«Ձմերուկի շաքար» գրքից, 1964 թ․
Կարծում եմ՝քեզ կհետաքրքրի, թե ով եմ ես, բայց ես մեկն եմ, ով չունի սովորական անուն։ Իմ անունը կախված է քեզնից։ Անվանիր ինձ այնպես, ինչ կանցնի մտքովդ այդ պահին.
Երբ մտածում ես մի բանի մասին, որը վաղուց է եղել. ինչ-որ մեկը քեզ հարց տվեց, որի պատասխանը չունեիր։
Դա է իմ անունը։
Հավանաբար անձրևում էր շատ ուժեղ։
Դա իմ անունն է։
Կամ ինչ-որ մեկն ուզեց, որ մի բան անես։ Դու արեցիր։ Հետո նրանք ասացին, որ այն, ինչ արեցիր, սխալ էր.
-Կներես սխալի համար։
Եվ դու ստիպված էիր այլ բան անել։
Դա իմ անունն է։
Գուցե կար մի խաղ, որ դու խաղում էիր մանկությանդ տարիներին. կամ մի բան, որ մտքիդ եկավ, երբ ծեր էիր ու նստած էիր պատուհանի մոտ՝ աթոռին։
Դա իմ անունն է։
Կամ դու զբոսնում էիր ինչ-որ տեղ։ Շուրջբոլորդ ծաղիկներ էին։
Դա իմ անունն է։
Գուցե դու երկար նայեցիր գետին։ Քո կողքին կար մեկը, որ սիրում էր քեզ: Եվ նա դիպավ քեզ: Իսկ դու զգացել էիր այդ ամենը, մինչ կատարվելը։ Եվ միայն հետո դա արդեն եղավ:
Դա իմ անունն է։
Կամ մեկի կանչող ձայնը լսեցիր շատ հեռվից։ Նրանց ձայնը համարյա արձագանք էր։
Դա իմ անունն է։
Գուցե դու պառկած էիր անկողնում, համարյա պատրաստ քնի և քթիդ տակ ծիծաղեցիր ինչ-որ կատակի վրա․ լավ ձև է օրն ավարտելու համար։
Դա իմ անունն է։
Կամ դու ինչ-որ լավ բան էիր ուտում և մեկ վայրկյանով մոռացար, թե ինչ ես ուտում, բայց շարունակեցիր՝ իմանալով, որ այն լավն է։
Դա իմ անունն է։
Հավանաբար կեսգիշերին մոտ էր և կրակը զանգի նման զրնգաց բուխարու մեջ։
Դա իմ անունն է։
Կամ վատ զգացիր, երբ նա ասաց քեզ այդ մասին։ Նա կարող էր դա ասել մեկ ուրիշին։ Մեկին, ով ավելի ծանոթ էր նրա խնդիրներին։
Դա իմ անունն է։
Գուցե իշխանը լողում էր ավազանում, բայց գետն ընդամենը ութ մատնաչափ լայնություն ուներ, և լուսինը շողում էր մահվան վրա, իսկ ձմերուկի դաշտերը փայլում էին անհամաչափ, թվում էր, թե լուսինը ծագում է ամեն բույսից։
Դա իմ անունն է։
Եվ ես հույս ունեմ, որ Մարգրեթը ինձ հանգիստ կթողնի։
Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի