Ցուրտ է,
բացօթյա սրճարանները դատարկ են,
բոլորը տանն են համբուրվում՝
նախապատվությունը տալով իրենց կանանց։
***
Ես հեղափոխություն չեմ տեսել,
Չեմ էլ տեսնի երևի
Բայց պատուհանից այն կողմ
շինհրապարակից լսվող աղմուկն ինչո՞ւ է հեղափոխություն հիշեցնում։
***
Սիրտս կարծրացել է,
որպես քար
տամ
պատդ շարիր։
***
Վստահում էինք իրար
բայց երեկ
պատշգամբիդ
ճաղավանդակ տեսա։
***
Գրողը տանի, Քաղա՛ք,
մի հարմար տեղ տուր,
նրան համբուրեմ։
***
Ծույլ արևը
ինչ լավն է
ինչ լավն է արևը քո վերջին,
օտար սերերի պես,
որ գնալու են շուտով։
***
Հասկանում եմ,
որ սիրում են ինձ,
երբ սկսում են քո աստիճանները հաշվել․․․
***
Դաշնամուր նվագելն ինչ է՝ չգիտեմ,
Կնվագեի նրա հեռանալուց հետո
Դրսում,
Մթին
Մենակ
Առանց վախենալու
Առանց մրսելու
Առանց հույսի
Առանց մեյքափ։
Մեկ է՝ էլ ետ չի գալու․․․
***
Ծանրացել ես․
մարդիկ իրենց հիշողությունն են թողել քեզ
Երազանքները վերցրել
մեկնել են ուրիշ քաղաքներ։
Սիրտս կարծրացել է,
որպես քար
տամ
պատդ շարիր։
Բավականին լավ շարք է, սիրեցի :