Հունգարացի գրող Իմրե Կերտեսի 1975-ին լույս տեսած «Անբախտություն» վեպը Հոլոքոստի մասին գրված տաղանդավոր ստեղծագործություններից է: Ծագումով հրեա Կերտեսի վեպը 2002-ին արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում, որով մի անգամ ևս վավերացվեց «Անբախտության» կարևոր դերը համաշխահային հոլոքոստապատումի համատեքստում: Հոլոքոստը, ուղղակի կամ անուղղակի, այնքան շատ է առկա Երկրորդ աշխարհամարտին հաջորդած համաշխարհային գրականության մեջ, և այնքան շատ են թեման վիպականացրած արժեքավոր գործերը, որ դրանցից որևէ մեկի մասին գրելիս շատ դժվար է չկրկնել այն, ինչը մյուսների մասին էլ կարելի էր ասել: Այս վեպը հոլոքոստապատումների մեջ հատկապես առանձնահատուկ դարձնող մոտիվը, գոնե ինձ համար, արձանագրված է վեպի վերջում: «Անբախտություն»-ը ավարտվում է հետևյալ տողերով. «Չէ՞ որ այնտեղ ևս՝ դիակիզարանների մերձակայքում, կար, տառապանք-ների ընդմիջումներին՝ երջանկության պես մի բան։ Բոլորն ինձ հարցնում են դժվա-րությունների, «սարսափների» մասին. իսկ իմ մեջ ավելի շատ երևի հենց այդ զգա-ցումն է տպավորվել։ Այո, այդ մասին՝ համակենտրոնացման ճամբարների երջանկու-թյան մասին պետք է խոսեմ հաջորդ անգամ, եթե հարցնեն։
Եթե, անշուշտ, հարցնեն։ Եվ եթե ինքս էլ հանկարծ չմոռանամ»:
Քանի որ վեպն այստեղ ավարտվում է, վեպի գլխավոր կերպարին այդպես էլ չեն հասցնում հարց ուղղել համակենտրոնացման ճամբարների երջանկության մասին, և նա էլ, բնականաբար, այդ հարցին պատասխանելու այլ առիթներ այս վեպում չի ունենում:
Փոխարենը մենք կարող ենք հարցեր բարձրացնել. նախ՝ ի՞նչը կարող էր երջանկություն համարվել համակենտրոնացման ճամբարում, և երկրորդ` ինչու՞ է հենց այդ հարցը առաջանում գլխավոր կերպարի մոտ: Բայց այս հարցերին պատասխանելու համար, նախ պետք է մի քիչ շեղվենք բուն հարցադրումներից:
Մի հատված եմ ուզում մեջբերել հեղինակի Նոբելյան բանախոսությունից. «Եթե աշխարհն օբյեկտիվ իրականություն է, որ գոյություն ունի մեզնից անկախ, ուրեմն մարդիկ, նույնիսկ հենց իրենց աչքին, ավելին չեն, քան օբյեկտներ, և նրանց կյանքի պատմությունները պարզապես տարանջատ պատմական դեպքերի շարք են, որոնցով մարդիկ կարող են զարմանալ, բայց ոչինչ չեն կարող փոխել: Դրվագները մեկտեղելու մեջ ոչ մի իմաստ չկա, որովհետև դրանցից որոշները կարող են չափազանց օբյեկտիվ լինել, որպեսզի սուբեյկտիվ Ես-ը պատասխանատվություն կրի դրանց համար»:
Կերտեսի վեպի գլխավոր կերպարի կենսագրությունը երեք մասով է վիպականացվում. կերպարը Բուդապեշտում` մինչև համակենտրոնացման ճամբարներ գնալը, կերպարը համակետրոնացման ճամբարներում (Օսվենցիմ, Բուխենվալդ), կերպարի վերադարձը Բուդապեշտ ու նրա հանդիպումները ընդհատված իրականության հետ: Այս շարքում համակենտրոնացման ճամբարներում հայտնվելը մի կողմից ամենամեծ իրադարձությունն է, որը հենց վեպի ստեղծման հիմքն է, բայց մյուս կողմից՝ դա կերպարի կենսագրության այն հատվածն է, ինչը որևէ կերպ չի կարող այդ կերպարի` իր կյանքի մասին ունեցած տեսլականի մասը լինել: Մի կողմից հեղինակը պատմում է Օսվենցիմում և Բուխենվալդում իր հերոսի հետ տեղի ունեցած դժբախտությունները, մյուս կողմից, երբ հերոսը վերադառնում է Բուդապեշտ, տարբեր մարդիկ նրան հարցնում են ճամբարների մասին, իսկ տրված պատասխանները կցկտուր են ու չեն գոհացնում հարցնողներին: Արդյունքում` ընթերցողը ճամբարների մասին շատ ավելին է իմանում վեպից, քան վեպի մյուս կերպարները այդ ճամբարներում մեկ տարի անցկացրած վեպի գլխավոր կերպարից: Սա գուցե լավ նախադրյալ է, ասենք, դետեկտիվ վեպի զարգացման համար, բայց Կերտեսը թակարդներով լեցուն դետեկտիվ սյուժե չի ստեղծում, որպեսզի քայլ-քայլ գաղտնազերծի իր կերպարի գաղտնիքները:
Վեպը ինքնակենսագրական հիմք ունի, Կերտեսը պատանի տարիքում ստիպված է եղել վերապրել համակենտրոնացման ճամբարների արհավիրքները: Այնուհետև վեպ է գրել այդ մասին և փորձել է նկարագրել «իր պատմությունը»: Դա արել է հնարված կերպարի միջոցով և, կարծես, հաջողել է մանրամասն ու համոզիչ ներկայացնել եղելությունը: Բայց երբ կերպարին վեպում հարցնում են գնահատել, վկայել իր վերապրածը, վերջինս «երկրորդ անգամ» հրաժարվում կամ չի կարողանում դա անել: Առաջին դեպքում գործ ունենք գրողի հետ, որը, ճիշտ է, առաջին դեմքով, բայց վկայում է «ուրիշի» օբյեկտիվ պատմությունը, երկրորդ դեպքում այդ ուրիշից հարցնում են, որ ինքը վկայի իր հետ կատարված աղետը, սուբյեկտիվանա, ինչի անհնարինության մասին էր հենց վերևում Նոբելյան բանախոսությունից մեր մեջբերած հատվածը:
Ինչի՞ մասին է հեղինակի տեքստը: Մի 14-ամյա տղայի, որը հայտնվում է համակենտրոնացման ճամբարներում, ուր ամենահավանական բանը, որ նրա հետ պետք է տեղի ունենար, զոհ գնալն էր` կամ գազախցիկում խեղդվելով, կամ անասելի ֆիզիկական տանջանքներից հյուծվելով: Հեղինակը պատմում է, թե ինչպես տարան տղային, ինչ էր նա զգում ու մտածում այդ պահերին, ինչպես հասավ ճամբարի կայարան, ովքեր էին նրա հետ, ով ինչ էր ասում, ինչպես էին նրանց կերակրում, աշխատեցնում, ինչ էին հագցնում, ինչպես տղան հիվանդացավ, հայտնվեց հոսպիտալում, ինչպես ճամբարը ազատագրվեց, ու տղան տուն վերադարձավ: Սա մի տեսակ ուրիշի հետ տեղի ունեցածի օբյեկտիվ վավերագրում է: Բայց ինչպե՞ս է հնարավոր այս ամենը վերապատմել սուբյեկտիվության դիրքերից, երբ տեղի ունեցող բոլոր իրադարձություններում դու ես, բայց քո անձնական նախաձեռնողականությունն այդտեղ հավասար է զրոյի: Պատահական չէ, որ հիմնական պատասխանը, որ տղայից լսում են հարցնողները, այն է, որ ինքը ձանձրանում էր: Ուզում են, որ նա վկայի դժոխքը, իսկ ինքը պատմում է իր ձանձրույթի անվերջ ժամերի մասին:
Ձանձրույթից զատ՝ ամենաշատը, որ տպավորվել է տղայի մոտ, ձանձրույթից գողացված երջանկության պահերն են, ինչի մասին նրան ոչ ոք բնականաբար չի հարցնում, որովհետև մարդկանց օբյեկտիվ աշխարհում տղան միայն աղետի ականատեսն է: Բայց չէ՞ որ տղան նույնքանով է այդ աղետի օբյեկտը, որքանով հարցնողները: Իրեն տրված հարցին տղան հարցով է պատասխանում` իսկ դուք ի՞նչ էիք անում, զգում այդ նույն ժամանակ: Հարցը մարդկանց տարօրինակ ու մեղադրական է թվում: Բայց տղան իր հակադարձող հարցում չի փորձում մեղադրել ուրիշներին: Նույնքան խնդրահարույց է նրան թվում մարդկանց պահանջը` մոռանալու ճամբարներում տեղի ունեցածի մասին: Օսվենցիմն ու Բուխենվալդը տղայի ճակատագրի անբաժան մասն են, ինչպե՞ս կարող են իրենից երկու անհնարին բան միաժամանակ պահանջել` վկայել և մոռանալ: Երկու դեպքում էլ նրան մղում են սուբյեկտանալ մի հանգամանքում, որի մեջ ինքը բացարձակապես օբյեկտ է:
Ի՞նչ է մարդն իր համար անվերջ փորձում կերտել իր սուբյեկտիվությամբ: Թերևս, սեփական երջանկությունը: Որքանո՞վ է դա իրատեսական, ինչքա՞ն է մարդն հաջողում այդ գործում, որքանո՞վ են մարդու քայլերը նպաստում դրան`սրանք այլ հարցեր են: Մի բան հստակ է. ոչ ոք, հատկապես պատանի հասակում, միտումնավոր ոչինչ չի անում՝ դժբախտանալու համար: Տղան էլ իր համար երջանիկ կյանքի տեսլական ուներ Բուդապեշտում, համակենտրոնացման ճամբարներ գնալն էլ նա սկզբում որպես արկած է ընկալում` գերմաներենը լավացնելու և նոր վայրեր տեսնելու հեռանկարով: Մնացած ամենը, ինչ նրա հետ տեղի է ունենում, ոչ մի կապ չունի իր սուբյեկտիվության հետ, սուբյեկտիվությունը ֆիքսել է օբյեկտիվ արհավիրքից դուրս մնացած երջանկության վայրկյանները միայն, դրանց մասին է ուզում խոսել ինքը, որովհետև դրանք են իր ընդհատված պատումի միայն իրեն պատկանող դրվագները:
Չգիտեմ՝ ժամանակակից տեսաբանները, եթե անտիկայի, միջնադարի ու վերածնունդի հանգույն ստիպված լինեին հստակ դասակարգման ենթարկել Իմրե Կերտեսի «Անբախտություն»-ը, ի՞նչ բնութագրում կտային նրան, բայց մի բան պարզ է, որ հենց այդ ժամանակների հեղինակների համար այս ստեղծագործությունը ողբերգություն-կատակերգություն հակոտնյաների մեջ հենց կատակերգության սեռին կպատկաներ: Առանց չափազանցության, Կերտեսի «Անբախտություն»-ը 20-րդ դարի յուրօրինակ «Աստվածային կատակերգություն»-ը կարելի է համարել, ու պատահական չէ, որ դժոխքի միջով անցած այս նոր Դանտեն երջանկությունը` որպես սեփական կյանքի միակ սուբյեկտիվություն ընդունելով է ուզում ազդարարել անդրաշխարհից իր հառնումը: