանատիպ եւ հարակից իդենթիթետներից երկրորդը: (Բաբկա, 2003)

Հայելին որպես սեփականը եւ օտարը ներկայացնելու միջոց

Հայելու առաջ ես ապրում եմ ինչպես ինքնության, այնպես էլ այլության փորձ: Հայելում միաժամանակ ես եմ, եւ ես չեմ. «ես» եմ, սակայն ուրիշ «ես»:

 

Ես ուրիշ է

Անկախ այն բանից, թե ինչպես է գիտությունը սահմանում «ես» հասկացությունը, միշտ նշվում է նրա երկակի բնույթը, քանի որ գիտակցությունը պարունակում է երկակի «ես». մի կողմից՝ որպես մտածող սուբյեկտ, մյուս կողմից՝ որպես ընկալման օբյեկտ:


Ջ. Դերիդան այս առիթով արտահայտել է այն միտքը, որ մենք սովորաբար չենք տեսնում մեր հայացքներն ու ժեստերը: Մեր ժեստերը ավելի լավ են տեսնում ուրիշները: Հայացքը եւ ժեստը ներքին աշխարհի դրսեւորում են, եւ մենք հանդիպում ենք ինքներս մեզ այնտեղ, որտեղ կարող ենք տեսնել մեզ ուրիշի միջոցով / հայացքով (Դերիդա, 2011):

Ե՞ս

Շատ հաճախ մենք ասոցացնում ենք օտարը (անծանոթը) ուրիշների հետ: Սակայն այդ օտարը, որից մենք մեզ առանձնացնում ենք, ապրում է մեր մեջ: Իմ՝ ինքս իմ հանդեպ օտարությունը ես կարող եմ տեսնել եւ ապրել հայելու մեջ նայելով:

Սա առաջին հայացքից սովորական լուսանկար է, որտեղ ես կանգնած եմ հայելու դիմաց եւ մազերս եմ սանրում: Միեւնույն ժամանակ ես նայում եմ ինքս ինձ հայելու մեջ: Ռեմբոն, սակայն, այս պահին կասեր. «Ես ուրիշ է»: «Ես», որը հայելու մեջ է, ուրիշ է:
Հայելու ֆենոմենն այն է, որ այն ոչ միայն արտացոլում է որոշակի իրավիճակներ, այլեւ ստեղծում է նրանք դիտողի համար: Կողմերը շրջված են. իմ ձախ ձեռքը իմ աջ ձեռքն է: Ես ինձ օտար եմ. Ես՝ «որպես առարկա», ես չեմ՝ «որպես օբյեկտ»: Ես չեմ տեսնում տեսնող մարմինը, այսինքն՝ սուբյեկտը հավասար չէ սուբյեկտին, այլ ես տեսնում եմ տեսած մարմինը. սուբյեկտը հավասար է օբյեկտին:

Ո՞ր «ես»-ն է այդ դեպքում օտարը, այլը: Առաջին հայացքից թվում է, որ այլը (օտարը) հայելու միջի «ես»-ն է: Հայելին պարադոքս է: Մարմինը, դեմքը, որ ես տեսնում եմ հայելու մեջ, իմն են, բայց ինձ չեն պատկանում, քանի որ այդ հայելու «ես»-ն այլ է: Մյուս կողմից, այդ «ես»-ը ուրիշի հայացքի հետեւանք է, որը առանց այդ ուրիշի (այլ «ես»-ի, որը այս նկարում հայելուց դուրս «ես»-ն է) գոյություն ունենալ չի կարող:

Հայդեգերը գրում է. «Ինքնություն հասկացությունը սահմանվում է հետեւյալ ընդհանուր բանաձեւով՝ A = A: Ի՞նչ է ասում մեզ այս բանաձեւը: Բանաձեւը արտահայտում է A-ի եւ A-ի հավասարությունը: Հավասարություն արտահայտելու համար հարկավոր է առնվազն երկու առարկա: Մի A-ն հավասար է մյուս A-ին: Արդյո՞ք ինքնություն հասկացությունը այս է ասում: Ակնհայտ է, որ ոչ: Որպեսզի մի առարկա կամ երեւույթ միեւնույնը լինի, բավական է այն միայն մեկ անգամ նշել ՝ A: Այստեղ երկրորդի կարիք չկա՝ ի տարբերություն հավասարության»:

A = A բանաձեւը խոսում է հավասարության մասին: A-ն արտահայտվում է այստեղ որպես ոչ նույնական: Ինքնություն հասկացության ընդհանուր բանաձեւը թաքցնում է այսպիսով հենց այն, ինչ հասկացությունը ցանկանում է ասել. A-ն A է, այսինքն՝ յուրաքանչյուր A ինքն իր հանդեպ միեւնույնն է (Հայդեգեր, 1999): «Այժմ նրանցից յուրաքանչյուրը միմյանցից տարբերվում է, բայց նույնն է ինքն իրեն» (Պլատոն):

Ես ուզում եմ վերանայել այստեղ A = A բանաձեւը: Սա պետք է արտահայտվի հետեւյալ կերպ՝ A (A) = A (A), որտեղ A-ն հավասար է A-ին, եւ սակայն յուրաքանչյուր A ինքն իր հանդեպ նույնն է եւ այլ՝ մյուս A-ի հանդեպ:

Ինքնություն այլության միջոցով եւ հակառակը

«Անծանոթը նա է, ով գալիս է այսօր եւ մնում է վաղը» (Սիմմել, 1890):


Լուսանկարում պատկերված են ես եւ ուրիշը՝ հայելուց այս կողմ, եւ ես՝ հայելու մեջ: Լուսանկարը կարելի է մեկնաբանել երկու տեսանկյունից. իմ տեսանկյունից ես տեսնում եմ միայն ինձ, եւ մյուսի տեսանկյունից մյուսը միայն ինձ է տեսնում, ինքն իրեն չի տեսնում: «Ես»-ի եւ «այլ»-ի ընկալման երկու ընդհանուր մոդել:

Մենք իրականում միշտ նկարում ենք միայն ինքներս մեզ, նույնիսկ երբ նկարվում ենք ուրիշների հետ, նույնիսկ երբ ուրիշներին ենք նկարում: Այստեղ գործում է նույն մեխանիզմը, որը կարելի է հետեւել երազներում: Մենք երազում ենք միայն ինքներս մեզ. այն ամենը, ինչ իմ երազներում տեղի է ունենում, ես եւ միայն ես եմ`բոլոր մարդիկ, բոլոր զգացմունքները եւ բոլոր իրադարձությունները: Այս լուսանկարը այդ տեսությունը պատկերելու փորձ է. այն, ինչ ես տեսնում եմ հայելու մեջ, իրականում ինքս եմ: Ես՝ օտարի մեջ: Օտարի պատկերում ես տեսնում եմ ինձ: Այսպիսով, ես ապրում եմ ինքնության փորձ այլի միջոցով: Կատարվում է այն, ինչ հոգեբանության մեջ կոչվում է «պրոյեկցիա» եւ «ինտրոյեկցիա»:

Խոսքը պրոյեկցիայի մասին է, երբ ես այլ մարդկանց եմ վերագրում հատկություններ, թուլություններ կամ խնդիրներ, որոնք բացահայտ կամ թաքնված պարունակվում են իմ մեջ: Ես պրոյեկտում եմ ոչ միայն այն հատկությունները, որոնք ես բացասական եմ համարում, այլ նաեւ սոցիումում դրական համարվողները, որոնք, սակայն, ի վիճակի չեմ ընդունել իմ մեջ:

Ինտրոյեկցիան պրոյեկցիայի հակառակ գործընթացն է, այսինքն՝ ես վերագրում եմ իմ անձին օտար (ուրիշին պատկանող) հատկություններ (Ֆերենցի, 1910):
Օրինակ՝ սիրահարվելիս ես պրոյեկտում եմ իմ սեփականը այլ մարդուն՝ օբյեկտին:
Պրոյեկցիայի եւ ինտրոյեկցիայի միջեւ սահմանը հարցականի տակ է: Ապացուցել կարելի է հետեւյալ կերպ. մենք չենք ցանկանում յուրացնել որեւէ մեկի բացասական որեւէ հատկանիշ, այլ այն, ինչ դրական ենք համարում: Իսկ այն, ինչ դրական ենք համարում մյուսների մեջ, ներառում ենք անպայման ինքներս մեր մեջ, միայն թե պրոյեկտում ենք այլ անձանց: Այսպիսով, ես ուրիշի մեջ չեմ կարող տեսնել լիովին ուրիշին, քանի որ նրա մեջ մասամբ կամ ամբողջությամբ տեսնում եմ ինքս ինձ:

Հակառակ իրավիճակն է ստացվում, երբ մենք դիտում ենք լուսանկարը մյուսի տեսանկյունից: Սիրահարվելով ուրիշներին՝ մենք կորցնում ենք երբեմն ինքներս մեզ, այսինքն՝ մեր մասին ունեցած մեր պատկերացումները, այլ կերպ ասած՝ ինքնությունը, այնպես, որ դառնում ենք մյուսը, այլը:

Պերսոնա եւ ստվեր


Երբ մենք խոսում ենք մի մարդու մասին, ապա նկատի ունենք նրա անհատականությունը, սակայն իրականում մենք ունենք բազմաթիվ ինքնություններ: Խոսքը այստեղ ստվերի եւ պերսոնայի մասին է: Յունգի հոգեբանության մեջ ստվերը պերսոնայի հակառակ կողմն է (հունարեն՝ դիմակ):

Յունգը պերսոնա է կոչում անձի այն մասը, որն ուղղված է սոցիալական միջավայրին: Պերսոնայի միջոցով մենք ցույց ենք տալիս հանրությանը բոլոր այն ձեռնտու հատկանիշները, որոնք մենք կապում ենք ինքներս մեզ: Ստվերը, ընդհակառակը, անձի կողմից բացասաբար գնահատվող, սոցիալապես անցանկալի եւ ճնշված մասն է: Սա անհատականության այն մասն է, որը մեր Psyche-ից ուղարկվում է հեռու անգիտակցական (Յունգ, 2001):
Անձի ստվերը, այսպիսով, պարունակում է, ըստ Յունգի, այն ամենը, ինչ հակասում է սեփական անձի մասին դրական պատկերացմանը: Նախեւառաջ, սեփական ստվերը սովորաբար անտեսվում է կամ պրոյեկտվում այլ մարդկանց կամ օբյեկտների վրա:

Յունգը նշում է ստվերի երկակիությունը: Մի կողմից, ստվերը ներառում է գոյության «չար» կողմերը: Մյուս կողմից, ստվերը հավաքում է ուժեղ էներգետիկ պաշարներ, որոնք պահանջվում են ստեղծագործական, զարգացման, սիրո եւ ներքին սահմանների ընդլայնման համար: Սակայն այս ամբողջ պալիտրան ստանալու համար հարկավոր է պերսոնայի եւ ստվերի ինտեգրում:


Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ինձ ամբողջովին իդենտիֆիկացնում եմ իմ ստվերի հետ՝ ճնշելով իմ անձի մյուս կողմերը:

 

 

 


Գրականություն

Babka, A.: © Anna Babka & proddiff (Stand: 6.10.03) https://differenzen.univie.ac.at/glossar.php?sp=7

Derrida, 2011.

Ferenczi, S.: Introjektion und Übertragung. (Pdf, 5,1 Mb). auf: archive.org, 1910.

Heidegger, M.: Identität und Alterität, 1999

Jung, C.G.: Archetypen des koll. Unbewußten. München: Deutscher Taschenbuchverlag 2001

Jung, C.G.: Archetypen. DTV, München 1990.

Raible, W.: 1998: 11
Simmel, G.: Über sociale Differenzierung, Leipzig: Duncker & Humblot, 1890
Fotos von Rima Abramovich. 2018

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *