Անվանի գրող, մանկագիր, երգիծաբան Հուշանգ Մորադի Քերմանիի (1944թ.) գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուների, արժանացել է իրանական և միջազգային մրցանակների: Նրա ստեղծագործությունների հիման վրա Իրանում պատրաստվել են բազմաթիվ կինոնկարներ և «Մաջիդի պատմությունները» հանրահայտ սերիալը:
-Ծաղիկն ի՞նչ պետք է, թառամելու է՝ պիտի թափես: Ձմերուկն է լավ, կոմպոտն է լավ, այսինքն կոմպոտն էլ լավը չէ, թարմ միրգն ավելի լավ է՝ խնձորն ու տանձն ու խաղողն ու նուռը:
Մայրիկն ասաց.
-Չէ՛, նուռը լավը չէ՝ ուտելը դժվար է, ջուրն էլ գուգե կաթի սպիտակ սավանների վրա: Տե՛ս, ինչպե՜ս մաքուր է ամեն բան: Այստեղ ամեն առավոտ սավանները փոխում են: Ի՛նքս եմ տեսել:
Բայց Աբբասը լաց եղավ և ասաց.
-Ես ծաղիկ եմ ուզում, մեծ ծաղկազամբյուղ, ա՜յ այն զամբյուղի պես: Տե՛ս, իմ սենյակակից հիվանդի համար ի՜նչ ծաղկազամբյուղ են բերել, իսկ դուք ինձ համար ձմերուկ եք բերել:
Բոլորը հավաքվել էին Աբբասի շուրջ՝ մորաքույրը, հորաքույրը, հորեղբոր տղան և մորաքրոջ աղջիկը՝ Զոհրեն: Զոհրեն ասաց.
-Լավ, ի՞նչ կլինի ծաղիկ բերենք իր համար: Հաջորդ անգամ քեզ համար ծաղիկ կբերենք:
– Մինչև հաջորդ անգամ գուցե ինձ դուրս գրեն: Ես ծաղիկ եմ ուզում:
Մայրիկն ասաց.
-Արհեստական ծաղիկ կբերենք, որ չթառամի, իսկ երբ դուրս գրվես, մեզ հետ տուն կտանենք և կդնենք սեղանիկի վրա:
-Չէ, ես իսկական, կարգին ծաղիկ եմ ուզում: Այստեղ՝ այս հիվանդանոցում, բոլորը թարմ ծաղիկներ են բերում: Ոչ ոք ձմերուկ չի բերում:
Հայրը կտրեց ձմերուկը.
-Դու հո ձմերուկ շա՜տ ես սիրում…. կեր՝ սիրտդ հովանա…. տե՛ս, որքա՜ն հասած է ու կարմիր:
«Տե՛ս, որքա՜ն հասած է ու կարմիր» ասելով հայրիկը ձմերուկի «ծաղիկ» մասը դրեց իր բերանը: Ձմերուկի «ծաղիկ» կտորը խոշոր էր, բերանի երկու կողմից ջուրը դուրս վազեց և շիթերով երկարեց մորուքի վրա: Մայրիկն աչքով-ունքով հասկացրեց, որ բերանը սրբի անձեռոցիկով:
Բուժքույրերը՝ երիտասարդ, ճաշակով հագնված և ծիծաղկոտ, գալիս էին Աբբասի մահճակալի մոտ, աչքի տակով նայում Աբբասի այցելուներին և քմծիծաղով հեռանում: Երբևէ այդ տեսակ հիվանդ և այցելուներ չէին ունեցել: Մեկը մյուսին լուր էին տալիս, թե գնացեք հիվանդասենյակ համար 43՝ տեսեք ի՜նչ սուփրա-սեղան են բաց արել:
Հիվանդանոցի հիվանդները հարուստ և այլ կարգի մարդիկ էին: Դա թանկանոց հիվանդանոց էր: Աբբասի այցելուները քաղաքի եզրային արվարձանի աղքատիկ գյուղացիներ էին, նրանց ոտքը երբեք այսպիսի հիվանդանոցներ չէր հասել:
Աբբասին այցելության եկավ նաև դոկտոր Ռեզայիի վարորդը, բարև-աստծու բարին արեց Աբբասի ծնողների հետ և ձեռքով թփթփացրեց Աբբասի ուսին.
-Հը՞, ո՞նց ես, իշխանազու՛ն: Շատ լավ է անցում, չէ՞: Բախտդ բերեց, որ քեզ հարվածողը լավ մարդ էր: Ուրիշ մեկը լիներ՝ կփախչեր: Ինքը թե՛ լավ մարդ է, թե՛ գթասիրտ, միակ թերությունն այն է, որ չափից դուրս զբաղված է: Օրական երկու վիրահատություն է անում: Ինձ ասաց, որ գամ քեզ տեսության: Այս հիվանդանոցն էլ նրա ընկերներից մեկինն է: Քեզ լավ են նայո՞ւմ, բան-ման պետք չունե՞ս:
Եվ ձեռքը տարավ գրպանն ու մի քանի թղթադրամ խոթեց Աբբասի բարձի տակ:
-Վերցրո՛ւ, ինչ սիրտդ ուզում է՝ ա՛ռ քեզ համար: Աստված կամենա, մի քանի օրից դուրս ես գրվելու:
Հետո շրջվեց Աբբասի հոր կողմը.
-Դուք էլ համաձայնության եկե՛ք, գործը շատ մի՛ դժվարացրեք:
Աբբասն ասաց.
-Գնա ինձ համար ծաղկի զամբյուղ առ, այն հիվանդի մահճակալի մոտ դրված զամբյուղից: Սիրտս ուզում է, որ ես էլ բոլոր հիվանդների նման ծաղիկ ունենամ:
-Լավ, բայց գինը շատ բարձր է: Գիտե՞ս այդ ծաղկակողովն ինչքան թանկ արժե:
Մայրն ասաց.
-Փո՛ղը տվեք, ծաղիկն ուզում է ի՞նչ անի, վաղը կթառամի՝ դեն կնետի:
Աբբասը կողը դեմ տվեց.
-Ես ծաղի՛կ եմ ուզում:
Վարորդը գնաց և հիվանդանոցի դիմացի ծաղկի սրահից մի փունջ ծաղիկ գնեց ու բերեց դրեց Աբբասի մահճակալի վերևը: Աբբասը մի հայացք ձգեց ծաղկին և ժպտաց: «Ես մեծ ծաղկազամբյուղ էի ուզում»-քրթմնջաց և երեսը հպեց ներքանկին:
Բուժքույրերից մեկը եկավ և Աբբասին դեղահաբ տվեց:
Աբբասն ասաց.
-Խանո՛ւմ, մի ծաղկաման բեր և իմ ծաղիկը դիր նրա մեջ, ջուր էլ լցրու, որ թարմ մնա:
Շատ չանցած Աբբասի ծաղկեփունջը տեղավորվեց ծաղկամանում:
Ծաղիկների ցողունները ջրի մեջ էին: Աբբասը ակնոցը դրեց և նայեց իր ծաղկեփնջին:
Հիվանդանոցում պտտվեց բաձրախոսի ձայնը. «Հարգելի՛ այցելուներ, խնդրում ենք թողնել հիվանդանոցի տարածքը: Ավարտվեց այցելության ժամը»:
Հայրիկն ու մայրիկը և մյուս այցելուները գնացին: Վարորդն էլ գնաց: Գնալու պահին ասաց.
– Վաղը դոկտորն անձամբ կգա քեզ այցելության: Գործ չունե՞ս:
-Չէ՛:
Աբբասն ուրախ էր, ինքն էլ մյուս հիվանդների պես թարմ ու զվարթ ծաղիկներ ուներ, թեև դա այնպիսին չէր, ինչպիսին ինքը կցանկանար՝ մեծ ծաղկազամբյուղ: Սենյակակցի մահճակալի շուրջբոլորը ծաղիկներ էին շարված:
Գիշերը Աբբասին ցավազրկիչ ներարկեցին և քնաբեր հաբ տվեցին: Աստված գթացել էր իրեն, որ միայն ոտն էր կոտրվածք ստացել, մեկ էլ գլուխը դիպչել մայթեզրի պատնեշին: Երկու օր ուշքի չէր եկել: Նկարել էին ռենտգենով և տեսել, որ խեր է:
Մայրիկն ասել էր.
-Այնքան որ ցրված ու անփույթ ես: Ախր, փողոցում մարդ ի՞նչ գործ ունի ծառի վրայի բույների հետ:
Աբբասն ամեն օր դպրոցից վերադառնալիս գլուխը բարձրացնում էր վեր և հաշվում բույները: Մեկի միջից ճտի ճկճկոց էր գալիս, երբ ավտոմեքենան վրաերթի ենթարկեց:
Առավոտյան երբ քնից արթնացավ Աբբասը, նախ և առաջ նայեց ծաղկին, իրեն վերև քաշելով բարձացավ ու հոտոտեց: Բուժքույրը եկավ օգնելու, որ լվացարան գնա:
Երբ քայլում էր, գլուխը ցավում էր ու պտտվում: Բուժքույրն ասաց.
-Քիչ-քիչ կլավանաս: Տե՜ս, այսօր քեզ ավելի լավ ես զգում, քան երեկ:
Երբ հաջորդ օրը լվացարանից վերադառնում էր, աչքերը մթագնեցին, ընկավ մահճակալի վրա: Բուժքույրը սավանը քաշեց Աբբասի երեսի վրա, հետո սավանի մյուս ծայրը բարձրացրեց ու ներկարկեց նրան: Ցավ զգաց, բայց քնեց: Արթնացավ թե չէ՝ գլուխը վեր բարձրացրեց:
Ակնոցը դրեց ու տեսավ, որ իր ծաղիկը չկա:
-Ծաղիկս ու՞ր է: Ծաղկեփունջս ու՞ր է:
Ո՛չ ծաղիկը կար, ո՛չ ծաղկամանը:
Բուժքույրն ասաց.
-Եկան մաքրեցին: Ծաղիկդ թափել են աղբամանը:
-Ինչու՞:
-Փչացել էր:
Հարևանի մահճակալի շուրջբոլոր լիքը նոր ծաղկակողովներ կային՝ տեսակ-տեսակ, մեծ ու փոքր և ամեն գույնի: Այցելուներն ամեն օր նոր զամբյուղներ էին բերում:
Աբբասը սկսեց լացել.
-Ես իմ ծաղի՜կն եմ ուզում:
Սենյակակիցը, որ բարեհամբույր փոքր տղա էր, ասաց.
-Իմ զամբյուղներից ո՛րը կուզես՝ վերցրու քեզ համար, դիր քո մահճակալի մոտ:
-Չէ՜, ես ի՛մ ծաղիկն եմ ուզում, ինչու՞ են թափել:
-Դա արդեն բանի պետք չէր: Եթե հիվանդանոցի տնօրենը տեսնի, որ հիվանդներից մեկի գլխավերևում թառամած ու չորացած ծաղիկներ կան, կռիվ կանի, կասի՝ հիվանդանոցի կլասը գցում եք:
Աբբասը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, ամբողջ հիվանդանոցը խառնել էր իրար.
-Ես ծաղի՜կս եմ ուզում, ի՛մ ծաղիկը:
Բուժքույրն ասաց.
-Լաց մի՛ լինի, ես ինքս քեզ համար սիրուն ու նոր ծաղկեփունջ կառնեմ:
-Չէ՜, ես ի՛մ ծաղիկն եմ ուզում:
-Ծաղիկը ծաղիկ է, ի՞նչ տարբերություն: Քո ծաղիկն ի՞նչ էր որ…
-Վրան թիթեռ էր նստում: Ինքս եմ տեսել…
Բուժքույրը նրան ներարկեց: Աբբասը ակնոցը դրեց, փակեց աչքերն ու քուն մտավ:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմմա Ալեքսանդրյանի