Նարինե Ավագյան | Լիեժի երկաթուղային կայարանում

Մեղադրիր ինձ, որ ժլատ եղա

ես քո նկատմամբ

Շեքսպիր

 

այս անդուռ ցերեկն էլ մնաց
հիշողության փլատակների տակ,
հավատի մոմը չփրկեց նրան…
նեղադրիր ինձ, որ ժլատ եղա
ես քո նկատմամբ,
բայց փոխարենը մի փոքրիկ լճակ
դանդաղ ծովացավ,
չես կարող հերքել, որ թեև ծառը
խոնարհվում է աղոթելիս,
բայց մեռնում է կանգնած,
ինչպես չես հերքի, որ զորությունը ասեղինը չէ,
թե փորձես ծովի փեշը կարկատել ափին…
կյանքը, կյանքի պես իմ կողքով անցավ…
ու ժլատ եղա ես քո նկատմա՞մբ…
ախր գարունը միայն հոգի չէ, որ նորոգում է,
տառապանք… նաև…
մեղադրիր ինձ, ես ժլատ եղա
հենց քո նկատմամբ…
գերադասեցի ապրել ինքս իմ մեջ,
միայն թե հիշիր՝ երբ քամին թեքում է
խնկածաղկի երեսը,
արևելքն իր տեղում է մնում,
ժլատությունն էլ պատճառներ ունի
ոչ պակաս լուրջ, քան շռայլությունը…
ներիր ինձ, եթե….հենց քո նկատմամբ…
երկուսս էլ գիտենք, որ երեք ամառը
չի կարող չորս հուլիս ունենալ,
որքան էլ շռայլ լինի բնությունը…
քեզ համբերություն,
ինձ՝ մի բաժակ ջուր…
ծարավ եմ…

 

***

Լիեժի երկաթուղային կայարանում
մարդկանց երթուդարձը
ինձ պոկեց կյանքից,
կրկին վերադարձա
հաջորդ ամառ…
լույսը նոր էր բացվել՝
մարող մանկան ժպիտով…
ինչ-որ թեթև երկյուղ
իր բոժոժից դուրս էր բերել
թաթիկներն ու
քաշքշում էր իմ մենավոր
տառապանքը…
գուցե ուշանամ գնացքից…
ոտնաձայներ՝
լողացող մարդկանց…
նրանք թեթևացնում են
փրփրուն աղմուկը։
վերջացավ ամեն ինչ…
գնացքի ճիչ,
ճաղատ մի երկինք,
որ կամարվել է
թաց անցորդների
գլխավերևում, և
ուշացած տողի
փերեզակներ՝
թափառող
Էվկլիդեսի
տիեզերքում…
արթնացում…
մի որբացած
ցիլինդր՝
անտուն
ճամպրուկի
ուսին…
……………………….
իրական…

 

***
Տեսա, թե ինչպես մի անգամ
ծաղիկը մերժեց մեղվին…
Միայն այդ պահին հասկացա,
թե ինչու է մեղրը նաև դառը լինում…

 

***
Ողորկ սալաքարերն ուշացան
պատմություն գրելիս…
անկնճիռ են նրանք`
ինչպես լուսայգին ծնվող արևը,
որ դեռ գրկի մեջ մանկան
անհոգի մարմին չի տեսել,
ականի պայթյուն չի լսել բնավ…
մագաղաթները
նախանձով են նայում ողորկ քարերին,
որոնց վրա մի օր գրվի գուցե`
Այստեղ եղել է երջանկությունը….

 

***
Ամեն շաբաթ օր լուսաբացին
հասկանում եմ, որ բաց եմ
թողել ուրբաթ երեկոն…
ինքնաթիռ թերթից են պատրաստում,
ճերմակին հոգի են խզբզում…
մի կաթիլ համբերություն է մնացել
ճաք տված գավաթի շուրթին…
վաղը կիրակի է….
շաբաթն ապրել է պետք
երիցուկի գույներով և բույրով նաև….

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *