Քո արվեստը դպրոցում | Հրազդան քաղաքի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց

…Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս, գարուն է…

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում այցելել եմ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 12 հիմնական դպրոց, որը թարմ ու տպավորիչ, ամբողջովին վերանորոգված շինություն է: Տնօրենը տեղեկացնում է, որ դպրոցը մի քանի տարի առաջ է վերանորգվել Լինսի հմինադրամի միջոցներով. լայն մեծ միջանցքներ, սալարկված հատակ, վերանորգված դասարաններ: Առհասարակ, իմ այցելած դպրոցների զգալի մասը բավարար պայմաններ են ունեցել դասընթաց անցկացնելու համար. ծայրահեղ աղքատ դպրոցներ դեռ չեմ հանդիպել:
9-րդ դասարանի աշակերտների մոտ իմ այցը համընկել է լեզվի ու գրականության դասաժամի հետ: Որոշում ենք, որ նպատակահարմար է հենց այս դասարանում անցկացնել դասընթացը:
Մի քիչ աղմկոտ լսարան է, ավելի քան երեսուն աշակերտ, որոշակի դժվարությամբ են ընթացքի մեջ մտնում: Քննարկում ենք Հովհաննես Գրիգորյանի «Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս՝ գարուն է» բանաստեղծությունը: Նախնական որոշակի գիտելիքների միջոցով երեխաներին նախապատրաստել եմ՝ բանաստեղծության մեջ առկա առօրեական տարրերի ու անսպասելի պայթյունների մասին տեղեկացնելով, բայց ընթերցելուց հետո դասարանի տղաները կարծիք են հայտնում, որ այս բանաստեղծության մեջ ամեն ինչ կա, բացի սիրուց: Ակնհայտ է, որ երկինք բարձրացող նվագախմբի, գույնզգույն շորերով աղջիկների, զվարթ, աղմկոտ երեխաների մետաֆորային պատկերների ընկալման հետ որոշակի բարդություն ունեն. համեմատության մյուս եզրը իրենց ընկալումից դուրս է: Սակայն իրավիճակը փնտրում է աղջիկներից մեկը, ով համարձակ ու հստակ բնորոշումներով խոսում է բանաստեղծությունը:
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում անդրադառնում եմ հանրակրթական դպրոցում առկա տարբեր խնդիրներին, երբեմն գրառումներս կարող են կոշտ լինել, ոչ միանաշանակ ընկալվել, բայց կարծում եմ, որ կուտակված խնդիրները անպայման հանրայնացման, բարձրաձայնման կարիք ունեն: Այս անգամ խոսելու եմ հատկապես բարձր դասարաններում առկա բանակային ուստավի «կարգ ու կանոնի» համաբանությամբ որոշակի վարքագիծ պարտադրող երևույթի մասին:Ընթերցանությունը, ստեղծագործելը, ստեղծագործության վերլուծելը որոշ դպրոցներում համարվում է հեգնական արարք, ծաղրուծանակի առարկա: Նկատելի է, որ տղաները, երբեմն շատ խելացի ու աշխույժ, բանվիճելու պատրաստ, խուսանավում են բանաստեղծության մասին խոսք ասել, քանի որ դա դեմ է դասարանում սահմանված «ուստավին». կանոնախախտը կարող է պատժվել հետագա ծաղրուծանակով: Երևույթը գալիս է առհաարակ կարդալու, ընթերցանության մասին հասարակական խեղաթյուրված նորմերից. կարդացող մարդը համարվում է խելոք, հլու, թույլ անձնավորություն: Հասարկության մեջ առկա այս մտայնությունը փոխելու համար կրթական, մշակութային լուրջ ծրագրեր, ընթերցանությունը խթանող արշավների մշտական ներկայություն է պետք ապահովել: Հաջողակ մարդու իմիջը պետք է կերտվի հենց ինտելեկտուալ, կարդացած մարդու կերպարին համապատասխան և ոչ զուգորդվի լավ կապերի, ճարպկության, զոռբայությանը հետ:
Դպրոցներից մեկում մի հետաքրքիր, փոքր դեպք պատահեց, ինչն էլ առիթ տվեց այս թեմային անդրադառնալ: Բանաստեղծության ընթերցումից հետո իմ հարցին, թե ո՞վ կցանկանա մեկնաբանել, կարդացած տեքստը, հաջորդում է խոր լռությունը: Ստիպված տղաներից մեկին դիմում եմ անձամբ, տղան հրաժարվում է պատասխանել, թեպետ ակնհայտորեն խելացի երեխա է: Դասարանում թևածող բազմանշանակ ժպիտներից ու քչփչոցից հասկանում եմ, որ դպրոցական ուստավի օրենքներն են արգելում նրա խոսել: Արդեն հույսս իսպառ կտրել եմ, որ որևէ մեկը իր կողմից մի բառ կասի, հանկարծ մի տղա, որը կարծես ամբողջովին կտրված է մյուս տղաների զվարթախոս տրամադրությունից, խոսելու ցանկություն է հայտնում: Սկզբում չեմ նկատում նրա խիզախումը՝ դասարանի ընդունված նորմերը խախտելով, ընդդիմանալով սեփական կարծիք ասելու, սեփական ձայնը լսելի դարձնելու ցանկությունը, մինչ դասի վերջում տղան, դասընկերուհիներից մեկի հետ, մոտենում է ինձ և խնդրում թույլ տալ թղթից լուսանկարել մեր ընթերցած բանաստեղծությունները: Բնականաբար, բանաստեղծությունների ընտրանու փաթեթը նվիրում եմ այս երկու՝ սեփական վարքագիծ ունեցող, հանրային կարծիքին կուլ չգնացող, դժվարությունների միջով սեփական կարծիք պարտադրող աշակերտներին: Հենց նրանց նման կայուն, սեփական կամք ունեցող անհատներ են պետք մեր վաղվա հասարակությանը: Եվ իմ այս անդրադարձն էլ գրել եմ ի աջակցություն նրանց նման աշակերտների…

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…

Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *