Մի քանի տարի առաջ ինքնաթիռով ճամփորդության ընթացքում (դեպի Ամստերդամ և հետադարձ ուղղությամբ) հետս վերցրել էի երկու Brooks Brothers փողկապ, երկու Burberry վերնաշապիկ, երկու Bardelli տաբատ, Bond Street-ից գնած շոտլանդական թվիդ տեսակի բրդյա պիջակ և Krizia ժիլետ։
Միջազգային թռիչքներով թռչող ինքնաթիռներում կա ճաշ մատուցելու հին ու բարի ավանդույթ։ Բայց հայտնի է, որ նստատեղը նեղ է, սեղանիկը նույնպես, իսկ ինքնաթիռն էլ հաճախ թափ է տալիս։ Բացի դրանից՝ ինքնաթիռի վրա անձեռոցիկները չափազանց փոքր են, եթե օձիքիդ մեջ ես մտցնում, որովայնդ է բացվում, ծնկներիդ ես դնում, կրծքավանդակդ է բաց մնում։ Ուստի ողջամիտ կլիներ, եթե մատուցեին հնարավորինս չթափվող և համապարփակ ուտեստներ։ Պարտադիր չէ, Enervit հաբեր տալ։ Համապարփակ ուտեսներ են, օրինակ միլանական ձևով պատրաստած կոտլետը, տապակած կարտոֆիլը կամ տապակած հավը։ Ներկա թափվող ուտեստներ են՝ լոլիկի խյուսով պատրաստված սպագետիները, հենց նոր փռից հանած պիցցաները, բռնակ չունեցող տարայի մեջ մատուցված եռման արգանակը։
Ինքնաթիռում սովորաբար մատուցում են շագանակագույն խյուսի մեջ ընկղմված ու շատ եփած միս, լոլիկի շռայլ չափաբաժիններ, մանր կտրատած և գինու մեջ թրջած բանջարեղեն, սեփական հյութով պատրաստված բրինձ և ոլոռ ։ Հայտնի է, որ ոլոռները անորսալի առարկաներ են, ավելի անորսալի են դառնում, երբ էթիկայի կանոնների համաձայն ուտում ես ոչ թե գդալով, այլ՝ պատառաքաղով: Նրանք այնքան անորսալի են, որ նույնիսկ ամենաճանաչված խոհարարներն ի զորու չեն դրանք լցոնելու։ Չասե՛ք, որ չինացիների գործն ավելի բարդ է, որովհետև, վստահեցնում եմ, ավելի հեշտ է փայտիկով ոլոռ որսալ, քան պատառաքաղը խրել դրանց մեջ։ Անօգուտ է համառել և ոլոռը պատաաքաղով որսալ, ոլոռները չեն քաղվում, այլ հավաքվում են, որովհետև պատառաքաղները պատրաստվել եմ այսպես կոչված հավաքվելուն պատրաստ ոլոռները հատակին թափելու նպատակով միայն: Բացի դրանից, ոլոռը կարծես հատուկ մատուցվում են հենց այն պահին, երբ օդանավը մտնում է մրրկայնության գոտի, և օդաչուն հորդորում է կապել անվտանգության գոտիները։ Էրգոնոմիկ այս բարդ հաշվարկի արդյունքում ոլոռների առջև ծառանում է երկընտրանք․ սողոսկել կա’մ օձիքի մեջ, կա’մ վարտիքի մեջ։
Ինչպես ուսուցանում էին անտիկ շրջանի առակագիրները, որպեսզի աղվեսը չկարողանա բաժակից խմել, հարկավոր է նեղ ու բարձր պնակ առաջարկել։ Օդանավի բաժակները ցածր են, լայն բերանով` ամենաիսկական թասիկի նման։ Բնական է, որ ֆիզիկայի օրենքին համաձայն` հեղուկը դուրս է հորդում նույնիսկ ոչ մրրկայնության ժամանակ։ Հացը ֆրանսիական բագետ է, որը պետք է ատամներով բռնել ու պոկել, նույնիսկ երբ թարմ է, չնայած, որ պատրաստված է թեփի մի տեսակից, որը կծելուց անմիջապես հետո մանր փոշու ամպի է վերածվում։ Լավուազիեի սկզբունքի համաձայն՝ այս փոշին միայն առաջին հայացքից է անհետանում, իրականում, երբ վայրէջք ես կատարում, տեսնում ես, որ ամբողջությամբ հավաքվել է հետույքիդ տակ ու կեղտոտել է տաբատդ նույնիսկ հակառակ կողմից։ Աղանդերը կամ շատ նման է բեզեի և ուտելուն պես միանում է հացի փշուրներին, կա’մ անմիջապես կպչում է մատներիդ հենց այն ժամանակ, երբ անձեռոցիկն արդեն լոլիկի հյութի մեջ թաթախված է և այլևս օգտագործելի չէ։
Ճիշտ է, մնում է թաց անձեռոցիկը, բայց սա էլ հնարավոր չէ տարբերակել աղի, պղպեղի և շաքարավազի տուփիկներից։ Այն բանից հետո, երբ շաքարավազը արդեն լցրել եք աղցանի մեջ, թաց անձեռոցիկի վերջին հանգրվանը սուրճն է, որը մատուցվում է եռման, ջերմափոխանցիչ և մինչև եզրը լիքը տարաների մեջ այնպես, որ հեշտությամբ կարող է սահել այրված ձեռքերից և խառնվել գոտու շուրջ հավաքված խյուսին։ Բիզնես կարգում սուրճը ուղևորի ծնկներին է թափվում ուղեկցորդուհու ձեռքերից, որ ներողություն է խնդրում էսպերանտոյով։
Ավիաընկերության պարենավաճառը վստահաբար ընտրվում է հյուրանոցի փորձագետ աշխատակիցների միջև, որոնք սրճամանի միայն մի տեսակ են որդեգրում, որը սուրճը բաժակի մեջ լցնելու փոխարեն՝ թափում է անկողնու վրա։ Բայց ինչո՞ւ։ Ենթադրությունը կարող է միայն մեկը լինել. նրանք ցանկանում են ուղևորի մոտ շքեղ սպասարկման տպավորություն թողնել: Հավանաբար նրանց մտքում հոլիվուդյան այնպիսի ֆիլմերն էին, որոնցում Ներոնի դերակատարը խմում է միշտ լայնաբերան գավաթներից՝ կեղտոտելով մորուքն ու քղամիդը, կամ ֆեոդալ պարոնայք, որոնք կուրտիզանուհիներին գրկած, կենդանու ազդրեր են կրծում` հյութը թափելով ժանյակազարդ վերնաշապիկի վրա։
Բայց ինչո՞ւ են առաջին կարգի հատվածում, որտեղ տեղն ավելի ընդարձակ է, մատուցում այնպիսի համապարփակ ուտեստներ, ինչպիսիք են չորացրած հացով և կարագով ռուսական ձկնկիթը, ծխեցրած սաղմոնը և ձիթապտղի ձեթով ու կիտրոնով համեմված ծովախեցգետինը։ Գուցե այն պատճառով, որ Լուքինո Վիսկոնտիի ֆիլմերում նացիստ ազնվականները, խաղողի հատիկը բերանը դնելով, ասում են. «Գնդակահարե՛ք նրան»։
Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի