Թերեզա Թումանյան | Իմ անունը Գետ է…

Կարմիր նիրհը ինձ կտանի
փետրազարդ մի շամանի մոտ
և նա ինձ կասի այլաշխարհիկ բառերով,
որ իմ անունը Գետ է,
որ իմ ջրերում ժպտացող ձուկ կա,
որ իմ արևը բարձր է՝ ալ
նարինջ:
Ձեռքիցս բռնած՝ արծաթ-թաշկինակ,
կպարի,
պտտի,
կբերի
ու մարմնիս կդնի նարինջը կլոր:
Ձուկ մի ջրերում՝
բարձր ծիծաղով
ծափ կտա պոչով,
վերև կուղարկի
նարինջը կլոր՝
արևը բարձր:
 

***
Նայում եմ ձիու մուգ,
գրեթե մութ աչքերի մեջ
ու զարմանում,
թե ինչպես է այս աշխարհը մե՜ծ
տեղավորվում նրա մութ-մո՜ւթ բիբերի մեջ.
մարդը՝ մենակ, բաց երկնքի տակ,
շնորհակալությունը կենդանու՝ բնությանը,
մարդու զարմանքն
ու հիշողությունը,
որ էլ հետ չես բերի ոչինչ:

 

***
Մոռանում,
մոռանում,
մոռանում ես,
որ սև ու սպիտակի արանքում գույն կա.
թողնում եմ,
բաց եմ թողնում,
թռչո՜ւմ ես,
թռչո՜ւմ ես,
թռչո՜ւմ եմ…
Ձգվում եմ,
մտքիս մոխրագույն ամպը
ձգվում է աչքերիդ լայն հորիզոնի վրա…
Ու ես
մոռանում,
մոռանում,
մոռանում եմ…

 

***
Կանցնեմ ծառերի միջով
ու լաց կլինեմ լճի մոտ.
արցունքս օղակներ կանի լճում բաց,
օղակի մի եզրը կդիպչի լողացող թռչնի ոտքին․
թռչունը կցատկի վեր,
իր պարը կպարի հորզոնում
օղա՜կ-օղա՜կ:

 

***
Ձկներ են,
թռչո՜ղ ձկներ՝
արևի կարմիր սկուտեղի վրա.
վառվում ու մոխրանում են:
Կհաղթահարե՞ն ալիքները:

Ափին փռված
կակուղ քարերը,
կակուղ մտքերը,
կակուղ հույզերը.
ծածկեմ,
որ հաղթահարեմ ալիքները,
փլվող ալիքները,
փշրվող ալիքները:

 

***
Թռչունները երկնքում անկանոն գծեր են անում,
մայրամուտի կարմիր շղարշը փաթաթում եմ պարանոցիդ թեք:
Պարանոցդ՝ թեք,
ասելիքդ՝ անբառ.
գիշերվա բոլոր շշուկներն իմն են այսօր…

 

***
Ամառ է,
դաշտերով վազվզում եմ։
Շարֆս՝ բաց կապույտ,
քամին թռցնում ու տանում է,
լցնում է աշխարհի բոլոր անկյուններում
թաքնված բնության ձայներով.
լցնում է ցորենի, խոտի խշխշոցով`
խըշ – խը՜շ։
Ես ետ եմ բերում,
փաթաթում ինձ բարուրաձև,
որ ծածկվեմ փշերից,
փշերից կյանքի:

Իմ բաց կապույտ շարֆը:

Եվ գիշերը, երբ մենակ եմ մնում,
ես բացվում եմ ու բացում եմ.
շարֆիս ծալքերում լուսատտիկներ են ճռճռում։
Բացում եմ,
հատիկ – հատիկ պոկոտում եմ
շարֆիս վրայի աստղիկները կպչուն,
որ բերել եմ դաշտերից.
հավաքում եմ ափիս մեջ
ու ցրիվ տալիս մութ երկնքով մեկ։

Դաշտերը կանչում են ինձ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *